Չարենցի պոեզիայի այսպես կոչված` «գրքայնության» (դրական իմաստով), ինչպես նաև` նրա հրատարակչական գործունեության մասին չարենցագիտության մեջ բավականին խոսվել է, նշվել է նրա մեծ ընթերցասիրության, ընտիր գրադարանի, պոլիգրաֆիական զարմանալի գիտելիքների ու նուրբ ճաշակի մասին: Փաստվել է, որ «Մի քանի տարի` 1928-ից մինչև 1933 թվականը, վարելով Պետական հրատարակչության գեղարվեստական բաժինը, Չարենցը հայտնի է դարձել իբրև Հայաստանի ցայսօր չգերազանցված հրատարակիչը, հրատարակչական գործի մեջ դնելով և՛ իր անսպառ եռանդը, և՛ անթերի ճաշակը, և՛ գեղարվեստական մեծ կուլտուրան»[1], ինչպես նաև` որ «Գիրքը, գրականությունը, մշակույթը Չարենցի ոճի տարրերն են»[2]: Դրանք, սակայն, հիմնականում առնչվում են Չարենցի անհատականության ներկայացմանն ու բացահայտմանը` ըստ էության` շրջանցելով այն հարցը, թե ինչպե՞ս է Չարենցի` գրքի հանդեպ ունեցած պաշտամունքի հասնող մեծ սերը դրսևորումներ գտել նրա պոեզիայում:
Չարենցն ինքը «Գիրք ճանապարհի» ժողովածուի «Տաղեր և խորհուրդներ» բաժնի «Տաղ` ձոնված գրքերին» քերթվածում այնպիսի համապարփակութ-յամբ ու բազմակողմանիորեն է սահմանում գիրք հասկացության գիտական-հոգեբանական-զգացական պարագրկումները, որ գրքի, նույնիսկ նորագույն բառարանային սահմանումները[3], այդ համապատկերում երբեմն անիմաստ են հնչում: Եվ դա բնավ էլ ոչ այն պատճառով, որ գրքի այդպիսի հատկանիշները Չարենցն անտեսում էր: Ընդհակառակը` Չարենցը գիրք հասկացությունն ընկալում ու մեկնաբանում է ոչ միայն իր բովանդակության (տեքստի), այլև, նույնիսկ նախևառաջ, պոլիգրաֆիական թեկուզև ամենապարզունակ հատկանիշների (տպագրություն, կազմ և այլն) համատեքստում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը կամ առաջնորդը, –
Եվ այնպիսի գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ
Հրապուրում, գերում – և մոռացվում հավետ… (4, 377)
Կրկին մեկնելով «Տաղ` ձոնված գրքերին» քերթվածից, ի սկզբանե պետք է նշել, որ գրքի ֆենոմենը Չարենցի պոեզիայում միշտ չէ, որ կապվում-հա-րաբերվում-առնչվում է միայն գրականությանը: Գիրքը նրա ընկալմամբ ամփոփումի, միատեղումի ու դրանց շնորհիվ` պահելու, փոխանցելու, ավանդելու գործառույթներով է նախևառաջ հատկանշվում: Այլ խոսքով` գրականությունը կամ գիրը ընդհանրապես, դեռևս գիրք չէ: Կամ` գիրքը պարտադիր գրականություն չէ (այդ առումով խոսուն է «Տաղ` ձոնված գրքերին» քերթվածի հետևյալ հղումը`«Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին, // Թե արվեստով գրված, թե անարվեստ» (4, 376)):
Առաջինի դեպքում ասվածի գուցե անուղղակի ապացույցն է այն, որ Չարենցի 1910-ական թվականների պոեզիայում գրեթե իսպառ բացակայում է գիրք բառն անգամ, եթե բացառություն անենք այդ շրջանում գրված և միայն 1957-ին տպագրված «Հրո երկիր» շարքի բանաստեղծություններին, ըստ էության, հրատարակիչների կամ տեքստաբանների կցած «գրքից» հավելումը: Այդ շրջանում Չարենցը գրականությանն ու հենց իրեն ու իր պոեզիային հղումներ, մեկնաբանումներ է կատարում «երգ», «երգեր», «երգերս», «տող», «տողեր», «տողերս» մասնավորություններով, երբեմն` հիշատակում ժանրաձևեր (ասենք` պոեմ): Սա, ըստ ամենայնի, ինքնագնահատականի մի ձև է նաև, որն արտահայտվում է բերվածների համաբանությամբ` «գիրք», «գրքեր», առավել ևս` «գրքերս» ձևերի կիրառումից խուսափելով: Այս առումով հատկանշական է, որ «Չարենց-նամե» պոեմում, որտեղ գիրք հասկացությունն առաջին անգամ Չարենցի պոեզիայում երևաց կոնկրետ վերնագրերի տեսքով ու բացառապես սեփական գրքերի վերնագրերի (ինքնակենսագրական այս պոեմի համատեքստում թերևս այլ կերպ լինել չէր էլ կարող)`
Օ, երգե՛ր իմ –
Առաջի~ն,
Առաջի~ն…
«Երեք երգ»… (2, 160)
կամ`
«Ծիածանը»…
Արև՛ն է այնտեղ –
Նայիրյան թախիծի միջից… (2, 163),
Չարենցը հետևողականորեն խուսափում է դրանք գրքեր անվանելուց և բավարարվում է բնութագրումներով: Իսկ ահա «Դանթեական առասպել» պոեմի առանձին հրատարակության մասին գրում է հետևյալը.
Ու «Գիրը» փոշոտ վիտրինում
Մի փոքրիկ բրոշյուր դրեց… (2, 161):
Այստեղ նույնպես գիրք հասկացությունից ինքնաքննադատաբար խուսափելու միտում կա` բրոշյուր` թերևս ոչ լիարժեք գիրք, ձևի կիրառմամբ:
Գիրք հասկացության առաջին կոնկրետ, կամ բառացի հղումը Չարենցի պոեզիայում հանդիպում ենք «Էմալե պրոֆիլը ձեր» շարքում:
Առել եմ գիրքը Ձեր
Ու նայում եմ նրան:
Ձգվում են բիլ գծեր
Գրքից` հոգուս վրա… (1, 184)
Արմենուհի Տիգրանյանին ուղղված այս բանաստեղծության մեջ Չարենցը մի կողմից ընդգծում է գրքի այն հատկանիշը, որը կյանքում պայմանավորում է գրքայնություն (բացասական իմաստով), կամ Սուրեն Աղաբաբյանի բնորոշմամբ` «…ստեղծում է էմալե գեղեցկության մի այնպիսի հրաշակերտ պրոֆիլ, որն ինչքան ավելի կոնկրետանում է, այնքան հեռանում է կենդանի գեղեցկությունից, այնքան ուժեղանում է անբավականությունը»[4]: Մյուս կողմից` այն հատկանիշը, որով գիրքը դառնում է դրա հեղինակի ներաշխարհը լավագույնս ճանաչելու միջոց: Այլ խոսքով` արժևորվում է ոչ միայն կամ ոչ այնքան գրականության կամ դրա արժեքայնության դիտանկյունից: Իսկ թե ինչու հենց գիրքը և ոչ թե ասենք` Չարենցի շատ սիրած ու կիրառած` երգը, ապա այն պատճառով, որ առանձին երգը մասնավոր հուզական-զգացական-հոգեբանական պահի արտացոլում է, իսկ գիրքը` մի շարք կամ բազմաթիվ երգերի պարագրկում, որ օգնում է ունենալ ամբողջական պատկեր.
Եվ անսահմա~ն, անծի~ր
Թրթիռներից երգի
Հյուսվի պրոֆիլը Ձեր
Եվ սրտամոք երգի… (1, 184)
Այս առումով` եթե խորությամբ կամ ուշադրությամբ քննենք Չարենցի 1910-ական թվականների ժողովածուները, ապա կհամոզվենք, որ դրանք, լինելով գրքեր, այնուամենայնիվ, խաղարկում են Չարենցի հոգու այսպես կոչված` մի լարը: Այլ խոսքով` մեծ առումով դրանք, իրոք, երգեր են: Ուստի` «Տաղարան» ժողովածուն այդ համապատկերում դառնում է շրջադարձային Չարենցի ստեղծագործության մեջ այն իմաստով, որ նրանում թեմատիկ-զգացական մասնավորումները, Խորեն Սարգսյանի ձևակերպմամբ` վերաձևվեցին պատկերային-առարկայական շարժման` երազից դեպի գոզալ, գոզալից դեպի մարդ, մարդուց դեպի հայրենիք, հայրենիքից դեպի բովանդակ աշխարհ[5]: Այս տրամաբանությամբ` ժողովածուի «Տաղարան» վերնագիրն էլ պատահական չէր: Նախ` այն անուղղակիորեն ի ցույց է դնում ապրումների ու թեմաների բազմազանություն, մյուս կողմից` «Տաղարան» ասվածն ինքնին ամփոփող, միատեղող գիրք է ենթադրում` ժանրային տիրույթում քննվելուց առաջ կամ զատ:
Ահա այսպես` շատ զգուշորեն ու ենթատեքստային հուշումներով է Չարենցը մոտենում սեփական ժողովածուները գրքի ֆենոմենի տարածության մեջ ներառելուն: «Տաղարանում» երեք անգամ հանդիպում է գիրք բառը: Նախ` ԺԱ տաղում (երկու անգամ)` «Հազար ու մե գիրք կարդացի – խելացի գիրք չտեսա…» (1, 235), ապա` եզրափակիչ` Ի տաղում` «Չե~մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր…» (1, 246): Առաջին հայացքից հակասական վերաբերմունք ցուցանող այս կիրառումներն իրականում պայմանավորված են մի կողմից` գիրք հասկացության Չարենցի ընկալած բազմագործառնականությամբ (ֆունկցիոնալությամբ), մյուս կողմից` «Տաղարանի» հոգեվիճակային կամ Խորեն Սարգսյանի ասած` պատկերային-առարկայական շարժման տրամաբանությամբ: ԺԱ տաղը սիրած կնոջից մերժված, աշխարհից ու մարդկանցից հիասթափված անհատի հոգեվիճակի արտացոլում է, իսկ Ի տաղը` հանրահայտ «Ես իմ անուշ Հայաստանին»՝ «Տաղարանի» հոգեբանական բարձրակետը, հայրենիքի պատմության ու ճանապարհի ոգեշունչ խտացումն է` մշակութաբանական, այդ թվում` հայ գրքի ու գրականության համապարփակ արժևորումներով:
Չարենցի` գրականագիտության մեջ «ֆուտուրիստական» կամ «ձախ մոլորությունների» շրջան[6] ձևակերպված ստեղծագործական փուլը փոքր-ինչ առկախեց նրա պոեզիայի` գրքի ֆենոմենի ներկայացման ներստեղծաբանական զարգացումները: Թերևս այդ առումով ուշարժան է Երեքի դեկլարացիայի հետևյալ դրույթը. «Դուրս հանել բանաստեղծությունը սենյակներից դեպի փողոցներն ու մասսաները և գրքերից դեպի կենդանի խոսքը» (6, 554, ընդգծումն իմն է – Ա.Ն.): Սա գրքի ֆենոմենի մեկ այլ, այն է` քարացածության, դոգմատիզմի ընկալումն էր, որն, ի դեպ, հետագայում նույնպես դրսևորվեց, այս անգամ` «Գիրք ճանապարհի» ժողովածուի այսպես կոչված` «ազգային նիհիլիզմի» ու միջնադարյան հայ գրականությանը չարենցյան վերաբերմունքի արծարծումներում:
Թե՛ Երեքի դեկլարացիան, թե՛ այդ շրջանում Չարենցի գրած տեսական հոդվածներն ու հրապարակային ելույթները («Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը», «Երկու աշխարհի սահմանագծում» և այլն) վկայում են, որ Չարենցը ձգտում կամ փորձում էր սկսել սկզբից: Գուցե այդ տրամաբանությամբ է, որ Չարենցը գիրք հասկացության կիրառումներում կրկին վերադառնում է իր սկզբին` թողնելով «Տաղարանով» հաղթահարած ներքին տաբուն: Այսինքն` կրկին գիրք բառի իսպառ բացակայություն, «երգ», «երգեր», «երգերս», «տող», «տողեր», «տողերս»-ի առատություն, միայն վերնագրերի հիշատակում և այլն: Ընդ որում` եթե «Ռոմանս անսեր» պոեմում սեփական ժողովածուների վերնագրերի հիշատակումներ են`
Ճի՛շտ է.
շաղել եմ «Տաղեր»
«Ծիածան»
Բայց – թքել եմ արդեն դրանք դեն (ԱՉԵ, 289), –
ապա «Կապկազ» թամաշայում, այնուհետև` «Կոմալմանախ» ժողովածուի «III ինտերնացիոնալ – Р. К. П.» բանաստեղծության մեջ հիշատակվում են Դերենիկ Դեմիրճյանի, Գերհարդ Հաուպտմանի, Կարլ Մարքսի գրքերի վերնագրերը, ընդ որում` ենթատեքստում նախորդները հակադրված են վերջինի հետ.
Ինչերի՞դ է էսօր հարկավոր
«Դատաստան»,
«Զանգ ջրասույզ»… (3, 61)
Եվ`
Մեր կրոնը կոչվում է – «Կապիտալ» (3, 142):
Այսպիսով, ստացվում է ուշագրավ մի պատկեր, ըստ որի` գիրք հասկացությանը Չարենցի վերաբերմունքով ու մեկնաբանություն-կիրառությունների բնույթով կարելի է հետևել նույնիսկ նրա ներստեղծաբանական փուլերի ներքին զարգացումների օրինաչա-փությանը: Այս առումով` չափազանց ուշագրավ է նաև այն փաստը, որ իր ստեղծագործության` 1920-ական թվականների միջանկյալ շրջանում (մինչ «Էպիքական լուսաբացը» ժողովածուն), Չարենցը միայն մեկ անգամ է օգտագործել գիրք բառը` «Էլեգիա` գրված Վենետիկում» ստեղծագործության մեջ, այն էլ` հերթապահ կիրառումի սկզբունքով, երբ դիրքորոշումը բացարձակ չեզոք է և չկա որևէ կարգի մեկնաբանություն կամ վերաբերմունք.
Հլու ու համր նրա խոսքին
Ու շարժումին նրա մի մատի –
Ջրօրհնեքից օ, մինչև Զատիկ –
Դառնում է շուրջը կյանքը «ազգի»:
Դառնում են շուրջը գրքեր, թերթեր,
Դպրոց, թատրոն ու եկեղեցի… (2, 256)
Հենց ադ հերթապահ կիրառումով էլ Չարենցը մատնացույց է անում փաստը, թե այդ ժամանակահատվածն իր համար միջանկյալ ստեղծագործական շրջան է:
«Էպիքական լուսաբաց» ժողովածուում, որով նշանավորվեց Չարենցի ստեղծագործության նոր փուլը, նկատելի են էական զարգացումներ, կարելի է ասել` հենց ժողովածուի վերնագրի ոգով: Առաջին ուշարժան զարգացումը, որ նաև շրջափուլային նոր անցման ցուցիչ է, այն է, որ երգ-ին զուգահեռ շատ են քնար-ի կիրառությունները: Երգ-ի գործնական կիրառումը, այսինքն` երգելը, մեծ հաշվով, կարող է իրականացնել ցանկացած մարդ` անկախ իր ձայնային տվյալներից ու կատարողական վարպետությունից կամ նույնիսկ դրա բացակայությունից: Քնար-ի գործնական կիրառությունը, այս դեպքում` նվագելը, անպայման վարպետության որոշակի մակարդակ է խորհրդանշում: Այլ խոսքով` եթե երգ-ն ու քնար-ը համաբանում ենք ըստ այդ տրամաբանության, ստացվում է, որ «Էպիքական լուսաբաց»-ում Չարենցը սկսում է կարևորել բանաստեղծության գիտության խնդիրը: «Ընթերցող պոետին» բանաստեղծության մեջ դա առավել քան պարզ է ակնարկված.
Զարմանքո՛վ գուցե դու նայես իմ այս
Գրքի էջերին` թե՛ անշուք, թե՛ պարզ,
Հեգնանքով գուցե ժպտաս ու ասես.
Թե պոետը մեր այս ո՞ւր է հասել…
Բայց հասել է նա մի ջինջ պարզության,
Որ ձեռք է բերվում «դժվար վարժությամբ»… (4, 119)
Այս առումով` պատահական չէ նաև, որ «Էպիքական լուսաբաց» ժողովածուն իբրև հղացային արարք միտված է ցույց տալու, թե ինչպես պետք է գրվի բանաստեղծությունը, իսկ դրան հաջորդած «Գիրք ճանապարհի»-ում արդեն գործ ունենք այդ տեսական-գեղագիտական հարցադրումների իրացման, այսինքն` արդեն գրված բանաստեղծության հետ:
Երգ-ի ու քնար-ի էութային տարբերությունների մասին Չարենց առաջին անգամ խոսում է Բակունցին ուղղված թղթում («Թուղթ Ակսել Բակունցին, գրված Լենինգրադից»).
Կարդա՛ նրանց երգերը` աշխատանքին ձոնած,
Կարդա՛ սրտով մաքուր,– և ինձ ասա՛ հիմա`
Աշխատե՞լ են նրանք երբևիցե…
Գիտե՞ն նրանք արդյոք, որ խոսքը–թո՛ւջն է նույն,
Որ պահանջում է ջանք ու քրտնաջան լարում,
Մաքառման շունչ ջերմին, հոգնության տենդ ու թույն,
Պահանջում է խոնջենք… (4, 35-36)
Այսպիսի տարբերակումը նոր երանգներ է հաղորդում արդեն գրքի հանդեպ Չարենցի վերաբերմունքին: Եթե կարելի է այդպես արտահայտվել, ապա գրական ընթացքի պարագծում հատկապես` Չարենցի համար սկսում են տարբերակվել երգված գրքեր և քնարված գրքեր: Արդեն հիշատակված «Ընթերցող պոետին» բանաստեղծության մեջ Չարենցն այս կապակցությամբ գրում է.
Մեզ համար արդեն ուղի է անցած
Համաշեշտ երգի ռիթմը նվագուն… (4, 119)
Այս տարբերակման էությունը հասկանալու համար` չմոռանանք ամենակարևորը, այն է` որքան էլ «Էպիքակական լուսաբաց» ժողովածուի ստեղծաբանական հենքը դասական գրականությունն է, այնուամենայնիվ, այն նախևառաջ ուղղված է գրական կենդանի ընթացքի մաքրագործմանը: Չենթարկվել օրվա հեշտ պահանջմունքներին, ստեղծել ճանապարհի համար, ճանապարհի տեսլականով:
…Լե՛նին, այո՛,–Լե՛նին:–Բայց ոչ միտինգային,
Բայց ո՛չ թմբուկ թեթև, բայց ո՛չ պլակատ:
Լե՛նին–այսօր արդեն ասել է–գագաթ,
Ասել է–ներքի՛ն կառուցում քո նոր թեմայի… (4, 145-146)
Սա անցողիկ երգի ու քնարված գրքի առարկայական հակադրություն է: Ուստի՝ «Ընթերցողիս» բանաստեղծության մեջ արդեն որոշակի տարբերություն կա` երգ կոչված մասնավոր դրսևորումի ու գրքի ամբողջականության մասին.
Գրել եմ ես իմ գրքում
Այնպիսի՛ տողեր,
Որ չի գրի իր երգում
Եվ ո՛չ մի պովետ: – (4, 118)
«Էպիքական լուսաբացում» Չարենցն ընդգծում է գրքի ֆենոմենի մեկ այլ կարևոր հատկանիշ, այն է` գիրքը դառնում է այդպիսին, եթե կայանում է հաղորդակցումը ընթերցողի հետ: Այլ խոսքով` ընթերցողը գրքի վերջնական ձևավորման կարևորագույն նախապայմանն է: «Ընթերցողին», «Ընթերցող պոետին», «Ակսելին` «Մթնաձորը» կարդալուց հետո», «Մակագրություն մի գրքի վրա» վերնագրային ձևակերպումներն ու դրանց բովանդակային պարագրկումները դրան են միտված.
Չընդունե՛ս, ընկե՛ր, այս գիրքս այնպես,
Ինչպես աղջիկն է նվեր ընդունում.–
Սպասում է նա դրան անհամբեր,
Իսկ ստանալիս–մի կողմ է դնում… (4, 116)
Իհարկե, գիրք-ընթերցող կապը պահանջում է հարաբերումի որոշակի կերպ ու մակարդակ, հակառակ պարագային` արժեզրկվում է և՛ այդ կապը, և՛ կապի մասնավորությունները: Գրքի հետ հենց այնպես, հանուն կարդալու հարաբերվելու ֆենոմենն է ծաղրվում «Մի անպտուղ իմաստասերի» էպիգրամում:
Քեզ հարց եմ տալիս, ո~վ իմաստասեր,
Որ բազմապիսի գրքեր ես կարդում.–
Դու կարդացածդ գլխո՞ւմդ ես բարդում,
Թե–դրանի՞ց է նստուկդ հաստացել… (4, 168)
Գրքի գործառնականության քննված բոլոր այս մասնավորությունները գրական ընթացքի հանդեպ մտահոգության արտացոլումներ են, և դա է գուցե պատճառը, որ երբեմն Չարենցը չի խուսափել գրքի ֆենոմենի հասարակացումից` առարկայական օրինակներ մատնանշելու միտումով: Եվ սա, գրքի ֆենոմենի շրջափուլաստեղծ գործոնի առումով, հատկանշական է Չարենցի ստեղծագործության այս շրջանի համար:
Գալով նախընթաց փուլերի որոշ տրամադրությունների զարգացմանը, պետք է ասել, որ «Էպիքական լուսաբաց»-ում Չարենցը թեպետ կրկին խուսափում է սեփական ստեղծագործությունների վերնագրերի հիշատակումից, բայց շատ կարևոր է, որ կիրառում է «իմ գիրքը», «գիրքս» ձևերը, որոնք, անկասկած, հատկապես առաջին շրջանում դիտարկվող ներքին տաբուի այս անգամ արդեն վերջնական հաղթահարումն են ցուցանում: Այլ հեղինակների գրքերի վերնագրերի կիրառման առումով նույնպես ակնհայտ զարգացում կա: Ամենահատկանշականն այն է, որ դրանք երկու անգամ են օգտագործվում Չարենցի ստեղծագործություններում և երկու դեպքում էլ վերնագրերի մեջ` «Ակսելին` «Մթնաձորը» կարդալուց հետո» և «HOMO SAPIENS»: Ընդ որում` այս գրքերի ընտրությունը պատահական չէ, և ենթարկված է «Էպիքական լուսաբաց» ժողովածուի բովանդակային-ասելիքային հղացքին: Ակսել Բակունցի «Մթնաձոր» ժողովածուն գրական կենդանի ընթացքի փաստ է, լեհ գրող Ստանիսլավ Պշիբիշևսկու «HOMO SAPIENS» վեպը` ժամանակով ստուգված, իբրև գիրք փորձառություն անցած գրական փաստ: Ուստի` Բակունցի դեպքում նրա գիրքը դիտարկվում է իբրև երգ, որ դեռ պետք է քնարվի ու դառնա գիրք («Աշխատի՛ր սակայն…», 4, 114), այնինչ` «HOMO SAPIENS»-ի պարագային գործ ունենք արդեն գրքի հետ` իր ֆենոմենալ բոլոր գործառույթներով («Նա կարդում էր անհագ–և գնում էր, հանդուգն // Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով…», 4, 80):
«Գիրք ճանապարհի» ժողովածուն ոչ միայն հայոց պատմության ամփոփումն ու մեկնաբանումն է և միևնույն ժամանակ` գալիքի ուղեցույցը, այլև ամփոփումն է Չարենցի ստեղծագործական ընթացքի ու կրկին գալիքի ուղեցույցը: Ուստի` նմանատիպ գործառույթներով այդ ժողովածուում հատկանշվում է նաև գրքի ֆենոմենը: Հենց «Գիրք ճանապարհին» արդեն իր վերնագրով ու կառուցվածքով` գրքի` հարատևող, ամփոփող` թե՛ անցյալի, թե՛ գալիքի իմաստով, ֆենոմենի կրողն է: «Էպիքական լուսաբացի» տեսական հանգանակներով Չարենցն ինքն իր համար, իր ինքնադատության ուղղորդող հասկացությունների համաձայն` հաջորդ իսկ քայլով նվաճեց մի մակարդակ, որն արդեն կարող էր վստահաբար գիրք անվանել: Այլ խոսքով` «Գիրք ճանապարհին» Չարենցի առաջին ու, ավաղ, միակ գիրքն է` սեփական կերպընկալմամբ:
«Գիրք ճանապարհիում», անշուշտ, նաև անցյալը վերլուծելու կոլորիտային տրամաբանությամբ` չարենցյան բառապաշար է ներմուծվում մատյան հասկացությունն իբրև գրքի համարժեք, թեպետ կան բովանդակային պարագրկումների երանգային տարբերակումներ: Մասնավորապես` մատյանն արտացոլում է գրքի պատմական փորձառությունը, դարերի ճանապարհը: Իսկ այն փաստը, որ որոշ դեպքերում Չարենցը մատյան որակումն է տալիս իր իսկ գրքին («Կարդալով մատյանն այս խորախորհուրդ…», 4, 398, «Դրել ես անմեռ մատյանում քո այս…», 4, 407), բխում է այն վստահությունից, որ այն, իրոք, ճանապարհի գիրք է՝ ունակ ձեռք բերելու պատմական փորձառություն ու անցնելու դարերի ճանապարհ:
Հայոց «անանցյալ անցյալի» քննադատությանը, որքան էլ զարմանալի հնչի, Չարենցին մղում է հենց գրքի ֆենոմենը: Պատմությունն ընկալելով ու մեկնա-բանելով իբրև գիրք՝ ամփոփումի, պարագրկումի ու ավանդում-փոխանցումի տեսանկյունից (հիշենք Պատմահոր հայտնի ու այս պարագային՝ չարենցյան հայացքներին համաբանվող դժգոհությունը մեր նախնիների անիմաստասեր բարքի վերաբերյալ), Չարենցը մի կողմից՝ գրքի այդ հատկանիշն է ընդգծում, բայց մյուս կողմից էլ՝ վրդովվում է, որ այդ հրաշալի տարածությունը հանիրավի լցրել են անփառունակ հիշատակություններով.
Մի ձեռք, որ զորություն է տալիս գրչիս–
Մեր պատմության գրքից դարձնում է մի թերթ
Եվ բացում է էջը նախավերջին,–
Եվ հանդես են գալիս–անկերպարանք անդեմ–
Երեկվա մեր տերերը չնչին… (4, 209)
Ուստի ըստ Չարենցի՝ պատմությունը մաքրագործելու, անցյալի սխալներից ձերբազատվելու նախապայմաններից մեկն էլ գրքի գործառնականությունը՝ այն է՝ որպես պատմության մեջ հավերժանալու լավագույն գրավական, չշարաշահելն է: Ճանապարհի գիրքը պետք է ձերբազատված լինի այդտեսակ բոլոր գայթակղություններից.
Եվ ո՛չ մի, ո՛չ մի մատյան
Չի նշելու երբեք ձեր ցնորքը անհիմն
Իր էջերում անհիմն ու անհատյալ… (4, 209)
Գրքի ֆենոմենի տեսանկյունից բացառիկ է «Դեպի լյառը Մասիս» պոեմը, որը երևան է բերում չարենցյան նորանոր մեկնակետեր: Այստեղ գիրքը նախ հիշատակվում է այսպես ասած՝ ընդհանուր թղթերի կարգում.
Օրագրեր, գրքեր, ձեռագրեր… (4, 214)
Սակայն ամեն ինչ հստակվում է, երբ խոսքը դառնում է Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին: Այս պոեմում առաջին անգամ Չարենցի ստեղծագործության մեջ կիրառվում ու կարևորվում է «տպագրյալ գիր» հասկացությունը (4, 214): Աբովյանի՝ Չարենցի պատկերած վերջին գիշերվա կասկածն ու տագնապները նախևառաջ վերաբերում են նրան, որ «իր խոսքը կենդանի» հանձնվի «տպագրյալ գրին»: Վերջինն այս դեպքում պետք է հասկանալ գիրք իմաստով, և որով ցույց է տրվում մեկ այլ ֆենոմենալ հատկանիշ՝ Չարենց հույսը դնում է միայն տպագրյալ գրի՝ գրքի վրա, այլ դեպքում՝ նույնիսկ ամենահանճարեղ կենդանի խոսքը պատմության հոլովույթում դատապարտված է մոռացման կամ խեղաթյուրման: Այդ առումով՝բնութագրական են նաև «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» ինտերմեդիայում գրքի ֆենոմենի արծարծումները: Այստեղ գրքի՝ իբրև ճշմարտության փոխանցման մասնավորությունն է արտացոլված: Քանի որ թատերգությունն անտիպ է, ձեռագիր, ապա ձեռնմխումներն այդ պարագային ավելի ու ավելի շատ կարող էին լինել:
Բայց և ուշագրավ մի հանգամանք. «Դեպի լյառը Մասիս» պոեմի` Աբովյանի՝ մի վերջին անգամ «Վերքը» կարդալու ընթացքը յուրովի ժխտում է այդ մտայնությունը: Չմոռանանք, որ այս դեպքում գործ ունենք անտիպ, այլ խոսքով՝ «ոչ տպագրյալ» «Վերքի» հետ: Չարենցը, սակայն, այդ տետրակը գիրք է անվանում: Սա Աբովյանի երկին տրված բացառիկ գնահատական է և վստահաբար՝ Չարենցն այս բացառությունը այլ պարագայի չէր էլ անի, որ բխում է «Վերքի» ոճի ու ոգու խորագույն զգացողությունից:
Որքան էլ «Մահվան տեսիլ» պոեմում Չարենցի գնահատումները հայ ազգային-քաղաքական գործիչների վերաբերյալ կասկածոտ, մերժողական ու նաև՝ ծաղրական է, այնուամենայնիվ, այստեղ էլ գրքի ֆենոմենն ընդգծվում է իր որոշ դրական հատկանիշներով: Րաֆֆու կերպարն, օրինակ, նախևառաջ հատկանշվում է, անհատականանում է նրա «Կայծեր» վեպի գործառույթներով.
Ակնոցներ ունի նա դրած, և ձեռքին բռնել է մի գիրք… (4, 231)
Իսկ այն, որ՝
Վեր թռավ հուզված նա տեղից, շպրտեց գիրքը մի կողմ… (4, 232),
ոչ թե գրքի հանդեպ արհամարհանքի ցուցիչ է, այլ գրքի պատճառած հուսախաբության արտահայտություն:
Գրքի ֆենոմենի քարացածության, դոգմատիզմի ընկալումը, որն ինչպես արդեն նշել ենք, առկա էր Երեքի դեկլարացիայի դրույթներում, էլ ավելի խիստ է դրսևորվում ու քննադատվում միջնադարյան հայ գրականության պարագծում՝ ազգային գաղափարախոսության ու հոգեբանության տեսակետից: «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» պոեմում միջնադարյան հեղինակների գրքերը բնորոշվում են իբրև «Սևակող գրքեր` մտքերով սին…» (4, 298), «Եվ ձեր դպրության գրքերը սուտ…» (4, 300), որոնց «Նորք» պոեմում հակադրվում են նորագույն շրջանի գրքերը՝ «Մեր գրած գրքերում արդար…» (4, 316):
Այն, որ Չարենցը «Գիրք ճանապարհին» համարելու էր իր «վերջին մատյանը», բնավ պատահական չէր. դրա մեջ մի կողմից` գուցե մարգարեական կանխատեսում կար, բայց ավելի շատ, իմ կարծիքով, «Գիրք ճանապարհիով» նվաճված մակարդակի առթած մեծամտությունն էր խոսում: Այնպես որ` Չարենցի 1934-37 թթ. ստեղծագործական շրջանը ոչ միայն խառնիճաղանջ օրերի, դարձդարձիկ ժամանակների արտացոլումն էր, նաև` որոշակի մտավախությունը կրկին գիրք ունենալու հավանական ձախողման: Ուստի` Չարենցի այդ շրջանի անօրինակ ու ապշեցուցիչ բազմազանությունը յուրաքանչյուր տեսակետից ոչ միայն անորոշ ապագայի զգացողություններ են, այլև` գրքի որոնումներ:
Եթե այս շրջանը դիտարկենք գրքի ֆենոմենի չարենցյան ընկալումների համատեքստում, ապա կտեսնենք, որ Չարենցը գիրք հասկացությունը շրջանառում է դրա արժեքի վերջնական գիտակցման և դրան մերձենալու հակասական զգացողություններով:
[1] Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք երկրորդ, Երևան, 1977, էջ 226 (ընդգծումը բնագրում – Ա. Ն.):
[2] Ազատ Եղիազարյան, Չարենցը և «գրքերի աշխարհը», տե՛ս «Չարենցյան ընթերցումներ», գիրք 7, Երևան, 2002, էջ 77:
[3] Զորօրինակ` «Գիրք – տեղեկատվությունը ժամանակի ու տարածության մեջ վերարտադրելու և հաղորդելու համար նախատեսված պատմականորեն ամրակայված ձև։ Սկզբում եղել է ձեռագիր, հետո` տպագիր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարականի` գիրքը պետք է ունենա էջերի որոշակի քանակ` 3 մամուլ` 48 էջից ոչ պակաս։ Գեղարվեստական խոսքի նյու-թականացման և տարածման հիմնական միջոց է» (տե՛ս Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան, 2007, էջ 51-52):
[4] Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք առաջին, Երևան,1973, էջ 280 (ընդգծումը` բնագրում – Ա.Ն.):
[5] Տե՛ս Խորեն Սարգսյան, Տասնամյակների միջով, Երևան, 1966, էջ 185-192:
[6] Երկրորդ ձևակերպումն, իրոք, վիճարկելի է, ինչպես փաստառատ ու հիմնավոր վերլուծություններով դա մեկնաբանում է Գրիգոր Պըլտյանը (տե՛ս նրա «Հայկական ֆուտուրիզմ» մենագրությունը (Երևան, 2009)):
Shnorakalutyun hamakoxmani verlucutyan hamar.