Ֆելիքս Բախչինյան | Չարի ու բարու սահմանները

(Դավիթ Ավետիսյանի «Զանգ կեսգիշերին» ժողովածուն)

«Տեխնիկայի մեջ մոդելների ծավալների փոքրացման համադրումը առավելագույն գործառույթների հետ վկայում է գիտական առաջադիմության և կատարելագործման հաղթարշավի մասին։ Հավանաբար, նույնը տեղի է ունենում նաև արվեստի և գրականության մեջ։ Ժամանակի մեծ պակաս ունեցող 21-րդ դարի մարդու համար նովելի այս նոր «մոդելը»՝ նվազագույն ծավալի մեջ առավելագույն ասելիքը, հավանաբար, կդառնա 21-րդ դարի գրականության ամենամեծ պահանջարկ ունեցող ժանրը»։ 2010 թվականին «Թափառաշրջիկը» վերնագրով լույս տեսած իմ պատմվածք-նովելների առթիվ Լևոն Անանյանի գրած խոսքերն են սրանք, որոնց մեկնաբանությունն ըստ իմ գրականության ներկայացնելուց հետո անվանի մտավորականը այսպես է շարունակում իր միտքը՝
«Հավիտենության մեջ մխրճված մարդու մասին ասված ամեն ինչ թվում է հին է, ինչպես երկրագունդը, և նոր է, ինչպես առավոտը։ Համո Սահյանն ասում է.

Ինչ որ ասում եմ, ասողն ասել է,
Ասել պրծել է ինձնից առաջ։

Այդ դեպքում ինչի՞ մասին է ամեն նոր գրվող բանաստեղծություն, երգ, նովել։ Պատասխանը միանշանակ է. կյանքի վայրի ու բարբարոս ընթացքի մեջ անխաթար պահպանված մաքրության ու բարության մասին, մարդկության չծերացող ու անանց արժեքների մասին… Այդպես գրողները ասում են ամենակարևոր բաները՝ ամենակարևորի մասին»։
Իմ հոգու խորքերից պոկված «Թափառաշրջիկով» սկսեցի խոսքս, որովհետև Դավիթ Ավետիսյանի գրականությունը հենց այն է, ինչի համար շատ տիպական է Լևոն Անանյանի միտքը՝ նվազագույն ծավալի մեջ առավելագույն ասելիքի մասին։ Որպես գրող Դավիթ Ավետիսյանի հենց այդ շնորհի շուրջն ունեցած իմ խոհերն են, որ ուզում եմ նվիրել նրա գրականության ուսումնասիրության պատվաբեր գործին։
Ուսումնառությունը, աշխատանքային, թե կենսական տարիների փորձը մարդուն, իսկապես, հնարամիտ են դարձնում, զարգացնում միտքն ու տրամաբանելու ունակությունը, սակայն բարությունը մարդու մեջ՝ կարծում եմ, որ բնածին է։ Այն գալիս է նրա արյան հետ և պահանջում իրենը, պահանջում առավելագույնս զարգացնել արյան միջով ստացած բարության ու մարդկային բարձրագույն արժեքներին վերաբերող, պապերից ու նախապապերից քեզ հասած պաշարը։ Ահա այդ նույն պաշարի, և իր կողմից նրա զարգացումների մասին է Դավիթ Ավետիսյանի գրականությունը։ Մարդ, ով իր գրականությամբ բարձրաձայնում է հենց այն, ինչը մեր լավագույն գրող ու ընկեր Լևոն Անանյանը որակել է որպես ամենակարևոր բաներ՝ ամենակարևորի մասին։
Դավիթ Ավետիսյանի խորքային բազմաշերտ ասելիքներով հարուստ ստեղծագործական ժառանգությունից ընտրելով միայն վերջերս, 2019-ին հրատարակված «Զանգ կեսգիշերին» պատմվածքների ժողովածուն, այսպես եմ կիսում խոհերս նրա ընթերցողի հետ.
Իմ ողջ գիտակցական կյանքում, որն անցել է լավ ու վատ օրերի թոհուբոհի միջով, անթիվ են եղել զանգերը՝ կեսգիշերներին։ Ովքե՞ր են եղել նման զանգերի հեղինակները, անշուշտ, նրանք, ովքեր ասելիքի կարևորությունն ուղիղ համեմատական են համարել իմ անհանգստության հետ, որը վերաբերել է որևէ անհատի, խմբի կամ կազմակերպության կյանքն ու գործունեությունը ավելի լավ, ավելի ճիշտ, գնահատված ու բարձր նիշերի արժանացած տեսնելուն։ Կեսգիշերին զանգողները ունեցել են այդ իրավունքը, որովհետև ինձ հարազատ են համարել իրենց, և ես դրանից ավելի եմ ոգևորվել, որովհետև , թեկուզ հեռախոսի միջով, բայց և զգացել եմ կյանքը մարդավարի ավելի գեղեցիկ, արդար ու ճիշտ ապրելու ձգտում ունեցողների շնչառությունը։
Կեսգիշերային զանգեր, զանգեր…
Պատկերացնում եք, անշուշտ, այն զգացումները, երբ մարդիկ հույս են կապում քեզ հետ, ջանում ես արդարացնել նրանց հույսերը, բայց այդ ճանապարհին ստիպված ես լինում դեմ առ դեմ հանդիպել տարատեսակ խոչընդոտների, ստիպված ես լինում երբեմն էլ դեմ գնալ ինքդ քեզ։
Նման շատ զանգեր տպավորվել ու դուրս չեն գալիս մտքիցս, ինչպես այս մեկը.
Զըըընգ, զըըը՜նգ, զըըը՜նգ… Զանգում է քսանհինգամյա «Nokia»-ս։
Արթնանում եմ, վերցնում հեռախոսս.
– Ախպեր ջան, կներես, որ դարձյալ անհանգստացնում եմ։ Փողը դեռ չեն փոխանցել. ոչ Կամոն, ոչ Գուրգենը… Ի՞նչ էնենք…
– Ռուբ ջան, էլնեմ, էրթամ։ Երևի էսօր փոխանցեն… Արդեն տասներորդ անգամ հույս եմ տալիս մանկատան տնօրենին…
Կեսգիշերային զանգերի հետ համերաշխ իմ կյանքում անսպասելի էր Դավիթ Ավետիսյանի այս նոր հրատարակությունն իր վերնագրով, ուր մեկ զանգ-գրքի մեջ ամփոփված զանգերի շարք է, զանգ պատմություններ՝ կյանքի փիլիսոփայության մասին։ Հեղինակի խոհերն այստեղ ասույթներ են դարձել, ապա բացվել, ծավալվել կյանքի տարբեր ուղղություններով։ Կյանքի այդ ծովում էլ հանդիպում ես մանր ու մեծ գեղեցիկ կղզիների, որոնք նրա խոհերի համառոտագրումներն են։ Հանդիպում ես նույն կղզիների շուրջը ծավալվող երբեմն խաղաղ, երբեմն էլ՝ հուժկու ալիքների, որոնք որպես կյանքից վերցված իրադարձություններ իրենցով են անում քեզ։
Եվ այսպես, ծովեր ու կղզիներ, ծովեր ու կղզիներ… Կամ՝ ասույթներ, և բացված պատմություններ՝ ասույթների շուրջը։
Անշուշտ, մարդն առանց հիշողության ոչինչ է։ Յուրաքանչյուրս ունենք մարդուն տրված այդ հզորագույն պարգևն օգտագործելու մեր չափն ու առանձնահատկությունները։ Կարող ենք հայտնվել հիշողության գեղեցիկ պարտեզի մեջ, տխրել կամ ուրախանալ նրա հայտնվելուն պես, կամ՝ խարխափել նրա խորխորատներում, և կամ՝ հանկարծ դուրս հորդել նրա ափերից անզուսպ լավայի պես։ Օրվա ընթացքում ինչքան-ինչքան ենք առնչվում նման իրավիճակների հետ, առնչվում ու անցնում ենք առանց մտածելու, որ հենց դրանցով էր կառուցված մեր տունը, և լավ, թե վատ՝ այդ պահերին մենք հենց մեր տանն ենք եղել։
Դավիթ Ավետիսյանն, ահա, հնչեցնելով իր «Զանգ կեսգիշերային»-ը, խաղաղորեն խոսում է հենց դրա մասին՝ գիտակցելով ասվածի կարևորությունը մարդ անհատի համար։ Այս անգամ զանգել ու ասում է այն, ինչ լսել է քեռի Հակոբի բերանով, ով նույնիսկ հարկ չի համարել հարցնել, թե ինչու որդիներն իրեն երբեք չեն ուզում այցելել. «Ես իրար խառնեցի նրանց դաստիարակությունն ու կրթությունը, չհասկացա, որ առանց դաստիարակության կրթությունը նման է չորացած ծառի։ Ես զբաղված էի միայն նրանց կրթության համար դրամ վաստակելով,Նվարդի բացակայությունը հնարավոր չեղավ լրացնել։- Եվ հետո ավելացրեց.- Ծնողի սերը կույր չպետք է լինի, երեխայի մեջ պետք է սեր ներշնչել մարդու նկատմամբ և ոչ թե միայն ինքն իր հանդեպ»։
Գրողն, այնուհետև այսպես է շարունակում քեռի Հակոբի հետ կապված պատմությունը՝ «Իսկ, երբ մի անգամ նրան առաջարկեցի տանել իր նախկին տունը, գուցե կարոտն առնի, նա հրաժարվեց՝ ասելով.
– Մարդու տունը նրա հիշողություններն են, որոնց նա երբեք չի լքում, այնպես որ ես ամեն վայրկյան իմ տանն եմ»։
Չուզենալով ընդհատել քեռի Հակոբի պատմությունը կերտող հեղինակին, այնուամենայնիվ, կենտրոնանում եմ ինձ մոտ առաջացած հետևյալ մտքի վրա, թե, այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնում այն կառույցը, որի , ներսում մարդն ապրում է։ Հաջորդ պահին էլ, սակայն հասկանում եմ, որ կառույցը, պարզապես, շուրջդ եղած հարմարավետություն է, իսկ տունը կյանքիդ անցած-գնացած օրերն իր ներսում պահող հիշողությունն է։ Եվ դա այն տունն է, որ ոչ-ոք չի կարող խլել, և դա այն տունն է, որի առաստաղը չի կարող փլվել, որի պատերը չեն կարող քեզնից հրաժարվել։ Քանի դեռ կենդանի ես, դու անտեսանելի թելերով կապված ես քո հիշողություն-տան հետ։ Ընթերցելով գրքի հենց առաջին պատմվածքը, եթե նրանից ծնված այս խոհը ընդունենք որպես կյանքի ալեկոծ ծովն ընկած գեղեցիկ ու խորհրդավոր կղզի, ապա կտեսնենք, թե ինչպես է նրա շուրջը բացված ծովն իրենից տարեց մարդու՝ քեռի Հակոբի կյանքի պատմությունը ներկայացնում։ «Ծանր ընթրիքը», հայրենիքը որպես հիշողությունների տուն ներկայացնող թախծախառն մի պատմություն է. «Եթե դժվարություններն ազգովի չհաղթահարենք ու հեռանանք,- ասում է քեռի Հակոբը,- մենք կկորցնենք մեր հողն ու ջուրը, մեր հայրենիքը։
Նա շատ վատ էր տանում, երբ Հայաստանից նոր եկածները վատ էին խոսում հայրենիքի մասին, նա դա համարում էր անձնական վիրավորանք, մանավանդ, օտարների ներկայությամբ։ Նա ասում էր, որ դա մեր ներքին խոհանոցն է, ուրիշներին մեզ վրա չպետք է ծիծաղեցնենք…»։
Բարեբախտաբար, շնորհիվ իր քրոջ զավակի մարդկային վերաբերմունքի, կատարվում է Հակոբի երազանքը, և նրա վերջին հանգրվանը հայրենիքն է դառնում։
«Համաձայն պայմանավորվածության, Վարուժը երեկոյան սափորը բերեց, ես այն տեղավորեցի ճամպրուկիս մեջ։ Երկու օր անց Երևանում էի…»։
Երբ ամեն կարգ կատարելով աճյունափոշին հողին են հանձնում, մնում է նստել հոգեհացի. «Երեքով էինք՝ ես, Սահակը և եղբայրս։ Խմեցինք Հակոբի հոգու հանգստության համար, ցանկանալով, որ հայրենի հողը նրան իր հարազատ զավակի պես ընդունի, խոսեցինք ծնողների և զավակների, հայրենիքի և օտարության մասին։ Սահակը նշեց, որ Հակոբն իսկական հայ էր, և հայ մնալու համար պարտադիր չէ ապրել հայրենիքում, հայը մարդու երակների և հոգու մեջ է, ուր ապրում է նախնիների կանչը և հայրենի հողի կարոտը։ Առանց հայրենիքի մարդը որբ է…»։
Այս պատմության մեջ ինչն է առավել խոսուն ու համահունչ կեսգիշերային զանգ ստանալու խորհուրդին։ Պատմությունը պատմում է նա, ով Ամերիկայում գործուղման եղած ժամանակ իր ուսանողական տարիների ըներ Սահակի հետ ընթրելու է գնում վերջինիս ընկեր Վազգենի հրավերով՝ նրա տուն։ Ընթրիքը մի կողմ թողնելով, զրույցը պտտվում է Վազգենի քեռի Հակոբի կյանքի ու մեջտեղ բերված նրա աճյունասափորի շուրջը։ Պատմությունը մեզ պատմող մարդը կիսում է Վազգենի ապրումները, ով իր ընկերոջ ընկերն է, օգնում լուծելու նրան տանջող ծանր խնդիրը, որը վերաբերում էր իր քեռու վերջին հանգրվանին՝ հայրենիքում։
Այսինքն, այս մարդիկ ցուցաբերած վարքով համոզում են, որ մարդու այն տեսակին են պատկանում, ովքեր կարող են նաև կեսգիշերային զանգերով անհանգստացնել իրար։
Կեսգիշերային զանգի իրավունքից բացի արժանի պետք է լինել նաև ստանալու նման զանգեր։ Այս երեք ընկերները, որոնց մասին պատմությունը ընդամենը մի քանի էջով, բայց հրաշալիորեն հյուսել է գրող Դավիթ Ավետիսյանը, իրենց վարքով բարձրաձայնում են գիշերային ժամին զանգողի և զանգ ստացողի խորհրդաբանությունը։
Ընկերությունն իմ սիրած թեման է, անշուշտ, երկրորդը՝ մայրական սիրո թեմայից հետո։
Ինչևէ, իմ ողջ գիտակցական կյանքում ձգտել եմ ընկերության մեջ ինձ զգալ այնպես՝ ինչպես ձուկը ջրում։ Այդ, այսպես ասած՝ ոլորտում, ես այսօր էլ փնտրում եմ այն հարցի պատասխանը, թե որտեղ է սկսվում, և որտեղ ավարտվում ընկերություն ասվածի սահմանը։ Այդ իմաստով , հաճախ, այնպիսի սահմանախախտումներ են լինում, կամ՝ անհարկի մաքսակետեր են հայտնվում առջևում…
Ճիշտ է, մարդը կավից է հունցված, բայց, եթե կավը թրծվում է սառը ջրից, բայց ես վերոհիշյալ սահմանների վրա ցնցուղի պես իմ գլխին թափված սառը ջրից ոչ թե թրծվում, այլ՝ ողջ բջիջներով փշաքաղվում եմ։ Ի՞նչ ասես նման սահմանների մասին։ Ընկերության սահմանները կարող են գծվել կամ ջնջվել նույն բակում ապրելու մանկության օրերին , կամ՝ առաջին սիրո շուրջը, դրանք կարող են դպրոցական կամ հասուն տարիքում հայտնվել, կարող են մասնագիտական կամ աշխատանքային հարաբերությունների մեջ մաքս ու տուրք ուզել, կարող են… մի խոսքով, դրանք սահմաններ են, որոնք անընդհատ փորձում են այնպես անել, որ դու քեզ զգաս այնպես՝ ինչպես ձուկը ջրում։
Այդպես, անընդհատ փնտրելով ընկերության իմ ջուրը, երբեմն հազիվ լող եմ տվել նրա ափերին մոտ, երբեմն՝ ալիքների հետ առաջ քշվել, երբեմն՝ նույն ալիքների հետ կռվի բռնվել, ու միշտ աշխատել, ու աշխատում եմ, որ ընկերության ջրերում, իսկապես, ընկերները կարողանան լող տալ՝ ինչպես ձուկը ջրում։
Ինչու՞ եմ ձեզ հետ խոսում այս ամենի մասին, այն էլ՝ իմ զգացած ապրումների պատկերավորության սահմաններում։ Որովհետև, կարդացել եմ Դավիթ Ավետիսյանի «Ճակատագրի հեգնանքը» պատմվածքը։ Որովհետև, այն կարդալուց հետո չես կարող չանկեղծանալ գոնե ինքդ քո առաջ, և չխորհել կյանքիդ այն միջավայրի շուրջը, որ վերաբերում է ընկերներիդ հետ ունեցած հարաբերություններին։ Իսկ այն, թե որ տարիքում, որտեղ, ինչպիսի միջավայրում են հայտնվում ընկերական հարաբերությունները, անշուշտ, դա մի հսկա տարածք է, որն ուղեկցում է մարդուն իր կյանքի ողջ ընթացքում։
Երկու ընկերների՝ ոստիկան Հրայրի և նրա դերասան ընկերոջ ընկերական հարաբերությունների ողջ ընթացքն է ներկայացված «Ճակատագրի հեգնանքը» պատմվածքում, սկսած մանկության օրերից մինչև հասուն տարիք։ Պատումների մեջ ընդհանրացումների վարպետ լինելու Դավիթ Ավետիսյանի շնորհը երկու ընկերների կյանքի ողջ ընթացքի ֆոնին հնարավորություն է տվել մի քանի շտրիխներով գծել ընկերության պատկերը։ Նրանց, ինչպես և բոլորիս կյանքի ընթացքն ուղեկցվում է մեզ հետևող ճակատագրի շնչառությամբ, որն անպայման ուզում է կարևորել իրեն, բռնացնել մեզ հենց այնտեղ, որտեղ պատեհ առիթն է ստեղծվել։ Հարցն այստեղ այն է, թե մենք ինչպես ենք վերաբերում ճակատագրի ստեղծած այդ դարաններին, կամ՝ բռնացումներին, որն այս դեպքում նաև, իսկապես, հեգնախառն է։
Մի քանի էջում, հպանցիկ մի քանի գծերով ներկայացված երկու ընկերների կյանքի պատմությունը խորհելու առիթներ շատ կտա ընկերությունը կյանքում գնահատող ընթերցողներին։ Պատմվածքի ասելիքը կառուցված է իրենց չափավոր հստակությամբ, տողատակերի զգացմունքայինությամբ, հոգեբանական մոտեցումներով ու կյանքի ճանաչողության հավելումներով աչքի ընկնող հենման կետերի վրա։
«…Թաղի տղաներից մեկը՝ Վարդանը, կրպակ էր բացել, մտա, որ ծխախոտ գնեմ, նա էլ թե՝
-Գիտես, Հրոյին մեր շրջանի միլպետ են նշանակել, աչքդ լույս,- ես հասկացա, աչքալուսանք է տալիս՝ նկատի ունենալով, որ թաղից նրա հետ ամենամտերիմը ես եմ։
-Է, Վարդան ջան, ես դերասան մարդ եմ, ինձ համար միլպետը ինչ, դու պիտի ուրախ լինես, բիզնեսով ես զբաղվում։
Մի փոքր զրուցեցինք, ու ես դուրս եկա։ Ճամփան միլիցիայի կողքով էր անցնում, մտքովս անցավ մտնեմ, շնորհավորեմ, հետն էլ մի բաժակ սուրճ խմեմ։
Հերթապահին հարցրի.
-Պետը տեղու՞մ է։
-Ձեզ ի՞նքն է կանչել։
-Այո,- կատակի տալով, ասացի ես»։
Պատումի համար գործողության այս դռները բացելուց զատ ասելիքի համար որպես հենման ևս մի կետ ահա, որ ընթերցողին ստիպում է լարել ուշադրությունը.
«Անհամբեր սպասում էի՝ ուր որ է ներս կմտնի Հրոն, որին այստեղ Հրայր Արամիչ են ասում, ու իր լայն ժպիտով կազդարարի չար կատակի ավարտը։ Երբ խուց էին տանում, ոստիկաններն ինձ ճանաչեցին, վերջիվերջո ճանաչված դերասան եմ, թարսի նման էլ հաճախ ոստիկանի դեր եմ խաղում։ Հետո իմացա, որ այդ օրը սպանություն է եղել, նրանք հավանաբար մտածեցին, որ այդ գործի շրջանակներում են ինձ կալանավորում։ Մանավանդ, ձերբակալելու հրաման տալիս Հրոն ոստիկաններին պատվիրեց, որ ինձ ծխախոտ չտան… … ի դեպ, նա էր ինձ սովորեցրել դպրոցի հետնամասում… …։ Այլևս չէի դիմանում, դուռը թակեցի, ոստիկանը մոտեցավ.
-Խնդրում եմ, ծխախոտ տվեք,- ասացի ես։
-Պետը արգելել է.- չոր տոնով պատասխանեց ոստիկանը»։
Դերասան ընկերոջ գիշերն անցնում է բանտախցում, ուր «տարիների ընկերությունը իր հոգեվարքն էր ապրում…»։
Իսկ, թե ինչ է լինում այդ հոգեվարքից հետո, բանտարկված ընկերը լռում է։ Նրա փոխարեն ինքն իր հետ խոսելու է ընթերցողը, հարցեր է տալու ինքն իրեն, աշխատելու է գտնել դրանց պատասխանները, և, ոչ միայն. ընթերցողն ինքն է որոշելու, արդյոք իմաստ ունի՞ շարունակել նրանց ընկերությունն իրար հետ։ Հեղինակն, իհարկե, հուշում է պատասխանը, մատնացույց անելով պատմվածքի համար իր ընտրած վերնագիրը՝ «Ճակատագրի հեգնանքը»։
Անշուշտ, չպետք է թույլ տալ, որ ճակատագիրը շարունակի իր հեգնանքները։ Այն փոխելու որոշումը հենց իր՝ մարդու ձեռքերում է։
Գործողությունը շատ հանդարտ ձևով, առանց ավելորդ բացատրությունների փոխում է իր ընթացքը և նկարագրված դիպվածին ընթերցողը հակառակ կողմից, հոգեբանական այլ տեսանկյունից նայելու հնարավորություն է ստանում։ Այս անգամ, այսպես ասած, գրքային սյուժեի բեմին իր խոհերով ոստիկան ընկերն է, և նրանց՝ երկու ընկերների երկխոսությամբ այսպես ավարտվում է մարդկայինի ու անմարդկայինի խիստ հակադրությունների պատում-ներկայացումը.
«Անկեղծ ասած՝ նրան սփոփելու կամ արդարանալու համար բառեր չէի գտնում, միայն հարցրի.
– Շա՞տ ես նեղացել։
– Չէ, Ձեզնից չեմ նեղացել, ինձնից եմ նեղացել։
– Դու ի՞նչ ես արել,- հարցրի ես։
– Մարդկանց չեմ ճանաչել, մարդիկ մեղավոր չեն, որ մենք նրանց ինչ-ինչ արժեքներ ենք վերագրում, նրանք այնպիսին են, ինչպիսին կան։
– Հիմա ի՞նչ, իմ հետ էլ ընկերություն չե՞ս անելու։
Նա ոչինչ չասաց, շուռ եկավ ու գնաց…»։
«Ճակատագրի հեգնանքը» իր տարածքային շոշափելի նեղ շրջանակով հանդերձ լի է դինամիկայով։ Կյանքի ակտիվ շարժումն այնտեղ ոչ միայն կանգ չի առնում, այլև իր ներսում տեղ է տալիս հեղինակի գեղեցիկ ու ճշմարտությամբ լի ասույթ-խոհերին, պայմաններ ստեղծելով ընթերցողի համար՝ հանգստանալու , մնալու իր խոհերի հետ ասույթի տեսքով բացված կղզու ափերին, որոնց շարքում՝ «Թե սիրո մեջ պարտություն ես կրել, մնացած հաղթանակների գույները խամրում են», կամ՝ «Համարձակության պակասը հաճախ աղետ է բերում, մարդը բաց աչքերով նայում է դրան ու չի ընդդիմանում…» և այլն։
Դավիթ Ավետիսյանի դրամատիկ իրադարձություններով հարուստ պատմությունները, ասես, շարժման խորքում անընդհատ բացվող ու տարածվող լույսեր ունեն։ Եթե փորձենք անուն տալ դրանց, անվիճելիորեն, Հույս կկոչենք դրանց։
Մարդն իր հույսի հետ ճանապարհ ունի գնալու։ Այս հիշեցումը Դավիթ Ավետիսյանի գրքում ոչ միայն պատումների տողատակերում է, այլ ներկայանում է կենդանի պատկերներով ստեղծված գործողությունների մեջ։
Անվիճելի է, որ տխրության կամ նեղությունների մեջ, հույսն է մեզ պահում: Ինչպես ասում է Լեոնարդո դա Վինչին. «Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»: Եվ կարծես թե, հույսը դառնում է այն շարժիչ ուժը, որը մարդուն դրդում է գործելու, առաջ շարժվելու, նպատակին հասնելու: Հույսն անում է այդ ամենը առանց իր մասին թմբկահարումների, առանց կեղծավորելու, լուռ ու վեհ պահվածքով։ Դրանում դժվար չէ համոզվել, կարդալով Գոհարի և նրա փոքրիկ տղայի մասին «Խանձված թևեր» պատմության մեջ։
Հույսը կարևոր է նաև նրանով, որ կարողանաս ինքդ ներշնչել այն դրա կարիքն ունեցողին։
Մեզ ամենուր շրջապատում են մարդիկ, ովքեր կարիք ունեն բարի խոսքի և գալիքի նկատմամբ հավատի ներշնչման։ Մենք բոլորս երբեմն կարիք ենք ունենում մեկի, ով կասի, որ ամեն բան, ի վերջո, լավ է լինելու…։ Այդ մեկին կողքին ունենալու կարևորության մասին շատ իրական ու կյանքային է «Խանձված թևեր»-ը։
Կյանքը, երբեմն, շատ անհարթ է լինում, լի խոչնդոտներով։ Սակայն, կեսգիշերային մի զանգ ահա մեզ հետ խոսում է այն մասին, որ, նույնիսկ երբ հույս չունենք, նույնիսկ, երբ թվում է՝ բոլորովին մենակ ենք, լքված և անուժ, հույսն անտեսանելի խորքերն անցած իր գործն է անում։
«Հոգնած մարմինը և տանջահար հոգին բուժելու համար չկա որևէ այլ միջոց, քան հույսն է, իմ հույսն էր այրվել, խանձվել էին իմ թևերը։ Տարիների ընթացքում հայրենիքի նկատմամբ իմ կարոտը ահագնացել էր, հայրենիքը թթվածնի է նման, երբ այն կողքիդ է, չես նկատում, իսկ երբ չկա կարոտից խեղդվում ես։
Հավաքվածները ինձ հանգստացնում էին, ասելով.
– Փառք տուր Աստծուն, որ դու և երեխաները կենդանի եք, իսկ տնակը ընդհանուր ուժերով կվերականգնենք։
Երբ Սալիմը եկավ, նրա ուրախությանը չափ ու սահման չկար, տեսնելով երեխաներին, փաթաթվել էր նրանց ու լալիս էր։
Իրոք, հարևանները իրենց խոստումը կատարեցին, մի քանի օրում իմ և Սալիմի տնակները վերականգնեցին։ Շուտով գալու էր անձրևների շրջանը, իսկ այստեղ ոչ թե անձրև էր գալիս, այլ երկնքից դույլերով ջուր է թափվում։ Այդ ընթացքում մեր բոմժանոցում ապրողների թիվը կրկնապատկվում, եռապատկվում էր ի հաշիվ փողոցներում գիշերող անօթևանների…»։
Ո՞վ էր Սալիմը. ծայրաստիճան աղքատ ու անգրագետ հնդկուհի, ով պահում էր հայուհի Գոհարի հույսը՝ որպեսզի նա ուժ գտնի ապրելու, կյանքը դեռ շարունակելու համար։ Տեսնես, նման պատմություններ որքա՞ն կան աշխարհում, տեսնես քանի՞-քանիսն են Գոհարի նման օտար փողոցներում փրկություն փնտրում… Այս մեկի մասին պատմությունը մեզ է հասցրել Դավիթ Ավետիսյանը՝ օգտագործելով պատմություններ շարադրելու իր վարպետությունը, գրողի իր շնորհը, ճիշտը սխալից տարբերելու հստակությունը, մարդկային արժանիքները դեպքերի ընթացքից վեր ու վեհ պահելու հմտությունը։
Կյանքի ալեբախումների մեջ, ինչպես քամուց դեպի կրակը քշվող անուժ փետուր, այդպիսին է Գոհարի կյանքի պատմությունը։ Նրա իսկ խոստովանությամբ խանձվել են իր թևերը, իսկ Դավիթ Ավետիսյանի համոզումով՝ հույսի թևերը կարող են խանձվել, բայց ոչ երբեք՝ այրվել։ Խանձված վիճակով էլ նրանք հրաշալի են անում իրենց գործը, ինչպես և, իսկապես, հրաշալի կատարված այս մեկը. «Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Դուբայում, ես մեր խմբին պատմեցի Գոհարի և նրա տղայի մասին, նրանց նկատմամբ սկսեցին արտակարգ ջերմություն ցուցաբերել։ Տղայի համար այնքան քաղցրավենիք էին գնել, որ նրա մայրը չգիտեր ուր տեղավորել։ Տեսնելով Գոհարի հողաթափերը, մեր խմբի անդամներից Լուսինեն նրան տվեց իր կոշիկներից։ Չնայած Գոհարը առարկում էր, բայց նրան բացատրեցին, որ Երևանում սաստիկ ցուրտ է։ Տղամարդիկ նրա համար կիսավերարկու գնեցին։ … Գոհարը շնորհակալության փոխարեն միայն արտասվում էր…»։
Իսկապես, ինչպես հեղինակի մյուս ասույթները, որպես իրենց շուրջը փռված ծովային տեսարան ներկայացնող կղզիներ, այս մեկի բացած տեսարանի կողքով անտարբեր անցնել հնարավոր չէ։
«Հույսը օղագոտի է, որ սրտին թույլ չի տալիս պայթել»։ Ահա Գոհարի պատմության համար համառոտագրված ասույթը, որ մարգարիտ է՝ խեցու մեջ։
Ընթերցողների համար կյանքի ծովին տրված Դավիթ Ավետիսյանի ասույթների կղզիները, երբեմն, ուղղակի հմայում են, գրավում իրենց տարածքում բացված կանոնակարգված տեսարաններով։ Դրանցով լի է «Մենությունը՝ ճակատագիր» գողտրիկ ու շատ հուզիչ պատմությունը։
«Վաչոն գյուղի միակ հովիվն էր։ Նրան նաև Եթիմ Վաչո էին ասում…»։ Ինչպես է ապրում ճակատագրով իրեն տրված մենությունը հովիվ Վաչոն։ Նա սպասում է։ Սպասում է, ուստի գեղեցիկ է նրա մենությունը։ Ո՞ւմ է սպասում, ի՞նչ է ուզում Վաչոն. «…Տարիներ են անցել, Վաչոն արդեն յոթ տասնյակից էլ ավել է ապրել, սակայն նրա սրտում Մարոյի սերը մլմլում է ու մլմլում»։ Կյանքի խառնափնթոր, խառնիճաղանչ դեմքը լավ ճանաչող հեղինակին անծանոթ չեն նաև նրա գեղեցկությունները, հուզական բավականությունները, որոնք նրա պատմության հերոսները կիսում են նրա հետ. «Այդ տեսարանը հովվի համար գերագույն հաճույք է։ Որոշեց մի փոքր սպասել։ Նստեց քարի վրա, ծխախոտը վառեց, առջևում Սևանն էր։ Լեռան այս հատվածից երևում էր Գեղամա գեղեցկուհու ողջ հմայքը։ Վաչոն չգիտի, թե քանի անգամ էր այդտեղից նայել լճին, բայց ամեն անգամ չէր կարողանում զսպել իր հիացմունքը։ Նա երկար-երկար նայում էր Սևանին, և նրան չորս կողմից շրջապատող լեռներին։
Վաչոյին թվաց, թե Սևանը երկնքի փերիների հայելին է, քանի որ փերիները աշխարհի որևէ այլ վայրում չեն կարող տեսնել այդքան մաքուր, այդքան ազնիվ հայելի։ Նրան նաև թվաց, որ Սևանին շրջապատող լեռները հեքիաթի հսկաներ են, որոնք կապուտաչյա գեղեցկուհուն ձեռքերի վրա են բարձրացրել, հետո հսկաները քարացել են, գեղեցկուհին մնացել է բարձունքում և վշտից արցունքի ծով է դարձել… Վաչոյի ծխախոտը վաղուց հանգել էր, ու ինքը չէր հիշում, թե այդ տեսարանով զմայլված ինչքան մնաց նստած, երբ զգաց, որ իր շորերի վրա դույլերով ջուր լցրին»։ Հետո… Հետո օրը չարաբաստիկ դարձավ, որի արդյունքում արթնացավ Վաչոյի մենակությունը։
«Վաչոն հանկարծ ահավոր մենակություն զգաց։
– Իսկ ե՞րբ մենակ չես եղել,- հարցրեց ինքն իրեն։
– Չէ, հիմա ուրիշ է,- պատասխանեց նա,- Մարոն թեև հեռու, բայց ողջ է եղել, ինքը սպասել է, որ նա տարվա մեջ գոնե մեկ անգամ գյուղ կգա, ու ինքը նրան թեկուզ հեռվից կտեսնի։
Իր հետ են եղել ոչխարի հոտը, Բասարը, որոնք հիմա չկան»։
Անխոս, թախծախառն հուզիչ այս պատմությունը իր ներսն առած կղզիներ ունի, որոնք, ինչպես միշտ, ասույթներ են, նշանակալից մտքեր՝ մարդկային ճակատագրի, մենության ու կյանքի հետ մարդուն կապող օղակների մասին, ինչպես՝
«Հիշողության սերը ավելի կայուն է, սրբագրված, այն չես փոխի, չես խմբագրի, այն ապրում է ու երկար է ապրում», «Ամենածանր մենությունը մեկի հետ ապրելն ու նրանից չհասկացված լինելն է», «Երջանկություն չկա, կան երջանկության պատառներ։ Դրանք պետք է փայփայել», «Մենակությունը ոմանց համար պարգև է, քանի որ այն մարդուն տալիս է լիակատար ազատություն», «Ճակատագիրն ամենամեծ խաղամոլն է… Նա ոչ խիղճ ունի, ոչ էլ՝ արդարություն» և այլն։
Ասույթների բացվածության աստիճանը պատմվածքների տեսքով ոչ թե մտատանջությունների, երևակայությունների, կամ՝ հանպատրաստից պատմություններ հորինելու գրողական շնորհի արդյունք է, այլ մեկ առ մեկ ապրված են գրողի կողմից և իրական պատմությունների հիմքերով ավելի քան իրատեսական են։
Գրքում, հաճախ նաև, նոր հարցադրումներ առաջացնող, քննարկումների կարիք ունեցող հարցադրումներ են հանդիպում, որոնք ուղեկցում են դրամատիկ պահերին, միևնույն ժամանակ, տեղ թողնելով, որպեսզի ընթերցողն ինքը իր ներսում փնտրի դրանց պատասխանները։ Այդ առումով հիշատակելի է «Մադաթը», որտեղ պատմությունը, թեպետ, գյուղագրական առօրյայի հիմք ունի, սակայն վեր է տիպական գծերով ներկայացված կենցաղային հարցերից ու հասնում է մինչև ժողովուրդների հարաբերություններ։ Ո՞ւմ կարող ես համարել բարեկամ, և ում՝ թշնամի։ Արդյո՞ք թշնամի ազգի մեջ կարող ես ընկեր ու բարեկամ ունենալ։ Մադաթի համար անլուծելի, շփոթեցնող խնդիր է սա։ Անտառով ապրուստ ստեղծող, արջամարտում հաղթած Արջաամուտ գյուղի հավատարիմ բնակիչ Մադաթը անգիր գիտի այն, որ «Ամենաամուր բարեկամությունը ձևավորվում է ընկերների համար ծանր ժամանակում», որ՝ «Բարեկամության պայմաններից մեկն այն է, որ կանխես բարեկամիդ խնդրանքը», կամ, որ բարեկամությունը հաղթակամար է, ու նրա վրա պետք է «ծիածանվի» մարդու երջանկությունը… Մադաթի համար սրանք կյանքի իմաստ են, այն ճիշտ ապրելու կանոններ, բայց, ինչպե՞ս… Նրա աչքի առաջ Ռեգինան պայուսակից հանեց գումարի փաթեթն ու դրեց սեղանին, ու նա հանկարծակիի գալով ասաց. «- Հինչ եք ասում, ես այս պատերազմում տղա ունեմ կորցրած, ես այդ գումարը օզում չում։
Հենրիկը, որ մինչ այդ լուռ էր, խոսեց.
– Այնպես չի, որ Վագիֆը այս պատերազմում կորուստ չի ունեցել, տեղահանության ժամանակ արկի բեկորից Հասանը նույնպես զոհվել է, այնպես որ այդ գումարը վերցրու,- ասաց Հենրիկը և ոտքի կանգնեց ու դուրս եկավ։ Ռեգինան Մաթոսի հետ հետևեց նրան։
…Մադաթը մնաց խորը մտորումների մեջ, նրա փոթորկոտ հոգում քաջարի նավավար լինելը քիչ էր…»։
Բարեկամության վերաբերյալ այս թնջուկը անտառում հանդիպած հսկա արջ չէր, որ Մադաթը բռունցքով հարվածեր ճակատին, կամ շնագայլ՝ որի ճակատն իր կացնով երկու կես անելով ազատեր հարևան Մեշա Դաչ գյուղի ադրբեջանցի բնակիչ Վագիֆին։ Այս թնջուկի համար, իսկապես, քաջարի լինելը քիչ էր, բայց կյանքն էլ Մադաթին քիչ է մնացել։ Այդ մասին Դավիթ Ավետիսյանի նուրբ փոխաբերություններ ստեղծող գրիչն այսպես է ասում. «Մի ձմեռ էլ անցկացրեցի», մտածեց Մադաթը ու հավելեց, գուցե և վերջինը։ Նա իրեն բռնեց այն մտքի վրա, որ մարդու կյանքը նման է ձագարի, որը լցվելու պահից ի վեր սկսում է դատարկվել, սկզբում՝ դանդաղ, աննկատ, հետո՝ արագ ու միանգամից։ Ու երբ հասնում ես ձագարի նեղին, գործերդ պիտի արագ ավարտես, քանի որ հեղուկն ուր որ է կհատնի»։
Դավիթ Ավետիսյանը իրավաբանության մեջ երկարամյա փորձ ունեցող անձնավորություն է։ Կարդալով նրա «Զանգ կեսգիշերին» պատմվածքների ժողովածուն, ես մտածում եմ, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում նա միայն բարության չափանիշներով ապրող մարդկանց հետ չէ, որ հանդիպել է։ Անշուշտ, բոլորիս համար այդպես է, բայց զբաղվել այն թեմաներով, որոնք վերաբերում են մարդու մեջ նստած գազանին ու դաժանորեն կատարած նրա արարքներին, որոնց բնորոշող անուններն անգամ գրելուց հրաժարվում է իմ գրիչը, ավելին, զսպել գազանին, կյանքի կոչել նրան զսպող ելքեր՝ նշանակում է մոտիկից ճանաչել չարն ու բարին։ Ճանաչել ու մնալ այսքան զգայուն, և բարության մեջ այսքան կայուն։ Դա հնարավոր է միայն մի դեպքում. երբ կամային խոր հատկանիշներից ու մասնագիտական արհեստավարժությունից բացի մարդը գտնվում է անշրջելի բարության անշրջելի հովանավորության ներքո։ Այլապես, որքան էլ իրավաբանի առջև դրված լինի արդարության կշեռքը բռնած Ֆեմիդայի պատկերը, ինչպե՞ս կարող է ճիշտ աշխատել, եթե չի զգացել յուրատեսակ մենությամբ ապրող հովիվ Վաչոյի թախծախառն ներաշխարհը, կամ Նոր Տարվա լավաշի հերթում չի փնտրել ու գտել իր տատի թխած լավաշի բույրը, մոռանալով, թե ինչի համար է կանգնած վաճառասեղանի առաջ։
Ահա նա,որ զգացել է այդ ամենը, և չեմ կարող ասել, թե իր կյանքում որքան է նայել Ֆեմիդայի կերպարին, խոհերը իր հերոսի բերանով այսպես է արտահայտում.
«Աստված ի սկզբանե բոլորին էլ բարություն է տալիս, սակայն ոմանք այն չեն վերցնում կամ դրա մասին մոռանում են։ Չէ՞ որ խավարն այն ժամանակ է գալիս, երբ լույսը հեռանում է։ Ցուրտը վրա է հասնում, երբ ջերմությունն է հեռանում։ Մարդիկ իրենք են իրենց դարձնում այդպիսին։ Չարի ճահիճը հաշիշ է, այն մարդուն իր մեջ քաշում է աննկատ, մարդը դրանից նույնիսկ հաճույք է զգում, ու այդ ճահճից դուրս գալը դառնում է անհնար։
Գալիս է պահը, երբ մարդը սատանայի մտրակից չի զգում ցավ, մտրակի հարվածները նրա համար հաճելի են դառնում, փլվում է մարդու ներաշխարհը, ու մարդն ապրում է առանց հոգևորի։ Այդպիսի մարդիկ իրենց մեջ լռեցնում են խիղճը կամ սպանում։ Սակայն, նրանք մոռանում են, որ ուր էլ թաքնվեն, աշխարհում չկա այնպիսի մի անկյուն, որը գաղտնի լինի Աստծո ամենատես աչքից»։
Բացի անշրջելի բարության հովանավորությունից, ժողովրդական իմաստնության հավաքական մի ուժ կա, որն առաջ է մղում Դավիթ Ավետիսյանի միտքն ու հոգին։ Դրանում համոզվում ենք պատմություն առ պատմություն ընթերցելով նրա արձակը։
Այսպես, երբ միանում են ընթերցողի ու գրողի հայացքի ուղղությունները, հասկանում ենք, որ, իսկապես, կեսգիշերային զանգի իրավունք ունեն նրանք, ովքեր գիտեն ձեռք մեկնել, հոգեվիճակ շտկել, օգնել ոչ միայն զուտ ապրելու, այլև՝ ապրելու ճիշտ և անշահախնդիր… Այսինքն, աշխարհը դեպի բարին շրջողները։ Նրանց թվում են Մադաթը, հովիվ Վաչոն, Վարուժը, քեռի Հակոբը, Սելիմը… անշուշտ, այլ պատմությունների անանուն հերոսները, որոնք նույնանում են իր կյանքից մեջբերումներ անող հեղինակի հետ։
Իսկ ո՞վ, արդյոք, չունի իրավունք՝ զանգելու կեսգիշերին։ Այդ մասին է գրքի պատմություններից մեկը, որ կոչվում է հենց այդպես՝ «Զանգ կեսգիշերին»։ Հարցն այստեղ այն է, որ զանգի իրավունքով այստեղ ոչ թե գրքի բացասական հերոս Գռնոն է, ում զանգն, իսկապես հնչում է կեսգիշերին, խեղճերի ընտանիքում, այլ ինքը՝ հեղինակը, ով զգուշության և աչալրջության է կոչում անմեղ մարդկանց, այս պատմվածքով հասկացնելով, որ, ինչպես ժողովուրդն է ասում, գայլը կարող է գառան մորթի հագնել և խաբել անմեղ-միամիտներին։
Այո, կան այդպիսիները։ Դավիթ Ավետիսյանը կյանքի արժեքների մեջ միայն իդեալական գույները չէ, որ նկատում է։ Տարված լինելով իր բարոյական կերպարներով, նա կոչ է անում զգուշավորության և չմոռանալու, որ մարդկային կյանքում մշտապես ներկա է բարու և չարի պայքարը։
Մինչև ուր կարող է տանել բարու և չարի պայքարը, իրար նկատմամբ ի՞նչ դիրքերում կարող են հայտնվել հակադիր այդ ուժերը։ Փիլիսոփայությունն իր մոտեցումներն ունի չարի ու բարու պայքարի մասին, կրոնն՝ իր։ Սակայն, հավերժական համարվող նրանց պտույտի մեջ որտե՞ղ է գտնվում չարի հատուցումը, ինչպե՞ս է իրականացվում և ո՞րն է նրա դերը։ Նման հարցեր է շոշափում այս հոգեպես ծանր ազդեցություն թողնող պատմությունը, որտեղ Դավիթ Ավետիսյանը հստակորեն գծում է չարի ու բարու սահմանները, իրար միջև գտնվող հեռավորությունները, և կարևորում հատուցումը՝ հնարավորինս արագ ու շուտ իրականացնելով այն։
Նա, ով մեղանչել է, պատժից չի խուսափելու։ Այս տրամաբանությամբ աշխատող պատմության մեջ նկարագրված գործողությունները վերաբերում են բանտային կյանքին, որտեղ, երկու հակոտնյա ուժերից միայն մեկը չէ։ Բարու և չարի պայքարն այստեղ իր օրենքներն ունի։ Նա, ով զինվորական ծառայության ընթացքում կարողացել է մեկի փոխարեն երկու համազգեստ վերցնել, այժմ չի կարողանում իր տեղը գտնել այդ պատճառով, չի հասկանում, ինքն արդյոք բարիք է գործել, թե՞ չարիք։ Սակայն, կա մի բան, որն անպայման պետք է հաշվի առնել բարիք գործելիս։ Դա կարգապահ լինելու խոհեմությունն է.
«Երբ աչքերս սովորեցին խավարին, նկատեցի, որ պատուհանի ձախ անկյունում մի փոքր սեղանիկ կա, որի շուրջ նստած էին ևս երեք հոգի։ Ես գլխով բարևեցի և մոտեցա մատնացույց արված մահճակալին ու սկսեցի սպիտակեղենը տեղավորել։ Անկողինս հարդարում էի ու հետն էլ ինձ հանդիմանում, թե բուշլատն ինչ էր, որ դրա համար այստեղ հայտնվեցիր, հետո էլ սկսեցի ինքս ինձ արդարացնել՝ ախր ավագին քանի անգամ խնդրեցի, որ ինձ նորը հատկացնի, իմը լրիվ մաշվել էր, ցուրտը ներս էր թափանցում։ Էհ, լավ, մեկը վերցրիր, երկրորդն ինչիդ էր պետք, հա՜, որ լավություն անես Հակոբին, նա էլ հագնելու փոխարեն վաճառեց ու գումարն ուղարկեց մորը, որ դեղ առնի, հետն էլ բռնվեց ու իմ անունը տվեց։ Գուցե իրավացի էր կապիտան Թելունցը, որը հերթապահություն ուղարկելուց առաջ ամեն անգամ կրկնում էր.
– Առանց կարգապահության պատերազմը չես հաղթի»։
Դեպքերը տարբեր կողմերից ներկայացնելու պարզ ու շիտակ ոճը տրամադրում են ընթերցողին խորանալու պատմության իմաստային խորհրդի մեջ։
Ի՞նչ է խիղճը, երբ կարող է այն արթնանալ, կամ, երբ կարող է մարդը անխիղճ դառնալ։ Հարց հարցի ետևից բացվում է ու իր ապրումները բանտն ընկած երիտասարդի ապրումների հետ շաղախելով, ընթերցողը գնում է՝ ներկա գտնվելու չարիքի հատուցման պահին։
«Ես նայում էի Գռնոյին ու մտածում, թե երիտասարդ տարիքում այս մարդը ե՞րբ է հասցրել այսքան դաժան և ընչաքաղց դառնալ։ Մտքովս անցավ նրա մեջ մի փոքր խիղճ արթնացնել։ Դիմելով նրան՝ ասացի.
– Դու գիտե՞ս իմ ընտանիքի վիճակը, որ այդպիսի պահանջներ ես ներկայացնում, հայրս մահացած է, մայրս գլխի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հիվանդանոցում է, միայն քույրս է աշխատում, և հաշվապահի աշխատավարձով մի կերպ յոլա են գնում։ Ես տարիուկես դիրքերում եմ։
– Բանակն իր կարգուկանոնն ունի, բանտը՝ իր,- ասաց Գռնոն,- իսկ ընտանիքի վիճակը քեզ ա վերաբերում, չնայած մի բան լավ ասացիր, էդ լավա, որ քույրդ հաշվապահ ա…»։
Շարունակվող պատմությունը՝ մարդկության ամոթալի երևույթների մասին, անհամբեր է դարձնում ընթերցողին, իսկապես, ներկա գտնվելու դրանց հատուցման պահին.
«Գռնոն դատապարտվեց երկարատև ազատազրկման։ Սակայն նրա պատմությունը սրանով չավարտվեց … Մեկ շաբաթ հետո Գռնոյին գտան բարաքում կախված»։
Այս պատմությունը ևս, համեմված է գրողի խոհափիլիսոփայական մտքերով, տեղին մեջբերված խոսք-ասույթներով, որոնք մեջբերվում ու բացվում են համոզիչ դարձնելով ասվածը։ Գիրքը հարուստ է նման խոսքերով, որոնք, իսկապես, զանգեր են՝ զանգ-հիշեցումներ՝ կյանքի վարուվերումների ու դրանց մեջ չխորտակվելու մասին.
«Լինում են դեպքեր, երբ մարդն ավելի վեր է բարձրանում, քան նրա երազներն են, ինքը դառնում է մեծ երազ և իրականություն, իսկ երազները վազում են նրա ետևից»։
«Մարդու հնարավորությունները սահմաններ չեն ճանաչում»։
«Խրամատներում աթեիստներ չեն լինում»։
«Խանդավառ անխոհեմության աչքերը միշտ փակ են, նրա պտուղները երևում են անխոհեմությունն անցնելուց հետո»։
«Սիրելի մարդուն տեսնելու համար հեռու պետք չէ գնալ, նա միշտ քո մեջ է»։
«Պատերազմը թեկուզ ավարտվի էլ, միևնույնն է, հատկապես, զավակներ կորցրած ծնողների սրտում այն շարունակվում է»։
«Պատերազմը միայն ռազմի դաշտը չէ։ Պատերազմը մարդկանց հոգիներում է, ապրողների սրտում ու մտքում»։
Խոսելով կեսգիշերային զանգերի իրավունք ունեցողների և չունեցողների մասին, որն ինձ զբաղեցնող, իմ ոչ միայն անձնական կյանքում, այլև՝ գրականության մեջ մշտապես ուշադրության արժանի թեմա է եղել, ահա այս գրքի միջոցով հանդիպեցի նույն թեմայի լավագույն մեկնաբան Դավիթ Ավետիսյանին, ով փաստերով բացեց այդ իրավունքն ունեցող-չունեցողների աշխարհները։
ժողովրդական իմաստնության հավաքական ուժն, ասես, ոչ մի րոպե չի լքում Դավիթ Ավետիսյանին։ Նա ինքն ուժ ու հոգի առնելով դրանից, խորհում ու մատուցում է, խորհում ու մատուցում, որոնք բացվում են ծովերի պես՝ հիացնելով իրենց թե հանդարտ, թե հուժկու ալիքներով։ Ահավասիկ, այդ ամենի վկան՝ գիրքը, որ կոչվում է «Զանգ կեսգիշերին»։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *