Բազմաթիվ սերեր, կիսատ թողած ուսում, ճամփորդություններ, պատերազմ, հեղափոխություն և երկու բանտարկություն։
Բուռն ու ինտրիգներով լի է եղել Չարենցի կյանքը։ Առհասարակ Չարենցն այն գրողներից է, որի կյանքն ու գործը սերտաճած են. անհնար է Չարենցի ստեղծագործությունը հասկանալ՝ առանց իմանալու նրա կենսագրությունն ու ամենակարևորը՝ նրա ժամանակը։ Եթե Չարենցի բանաստեղծությունը իր ժամանակի և կյանքի անուղղակի անդրադարձն է, ապա «Երևանի ուղղիչ տնից»-ը կյանքի ողբերգական էջերից մեկը՝ նրա վեցամսյա բանտային փորձառությունը։
2021 թվականին «Վերնատուն» հրատարակչությունը վերահրատարակել է «Երևանի ուղղիչ տնից»-ը՝ հանրամատչելի ծանոթագրություններով։
Անխոս, գեղարվեստական ընթերցման համար Չարենցի «Երևանի ուղղիչ տնից»-ն ինքնին շատ հետաքրքիր նյութ է, բայց սա այն դեպքերից է, երբ պակաս կարևոր չէ ստեղծագործական պատմությունը։ Հենց առաջին տողում Չարենցը գրում է. «Իրերի դժբախտ բերումով ես առիթ ունեցա մոտ վեց ամսվա ընթացքում բավականին ծանոթանալու Երևանի Ուղղիչ Տան կյանքին…»։ Ո՞րն է այդ «իրերի դժբախտ բերում» ասվածը։ Ուղղիչ տուն ընկնելու նախընթաց պատմությունը, որ հակասական և ողբերգական էջերով է լի, բացակայում է գրքում։ Թերևս ճիշտ կլինի ընթերցողին համառոտ պատմել այդ խիստ տարօրինակ հանգամանքներով լի դատավարությունն ու դեպքերի ընթացքը, որ մեր առջև բացում է գրականագետ Ալմաստ Զաքարյանն իր «Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը. հատոր 3» գրքում (Երևան,
2008, էջ 387-416):
Այսպիսով՝ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին քաղաքային այգում Չարենցը «նագան» տեսակի ատրճանակով կրակում է Մարիանա Այվազյանին, որը վերադառնում էր օպերայից։ Հիշեցնենք, որ Մարիանա Այվազյանը հայտնի կոմպոզիտոր և խմբավար Արտեմի Այվազյանի քույրն էր։ Առաջին փամփուշտը վրիպում է, իսկ երկրորդը, բարեբախտաբար, «կպավ, բայց չսպանեց»։
Առաջին քննության ժամանակ Չարենցը հրաժարվում է պատասխանել մահափորձի պատճառների մասին հարցին։ Արդեն սեպտեմբերի 8-ի հարցաքննության ժամանակ բանաստեղծն ասում է, թե «սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված ցանկացա
նրան սպանել և մահափորձ կատարեցի…»։
Ըստ վկայությունների՝ այդ օրը քաղաքային այգում Մարիանա Այվազյանը եղել է հոր հետ, իսկ Չարենցին փնտրելու նպատակով այգի է եկել Ակսել Բակունցը, որի անունը բացականչելով էլ հենց երկու անգամ կրակել է Չարենցը։
Ըստ նկարիչ Միքայել Արուտչյանի հուշերի՝ կրակոցին նախորդող օրվա հանդիպմանը Մարիանայի հեռանալուց հետո իրենց ընկեր Տաճատ Թութունջյանը ծաղրել է հարբած Չարենցին, որն ուզել է խմել Մարիանայի կենացը։ Հետո Տաճատ Թութունջյանը գրություն է վերցրել Չարենցից, որ վերջինը «խփելու է Մարիանային շնիկի պես»։
Ալմաստ Զաքարյանը, հաշվի առնելով Բակունցի պատմածը, Չարենցի երկու հարցաքննությունների և տեսուչին գրած նամակի բովանդակությունները, եզրակացնում է, որ Չարենցը «16-ամյա այդ աղջնակին սպանելու մտադրություն չի ունեցել, որոշակի պայմանավորվածություն է եղել առ այն, որ Ակսելը պետք է վերցներ ատրճանակը, պետք է բռներ Այվազյանին, որպեսզի նա չկրակեր իր վրա»։ Ըստ Զաքարյանի՝ Չարենցի դրդապատճառները պայմանավորված են եղել գրական և քաղաքական հանգամանքներով։ Գրապայքարից, մատնություններից և խժդժություններից հոգնած Չարենցն ուզել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել, նա էլ ծրագրել է այս հանցանքով հրաժարվել կոմկուսի տոմսից՝ արտահայտելով իր բողոքը։
Չգիտեմ՝ մեծանուն գիտնական Ալմաստ Զաքարյանի եզրակացությունը՝ նախնական պայմանավորվածության ու աղջկա կյանքին չսպառնալու հաշվարկի մասին, ամբողջապես փաստերի՞ց է առնված, թե՞ որոշակիորեն նաև Չարենց մեծության նկատմամբ հարգանքից բխող «մեղմացում» է, այնուհանդերձ, գիտնականի բերած վկայությունները, այդ թվում՝ դատավորի եզրակացությունը, փաստում են, որ սպանության ծրագիր չի եղել, ու դատախազի պահանջած 5-6 տարվա փոխարեն Չարենցը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Այնուհետև Չարենցի կնոջ՝ Արփենիկի մահից հետո Չարենցի անկումային տրամադրությունն ու ծանր հոգեվիճակը դատաքննության առարկա են դառնում, որոշվում է Չարենցին ուղարկել հոգեբուժական հիվանդանոց, բայց 1927 թվականի մարտի 9-ին որոշվում է Եղիշե Չարենցին ժամկետից շուտ ազատել և ուղարկել Մայկոպ՝ հարազատների մոտ։ Հենց Մայկոպում էլ Չարենցը գրում է իր այս ուշագրավ աշխատությունը։
Նկատի ունենալով այս դեպքերի անձնական-քաղաքական հանգամանքները՝ տրամաբանական է թվում, որ Չարենցը խուսափել է դրանք տեքստում ներկայացնելուց, բայց և այնպես, ուշադիր ընթերցողը կարող է նկատել, որ այդ անձնական պատճառների բացակայությունը թելադրված է «Երևանի ուղղիչ տնից»-ի գեղարվեստական բնույթով։ Այն է՝ բանտային կյանքը նկարագրված է հետազոտողի, դիտողի աչքով։ Պատմողը այս իրադարձություններում առկա է այնքան, որքան մյուս բանտարկյալները։
Թերևս սուր կերպով վերջին հատվածում է անձնական ապրումների ծանր տպավորությունը նկարագրվում, երբ հեղինակը հիշում է,որ ուղղիչ տնից ոչ հեռու գերեզմանատունն է, ուր հավերժ ննջած է իր «հերոսական ընկերն ու բարեկամը»՝ իր սիրելի կին Արփիկը։
Մի քանի տեղում էլ արտահայտվում է Չարենցի՝ ապագայի նկատմամբ վախը, որը, սակայն, կրկին զուգակցվում է մյուս կերպարների բնավորության, մասնավորապես կասկածամտության ցուցադրմամբ։ Հետևաբար դժվար է այս ստեղծագործության ժանրային ճշգրիտ սահմանումը տալ՝ վեպ, ինքնակենսագրություն, հուշագրություն, թե այլ մի բան։ Գրականագետները տարբեր անվանումներ են տվել՝ «հուշագրական վիպակ», «ինքնակենսագրություն», «հուշ-ակնարկ» և այլն։ Բայց չէի ուզի,որ ընթերցողների հետաքրքրությունը այս գործի նկատմամբ պայմանավորված լինի միայն Եղիշե Չարենցի անձով ու կենսագրությամբ։ Հենց իր՝ հեղինակի վերաբերմունքն իր տեքստի և պատմվող իրադարձությունների վերաբերյալ պայմանավորված է սոցիալական տարբեր շերտերի նկատմամբ հետաքրքրությամբ ու մեր առջև էլ, բնական է, հենց այդ շերտերն են բացվում։
«Այն հասարակությունը, ուր ես ընկել էի,– արտաքին աշխարհից կտրված, առանձնացված մի հասարակություն էր, որի մեջ, բացի ընդհանուր սոցիալական օրենքները՝ պե՛տք է որ նշանակություն ունենային և մի շարք այլ, սպեցիֆիկ օրենքներ, որ բխում էին Ուղղիչ Տան պայմաններից»։ Չարենցն այստեղ էլ, ինչպես իր առաջին արձակ գործում՝ «Երկիր Նաիրի» վեպում, փորձում է սոցիալական համակարգի պատկերը տալ, բայց այս անգամ «ընդհատակում» ապրող մարդկանց կյանքի։ Հենց առաջին էջերում Չարենցը գրում է. «Գյուղացիներ, լյումպեններ և նախկին խորհրդային ծառայողներ – ահա՛, ընդհանուր առումով, քրեական կորպուսի բնակչության սոցիալական կազմը»։
Թեև կերպարների հոգեբանությունն ու արարքները գրեթե ամբողջովին ներկայացված են, և վեպին հատուկ ոճով պատմվում են կալանավորների անձնական պատմություններն ու անգամ սիրային արկածները, բայց եթե ուշադիր լինենք, պատումի մեջ ամենագրավիչը բնավ էլ հոգեբանական դիպուկ բնութագրումները չեն։ Չարենցն իրեն որպես հոգեբանության խոր գիտակ չի դիրքավորում՝ ընդգծելով, որ խեղճ ու պատահականորեն հանցանք գործածներին սկզբնապես ավելի է կասկածել, քան «ռեցիդիվիստներին», թեև կարողանում է տալ յուրաքանչյուր կերպարի հոգեբանությանը բնորոշ մի խոսք ու արարք։
Այդօրինակ տարածության մեջ, բնական է, հագուստի, սանրվածքի, բնավորության մեկ-երկու գծերը տարբերակում են, օրինակ, թուրք կանանց հոգատար Մարգարիտից և Անուշից, կամ խաղացող աչքերով աֆերիստները նման չեն Շնողի գործով կալանավորվածներին, բայց ավելի էական է , որով խոսում
են այս մարդիկ։ Չարենցը լեզվաբանի, բանագետի և բարբառագետի իմացությամբ և մանրակրկիտությամբ է «խոսեցնում» հերոսներին։ Այդ ժամանակներին անտեղյակ մարդը, կարդալով այս գործը, ամբողջական պատկերացում կկազմի կալանավայրում ապրող հասարակության բոլոր շերտերի լեզվի ու բնույթի մասին։ Այդ իմաստով «Վերնատան» այս հրատարակությունը լավ ծառայություն է մատուցում ոչ մասնագետ ընթերցողին՝ հասկանալի ու պարզ ձևով մեկնաբանելով և ծանոթագրելով բարբառային բառերն ու պատմողի խոսքում բավական հաճախ հանդիպող եզրույթները։
Չարենցի՝ տարբեր խոսվածքներով խոսող, տարբեր ճակատագրեր և բնավորության գծեր ունեցող կերպարները՝ արհեստավորների գործը կարգավորող Բենիկը, մահվան դատավճռից ազատվելու լուրից «տխրված» Բենժամենը, աֆերիստ լյումպենները կամ գյուղացի Գլդանը, կարծես թե սոցիալական նեղ միջավայրի ամբողջական համապատկեր են կազմում, ուր «ընկեր Չարենցը» միայն լրացնող մի մաս է՝ մեկը ինտելիգենտ խավից։
Սոցիալական հիերարխիայի այս պայմանական բաժանման մեջ, այնուամենայնիվ, կոմունիստական երազանքներով ու հրով վառվող Չարենցը չի մոռանում կալանավայրի պետի և կալանավորների միջև դասակարգային հավասարության սիմվոլիկ պատկերներ գտնել. «Եվ Ուղղիչ Տան պետ ու կալանավոր ձեռքերը իրար խփեցին հանուն այն ապագա արհեստանոցների, որոնց հատակագիծը նկարել էր մի այլ կալանավոր՝ Նիկոլաևը»։ Սա թերևս սոցիալական հասարակության ամենախոսուն պատկերն է՝ դասակարգային գծերի հատումը հանուն աշխատանքի։
Ուղղիչ տան սոցիալական պատկերի ամբողջականությունը լրացվում է արհեստանոցների, ծաղկանոցների և մենախցերի նկարագրությամբ։ Այս տեքստը գրելուց ընդամենը մի քանի տարի առաջ դեպի ֆուտուրիզմ և կոնստրուկտիվիզմ թեքված Չարենցը, բնական է, որ ուղղիչ տան «ճարտարապետությունը» նկարագրում է՝ ելնելով հարմարության (նեղվածք, լուսավորություն), գործառույթի (արհեստանոց, ննջասենյակ, ծաղկանոց), երկրաչափական պատկերի (նեղ ու երկար, քառակուսի սեղաններով և այլն), օգտագործվող հումքի (երկաթե նստարաններ) կոնստրուկտիվիստական մոտեցումից։ Ուղղիչ տունը, ինչպես Կարսը «Երկիր Նաիրի»-ում, Չարենցը հնի ու նորի է բաժանում՝ շեշտելով ցարական բանտից մնացած հատվածների անհարմարությունը։
Տարածության և բնավորությունների գունեղ ներկապնակով է ամբողջանում ուղղիչ տունը՝ որպես մի առանձին, սոցիալական փոքր մոդել՝ իր բժիշկներով, հիմնական «կորիզ» կազմող ու բոլորովին ոչ պատահական այնտեղ հայտնված կալանավորներով և անգամ ընկերական դատարանով։ Այն, որ այստեղ գլխավոր «կերպարը» հենց ուղղիչ տունն է, ոչ թե առանձին մարդիկ և անգամ ինքը՝ հեղինակը, վկայում է նաև տեքստի ավարտը. «Վալոյին, Խուժան-Խաչոյին, Մաչոյին ու Հյուսեինին «հաջորդողներն» էին դրանք, հանցագործ աշխարհի կադրերը լրացնելու եկող «պիոներները»։ Ուրեմն՝ Չարենցը և մյուսները կարող են հեռանալ այստեղից, բայց իր ինքնուրույն կյանքով ապրող ուղղիչ տունը մնում է և ընդունում նոր բնակիչների։
Այսպիսով՝ Չարենցը այս գործով կարծես թե սկիզբ է դնում հայ արձակում հետագայում բավական տարածված պատումի՝ բանտային կյանքի նկարագրությանը։