…Գո՜րշ առօրյան` իր ձանձրույթով ու հեքիաթով… [1] Ե. Չ.
Բանաստեղծությամբ էր զարթնում,– Եսենինի կամ Մեծարենցի, Թումանյանի կամ ժամանակակից մի թեկուզ ոչ բարեկամ բանաստեղծի երկու տողը կամ քառատողը շրթունքին, իսկ ամենից շատ` Տերյան:
Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունս անսպառ. [2]
– Մենք առհավետ շղթայված ենք մեկ-մեկու…
– «Տրտմությունս… անսպառ»,– անդրադառնում էր նա փողկապը կապելով,– անսպա՛ռ: Լավ չէ… մի բան ասե՞մ…
Ես սպասում եմ, որ նա կխորացնի իր միտքը, կխոսի այն մասին, թե բանաստեղծության մեջ էլի ի՞նչն է, որ «լավ չէ» և ո՞րն է լավը, իսկ նա՝
– Մի բան ասե՞մ… փողկապ կապելը մե՛ծ արվեստ է…
– Այո,– ասում եմ ես,– բայց նախ պետք էր լվացվել, հետո զբաղվել այդ «արվեստով»…
Նայում է լայն բացված աչքերով, հակաճառելու ակնհայտ ցանկությամբ: Հակաճառելու տեղ չկա: Ժպտում է խեղճացած.
– Այ տղա, միշտ մոռանում եմ… կոշիկներս էլ դեռ՝ չեմ հագել… Տեսնես Տերյանն ի՞նչ տեսակ մարդ էր, թափթփվա՞ծ էր մեզ նման, Մակինցյանին պիտի հարցնեմ…
Տնքում էր կոշկակապերի վրա, ու`
Դրեք սիրտս դարավոր
Հարազատ օրրան,
Օրորեցեք վիրավոր
Սիրտս նաիրյան…[3]
– Տես, ո՞նց է գրել… ջե՛րմ, սրտառո՛ւչ… այս էլ վերջացրինք…
Խոսքը վերաբերում էր կոշիկների կապը կապելուն:
Իսկ հիմա լվացվում է ընդգծված զգուշությամբ, ջուրը մղելով դեպի ճակատը, մազերը, վերնաշապիկը չթրջելու մտահոգությամբ: Սրբվում է արագ.
– Այս էլ վերջացրինք:
…Հիմա կարծես կարելի է դուրս գալ: Ծխախոտի տուփը գրպանը դնելուց առաջ հաշվում է.
– Տասներկո՛ւ… փող ունե՞ս մոտդ… (նայում է գրպանը) Իջնենք Բաղդասար աղբոր մոտ, մին-մին սուրճ խմենք ու գնանք Պետհրատ: Այսօր շատ գործ չունեմ… Օրն էլ շաբաթ… (դռների մեջ կանգնում է) դու լսե՞լ ես Ջանանի «Մոկաց Միրզեն»: Հոյակապ է երգում.–
Օրն էր ուրբա՜թ,
Լուսն ի շաբա՜թ…
– Հե՛չ ձայն չունեմ…
Երբ մենք պատրաստվում ենք իջնել հյուրանոցի սանդուղքներից, միջանցքի ծայրում երևում է Փանոս Թերլեմեզյանը:
– Արի հետս…
Նկարիչն ուզում է փակել դուռը և դուրս գալ.
– Բարի լույս, Փանոս էֆենդի:
– Բարի լույս, տղա:
– Մի… էն երկու նկարները, շատ եմ խնդրում…
– Դու էլ իմ գլխին փորձանք ես,– տրտնջում է վարպետը և դողացող ձեռով բաց է անում դուռը:
Երկու նկար:
Սենյակը խճողված է նկարներով: Օդում` նկարչական ներկերի ոչ տհաճ բույրը: Այստեղ էլ ապրում է նկարիչը:
– Մինչև մի բան գտնեմ` հոգիս բերանս կհասնի… շուտով բնակարան ստանամ, կարգի գամ…
Երկու նկար.– Կոմիտաս և Անդրանիկ : [4]
Հեռանում է, մոտենում, նայում աջից, ձախից:
– Երջանիկ մարդ ես, Փանոս էֆենդի…
– Է՜հ,– պաշտպանվում է կյանքով և հուշերով հարուստ արվեստագետը, խոնավ աչքերով,– կշտացա՞ր…
Աբովյանով զվարթ զնգոցով իջնում է տրամվայը: Այդ զնգոցն էլ ասես նրան սթափեցնում է:
– Շնորհակալություն: Խիստ զգացված եմ, վարպետ էֆենդի… երթանք մի-մի սուրճ առնենք: Բաղդասար աղբոր մոտ:
«Բաղդասար աղբար»-ը դրամատուրգ-բժիշկ Բաղդասարյանն էր, որն իր վրա էր վերցրել «Երևան», այն ժամանակ` «Ինտուրիստ» ռեստորանի սենյակներից մեկի ձևավորումն ու հոգսը, որը գործում էր որպես սրճարան:
Սրճարան` բարձր մակարդակով:
Մինչև վար իջնելը նա կարողացավ «մեր մեջ ասած»` գնահատել Թերլեմեզյանի արվեստը և տալ Սարյանի զուգահեռը.
– Մեր մեջ ասած` մեծ նկարիչ է: Գույները ծանր ու թանձր… Ուրիշ է Սարյանը. թեթև՛, լուսավո՛ր… Իսկ այդ երկու նկարները… Չգիտեմ, ո՞նց ձեռք գցեմ…
Կեսժամյա սրճախումի ընթացքում հասցրեց.
1) ճարտարապետ Մազմանյանի հետ քննարկել Շահումյանի հուշարձանի «ֆասադի» հարցը . [5]
2) Շիրվանզադեին հավատացնել, որ այսօրվա բոլոր գրողներն իրենց վարպետության մակարդակով նրա ծնկի բարձրությանը չեն հասնի.
3) հայհոյել մի ծաղրանկարչի, որը նկարել է Բակունցին արջերի շուրջպարում («Գրողին ծաղրանկարելուց առաջ պետք է կարդալ և հասկանալ տվյալ գրողին… քո ասածը մեկ է թե վերցնես նկարես Նար-Դոսին, շալակին` սպանված աղավնիներ [6] …»).
4) Կոջոյանի հետ նայել «Գիրք ճանապարհի»-ի էսքիզները.
5) Մամիկոն Գևորգյանից «հարիր մանեթ» խնդրել փոխարինաբար ու չստանալ («– Մոտս չունեմ, Եղիշ ջան, ուզում ես գնանք տուն` երկու հարյուր տամ…».– «Տանը ես էլ ունեմ»,– փչեց և ծիծաղեց իր ստի վրա).
6) Ընձակ Վահանյանի [7] հետ խոսելիս, հանկարծ հիշեց, որ այդ օրը, ժամը երկուսից սկսվում է հացի ազատ վաճառքը («իսկական ժողովրդական տոն է այսօր…»).
7) Ղարաբալայի սև գլուխը երևաց դռների մեջ, կանչեց ու ականջին ինչ-որ բան փսփսաց, հետո բարձրաձայն` «չմոռանա՛ս»: (–«Մութ գործեր եմ բռնում, այ տղա…»):
Վերջապես` Աբովյան:
– Դու հասկացար տագնապները իմ հոգու…
– Հը՞, ի՞նչ կասես. համենայն դեպս Տերյանը բախտավոր մարդ է եղել. եղել է մեկը, որ հասկացել է նրա հոգու տագնապները… Էն ո՞նց էիր գրել,– «բանաստեղծությունը երևակայություն ի բալամ»… Վա՜յ թե էս էլ երևակայություն է… Մի տես, մի տես…
Թևերով մշտել գիտեր:
