Մի արձան կա Վանաձորում, որը հանդիպեցնում է փոքրիկ քաղաքի ժամանակները, հեռացողներին ու վերադարձողներին: Երբեմն այն կարող է պարզապես ժամադրության վայր դառնալ: Իսկ ավելի հաճախ կարող է անտարբեր հայացքի տակ առնել բոլորին, ովքեր անցնում են կողքով: Բայց մի ազդու թրթիռ կա նրա աչքերում, որ ասես կապում է ժամանակներն իրար բարա՜կ, բարակ թելով ու ասում՝ զգույշ անցեք: Վազգեն Սարգսյանի արձանն է կայարանամերձ պուրակում: Եթե դու չես շտապում հեռանալիս, նրա հայացքը կարող է երկար ժամանակ մնալ նշանակետումդ՝ ակամա ուսումնասիրության առարկա: Մինչև որ մեքենան շարժվի տեղից՝ տեղափոխելով քեզ այլ ժամանակ, որը, ո՞վ գիտե, սրտատրոփ սպասում է առջևում: Ժամանակը… կարող է ետ գնալ, կամ առաջ, կամ, ի՞նչ իմանաս, ո՞ր պատի ետևում թաքնվել: Չէ՞ որ, երբ դու սպասում ես, նշանակություն չունի՝ որ ժամանակում ես հայտնվել: Ես հաճախ եմ այնտեղ կորցնում ժամանակի զգացումը: Մինչև… եկավ նա՝ իմ հերթական ուղեկիցը Վանաձորից Երևան ճանապարհին, ու տաքսու վարորդը, հոգնած սպասումից, ասաց՝ շարժվեցինք:
Կինը տեղավորվեց վարորդի ետևի նստատեղին, ինձնից ձախ՝ մեկ անձի հեռավորությամբ: Եթե ծխախոտի հոտ առնեի, անվարան կեզրակացնեի, որ երդվյալ ծխող է՝ անհիշելի ժամանակներից: Բայց նրա խամրած մազերը ջրածնի պերօքսիդի մեռյալ գունազրկման տակ չէին խոստանում որևէ բուրմունք առհասարակ, ու մտածեցի, որ դեմքի դալկությունն ու եղունգների թեթևակի կապույտը ոչինչ չեն նշանակում: Նման տեսքով կանանց ընդունված է համարել ճակատագրական. չգիտես ի՞նչն է նրանցում ոչ շարքային, բայց նրանք բոլորն ունենում են դեմքի անօրինակ խնամվածություն, թափառուն ու դրամատիկ հայացք, վառ շրթներկ, կամ, ինչպես այդ կինը, շրթներկի իսպառ բացակայություն, ապա՝ ամենակարևորը՝ սառը մագնիսականություն, որը ցանկացած տղամարդ ջերմացնել է ուզում: Տղամարդը: Կանայք, որ ավելի զգուշավոր են, սովորաբար չեն տրամադրվում դեպի նման անձը: Ու ես, որ իմ անցած բազմազան ճանապարհներին շատ եմ հանդիպել նմանատիպ տիկնանց, շփման որևէ հնարավորություն բացառեցի առաջին իսկ րոպեներից:
Օրը կիսաարև էր. պատուհանից մերթ լույս էր թափանցում, մերթ քամի: Ես, ասես զգուշավորություն պահելով, հենվեցի մեքենայի դռնակին, ու գլուխս ապակուց սառեց մի պահ, բայց անհաղորդ էի նստել: Թեքվել ուղեկցիս կողմը նույնպես չէի ցանկանում: Պայուսակիցս հանեցի գրքույկների տրցակը, որ ծանոթս էր խնդրել տեղափոխել՝ գրախանութ հանձնելու, առաջին պատահածը վերցրի ձեռքս ու սկսեցի կարդալ: Եգիպտական աստվածությունների մասին ռուսերեն մի հրատարակություն էր, որը աստղակերպերի միջոցով բացահայտում էր մարդկային էությունները: Ապշելու զուգադիպություն, հայացքս ընկավ հենց այն տողին, որտեղ իմ ամսանունն էր նշված, ու գուշակս, օ՜, Աստված իմ, ինձ համար կանխանշում էր Օսիրիսին հատուկ գծեր: Անդրաշխարհի ու իրական կյանքի միջև կանգնած մի ուժ, որը երբեք չի մեռնում և խորհրդանշում է նորացում՝ ունակ կարդալու ուրիշների մտքերը, և ումից հնարավոր չէ ոչինչ թաքցնել:
Դե իհարկե, հենց այդ գործին էի այդ պահին: Կնոջ ներկայությունը մեխի պես սպառնալիք էր դարձել. եթե մեքենան մի քիչ կողքի գցեր ինձ ընթացքից, մխրճվելու էի նրա սառցե ծակոցի մեջ: Եվ այնուամենայնիվ, ինչ-որ առեղծված կար նրանում:
Սև կարճլիկ զգեստը, որի փեշը հազիվ ծածկում էր մետաքսե զուգագուլպաներով ոտքերը, նրան բավականին սազում էր: Ականջներին՝ ադամանդե օղեր, որոնք դժվար թե երևային, եթե թափանցող քամին մի պահ ետ չտար վարսերը, ու դրանց փայլը չհամընկներ արևի լույսին: Հավանաբար ժամադրության է շտապում: Ճիշտ է, առանձնապես զուգված չէ, բայց թանկարժեք խնամվածություն ունի, գնահատում էի մտքումս: Պիտի որ աշխատելիս լինի որևէ դրամաշնորհայինն կազմակերպությունում, հնարավոր է՝ բարեգործական, գործով ու ընտանիքով էլ առանձնապես ծանրաբեռնված չէ, չնայած՝ չներկված եղունգները վկայում են, որ մատների հետ է կապված աշխատանքը: Կլինի 42-45 տարեկան, թեպետ մի տասնամյակ փոքր է երևում: Ամուսին. չէ, չունի: Որովհետև շաբաթ օրով, դժվար թե, ամուսին ունեցող կինը, սև կարճլիկ զգեստով, մեկնի այլ քաղաք: Այո՜, մտածեցի, այս կնոջ հետ ձանձրալի չի լինի հաստատ, ու հավանաբար, ով սպասում է նրան, պիտի որ ժամերը հաշվելիս լինի:
Ինտելե՞կտը. պիտի որ չափավոր բավարար լինի. նման կանանց դեմքից անմիջապես դժվար է եզրակացնել՝ ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ: Հնարավոր է՝ երազանք է ունեցել որևէ բուհ ընդունվել, բայց չի հաջողվել, ապա՝ անձնական ինչ-որ դիպված, ու այլևս չի փորձել: Ճակատի թույլ արտահայտված կնճիռներից նկատելի էր, որ մտքերի ետևից ընկնելու սովորություն ունի, և, ըստ ամենայնի, ինքնակրթությամբ բավական առաջ էր գնացել:
Հազիվ կես ժամ ճանապարհ լինեինք անցած, և ես, անկախ ինձնից, կնոջը չնկատելու հնարավորության բոլոր պաշարներս սպառել էի արդեն: Ու կիսափակ աչքերով սկսեցի նայել պատուհանից դուրս: Շուտով հասնելու էինք Ծիլքար գյուղին. շրջակա սարերին տեղ-տեղ բուսած սոճիները վատ սափրված տղամարդու դեմք էին հիշեցնում, ու ես մտքումս ուրախացա նույնիսկ, որ կնոջից այդպես նրբորեն կարողացա անցնել ավելի հուզիչ տեսարանի: Ի՜նչ ասես որ չի անցնի մտքովդ, երբ առանց շտապելու ճանապարհ ես գնում ու հաճույքով կքնեիր, եթե գիշեր լիներ:
Դիմացի սարալանջին կեսօրյա նինջ մտած արևը իմ օրորի տակ երևի լրիվ մտքափոխվեր, եթե մեքենան, անսպասելի, չսկսեր թափահարել ետևի անիվները, ու ես տեղումս չցցվեի: Միայն սա էր պակաս: Վարորդը արգելակեց մեքենան ու առանց բառ ասելու դուրս պրծավ: Բաց դռնից անմեղ ոչխարների մայուն լսվեց, ապա վարորդի անկանոն հայհոյանքը՝ նախ անվի, ապա անցնող բոլոր ոչխարների ու անիվը սարքողի հասցեին:
-Սատկած էշի գլուխներ…
Քամին բարեբախտաբար քշեց նրա բարկացած ձայնը, ու վարորդի ողջ գիտելիքները լսելու բախտը տեղնուտեղը փակվեց:
-Ակը նստել ա. պիտի փչվի, – գլուխը ներս բերելով՝ ասաց նա,-Երկար ժամանակ չի քաշի, մի կես ժամ,- ու բանալիների խուրձը վերցնելով՝ փակեց դուռը:
Կնոջ դեմքը հրավառության պատրաստվող երեխայի պես բացվեց, բայց՝ հակառակ արտահայտությամբ: Նրա անշարժ մկանները ապրելու նշաններ ցույց տվեցին, ամպրոպի նման կուչ եկան, ու ես վախեցա, թե միանգամից կանձրևեն: Սակայն լռությունը շարունակվեց: Համակ ուշադրություն՝ դրսի ձայներին, ու վարորդի կռիվը օդամղիչի հետ, որը, դատելով նրա գործողություններից ու գլխի շարժումներից, հրաժարվում էր ծառայել նպատակին:
Լռությունը գնալով անտանելի էր դառնում: Ու հանկարծ… կինը հեծկլտաց.
-Այդպես էլ գիտեի…
Նա ոչ թե բարձրաձայն մտածում էր, այլ հենց ինձ էր ասում:
-Այդպես էլ զգում էի, որ ուշանալու եմ:
-Շտապո՞ւմ եք,- ակամա ստանձնեցի հանպատրաստից զրուցակցի դերս՝ քաղաքավարությամբ ընդունելով կանոնները:
-Այո, պիտի հասցնեմ մեկ-երկու ժամից լինել պայմանավորված տեղում: Եթե ուշանամ, գնալս ավելորդ է դառնում:
-Գուցե զանգահարե՞ք, ասե՞ք, որ նման իրավիճակ է,- մտածեցի՝ հեռախոս չկա ձեռքին և առաջարկեցի իմը՝ հանելով պայուսակիցս:
-Ոչ, ոչ, դրա կարիքը չկա. միևնույն է՝ երբ հասնեմ, հասնեմ: Հոգեբանիս մոտ եմ գնում, հերթական այցի. շաբաթ օրերին նա մինչև կեսօր է աշխատում:
-Այո, կասեք նրան, որ վթարային իրավիճակում եք հայտնվել, ու Ձեր հասնելը Ձեզնից անկախ հետաձգվում է:
-Չէ, շատ կանհանգստանա. հենց ասեմ՝ վթարի մեջ եմ, ինչ ասես մտքով կանցնի:
-Պարզ է,- հասկանալով, որ կնոջը ժամանակ է պետք տալ՝ լռեցի: Բայց զգացի, որ այդ ամբողջ ժամանակ պատրաստվել է զրույց սկսել ու սպասում էր հարմար պահի, և հետագա ամբողջ ճանապարհին ինչ-որ կարևոր բան է ասելու ինձ:
Վարորդի շարժումները դռան հայելու մեջ զավեշտալի էին դառնում. նա մեկ կքանստում էր, ու երևում էր միայն դեմքը՝ փորլուծով տանջվողի արտահայտությամբ, ապա կանգնում էր, ու երևում էր միայն իրանը, ու թվում էր՝ հիմա էլ տաբատի կոճակներն է կոճկում: Սակայն դեռ չավարտած՝ նորից կքանստում էր, ու ամենը կրկնվում էր՝ էլ ավելի ուժգին տանջանքով: Ես բարձրաձայն կծիծաղեի, եթե մենակ լինեի, բայց կնոջ ներկայությունը ստիպում էր լուրջ մնալ, ու կողքի՝ երրորդ աչքովս նկատեցի, որ նա նույնպես ժպտում է: Նրա շուրթերն անշարժ էին մնացել, բայց աչքերում կայծ խաղաց, ու ադամանդափայլ ականջօղերը արևի հետ մի պահ փայլատակեցին նորից:
Քամին ապակու մյուս կողմից շշնջում էր հովվերգական պատմություններ հազարամյակներ ու հարյուրավոր տարիներ առաջ այդ տեղանքով անցած հետիոտն ու սայլավոր ուղևորների մասին, որոնք ճանապարհի երկարությունը կոտրելու համար դնդնացել էին քթների տակ կամ էլ երգել բարձրաձայն՝ խլացնելով շրջակա անտառները: Ո՞ւր են շտապել նրանք, ի՞նչ են փոխադրել իրենց սայլերով կամ խուրջիններով, քաղցած, ծարավ քանի՞ շուրթ է Աստծուց մանանա խնդրել այս ոլորաններին՝ ոտքները ցեխի ու սայլանիվը՝ փոսի մեջ խրված: Ես մտովի համեմատում էի դարերն ու մտածում, թե ճանապարհ գնացողը, ասֆալտին լինի, թե երկաթգծին, օդուղու վրա, թե ծովին՝ միևնույն է, միշտ էլ կանգ է առնելու այս վարորդի պես ու կռիվ է տալու խոչընդոտների հետ՝ հարթելու իր անցնելիք ճանապարհը…
Մինչև կինը հանկարծ նորից խոսեց.
-Գիտե՞ք, իսկ ես Ձեզ միանգամից ճանաչեցի:
Իսկապե՞ս. գնալով հետաքրքիր է դառնում: Այս կինը, այս խորհրդավոր անծանոթուհին ոչ միայն խոսել է կարողանում, այլև, փաստորեն, ճանաչո՞ւմ է ինձ: Ի՜նչ բարեբախտություն, որ աշխարհը դեռ այսպես սիրալիր է, ու այնտեղ՝ պատանեկությանդ քաղաքում, դեռ ապրում են մարդիկ, որոնք քեզ ճանաչում են: Ու ճանաչում են իսկույն, երբ դու ոչ էստրադայի աստղ ես, ոչ նշանավոր եկեղեցաշինարարի տիկին կամ ՄԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ (ես ակամա ժպտացի մտքիս սլացքի վրա): Ու միակ տարբերակիչը ստորագրությունդ կարող էր լինել, այն էլ թողել ես այն փոքրիկ քաղաքի խունացող լրագրերի էջերին՝ որպես էջանիշ պատմության համար… Եվ ուրեմն՝ որտեղի՞ց կարող էինք ծանոթ լինել: Իսկ միգուցե ոչ էլ ճանաչե՞լ եմ քեզ, ու դու եղել ես իմ աներևույթ ու հեռակա մրցակցուհի՞ն երբևէ. այո՜, անժխտելի է, որ մենք բոլորս ինչ-որ ժամանակ եղել ենք չափազանց երիտասարդ և ունեցել ենք առաջին ձյան պես հարթ դեմք ու սիրտ ու մաքրություն: Իսկ միգուցե, օ՜ նվեր ճակատագրի, ամուսնուս սիրուհի՞ն ես եղել, որ լքվածի խանդով հիմա ուզում ես կասկածի աղետ գցել սիրտս: Կնոջ շիկահեր գլուխը մի պահ աչքերիս առջևը ողողեց: Կանայք սիրում են, չէ՞, շեկ կամ կարմիր վարսաթելեր փնտրել պարբերաբար, ամուսինների գրպաններում, և հավասարապես տխրում են, երբ գտնում են, ու հավասարապես տխրում են, երբ չեն գտնում: Որովհետև երկու դեպքում էլ իրենց խաբված են զգում… Բայց աչքերս արագ պարզվեցին, և կնոջ անխռով ու դրամատիկ խաղաղությունը վերստին գրավեց ինձ իր կողմը:
-Դուք մեր կողքի փողոցում էիք ապրում. հիշում եմ, թե ոնց էիք Ձեր դստրիկի ձեռքը բռնած մանկապարտեզ տանում: Քայլում էիք շտապելով, համարյա վազելով ու Ձեր դստրիկը Ձեզ դրանում աշխատում էր օգնել: Դուք հավանաբար հեքիաթ էիք նրան պատմում ճանապարհին, փոքրիկ քայլերը ոտքերի առաջ էին ընկնում, հյուսիկները՝ ետ, ու աշխատում էր որևէ բառ բաց չթողնել: Դուք կարծես իմ առավոտվա ժամացույցը լինեիք:
Կինը առաջին անգամ այդ ամբողջ ընթացքում ժպտաց: Ավելի ճիշտ՝ ես հասկացա, որ ժպտաց: Նա դադար առավ՝ շունչ հավաքելու ու շարունակեց:
-Դուք այն ժամանակ երիտասարդ էիք շատ, ասենք, ինչպես և ես… Հիմա հմայիչ եք… Փոքրիկը Ձեր առաջնեկ աղջիկը չէր, չէ՞:
Չնայած կնոջից հեռու մնալու իմ ողջ նախատրամադրվածությանը, ես զգացի, որ աստիճանաբար ավելի մոտենում եմ նրան: Կինը խոսել էր ուզում, աչքերում տեսա այն կայծը, որը լինում է, երբ անսպասելիորեն գտնում ես մի բան, ինչը տեսադաշտից կորցրել էիր և ուզում ես զգույշ լինել, որ հանկարծ ձեռքիցդ չսահի ու չկորչի նորից: Քաղաքավարական հաճոյախոսությունները կանանց արագ են միմյանց համակրելի դարձնում: Ես փոխադարձեցի.
-Դուք հիմա էլ երիտասարդ եք և հմայիչ…,- ժպտացի,- այո, հիշեցի այդ օրերը: Իսկ ես մտածում էի՝ որտե՞ղ Ձեզ հանդիպած կլինեմ: Աշխատանքի բերումով հաճախ եմ բուժհիմնարկներն այցելել, Դուք պատահաբար բուժաշխատող չե՞ք:
-Այո, բուժքույր եմ մասնագիտությամբ, բայց երկար տարիներ աշխատում եմ տարբեր մարդասիրական ծրագրերում ու հիմնականում արդեն դրանցով եմ զբաղված: Չլիներ այդ աշխատանքը՝ ի՜նչ էի անելու: Շփումս մարդկանց հետ շատ է, երբեմն հանգստանալ եմ ուզում, բայց երբ կտրվում եմ գործից, մտքերս ինձ խելագարության կարող են հասցնել…
Ես հիշեցի, որ կինը հոգեբանի մոտ էր շտապում: Մեր օրերում հոգեբանը արտակարգ երևույթ չէ այլևս, ինչպես մեր տատերի ու մայրերի ժամանակ: Երբ կանայք իրենց խնդիրները լուծում էին միմյանց հետ հեռախոսով կամ բակի նստարաններին նստած զրուցելիս: Մտքումս որոշեցի, որ դա նորաձևությունից ետ չմնալու քայլ կարող է լինել կնոջ կողմից, քանի որ հոգեպես խճճված լինելու տպավորությունը ջնջվեց նրա առաջին իսկ բառերից հետո:
-Արդեն որոշակի ժամանակ է՝ այս ճանապարհը ինձ համար դարձել է կարծես կյանքի ճանապարհ. ես կամ աշխատանքային հարցերով եմ մեկնում Երևան, կամ՝ հոգեբանիս մոտ: Եթե չլիներ նա՝ չգիտեմ ինչ եղած կլիներ ինձ հետ:
Կնոջից առաջ ընկնելու և հարցեր տալու ցանկությունս զսպեցի: Պայուսակիս մեջ եգիպտական աստվածությունները ձգում էին թևիցս, իսկ Օսիրիսը պահանջում էր համբերատար կերպով լսել:
Ապակիների վրա անձրևի բարակ շիթեր հայտնվեցին: Բայց դժվար թե վարարեին: Ամպերի ետևից ծիկրակող արևը խոստանում էր վարորդի օրը չհարամել: Նա դեռ կքանստում էր ու վեր կենում՝ «կոճակները կոճկելու», ապա նորից կքանստում էր, ու ո՞վ գիտե՝ դեռ էլի որքան էր այդպես տանջվելու: Կինը գնահատեց իմ լռությունը, և զգացի, որ հանձին ինձ՝ գտավ բարեկամի: Ես հասկանում էի, որ պիտի կարողանամ այդ փոքրիկ ժամանակահատվածում նրա համար դառնալ այն թանկագին մարդը, ում մոտ նա անվարան ու անկեղծ խոստովանություն էր թողնելու: Ինձ ընտրության հնարավորություն տրված չէր, ես ակամա խոստովանամոր դերում էի արդեն՝ այն պահից, երբ ընդունեցի զրույցի նրա կանոնները:
-Գիտե՞ք, իսկ հետո մենք դպրոցում նույն դասարանի ծնողներ էինք, ու մեր դստրիկները սկզբում իրար կողք էին նստում, ապա աղջկաս տեղափոխեցին ետևի նստարան, քանի որ տղայի պիտի նստեցնեին Ձեր աղջկա կողքին: Աղջիկները տղաներին կարողանում են դասի մեջ կենտրոնացնել, սաստում են շատախոսելիս ու օգնում են գրավորների ժամանակ:
Կինը այնպես զվարթ շարունակեց, որ զարմացա նույնիսկ: Ես այդպես մանրամասնորեն չէի հիշում ու միայն հանուն քաղաքավարության գլխով արեցի.
-Այո, այո, հիշեցի Ձեր աղջկան:
-Կապույտ աչքերով, սպիտակ ժապավեններով ու ժպտուն դեմքով. հիշեցի՞ք իսկապես:
-Այո՜,- վերջապես իրոք մտաբերեցի ես,- այն սիրունի՜կը… Հրա՜շքը, ո՞նց կարող էի մոռանալ նրան…
-Շատ տարիներ են անցել. եթե մոռացած էլ լինեիք՝ չէի զարմանա: Հազար ու մի բան կա կյանքում, որ գրավում է մեր ուշադրությունը: Նախկին տարիներից միայն ամենակարևոր բաներն ենք հիշում, իսկ եթե չենք էլ հիշում, անհրաժեշտ պահին նրանք մեզ հիշեցնել են տալիս իրենց մասին: Հոգեբանս ասում է, որ դրանք հիշողության փրկօղակներն են, որոնք մեզ ճգնաժամերից հանելու լավ միջոց են:
Կինը նորից ժպտաց: Ես նկատեցի, որ նա ավելի հաճախ էր սկսել փայլատակել: Ու ամեն ժպիտի հետ ավելի էր գեղեցկանում ու նրբանում: Պատնեշը մեր միջև իսպառ ցրվում էր:
-Հիմա ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղված Ձեր աղջիկը,- հարցրեց:
-Դեմ ինչպես բոլորը՝ դպրոցից հետո համալսարան, քննություններ անվերջ: Մինչև կանցնի աշխատանքի:
Կինը ուշադիր լսում էր, բայց ես մանրամասների իրազեկումից զերծ մնացի. չէ՞ որ հասկացել էի, որ խոսելու իր ժամանակն է, իր ընտրած տևողությունը «խոստովանության» համար:
-Ձեր դստրի՞կն ինչ արեց, նույնպես՝ համալսարա՞ն:
-Այո, նա էլ սոցիոլոգիայի ֆակուլտետ ընդունվեց: Շատ էր սիրում այդ ճյուղը: Դե, երեխա ժամանակից միշտ ինձ հետ տանում էի ծերերի, անտուն ու անօգնական մարդկանց հետ հանդիպման: Նա մեր ծրագրերում ակամա միշտ ներկա էր և երբ դպրոցն ավարտեց՝ կասկած չկար, թե ուր է դիմելու:
-Դա շատ կարևոր է, երբ ընտրությունը նպատակային է լինում: Հաճախ մեզ էլ, մեր երեխաներին էլ հույզերն ու նախասիրություններն են առաջնորդում, այնինչ որոշ ժամանակից համոզվում ենք, որ հարկավոր էր ավելի գործնական լինել:
Կինը թեթևակի ետ ընկավ նստատեղին, հառաչանքի պես հոգոց թռավ կոկորդից, որն առանց ձայնի գրավեց ամբողջ օդը: Ինչ-որ ողբերգություն էր թաքցնում նա, ու սիրտը, եթե հագուստը չլիներ, դուրս կթռչեր տեղից, քանի որ խփոցները նկատելի էին անգամ մինչև վերջ կոճկած ժակետի տակից:
-Այո, ավելի քան գործնական: Նա հենց այդպիսին էր: Շատ եմ մտածել՝ ինչո՞ւ և ե՞րբ դարձավ այդպիսին:
Մեքենան վարորդի անկանոն շարժումներից երբեմն տատանվում էր, բայց ես նկատում էի, որ կնոջ ձեռքերի դողը ներսից է: Հանդարտվելու համար ուշադրությունը շեղեցի.
-Հավանաբար Ձեր հոգեբանը արդեն մտածում է, որ չեք գնալու: Գուցե մտափոխվեք՝ զանգե՞ք:
-Դեռ ժամանակ կա: Նա միշտ մի ժամ ավելի է սպասում ինձ. արդեն հարմարվել է իմ գրաֆիկին: Դե, հեռու տեղից հասնելը միշտ կանխատեսելի է իր անկանխատեսելիությամբ:
-Պիտի որ կարգին մարդ լինի:
-Գիտե՞ք՝ ավելի մտերիմ դժվար թե ազգականը լիներ: Նա ինձ դուրս է հանել, կարելի է ասել, շիրիմի միջից: Ես ոչ ոք չունեմ հիմա, ոչ ոք… Մայրս է, ու ընկերներս: Ինչ-ինչ՝ ընկերների հարցում բախտս բերել է…
Կնոջ խոսքերը հասնում էին մեկը մյուսի ետևից շամփրող, հարցերի տարափ առաջացնելով, բայց ես լուռ էի մնում: Շուտով նա ինքն էր ասելու, թերևս, ամենից ծանրագույնը, ամենից անսպասելին, ինչը, հանկարծ… ասեղի պես ծակեց միտքս…
-Աղջիկս… Նա չկա հիմա… Երկու տարի առաջ ինքնասպան եղավ…
Ես օդի պակաս զգացի… Չզգացի, թե ոնց միանգամից փուլ եկա. վերջին վայրկյանին էի միայն գլխի ընկել, թե ինչ կարող էր պատահած լինել: Ու արցունքները ողողեցին ինձ, գլուխս պահել էի գրկումս՝ անկարող տիրապետելու ինձ: Կինը լուռ էր: Նա նույնպես լալիս էր. առանց արցունքների… Կյանքումս էդպիսի ողբ տեսած չկայի՝ այդպես անձայն, բայց այդպես բարձր…
Երբ վարորդը, գործն ավարտելով ու ցրտից սառած ձեռքերը շփելով նստեց մեքենան, մտքով չէր էլ անցնի, որ ներսում եղած երկու կանայք, որոնց թողել էր տարբեր պատուհաններից նայելիս, հիմա դեպի իրար թեքված լալիս են: Ցավը կարող է լացով արտահայտվել մի քանի րոպե միայն, հետո նա դառնում է առօրյայի բաղադրիչ ու մեկ թուլանալով, մեկ ուժգին ցնցելով, տարբեր ալիքների վրա տանում է առաջ: Ու մենք, հանձնված ճանապարհի ընթացքին, կամաց վերագտանք մեզ: Վարորդը մի որոշ ժամանակ միացրեց մեքենայի տաքացուցիչը, օդը ջերմացավ, բայց ապակիների վրա գոլորշին շարունակում էր արցունքներ նկարել՝ երկար ու թափանցիկ ժապավեններով, որոնք ինձ հիշեցնում ու շարունակ հարցեր էին տալ այն փոքրիկ հիասքանչ աղջնակի մասին, որին տեսել էի առաջին դասարանում, իսկ հետո մեր դպրոցների ճանապարհները բաժանվել էին:
Կինը արդեն սովոր էր տրամադրության արագ անցումներին: Նա պայուսակի մեջ ինչ-որ բան սկսեց փնտրել, գտավ. անանուխի կոնֆետ էր, որից ինձ ու վարորդին էլ առաջարկեց: Ես հրաժարվեցի: Վարորդը վերցրեց, ճռճռոցով քանդեց թուղթը, ու երկար ժամանակ տաքացուցիչն ու անանուխի բույրը միահյուսել էին մեքենայի ներսը անզգայության մի մթնոլորտի, որը, զարմանալիորեն, ճնշող չէր ու գնալով բացվում էր՝ մոտակայքում երևացող գյուղերի տների տանիքներին ցրելով կուտակված ամպերը:
Ճանապարհի կեսն անցել էինք արդեն, հասնում էինք Ապարանին. հեռվից երևաց նշանավոր փռի ցուցանակը, վանիլի ու թթխմորի տաք շունչը շուտով դիպավ կիսաբաց ապակուն, ու վարորդը կանգնեցրեց մեքենան:
-Եթե կուզեք՝ իջեք, գնումներ արեք: Մի տաս րոպեից կշարժվենք:
Դուռը բացելով՝ նա մի մեծ պայուսակ վերցրած դուրս եկավ:
-Այստեղից երբեմն տաք հաց եմ տանում հոգեբանիս համար: Բայց վստահ չեմ, որ կհասցնեմ նրան տեսնել այսօր,- նորից խոսեց կինը:
-Կհասցնեք,- հուսադրեցի,- ինչպես երևում է՝ վարորդը գերազանց է կարողացել անիվը նորոգել:
-Ըհը. մասնագետ է,- նորից ժպիտ. կնոջ այն ժպիտներից, որոնք ես ոչ թե տեսնում էի, այլ զգում:
-Գիտե՞ք, անգամ եթե չհասցնեմ, այնքան էլ չեմ տխրի: Այնպես խաղաղվեցի Ձեզ հետ զրուցելով:
Կնոջ հետագա խոսքերը մենախոսության նման էին հնչում. ես շշուկով անգամ չէի ընդհատում նրան. նա պիտի դատարկվեր, ու ես դա շատ լավ էի հասկանում:
-Ամեն անգամ, երբ անցյալից հանդիպում եմ մեկին, ում երկար տարիներ չեմ տեսել, ներկան ինձ համար գունավորվում է: Այդտեղ, այդ անցյալում, որտեղ նա դեռ ողջ է… Նա սկսում է ապրել նորից, ու տեսնում եմ ծիծաղը, ձայնն եմ լսում, ուտելը՝ սեղանի շուրջ, երբ սիրած ուտեստն էի սարքում, քնած ժամանակ հոնքերի խաղը, վազվզելը տնով մեկ, երբ ուրախ լուր էր ունենում: Շունչս կտրվում է, ու թվում է, թե կարող եմ հենց այդ կետից դեռ շարունակել կյանքս: Թե այն, ինչ եղել է, ծանր մղձավանջ է, վաղուց տեսած ու կիսամոռաց ֆիլմ…
Կինը դադարներով էր խոսում: Այդպես խոսում են, երբ երկար մտածված ու կշռադատված բաներ են ասում բարձրաձայն: Մտքեր, որոնք որքան էլ տարբեր կետերից սկսվեն, գալիս ինչ-որ պահի հանգում են նույնին` ինչը քեզ հանգիստ չի տալիս, ու ազատվելու համար պիտի այն դուրս լցնես…
-Մենակ եմ մեծացրել նրան, միակ օգնականը մայրս է եղել: Երկրաշարժից հետո ծանր տարիներ էին, կհիշեք, մոմի լույսի տակ մի գիշերվա մեջ սվիտեր էր գործում ձեռքով, որ հաջորդ օրը մանկապարտեզ գնալիս չմրսի: Ուզած կոնֆետը, ուզած խմորեղենը, ուզած տիկնիկը… Ոչինչ չեմ խնայել: Եղել եմ այն գործիքը, որը ծառայել է նրան՝ իր ուզած պահին միշտ պատրաստ: Այնպես էի սովորեցրել, որ հասկանում էր՝ ինձ համար ամեն ինչ է, ամեն ինչ ու ամենից թանկը: Երևի թե դրանում էր գաղտնիքը, որ հենց ինչ-որ պահի թերանում էի, ու կարծում էր՝ էլ ամենակարևորը չէ, գլուխը կախում էր…
Ինձ հարցնում էր՝ մամ, ինչքա՞ն ես ինձ սիրում: Ասում էի՝ կյանքիս չափ: Ծիծաղում էր, ասում էր՝ ճիշտ չես ասում…
Արդեն բավական հաջողությունների էր հասել. ոչ միայն ուսման մեջ, կինոյում նկարվելու առաջարկ էր ստացել նույնիսկ, գլխավոր դերում: Կանչել էին կինոփորձերի, բազմաթիվ դիմողներից հենց իրեն էին ընտրել: Ասել էին՝ իսկը գլխավոր հերոսուհու տիպաժ ես: Հանձնարարել էին մազերի գունը չփոխել, ավելորդ ոչ մի ներկ ու գույն չավելացնել դեմքին: Տեղից էլ գունեղ ես՝ կատակել էին:
Երբ տուն եկավ, ցնծում էր. կյանքը ծովի պես ծնկներից էր: Երջանիկ էր զգում իրեն: Ու զանգեց նշանածին՝ Ֆրանսիա, որ հայտնի ուրախ լուրը:
Այո, այո, արդեն հասցրել էր նշանվել: Ու, որքան վեր եմ լուծում իրադարձությունները, ամեն ինչ, ամեն կասկածելի դրվագ հենց այդ փաստից է սկսվում…
Մեքենայի շուրջբոլորը մարդիկ էին գնում-գալիս, որոնք տոպրակներով ու հացի սեփեկան փաթեթներով թոնրատնից դեպի իրենց մեքենաներն էին շտապում: Նրանցից շատերը փչում էին ձեռքներին՝ չվառվելու համար, ու թվում էր՝ աշխարհը հաց է որ կա: Դուրս բերես գլուխդ՝ գլխիդ հաց կտեղա, ներս բերես՝ հացերը կընկնեն գիրկդ՝ փաթիլների նման: Մի ուրիշ օր գուցե կարելի էր զվարճանալ այդ տոնահանդեսով, բայց… կնոջ ձայնը ինձ տեղափոխել էր այլ իրականություն: Ու շարունակությունը լսելու, փրկության ինչ-որ սողանցք գտնելու հույսեր էր տալիս:
-Սոցցանցում էին ծանոթացել, չգիտեմ՝ որքան ժամանակ էին շփվել այդպես, բայց զգում էի, որ աղջիկս փոխվում է: Դե, սկզբում դա կապեցի սիրահարված լինելու հետ, նա ավելի զուսպ ու ինքնամփոփ էր դառնում գնալով, սահմանափակում էր դրսում անցկացնելիք ժամանակը ու ամբողջ ընթացքում աշխատում էր էկրանին կպած մնալ: Մի օր էլ հայտարարեց, որ նշանվելու են: Ասաց՝ տղան ծնողների հետ Ֆրանսիայում է ապրում, վաղուց են տեղափոխվել ու իրեն էլ պիտի տանեն: Եկան մի օր, տղան՝ ընկերոջ և ընկերոջ կնոջ հետ, նշանի մատանին դրեցին մատին ու ինչպես եկել էին, այնպես էլ գնացին: Չհասցրի նորմալ ծանոթանալ անգամ: Դրանից հետո միայն էկրանն էր շփման միջոցը:
-Մամ, դու պիտի վարժվես կամաց, պիտի վարժվես մենակ, առանց ինձ ապրելուն,- ասում էր՝ հենց խոսք էր բացվում իր տեղափոխվելու մասին:
-Մամ, ո՞նց չես հասկանում, որ այնտեղ հազար անգամ ավելի լավ է, քան էստեղ, ինքդ կշռադատիր, ապա ասա Ֆը-րան-սի-ա… Դա բոլորովին ուրիշ երկիր է, ուրիշ բարքեր, ուրիշ օրենքներ և լրիվ ուրիշ հնարավորություններ: Դու հաճախ հյուր կգաս, չենք թողնի կարոտես, մի մտածիր… Բայց կամաց վարժվիր, վարժվիր, ու լեզուն էլ սովորիր,-համոզում էր ինձ: Վերջին շրջանում համարյա ամեն բան թողել էր ու միայն նոր լեզուն էր սովորում: Էլ չասեմ, որ կինոյում նկարվելու առաջարկն էլ, բնականաբար, մերժեց: Տղայի սրտով չէր եղել, ասել էր՝ ինչի՞դ է պետք:
Վերջին շաբաթներին նկատելիորեն ավելի մտազբաղ էր դարձել, ոչ մի շփում ոչ մեկի հետ, ամբողջ ուշքն ու միտքը գնալն էր: Ես աշխատանքի էի գնում, վերադառնում հոգնած, ի՞նչ իմանայի՝ թե մտքում ինչ կա, ինչպես են պլանները փոխվել: Ինքը համալսարան անգամ արդեն չէր գնում, ասում էր՝ կհասցնի, կհանձնի քննությունները, չմտահոգվեմ: Այնինչ… Թողել էր ամեն ինչ… Այդ ի՜նչ ազդեցություն ունեցավ այդ տղան իր վրա: Չնայած՝ համառություն ինքը միշտ էլ ուներ. եթե որոշում էր մի բան, պիտի անպայման իրականացներ…
Այդ օրը… Այդ չարաբաստիկ օրը… Անիծյալ օր… Տանն էի արդեն: Ինքը զրուցում էր ներսում հեռախոսով, իր գործերով էր: Լարվածությունը զգալի էր, բայց աշխատում էի չնյարդայնացնել իմ հարցերով: Ինչպես հասկացա՝ տղայի հետ վիճում էր: Հերթական վեճ՝ մտածեցի: Ու չզարմացա, այնքան որ հաճախացել էին նրանց կռիվները… Հանկարծ զանգ եկավ ինձ տղայից. ինձ զգուշացնում էր, որ ուշադիր լինեմ աղջկաս: Ասաց, որ սպառնում է ինքն իրեն վերջ տալ, եթե նշանից ետ կանգնելու որոշումը չփոխի ինքը: Ապշել էի, ցնցվեցի: Տեսա տանը չէ, կարծեցի՝ դուրս է եկել, դուրս վազեցի՝ փնտրելու… Ուշ ժամի, ուր ասես որ ման չեկա՝ գտնելու հույսով… Մինչև եկա տուն ու… տեսա նամակը սեղանին և իրեն… նամակի կողքին… պարանը վզին…
Եթե միայն շո՜ւտ ետ եկած լինեի, եթե միայն շո՜ւտ գլխի ընկնեի, թե ինչ է անելու… Եթե… տնից դուրս գալիս հասկանայի, որ տանն է եղել, պահ մտած ինձնից՝ մահճակալի ետևո՜ւմ…
Բայց… Այլևս ոչինչ հնարավոր չէր անել, ոչի՜նչ… Անհույս կորած էի… Ապրելու ոչ մի հեռանկար… Եթե իմանայիք՝ քանի՜ անգամ եմ երկնքին նայել ու մահ խնդրել ինձ համար… Մինչև մի օր հասկացա, թե դրանով ինչ հարված եմ հասցնում մորս… Որը նույնպես անօգնական տառապում էր ինձ հետ. նա՞ ինչով էր մեղավոր, նրա՞ն ինչու երկրորդ անգամ հասցնեի նույն ցավից… Ես հասկացա, որ պիտի ապրեմ… Ու պիտի կյանքին այլ կերպ նայեմ…
Սկզբում անվերջ տանջում էին մտքերը, թե ո՞նց եմ դիմանալու, թե էլ ի՞նչ իմաստ պիտի ունենա կյանքը ինձ համար: Ո՞նց եմ դիմանալու մարդկանց անվերջ-անվերջանալի հարցուփորձին՝ ոմանց՝ լուռ, ոմանց՝ դիմահար, կրակոցի պես սպանիչ: Մարդիկ…, անգամ ամենամտերիմները, կարող են երբեմն այնպիսի հարցեր տալ, որ ամեն տեսակի դատավճռից խիստ կարող էն լինել: Նրանք այսուհետ ինձ նայելու էին որպես… այն… աղջկա մոր, մատնացույց էին անելու՝ թաքուն կամ ակնհայտ, դատելու ու դատողություններ էին անելու: Ցանկացած պարանից ամուր գցելով վիզս իրենց խելոք-խելոք մտքերը, իրենց խղճահարությունը, օգնելու իրենց անվերջ պատրաստակամությունը… Ինձ ուրիշ բան էր հարկավոր, որ նրանք… հարգեին վիշտս ու չտանջեին ինձ իրենց հարցերով, իրենց այցերով… Բայց հիմա, երբ այսքան ժամանկ է արդեն անցել, հասկանում եմ, որ առանց այդ մարդկանց, այդ նույն մարդկանց… ես կդժվարանայի շնչել… Ես օրեցօր ավելի էի սիրում բոլորին՝ հասկանալով, որ եթե նրանց ներկայությունը իմ կողքին չլիներ, ես աչքերս այլևս չէի բացի: Չէի տեսնի երկինքը, չէի շնչի հացի այս բույրը, չէի զգա, թե ոնց է գարունը գալիս ձմեռից հետո, ու ոնց են բողբոջները պայթում ապրելու ցանկությունից: Ես չէի գտնի բարեկամներիս՝ հոգեբանին, ընկերներիս մեծ մասին, որոնց ավելի լավ ճանաչեցի…
Երբ առավոտները արթնանում եմ ու մտածում, որ պիտի աշխատանքի գնամ, օրս սկսում եմ պլանավորել. ամեն հանդիպում հիմա ինձ համար հատուկ նշանակություն ունի: Առաջ ես մտածում էի, թե ինչ կարևոր ու անփոխարինելի եմ ես, ու այդ ծերերի, անտուն մարդկանց, լքված ու որբացած երեխաների համար հավանաբար որքան կարևոր են իմ այցերը, իմ սրտակից խոսքը… Հիմա այդ ամենին նայում եմ բոլորովին այլ կողմից՝ թե որքան… կարևոր են նրա՜նք բոլորը ինձ համար, որքան կարևոր են նրանց խոսքերը՝ շնորհակալությամբ ու ջերմությամբ լի, որքա՜ն սիրտ են տալիս նրանք ինձ…
Ես երբեմն մտքումս ինձ նախատում եմ այդ բանի համար, թե, միգուցե, հենց սկզբից պիտի այդպես նայեի կյանքին: Միգուցե աղջկաս էլ վարակեի այդ մոտեցումով, որ… ինչպես մենք ենք մյուսների համար օդի պես անհրաժեշտ, այնպես էլ իրենք՝ մեզ համար, ու երբ ինչ-որ մեկի կյանքում մենք կորցնում ենք մեր նշանակալիությունը, դրանից ողբերգություն պետք չի սարքել… Միշտ կյանքը քեզ համար կբերի նոր ու նոր ծանոթություններ, ու դրանք բոլորը պիտի ընդունել որպես նվեր՝ ճակատագրից:
Գիտե՞ք ինչ եմ որոշել. երեխա եմ որդեգրելու: Մանկատանը մի տղա երեխայի եմ տեսել՝ տասը տարեկան: Ընկերացել եմ հետը, երբեմն գնում եմ իրեն տեսնելու: Հոգաբարձուների խորհրդին եմ դիմել, հիմա քննարկվում է որդեգրման հնարավորությունը, կարծում եմ՝ գլուխ կգա…
Մտածում եք՝ ի՞նչ եմ տալու այդ երեխային: Ես էլ եմ շատ մտածել, սկզբի համար նրան հեռու կպահեմ իմ բոլոր, բոլոր հիշողություններից, հետո, երբ կմեծանա, ժամանակը ցույց կտա՝ ինչը ինչպես ասել նրան… Շատ եմ ուզում իմ այս երկրորդ հնարավորությունը չկորցնել… Կյանքը ուզում եմ ապրել այնպես, ասես այն հարցից հետո, թե ինչպե՞ս կապրեիք, եթե Ձեզ երկրորդ հնարավորությունը տրվեր… Ես աղջկաս ասում էի, որ կյանքիս չափ սիրում եմ իրեն: Այո, ու շարունակում եմ սիրել, ու միշտ կսիրեմ, ինչպես այն ժամանակ: Ես… պարտավոր եմ այդ կյանքը գնահատել: Ու այն տանուլ տալու իրավունքը չունեմ…
Կինը խաղաղ էր խոսում. ճակատի խորշոմները հարթվել էին, ու դեմքն ավելի էր նրբացել: Անխռով, արժանապատիվ. նրա մենախոսությունը երջանիկ կլիներ լսել ցանկացած մեկը, ով կյանքը քիչ թե շատ հասկացել ու ճաշակել էր: Ես լսում էի, ու սեփական պտուղն էի քաղում նրա եզրահանգումից: Որքա՜ն քիչ բան կարող է մեզ երբեմն պետք գալ. ընդամենը հասկացող ունկ ու մարդկային ջերմություն…
Վարորդը վերադարձավ շուտով՝ հսկա պայուսակը գրկած: Զարմանալի էր, թե նրանում ո՞նց էին տեղավորվել այն բոլոր անուշեղենները, որոնք նա գնել էր խանութից: Նա թրմփաց իր՝ նստելու համար տեղադրված մերսող հարմարանքին, ու շարժիչը գործի դնելով՝ ասաց.
-Ժողովուրդ, էս անգամ իսկականից գնացինք:
Նրա ժպիտը հայելու մեջ արձագանքեց մի քանի անգամ ավելի պայծառ: Անուշեղենների տաք բույրը տարածվում ու տարածվում էր: Վարորդը երկու կարկանդակ մեկնեց դեպի մեզ.
-Հյուրասիրվեք, ժողովուրդ:
-Շնորհակալություն, հանգիստ վայելեք,- ժպտացինք:
-Ամեն էստեղով անցնելիս թոռներիս համար պարտադիր առնում եմ իրենց սիրած բաներից,- վարորդի ձայնն արդեն լսվում էր բրդուճի միջից. նա զվարճալի էր ուռած այտերով: Ձեռքը մեկնեց ռադիոյին, միացրեց ու հնչող երաժշտության տակ գլուխը տմբտմբացնելով շարունակեց ուտել և մեքենան վարել.
-Հենց Երևան հասնենք, ձեզ ամենքիդ ձեր ուզած տեղը կհասցնեմ, գիտեմ, որ ուշացրի ձեզ,- մի կերպ արտաբերեց նա այտերի միջից:
Մնացած ճանապարհը ես ու կինը անցանք մեր մտքերի մեջ: Չնկատեցինք, թե ինչպես հասանք, ու երևացին բարձրահարկ շենքերը, որոնց գլուխները արևի փնջի մեջ ասես բարդիներ լինեին՝ դեպի երկինք պարզված:
-Ձեզ ո՞ւր հասցնեմ, քույրիկ ջան,- հարցրեց վարորդը:
-Մոտերքում կանգնեք՝ ես իջնեմ: Իսկ այ տիկնոջը,- ես նայեցի կնոջը,- հնարավորինս շուտ հասցրեք իր ուզած տեղը:
-Բարի,- վարորդը կանգնեցրեց մեքենան, ու ես իջա: Իջնելիս սեղմեցի կնոջ ձեռքը ու շշուկով ասացի.
-Պինդ մնացեք… Դուք կկարողանաք…
– Շնորհակալ եմ, որ լսեցիք ինձ… Երևի… չեմ մեռնի,- ասաց, ու նրա ձայնը շուտով խլացավ դրսի ձայների մեջ:
Ես կանգնել էի մայթին, և մի երկար, բարակ թախիծ գրկել էր ինձ, ու չէի կարողանում շարժվել: Նայում էի մեքենայի ետևից, որը խառնվել էր ուրիշ մեքենաների պարսին ու փողոցի աղմուկին, մինչև անհետացավ:
Ճանապարհները… կամ հեռացնում են, կամ մոտեցնում՝ մի վայրից մյուսին, բերելով ու տանելով մարդկանց: Շատերի համար մենք մնում ենք աննկատ, շատերի համար՝ սոսկ պատահական ուղեկիցներ՝ անկարող հիշելու դեմքերն անգամ: Իսկ ոմանց համար… Ոմանց համար մենք պահաբար հայտնված ոչ պատահական մարդիկ կարող ենք դառնալ:
Երբեք չենք իմանա, թե մեզ ո՞ւմ կհանդիպեցնեն ճանապարհները: Եվ ո՞ւմ ետևից մենք կնայենք երկար ու կասենք հրաժեշտի համար ոչ սովորական խոսքեր.
-Չմեռնես երբեք…
20. 12. 2017թ.