Միջհյուսվածքային տարածություն
«Հուշագրություն (անգլ.՝ /ˈmemwɑːr/ [1]; ֆրանսերեն` mémoire: memoria, որ նշանակում է հուշ, հիշողություն), գեղարվեստավավերագրական գրականության ժանր, անցյալի հուշեր՝ շարադրված նկարագրվող իրադարձության ականատեսի կամ մասնակցի կողմից։ Անհատի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին անձնական կամ հանրային հուշերի ամբողջությունն է»։
Մուտք
Հուլիսյան շոգերը գնալով ավելի ու ավելի են սաստկանում՝ հիշողության մեջ զուգակցվելով օգոստոսյան արևի տակ մնացած քո մանկության հետ։ Ամիսները խառնել են իրենց դիրքն ու տեղը էս բնականոն ընթացքի մեջ։
Հասարակական տրանսպորտը դարձել է ավելի խիտ, ավելի մարդաշատ ու նեղ։ Նախորդ դարի իննսունականներից մեզ ժառանգված այս մեքենաներով ամեն օր հաղթահարում ես (չես ուղևորվում, իրապես հաղթահարում ես) գյուղից քաղաք ընկած ճանապարհը՝ մեջքդ ծուռ, վիզդ՝ թեք, ոտքերդ ուրիշ մեկի ոտքի հետ ոլոր-մոլոր՝ խաղողի չորացած ծառ։
Ինքդ քո առաջ խնդիր ես դնում. չերերալ մեքենայի՝ իրարից պատռված ասֆալտի վրայով անցնելիս։ Երերումդ կանխում ես հնարավոր ու անհնար բոլոր կերպերով՝ մի ձեռքով բռնած տրանսպորտի երկաթե ձողից, մյուսը՝ մատնած մոռացության, որովհետև ոչ պետք է գալիս (բռնելու տեղ չկա), ոչ տեղավորվում է ինչ-որ տեղ։
Մեքենան անընդհատ վերուվար է անում դարուփոս ճանապարհի վրա, իսկ մեքենայի անիվների համաչափ դրմփյունը լսվում է միայն հյուսիս-հարավ մայրուղու վրա ելնելիս՝ ազդարարելով, որ մնացել է քառորդ ժամ Երևան հասնելու, և մի էդքան էլ՝ քո իջնելու համար։
Կա՞ վիճակագրություն, թե որքան ժամանակ ենք մենք վատնում տրանսպորտի մեջ մեր կյանքի ընթացքում։ Տրանսպորտի մեջ անցկացրած ժամանակը երևի կհավասարվի քնելու ժամանակին։ Կա՞ վիճակագրություն՝ որքան ժամանակ ենք մենք մեր կյանքից նվիրում քնելուն. անշուշտ կա. մենք քնում ենք մեր կյանքի մեկ երրորդի չափով, այսինքն, եթե ապրելու լինենք վաթսուն տարի (դա գնալով ավելի ու ավելի հավանական թիվ է դառնում քեզ համար, որովհետև շատ ես ծխում, շատ ես խմում, անկանոն ես սնվում ու էլի շատ ու շատ վնասակար բաներ), ապա գրեթե քսան տարի մենք կանցկացնենք քնած։ Դե, մի տասը տարի էլ, երևի, անցկացնելու ենք հասարակական տրանսպորտի, մեքենայի, ինքնաթիռի մեջ, էսպես ո՛չ քաղաքում, ո՛չ գյուղում, ո՛չ աշխատանքի վայրում, ո՛չ տանը, (վաակում) ու էդ ժամանակը վերածվելու է սպասման ժամանակի, կորած ժամանակի, միջհյուսվածքային տարածության, որը մեզ համար չի կարևորվելու, մինչև էնտեղ ջուր չհավաքվի ու մեզ չնշանակեն տոկեր։ Միջանկյալ տարածությունը մեզ համար վերածվում է ցուցանակի, որ տեսնում ենք մեր Ա կետից Բ կետը տեղափոխվելու ընթացքում, տեսողական հիշողության, կյանքին կողքից նայելու հնարավորության, այսինքն թե, եթե նայում ենք կողքից, ուրեմն մեջը չենք (հարց են տալիս՝ եղե՞լ ես Կազբեկում, չես ուշացնում՝ հա։ Բայց չես եղել, անցել ես կողքով)։ Կա՞ վիճակագրություն…
Եթե, այնուամենայնիվ, բախտդ բերել է, ու տուն վերադառնալիս տրանսպորտում նստելու տեղ կա, ուրեմն էնքան շոգ է, որ ավելի լավ կլիներ՝ մարդիկ շատ լինեին, դու էլ՝ կանգնած, քան էսքան անտանելի շոգ։
Վերադառնալիս, հատկապես նստած, ճանապարհն ավելի կանխատեսելի է, ավելի աննպատակ, ցուցանակները՝ անտարբեր, որովհետև շտապելու տեղ չկա. տանը միշտ էլ սպասում են (հա՞ որ…)։
Բնակավայրդ տեսնում ես կիլոմետրեր առաջ, ինքնավստահությունդ գալիս է տեղը (տուզիկ շունը իր տան դիմաց առյուծ է՝ հիշում ես), խորը շունչ ես առնում, աննկատ իջնում ես տրանսպորտից ու քայլում դեպի տուն։
Ճանապարհը հիշեցնել է տալիս մանկությունդ, երբ էդ թաղում երեխու պակաս չէր լինում, երբ իրիկունները պախկվոցին էր սկսվում, երբ դեռահաս աղջիկները՝ կիսաշրջազգեստ հագած, թաքնվելու նպատակով ծառն էին բարձրանում (չգիտես՝ հասկանալո՞վ, որ տղերքը տակից նայում են, թե՞ չէ), իսկ տղերքը աղջիկներին տալիս էին չտեսնելու՝ մի քանի անգամ նրանց տակից ծիկրակելու համար։ Ու առհասարակ, մեր ժամանակ աղջկա շրջազգեստի տակ նայելը երազանք էր, նրանց մերկ տեսնելը՝ երազ։ Լեգենդները գալիս էին զրույցների տեսքով ու սկսվում էր փորձարարությունը.
-Տղերք, մատըռի թաղի* տղերքից մեկը ասեց՝ շուշի վրա չղջիկի արյուն ա պետք քսել. աղջկեքին տկլոր ա ցույց տալիս։ Դե իրանց ասածը հաստատ ճիշտ կլնի։
(*մատըռի թաղ, պպզելու դիրքը՝ ջանով հետ ընկած, ոտքերը ամբողջությամբ գետնին, ձեռքերը՝ երկու ոտքերի արանքից կախ – Մատըռի թաղ մտնելու համար ճանապարհն իմանալը քիչ է, որովհետև մատըռի թաղ մտնողը պիտի իմանա՝ ինչի է ինքը մտել մատըռի թաղ ու ուր է գնում, ինչ նպատակով, որ կողմ պիտի թեքվի, որ կողմ, լավ կլինի, չթեքվի, ում երկար նայի, ում կողքով անցնի անծպտուն, որովհետև մատըռի թաղը ունի իր բնավորությունը, բռնած ձևն ու բովանդակությունը։
– Երկրորդ ուռու ծառից՝ աջ,- ասել էր մեր տղերքից մեկի հերը, երբ հարցրել էին, ոնց գտնեն մատըռի թաղը։
Մեքենան գնացել էր արագ (Ա կետից Բ կետը՝ միջհյուսվածքային տարածություն), նշանակում է՝ շտապ բան է, մեքենան եղել է սև, նշանակում է՝ լուրջ մարդիկ են, մեքենայի ղեկին եղել է սև ակնոցներով մեկը՝ ուրեմն կարելի է ասել՝ ոնց գտնի իր ուզած տեղը։
«Բա էս հարցը ոնց պիտի լուծվի» հարցի պատասխանը՝ երկրորդ ուռու ծառից աջ՝ ասֆալտը բռնած՝ մինչև վերջ։ Մատըռի թաղը էդ էր։ Մինչև տասներեք տարեկանը մտածել եմ՝ մատըռի թաղ, ուրեմն ընդեղ ինչ-որ պոմպ կա, մատոռ, այսինքն թե՝ մատոռի թաղ, մեր բարբառով՝ մատըռի։ Լեզվական հիմնահարցերը ժողովրդի համար չեն, որ տառը ուզի, բառի որ դիրքում ուզի՝ կսղվի, հատկապես, եթե ուզողները մատըռի թաղից են՝ երկրորդ ուռու ծառից աջ, ասֆալտը բռնած՝ մինչև վերջ։
Բայց տասներեքիցս հետո, երբ դպրոցում սկսեցին փոքր իմպերիալիստական կարգերը՝ իրենց բոլոր ինստիտուտներով, հատկապես՝ գողականով (դրանք միշտ էդ տարիքում են սկսվում տղերքի մոտ՝ իբրև տղայական դաշտան), սկսվեց մի ահավոր քաոս, որի տակ մնացին տղերքից շատերը, որից պլստացին մի երկուսը, որով շարունակեցին մերոնցից մի քանիսը՝ ասենք՝ Աշը, Համոն (չնայած՝ Համոն ծառայեց, ուրեմն կասկածի տակ կմտնի իր հետագա գծած ճամփեն), ու մի քանի հոգի, որ չեմ էլ հիշում, սկսեցի հասկանալ. մատըռի թաղ, այսինքն՝ մատուռի թաղ, որովհետև էդ թաղում կար մի հին մատուռ։
Տասներեքում Մոսոն դառավ լավ տղերքի խնդրանքը չմերժող, տեղ ուղարկվող (Ա կետից Բ կետը՝ միջհյուսվածքային տարածություն) միշտ զիջող, բարի տղա, բայց էդ մենակ իր հոգու խորքերում, իսկ լավ տղերքը Մոսոյին դարձրին ասածը անող։ Դրա դիմաց Մոսոն ստացավ լեգիտիմություն, իշխանության իր փայը՝ լավ տղերքի կողքերը պտտվելու բավականության իր չափաբաժինը։ Տիկոն քեֆերին սկսեց դհոլ խփել տղերքի համար, որ հիմնականում լինում էին դասերի ժամանակ՝ Աշենց երկրորդ կիսավեր տան բակում, սկսեց բաժակաճառեր ասել՝ ձոնված իրենց, ու հետո, ընդհուպ, սկսեց երգել՝ թեև ձայն ու լսողություն չուներ, բայց դե, տղերքին ուրախացնելու համար ենք ստեղ՝ ուրեմն կերգեմ։ Ու տղերքը հռհռում են երկու կաթ գինու՝ իրենց աղվամազ բեղիկներին քսվելու պահից, տղերքը միշտ պտտվում են մեքենայով, տղերքը գիտեն՝ մատըռի թաղում որը ոնց ա, ու էդ նշանակում ա՝ տղերքի համար Մոսոն պիտի անի ինչ-որ բաներ, իսկ Տիկոն հաստատ երգող ա։
Իմպերիան կառուցվում է օր օրի՝ սկսած տասներեքից մինչև դպրոցն ավարտելը։ Տասներեքում բոլորը սպասում են վերջի զանգին՝ ճամփու դնելու իրենց իմպերիայի հայրերին, որովհետև նրանց ճամփելը նշանակում է մի աստիճան վեր բարձրանալ՝ դեպի գահը։ Լավ տղերքը դասարանի իրենց թայդաշների հետ շատ չեն շփվում, շփվելիս էլ շփվում են մի քիչ վերևից, վերից վար ուղղված հայացքով, Գևոր պապից գինի առնելու ուղարկելով, երգացնելով, իսկ հավասարը հավասարի շփվում են գահակալների հետ, ում ակնոցները ունեն փայտից պոչեր՝ մետաղե արձաններով։ Ակնոցները արևային են, բայց օգտագործվում են անպայման նաև ձմռանը՝ սև կաշվից վերարկուի հետ մեկտեղ։
– Էս ինչ ցուրտ ա, սառեցինք, Մոս, գնա մեռոնը բեր,- ասեց Աշը՝ հիշելով, որ իր հերը խմելիքին մեռոն է ասում, ու ձեռքերը տաքացնելու համար տաք բուղ արձակեց բերանից՝ փչելով չորացած մատների վրա։ Աշի ակնոցը ճաքեց սառնամանիքին անսպասելի միաջմտած տաք բուղից, ու սկսվեց լեգենդը՝ առ ակնոց։
Հիսուն հազար
Հարյուր
Ռեյ բան էր
Գաղութից ուղարկել էր Աշի դվայոռնի քեռին
Ապակիները բերել էին Դուբայից
Կոթերը վարդագույն պոպոքի նոր բսնած ճյուղից էին
Վախ Աշ ջան, ոչինչ, ցավդ տանեմ, երգե՞մ քո համար, մե՛ծ ախպեր։
Աշը իրավունք չունի խախտելու ուժեղ տղու իր համբավը, ինքը չպիտի տխրի ակնոցի ճաքից, ընդհակառակը, էդ ինչ է՞ր որ Աշի պես տղու համար, սարքել կտան, նորը նվեր կստանա՝ իր քավորի արծաթից արձաններովը, բա ես էդ տղեն ե՞մ, տղե՛րք։ Մոսո՜, լցրա՛։ Տիկո՜, երգա՛։
Ու Աշը իր տարերքի մեջ է։ Տիկոն երգ պիտի երգի՝ դհոլով, Մոսոն լիքուլիք պիտի պահի բաժակները, թե բա՝ մեր պես ուժեղը չկա։
Վերջում՝ խմած լինելուց չկորցնելով իրենց չեղած գիտակցությունը, լավ տղերքը պիտի գնան Աշի նոր մեքենայով, ու մեքենան պիտի քշեն արագ, նույն ճամփեն մի քանի անգամ չափչփելով, վերևից ներքև, կողքից մեջտեղ, ու անպայման վերջում պիտի մեկը ասի՝ գնանք մատըռի թաղ, որովհետև էդ մեկը կարծի պիտի, որ իրենք էդ պահին էնքան ուժեղ տղերք են, որ մատըռի թաղ կարող են, դեռ մի բան էլ՝ պիտի մտնեն։ Մարդ ես՝ մեծ ախպերներին տեսնեն՝ նրանք էլ չանտեսեն իրենց՝ աչքը մի վայրկյան գցելով ջահելների վրա)։
Տղերքը վերածվում էին որսորդների, ռագատկա սարքելուց մինչև նետ ու աղեղ։ Չղջիկ չէր լինում բռնել։
-Ախպեր, Քյալը ասում ա՝ դրանք սպիտակ գույնի վրա քոռանում են։
Հերթով հանում էին տղերքը իրենց շորերը, ում տակի մայկեն ավելի սպիտակ եղավ, էդ էլ շպրտում էին։ Չղջիկներն էլ էին լիքը էն ժամանակ։ Բայց էդպես հեշտ չէին բռնվում։ Հետո ավելի զարգացան տեխնոլոգիաները, մայկեն թրջում էին, որ ծանր լինի, ու չղջիկները բռնվեն։ Բռնվում էին։ Հետո, առ քեզ հիասթափություն. ոչինչ էլ չէր լինում։ Արյունը չէր օգնում։ Միֆերը, բայց, չէին նահանջում։
– … չղջիկը պիտի էգ լինի։
– … կույս։
– …
Հիշում ես, երբ տղերքով ֆուտբոլ խաղալիս (սովորաբար խաղում էիք դպրոցի ֆուտբոլի դաշտում) երկու ծնկներդ վերքեր էին դառնում։
Դպրոցի թաղից* մինչև տուն բավական ճանապարհ կար, լվում էիր վերքերդ թաղի պուլպուլակի մոտ։
(*դպրոցի թաղ – պպզելու դիրքը՝ մեջքը ուղիղ, ոտնաթաթերի վրա, ձեռքերով փաթաթված ոտքերին – դպրոցի թաղ մտնելը կամ մոլորվածության և կամ նպատակային այցելության արդյունք է։ Գյուղի կենտրոնից՝ առաջին ուռու ծառից՝ ձախ։ Գյուղի միջով անցնողը միշտ դուրս է գալիս էդ խաչմերուկ։ Փողոցներից ոչ մեկը չի կարելի առավել մեծ և կամ մարդաշատ համարել։ Դրանք հավասարազոր փողոցներ են։ Դպրոցի թաղ գնում են ուսուցիչները, դպրոցականներն ու էդ թաղեցիները, մեկ-մեկ էլ գլխավոր ճանապարհից միամիտ շեղված մարդիկ)։
Մի քանի օր հետո չորանում էր արյունը, ու սկսում էիր վերքերը կամաց-կամաց պոկել՝ սկզբում առանձնացնելով կողքերը, հետո ավելի էիր խորանում՝ ձգտելով չորացած արյունը առանց ջարդելու պոկել ոտքիցդ ու պահում էիր արյան մեծ փշուրը գրպանումդ՝ իբրև հիշողությում։ Հիշում ես, որ հարևան Քյալ Համոյի Մոսկվիչի գլուշիծելի (հայարենը չես հիշում) մեջ քարեր էիք խցկում ու սպասում՝ երբ է Համոն ավտոն խոդի տալու, որ քարերը, ձեր պատկերացմամբ, հրացանի փամփուշտների վերափոխվեն ու դուրս թռչեն էնտեղից, բայց հուսախաբությունը չէր ուշանում։ Հիշում ես՝ ոնց էիք Ռոլանդի այգին մտնում՝ դամբուլ ուտելու, ոնց էիք գողանում սմբուկները, որ ինքներդ էլ չգիտեիք՝ ինչ եք անելու (վերջում ուղղակի կծում-զզվում-դեն էիք նետում)…
Հիշում ես, ոնց էիք ամառային իրիկունները հավաքվում հեծանիվ ունեցող տղերքով, ոնց էիք մի տասնմեկ հոգանոց շարասյուն սարքում ու սկսում պտտվելը թաղից թաղ. դիմացից քշում էր Անանիկը, որովհետև իր հեծանիվն էր, որ ուներ դինամո ու դրանով լուսավորում էր ճամփեն, հետո քշում էր կողքի թաղի Գոռիկը, ում հեծանիվը զիզի բիզի գույների լույսեր ուներ՝ սպիցների արանքը խրած ու ուներ սիգնալ։ Դու գնում էիր նախավերջից՝ քո բեմեքսով։
Անանիկը թաղերը գիտեր ու գիտեր՝ ոնց կարելի էր գնալ ժամի թաղ* ու ապահով հետ գալ՝ չհանդիպելով գերեզմանների թաղի մեծ շներին։
(*ժամի թաղ, գերեզմանների թաղ – պպզելու դիրքը՝ մեջքը կիսաթեք, ոտնաթաթերի վրա, ձեռքերը՝ ծնկներին հենած, դաստակները՝ կախ։ Իրար կից թաղեր, որոնք մենթալիտետով չէին տարբերվում։ Համապատասխանաբար եկեղեցու ու գերեզմանների կողքին։ Ամենավախենալու թաղերն էին, որովհետև տղերքը ասում էին, հոգիներ են հանդիպում գիշերները։ Հատկապես Ռոլանդի մեռնելուց հետո հոգիները ավելի ակտիվ են։ Ասում են՝ Ռոլանդի հոգին չեն ընդունում, որովհետև նորմալ չի մեռել, այլ վառվել ա)։
Բախվում ես տարիների անթափանց պատին. փողոցում երեխա չկա, գնդակ չեն խաղում։ Մութն ընկել է, գուցե պախկվոցի՞ են խաղում։
Ըհ՞ն, դիմացից Պոնչի տղեն ա գալիս։ Երևի ինքն ա փակողը։
Երկրորդ հիասթափությունը. Պոնչի տղեն խաղեր չի խաղում, կողքերն էլ չի նայում։ Պոնչի տղեն քեզ բարևելուց ասում ա՝ «բայրիգուն ախպեր»։ Պոնչի տղեն շուտ ա մեծացել ու ապրում ա այլ ժամանակներում։ Էդ ժամանակներում պախկվոցի չեն խաղում։
Շարունակում ես քայլել։
Մտնում ես տուն, տեսնում ես՝ Երևանից տատդ է եկել, նստած է բազկաթոռին, մոտենում բարևում ես, մտածելով՝ երկուսդ էլ Երևանից եք եկել, բայց ինքը տաքսիով, դու՝ տրանսպորտով (իրեն հաստատ տաքսիով ուղարկած կլինեն), գրկում ես իրեն, ուտում ես հացդ, դուրս գալիս ծխելու։ Տատդ գալիս կողքերդ պտտվում է, ուզում է բան ասել քեզ, չի ասում։ Նա հոլի պես պտտվում է քո շուրջը, գնալու տեղ չունի, Ա կետից Բ կետը չի շարժվում, գուցե տատը տրանսպորտի մե՞ջ է՝ միջհյուսվածքային տարածություն։
Մորդ խնդրում ես սուրճ տալ քեզ, կպցնում ես սիգարետդ ու սպասում սուրճին։ Մայրդ բերում է սուրճը, կպցնում ես երկրորդ սիգարտը։ Տատդ նայում է ուղիղ վրադ։ Ճնշվում ես էդ հայացքից։ Մորդ հարց է տալիս.
– Էս տղեն ո՞վ ա։
– Մա՞մ, թոռդ ա։
– Վա՜յ, թոռ ջան…- ընկնում է վիզդ, բայց տալիս ես չնկատելու, որովհետև տատդ Ա կետից Բ կետ տեղափոխվելու ճանապարհին է, միջհյուսվածքային տարածություն…