Աբովյանի և Ամիրյանի անկյունում` հացի խանութի ապակիները փայլեցնում են սպիտակ հագած գործակատարուհիները:
– Իսկական տոն…
Բուլվարի մոտ ճանապարհը թեքեց: Քառակուսի, փայտե ցանկապատով շրջափակված էր կոնուսաձև մի մետրաչափ մարմարիոն, որի վրա փորագրված էր.– «Այստեղ պիտի բարձրանա Վ. Ի. Լենինի հուշարձանը»:
– Տեսնես պիտի տեսնե՞նք [8]... տեսնես ի՞նչ պիտի դառնա Երևանը հիսուն, վաթսուն, յոթանասուն թվականներին: Կարո՞ղ ես երևակայել, մի վիթխարի հրապարակ պիտի փռվի էստեղ, Լենինի հուշարձանով…
Օրորեցե՛ք վիրավոր
Սիրտս նաիրյան…
– Մի տե՛ս, մի տե՛ս…
Այս անգամ Աբովյանի և Խորհուրդների փողոցների անկյունում Բակունցն էր կանգնած փոքրիկ երեխան գրկին:
– Ի՜նչ հետաքրքիր մարդ է էս մեր Ակսելը: Ի՞նչ է կանգնել մայթին` երեխան էլ գրկին… Հա՜ տպարան է եկել…
Խորհուրդների փողոցում մի փոքրիկ տպարան կար: Տպվում էր, եթե չեմ սխալվում, նրա «Եղբայրության ընկուզենիները»:
– Այ տղա, ի՞նչ ես անում էստեղ…
– Հեչ, տպարան եկա:
– Բա երեխի՞ն ինչու ես քաշ տվել…
– Տանը լվացք էր. առի ու դուրս փախա:
– Անունն ի՞նչ է…
– Սևադա : [9]
– Ա՜յ տղա, էդ ինչ սարսափելի անուն ես դրել… Տեսնես մեծանա, ի՞նչ պիտի դառնա…
– Հայտնի չէ,– ժպտաց,– առայժմ որ` Կլապիտոն Իվանիչ է…
– Հա՛, ինչ էի ասում. ե՛կ, մի քանի բան կա, նայիր…
– Կգամ:
Պետհրատ: Երբ նստեց իր փոքրիկ գրասեղանի մոտ, շրթունքները սեղմեց, պաշտոնական տեսք ստացավ:
Երևաց Արմենը:
– Այ տղա, որտե՞ղ ես, չես երևում:
– Աշխատում եմ:
– «Ջաբուլդան»[10] ի՞նչ արիր:
– Գրում եմ:
– Լավ գիրք կլինի… ոնց էլ գտել է՞… «Ջաբուլդա»…
Գզրոցից հաստ ու բարակ թղթապանակներ հանեց, կանչեց Բեսին . [11]
– Էս` տուր հեղինակին. անմշակ տեղեր կան` նշել եմ, թող աշխատի… ասա, թող անցնի ինձ մոտ, հյուրանոց:
– Էս` խմբագրել եմ: Վատ չի գրել. մի քիչ, ո՞նց ասեմ, արյան պակասություն ունի… տուր Խաչվանքյանին [12], թող ձևավորի, կամ Շավարշին[13] տուր: Տես, ո՞վ ավելի ազատ է…
– Գալով սրան, ետ տուր իրեն, փի՛ս է գրած, պրետենցիո՛զ, անգրագե՛տ… թող տարրական գրագիտություն սովորի…
– Ի՞նչ սովորի, մազ-մորուք սպիտակած մարդ է:
– Մի տեսեք սրա պատկերը. «Արևը ծագեց արևելքից և շարժվեց դեպի արևմուտք…»: Տո՛ւր իրեն: Քաղաքավարի հասկացրու, որ ուրիշ գործով զբաղվի:
Նա հանեց ևս մի քանի թղթապանակ, մեծ ու փոքր ձեռագրեր, փաթաթեց թղթով:
– Իսկ սրանք կտանեմ, տանը կնայեմ… վաղը կիրակի է:
Այն ժամանակ դեռ բոլորովին պատանի Հուսիկ Խանդամուրը մոտեցավ:
– Ընկեր Չարենց, տվեք ես կտանեմ հյուրանոց… կհանձնեմ հերթապահին…
Լարվեց, թվաց, որ պիտի համաձայնվի:
– Չի լինի, Հուսիկ ջան, ձեռագրեր են, հանկարծ կկորչեն, դե եկ, պատասխանիր:
Մտավ Մակինցի կաբինետը, դուրս եկավ:
– Ասատուրը [15] չեկա՞վ:
Ասատուրը եկավ, բացեց դրամարկղը, ինչ-որ փաստաթղթեր հանեց, նստեց մռայլ և անժպիտ: Երբ մոտեցավ Չարենցը, ժպիտի նման մի բան երևաց նրա դեմքին.
– Ի՞նչ կա, Չարենց, փողի կարի՞ք ունես…
– Դու հասկացար տագնապները իմ հոգու, Ասատուր ջան…
– Գրիր մի հարյուր մանեթի ստացական… ի հաշիվ… ավելին չեմ կարող…
– Պետք էլ չի:
Երբ մենք հասնում ենք բուլվարի մատույցներին, բարակ անձրև է մաղում:
– Մտնենք պավիլիոն… կանձրևե, տղաս, աշունը թաց է...[16]
Այստեղ նարդին է շխկում, օդում` սուրճի և գարեջրի բուրմունքը: Մոտենում է Սուրեն Քոչարյանը . [17]
– Նարդու հետ ո՞նց ես…
– Չգիտեմ, կհասցնե՞մ…– նայում է ժամացույցը:
– Չ՛է, չեմ հասցնի:
– Ժամադրությո՞ւն…
– Հը՜մ… Լավ որ հիշեցրիր, ժամի 3-ին Զաբել Եսայանին երթամ պիտի… Խոստացել եմ… Իսկ հիմա…
Նայում է դեպի Աբովյանի և Ամիրյանի անկյունը:
– Իսկ հիմա գնանք… անձրևը դադարեց:
Կարճատև անձրևը օդը հագեցրել է փոշու բուրմունքով: Այս այն օդն է, որ կարելի է շնչել ամբողջ կրծքով:
Չարենցը չորրորդն է, ես` հինգերորդը:
Քիչ հետո խանութը բացվում է: Արդեն բավական երկար հերթ է գոյացել: Դեմքերը ուրախ են, անգամ` տոնական: Դարակները լեցուն են սպիտակ մատնաքաշով: Գնում ենք երկու հաց : [18] Նա իր հացը դնում է թղթապանակների վրա, տեղավորում թևի տակ` նախապես մի կտոր կտրելով: Դուրս ենք գալիս:
– Այ տղա, թող ժողովուրդն իմանա, որ իր գրողներն էլ են ուրախ «ազատ հացի» համար:
«Ազատ հաց» – այդպես էլ կնքեց նա:
Չսխալվեց: Անցորդներն ուշադրություն դարձրին: Մոտիկները մոտենում էին և հյուրասիրվում մի կտոր «ազատ հացով», ծանոթները ժպտում էին և հարգալիր բարևում…
– Պետականության, ամե՛ն պետականության հիմքը հացն է, հաց ունես, ամեն ինչ ունես, հաց չունես, ոչինչ չունես: Չուգունից լավաշ չես թխի…
Մեր՝ կարելի է ասել, հանդիսավոր երթը ձգվեց մինչև համալսարան ու երբ ետ վերադարձանք, երկու հացերից մնացել էր միայն մի կտոր հաց: Կիոսկից մի «Մաճկալ» [19] վերցրեց, փաթաթեց ու խոթեց գրպանը:
– Այս էլ` Զաբելի բաժինը: Արի միասին գնանք Զաբելի մոտ. խոստացել է «Սիլիհտարի պարտեզներ»-ից մի հատված կարդալ:
Զաբել Եսայանն ապրում էր «Սևան» հյուրանոցի երրորդ հարկում, պատշգամբը նայում էր Շահումյանի հրապարակին, սենյակն ընդարձակ էր և լուսավոր:
– Զաբել ջան, քեզի ազատ հաց եմ բերեր…
– Իսկ ես մտածեցի, որ մոռցեր ես ժամադրությունը: Սուրճ դրի` միայն ինձ համար: Հոգ չէ, հիմա կուղղեմ սխալս… Ի՜նչ կըսեք, ազատ վաճառքը մտավ ուժի մե՞ջ… ի՜նչ ուրախություն… բայց այս հացը չպիտի ուտեմ, պիտի պահեմ, որպես հիշատակ…
Սուրճ: Երևաց և կոնյակ: Կոնյակից հրաժարվեց («Ուզում եմ թարմ գլխով լսել…»): Խոսեցին Պոլսից, ավելի շուտ Զաբելը՝ Պոլսի, իսկ Չարենցը` Ստամբոլի մասին:
«Սիլիհտարի պարտեզներ»: [20] Այսօր էլ հիշում եմ քանքարավոր Եսայանի մի քիչ ռնգային, երգեցիկ ընթերցանությունը, հեռու հիշողություններ, որոնք գրված էին քնարական շնչով և ջերմությամբ, դեպքեր և դեմքեր` գծված արվեստով և այրող ներշնչումով, ազնիվ գրականություն, այս բառերի ամենաազնիվ իմաստով:
Լռություն:
Խմեց սուրճի վերջին կումը, վեր կացավ տեղից, չափեց սենյակի երկայնքը, մոտեցավ պատուհանին ու մտահոգ նայեց դուրս: Հետո`
– Լավ ես գրել, Զաբել ջան, սրտառուչ ես գրել… Ալլահը տվել է, փեյղամբարն ի՞նչ ասի… Երևի մի բան.– վերջացրու, եկ պայմանագիր կնքենք և ուղարկենք տպարան…
Ժամը հինգին մոտ էր, երբ դուրս եկանք հյուրանոցից:
– Գնանք մի տեղ հաց ուտենք… ո՞ւր գնանք… Կոմայգու բացօթյա՞ն : [21]– А что ж? [22] Ես դեմ չեմ…
Ու փոխանակ Կոմայգու, քայլերն ուղղեց դեպի Շահումյանի հրապարակը: Քանի՜երորդ անգամ: Երբ դեռ կանգնած էր Ռուսական եկեղեցին, եկավ, կանգնեց եկեղեցու դեմ.
– Դու հասկանո՞ւմ ես, այստեղ պիտի հրապարակ լինի…
Երբ հանվեց եկեղեցին և հրապարակվեց որոշում, ըստ որի հրապարակը պիտի կոչվեր Շահումյանի անունով և այնտեղ պիտի կանգեր նրա հուշարձանը՝
– Դու հասկանո՞ւմ ես, Շահումյանի հուշարձանը… հիանալի է մտածված…
Եկավ այստեղ մենակ, կամ գրողներին վերցրած հետը, երբ դեռ տարվում էին հողային-քարային նախնական աշխատանքները… Եկավ քաղխորհրդի նախագահի «երիշով», սեփական գործի շահագրգռությամբ, առարկելով, վիճելով… Ու հիմա`
– Այ տղա, լավ գործ դուրս եկավ… Աչքն էլ իր կապրիզներն ունի, կամաց-կամաց է վարժվում… Ֆասադն էլ կարծես ընկել է տեղը…[23]
– Երևակայո՞ւմ ես, թե ինչ կլինի ապագա Երևանը, հուշարձանների քաղա՛ք… Նարեկացու հուշարձան, Քուչակի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Թումանյանի… երանի տեսնողին: Գնացինք:
Կոմայգու մոտ մի անգամ էլ ետ նայեց.
– Լավ գործ դուրս եկավ… «Սիրտդ որպես վառ ատրուշան պահիր վառ…» : [24] Հիշո՞ւմ ես ռուսաց եկեղեցին… Հո՛ւշ դարձավ:
Ճաշեց անտրամադիր, մի տեսակ ցրված, մտքերը հեռու: Հետո` կարծես ինքն իրեն`
– Մի բան եմ սկսել, տեսնենք ի՞նչ դուրս կգա…
– Բան ջան, արի ստացի: Գնանք, տեսնենք, ի՞նչ ենք անում:
Մի ծխախոտ վառեց:
Մինչև հյուրանոց գրեթե չխոսեց: Մարգարե լինելու կարիք չկար գուշակելու համար, որ մտքերով իր գրասեղանի մոտ էր:
Հյուրանոցի մոտ՝
– Գնանք մի քիչ աշխատենք… (ձեռագրերը թևի տակից իջեցնելով) սրանք էլ նայեմ: Առավոտյան ե՛կ:
Առավոտյան ես նրան գտա մաքուր սափրված, գրասեղանի մոտ, գրասեղանին` մաքուր արտագրված թերթիկներ:
– Գիշերը լավ աշխատեցի…
Մոխրամանում ծխախոտի կոթուկներ, մի քանիսը շրթնաներկով:
Ծիծաղեց:
– Վատ բան մի մտածի. Արուսը եկավ երեկոյան` Ցոլակի [25] հետ… մի քիչ գյալաջա արինք: Մե՛ծ, մեծ դերասանուհի է…
– Հա՜… (հորանջելով) Հետո… հետո Աղասու մոտ եղա…
– Ի՞նչ Աղասու,– չհավատացի իմ ականջներին:
– Քանի՞ Աղասի կա… քո մեծ վանեցու…
– Մի քանի բան վերցրի հետս, ներքևից զանգահարեցի: Կես գիշե՛ր: Ասաց` ե՛կ…
– Գնացի: Նստած պարապում էր: Թողեց աշխատանքը, նստեց կլոր սեղամի մոտ.– գրական գիշերը համարում եմ բացված,– ասաց:
– Մի քանի բան կարդացի: Հավանեց: Սուր էլ աչք ունի: Մի երկու դիտողություն արավ… Մեկի հետ համաձայնվեցի… հետո երկար խոսեցինք:
– Այ տղա, գյուղի դրությունը լավ չէ: Բամբակի պարտադիր պլաններ են տալիս, ի հաշիվ հացահատիկի… Ո՞նց անենք:
Մի ծխախոտ վառեց:
– Ընդհանրապես լավատես էր.– ամեն ինչ լավ կլինի,– ասաց, բայց հետո գանգատվեց. խանգարում են Բերիայի ագենտները, չեն թողնում, որ մարդը հանգիստ աշխատի…
Լռեց մտախոհ. ապա`
– Այ տղա, ամբողջ գիշեր աշխատել եմ ու շարունակ մտածել. եթե աստված ոչ անի, Աղասին թողնի, հեռանա Հայաստանից, ո՞ւմ ընտրենք առաջին քարտուղար, ի՞նչ ես կարծում…
1967 թ.
—————————————————
Չարենցի մեկ օրը:
Առաջին անգամ՝ «Գ. Թ.», Եր., 1967, 7 ապրիլի, թ. 15: Այնուհետև՝ ԵԼԺ-5:
Տպագրվում է ըստ ձեռագիր-բնագրի՝ ԳԱԹ, ԳՄՖԼ, թ. 10:
Գրվել է Չարենցի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
Թարգմանվել է ռուսերեն՝ Один день Чаренца, СЖ, стр 354-361 (пер. М. Мазманян)..
[1] Ամփոփիչ տողն է Ե. Չարենցի «Հրո երկիր» շարքից «Հմայում է ինձ լապտերը փողոցային…» բանաստեղծության:
[2] Վ. Տերյանի «Ոսկե շղթա» շարքից:
[3]Վ. Տերյանի «Տրիոլետներ» շարքից:
[4] Տես «Երգ Սրի և Սրնգի մասին»՝ Կոմիտասին և Անդրանիկին նվիրված բանաստեղծությունը (ԵԼԺ-1, էջ 587):
[5] Շահումյանի հուշարձանի հեղինակը Ս. Մերկուրովն է: Աշխատանքներն ավարտվել են 1931 թ.:
[6] Ակնարկվում է Նար-Դոսի «Սպանված աղավնի» վեպը:
[7] Ընձակ Տեր-Վահանյան (Մեղրու Կարճևան, 1900–1937, Երևան), կուսակցական աշխատող, գրաքննադատ, պրոլետարական գրականության գաղափարախոս: Բռնադատվել է, դատապարտվել գնդակահարության: Եղբայրն է հանրահայտ կուսակցական գործիչ Վաղարշակ Տեր-Վահանյանի, որը դատապարտվել է գնդակահարության Ստալինի կազմակերպած ցուցադրական դատավարությունում:
[8]Չարենցը չի տեսել Լենինի հուշարձանը, որի հեղինակը նույնպես Ս. Մերկուրովն է, իսկ Մահարին տեսել է ճամբարից վերադառնալուց հետո` 1947 թվականին:
[9]Սևադա Բակունց (Գորիս, 1925–1983, Երևան), բժիշկ-ֆիզիոլոգ:
[10] «Ջաբուլդա», տես Մ. Արմեն, «Առաջին պատմվածքներ», Եր., 1934:
[11] Գարեգին Բես (Սարինյան, Շուշի, 1910–1986, Երևան), գրող: 30-ական թվականներին Պետհրատում աշխատել է որպես ցրիչ, հետագայում` մանկա-պատանեկական գրականության բաժնի վարիչ:
[12] Տաճատ Խաչվանքյան (Ալեքսանդրապոլ, 1896–1940, Մագադան), նկարիչ-գրաֆիկ, մահացել է ճամբարում:
[13] Շավարշ Հովհաննիսյան (Հովհաննես Շավարշ, Ալեքսանդրապոլ, 1908–1980, Երևան), նկարիչ, աշխատել է գրքերի նկարազարդման և երգիծական պլակատի բնագավառներում:
[14]Հուսիկ Խանդամուր (Խանդամուրյան, Երզնկա, 1915–1986, Ծաղկաձոր), արձակագիր: Տես` «Հուսիկ Խանդամուր» հումորիստական անտիպ դիմանկարը (ՀԱԱ, ֆոնդ 709, ցուցակ 7, գործ 195, ԵԼԺ-10):
[15] Ասատուր, Պետհրատի գանձապահը: Գրողների շրջապատում տարածված է է եղել նրա Ասամիտուր անունը:
[16] Մոտավոր վերհիշեցումն է Թեքեյանի բանաստեղծական տողի:
[17]Սուրեն Քոչարյան (Թիֆլիս, 1904–1979, Երևան), ասմունքող: Խաղացանկում հաճախ է ընդգրկել Մահարու գործերը: Տես` «Սուրեն Քոչարյանի մասին» դիմանկարը («Բ. Եր.», Եր., 1934, 25 հունվարի, թ. 20, ԵԼԺ-11), «Վարպետի պարգևած ուրախությունը» (Радость, дарованная мастером, “Комсомолец”, Ер., 1964, N 126, 18 октября, ԵԼժ-11) հոդվածը, «Գիրք Սուրեն Քոչարյանի արվեստի մասին» գրախոսականը («Գ. Թ.», Եր., 1959, 20 նոյ., թ. 47, ԵԼԺ-12), «Սուրեն Քոչարյան» հումորիստական դիմանկարը («Ս. Ա.», Եր., 1960, նոյ., թ. 11, էջ 74-80, ԵԼԺ-10):
[18 ]Յուրաքանչյուր գնորդի վաճառվել է մեկական հաց:
[19] «Մաճկալ»,գյուղացիական թերթ: Լույս է տեսել Երևանում` 1922-1933 թթ.:
[20] Զ. Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» լույս է տեսել 1936 թ.:
[21] «Կոմայգու բացօթյան» գտնվել է գլխավոր մուտքից ոչ հեռու, ծառուղու աջ կողմում: Տողերիս հեղինակը 1947-ին Մահարու հետ եղել է այնտեղ:
[22] Դե ի՞նչ (ռուս.):
[23] Երկաստիճան մրցույթում, որի նախագահը եղել է Ա. Թամանյանը, առաջին մրցանակը շնորհվել է քանդակագործ Գրիգոր Քեփինովի և ճարտարապետ Մ. Գրինբերգի նախագծին, բայց “Известия” թերթում լույս տեսած Մ. Շահինյանի հոդվածի ճնշման տակ որոշումը վերանայվել է: Բացառված չէ, որ ակնարկվում է Չարենցի տարակուսանքը «հաղթանակած» նախագծի նկատմամբ:
[24]Ստ. Շահումյանին նվիրված նույն տողերով սկսվող գազելի վերհիշեցումն է Վ. Տերյանի «Ոսկե շղթա» շարքից:
[25] Ակնարկվում է Ցոլակ Պարզյանը, Արուս Ոսկանյանի երկրորդ ամուսինը: ԾՓ-ի ծածկագրված հերոսներից («Թայչարուխցի Օթելլո»):
Տեքստը հրատարակության պատրաստեց և ծանոթագրեց Գրիգոր Աճեմյանը: