Բարև, ես թերություն եմ ոտքից գլուխ, ու հիստերիկ ծիծաղդ քաշի՛ր փորդ, հիմա՛ր դիակ: Դու արդեն որերորդ ամիսն է` կախված ես ննջասենյակումս` անկողնուս դիմաց, մի մետրաչափ հեռավորության: Գիտեմ, որ գիտես, ընթերցողի համար եմ մանրամասները պատմում, սիրո՛ւն ջան: Դու սև ես, ու սև էր այն օրը, երբ քեզ տեսա երազում կամ էլ չնայած` էնքան իրական էիր, տնաշե՛ն: Սևն ուղիղ իմաստով. ոչ մի լույս գիշերվա 3 անց 35-ին: Ինչպիսի՜ անպատկառություն. գրողներն ու դեպրեսիվները որոշել էին քնել: Վախենալ գրողներից: Ճիշտ ես: Անխղճաբար հանում ծալապակասների դեմն են փռում իրենց, իրենց զգացմունքները, կյանքը, (էդ սկզբում) հետո անցնում ուրիշներին, ուսումնասիրման առարկա` ասածդ, արածդ, ուրեմն զգուո՜ւյշ, շա՜տ զգույշ, դե էսօր ո՞վ է կարդում, սաղ գրող են: Ատամներդ դեմքիցդ սպիտակ են, հասկացա, բայց, փակի՛ր ռեխդ, գրողը՛ տանի, ես գրող չե՛մ: Մեկս մեկի ուսումնասիրման առարական ենք էլի, միշտ փող է պետք: Գլուխը բարձր, կուրծը առաջ, հաա՜, առաջը բալկոնն է, կուրծքը` դուրս, մեջքը` ուղիղ, հոգին էլ` փտած ու վերքերով: Պայքարեցիր, ազատվեցիր տրավմաներիցդ, գերհոգնած երկարություն մեռնելդ էլ էկավ լավ բաները քչություն են անում: Էդ է, ուրիշ կյանք չունեմ քեզ համար: Էդպես էլ քեզ լսող չեղավ: Դիկցիադ լավը չէ՞ր, չեմ հիշում արդեն, ա՜խ, չէ՜, դու էլ ամեն առիթով հիշեցնում էիր, որ ոտքից գլուխ մի ամբողջ թերություն ես ընդամենը: Քիթիկդ վե՛ր, հիմարի՛կ, որովհետև դու ամենալավն ես, ամենասիրունը, ամենախելացին, է՜ դե, մի կողմ տա՛ր էդ ճերմակ ռոժդ, ես քո ներսի նեղացած երեխայի հետ եմ խոսում, ուծյուծյու… ինչպիսի՜ դրամատիզմ, անգամ կարելի է մեռնել հանուն գեղեցկության, հանուն գեշության` առավել ևս…դա ավելի ռոմանտիկ է…
Ես քեզ չեմ սիրում, դե պատահում է, ում հետ չի պատահում որ: Բայց սև կոստյումդ լավն է, գիտե՞ս, պահել էիր նեղ օրվա՞, ճիշտ ես` սրանից էլ նե՞ղ, չնայած լեն ու բոլ կախված ես, տնաշե՛ն, սև սաթի պես է կոստյումդ, միակ լուսավորն էլ` շականակագույն պարանը, հոգի՛ս: Դա էլ չլիներ, ոտքիս տակ էիր ընկնելու, լեղաճաք անեիր: Ու քանի որ որոշել ես մնալ, ես գնամ հորիզոններ նվաճելու: Յուրահատուկ է տափակությունը քո: Գոնե պոետիկ հնչի: Հա՛, լացում եմ, չէ՛, չե՛մ հուզվել. արցունքագեղձերս աչքերիս շատ են մոտ ուղղակի, էղա՛վ, ու չվիճես հետս, ու ուղղակի համաձայնիր հետս էսօր ու ասա, որ ես ամենալավն եմ, ու երկիրն իմ շուրջն է պտտվում: Դե մոլորակներն էլ հաշվի` պակաս բան չմնա հանկարծ, մի երկու հատ էլ աստղ, էն ամենամեծերից, էլի, մեկ էլ` կարո՞ղ ես մի երկու ծառ խցկել արանքները…նորաձևը հիմա էս է: Չէ՛, չյոռտ, ծնունդդս չի, չէ՛, չե՛մ մեռել, ուղղակի էսօր բարի դիակ մնա, ոնց միշտ ես եղել կյանքում, դե հաա՜, բայց ես հո կգնահատեմ քո բարությունը: Ազնիվ կենդանու խոսք եմ տալիս: Կենդանիների՞ց, դո՞ւ, վախենո՞ւմ, բա ասում էիր` յուրաքանչյուր մարդու մեջ մի լույս կա, պետք է գտնել ու վառել մարդուն հե-հե կրակը` երկու քար իրար խփելով, լավ դե, իբր ժամանակակից ենք` օօ՜օ, լուցկինե՜ր, վառվե՜ք և վառե՜ք, չօգնե՞ց, բա, գնամ ասեմ, որ չի օգնում, որ էլ էդպես աշխատանք ման չգան….
Գի՞ժ ես, մի՛ շարժվիր, կխեղդվե՛ս, հո հիմա՞ր չես: Վա՜յ, ի՞նչ եղավ, ջուր բերե՞մ: Հա՛, գիտեմ, հա՛, ասացի` գիտեմ, գիտեմ, գիտեմ, գի-տեմ, գ, ի, տ, ե ,մ, որ իմաստ չկա հետդ ամեն օր ժամերով խոսել կեցության ձևերից ու գոյի անտանելիությունից: Գիտեմ, գրո՛ղը տանի, որ նման եմ ամեն օր ծնողի գերեզման այցելող էրեխու, գիտեմ, գիտեմ, գիտեմ, գիտեմ, որ ուշացել եմ, որ մեռել ես………ոչինչ էլ չգիտեմ, չյո՛ռտ, նույն սխալը կրկնում եմ……հիմաա, հիմա: Ո՞վ եմ ես, ո՞վ: Դու էդ հարցը քեզ էդպես էլ չտվեցիր, իսկ ես բռնում եմ խելագարի ուղին, որովհետև էս հարցն ամենահեշտ ուղին է դեպի խելագարություն, հա՛, ու հոր կողմից բռնաբարվելը, սո՛ւս, մենք առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, մարդ չիմանա` խայտառակ լինենք, աաա՜, զահլես տանում ես, խեղդվի՛ր` պրծնեմ քեզնից: Լա՜վ, կատակը մի կողմ, թո՛ղ` տեսնեմ, տղա՛, վիզդ կարմրել է, վա՛յ, ձեռքս թո՛ղ, հա՞ որ, ես եմ բռնե՞լ, իմ` ընդամենը մի 2 տոկոս աշխատող ուղեղում էդքան խնդիր ո՞նց կուտակվեց, էդ ո՞նց տեսար, ժամանակն է, չէ՛, ես մի կերպ իմ խնդիրները կդասավորեմ, ժամանակն է, որ գնաս, պառկես հանգստանաս, էս կապերն էլ թուլացնել չի լինում, տո՛, էնքան ամուր ես կապել, տնաշենի՛ դիակ: Մարդ բերեմ, քանդի: Լուրջ, թե չէ միայնակ գայլ, միայնակ հոգի… սաղս մենակ ենք, մոլորակ ենք, անհատ ենք, յուրահատուկ ենք, բլա, բլա, բլա… Գնայիր կղզում ապրեիր, մոլորա՛կ ջան:
Աշխարհի բեռը ծա՞նր է քեզ համար, կենցաղի՞ մեջ խեղդվեց սաղ, օ՛յ, հուզվեցի, ի՜նչ էքզիստ դիակ դուրս էկար, տո՛, դրա համա՞ր ես ստեղ իմ հաշվին կախվել, դե՛ վերջացրու, ես էլ վերցրի ու հավատացի, ահա՛ն, щас: Էգոիստի մեկն ես էլի: Իմաստը՞, երբ ամբողջ կյանքդ զոհ+ասեղան ես եղել, դե պարադոսքների հանդեպ սերդ քեզ ոչինչ չտվեց, բացի տխրահռչակ կուլմինացիայից, փակեմ վարագույրը, հա՛, թատրոնում չենք, որովհետև սա կյանքը չէ, այլ այստեղ` իմ գլխի ենթաենթածալքերի հերթական հիմարությունը: