Հրաչ Բեգլարյան | Չորուկը, Բենոն և մյուսները

Ինքնաթիռն ամպի քիթն արյունոտել էր թևով: Քսվել էր պատահաբար, չուզենալով ու ամպից ձյան փաթիլներ էին պոկվում ու թրթռում օդի մեջ: Քամին ասես ամպի վրեժը լուծելու համար միանգամից հարձակվել էր ինքնաթիռի վրա: Տատանել, տարուբերել էր, թափահարել, փորձելով դեն շպրտել իր ճանապարհից, բայց ինքնաթիռը լողացել էր քամուն խաբելով, մի կերպ անիվները հպել գետնին, վազել էր շնչապատառ ու հազիվ արգելակել էր թռիչքուղու ծայրին:
-Էս ի՞նչ «խամ շոֆեռ էր»,- ինքնաթիռի կանգնելուց հետո կատակել էր Բենոն ու ճակատի քրտինքը սրբելով վեր էր կացել տեղից,- էս անգամ էլ փրկվեցինք,- ասել էր ուղեկիցներին:
Հարութն ու Գևորգը ժպտացել էին նրա կատակի վրա ու շտապել: Ուղևորներն իրար էին խառնվել: Այնպես էին իջել ինքնաթիռից, ասես միջքաղաքային ավտոբուս էին նստել և տեղ հասնելուց հետո շտապում էին, որ իրենց գործերը ժամանակին ավարտեն ու իրիկնադեմին վերադառնան վերջին ավտոբուսով: Էժան չվերթով Ռուսաստանից եկել էին Գյումրիի օդակայան: Ինքնաթիռի մեջ նստած էին եղել ոտքերը կծկած, անհարմար դիրքով, բայց դիմացել էին: «Էժան մսի շորվան էսքան հազիվ էլ լինի»,- ասել էր Հարութն, ու հիմա ամենաշատը նա էր շտապում: Բոլորն էլ ուզում էին ժամ առաջ տուն հասնել, բայց ամենաշատը նա էր շտապում, թե ինչու, չգիտեր: Բնավորություն էր: Երբ Ռուսաստան գնալու էր լինում, մի ամիս առաջ դասավորում էր իրերը, ամեն օր մտքում ինքնաթիռ էր նստում, հետո իջնում, հետո… Բնավորություն էր: Արդեն քսան տարի գնում էր Ռուսաստանում աշխատելու և արդեն քսան տարի չէր ընտելանում գնալ-գալու անհարմարություններին: Թե՜ գնալուց, թե գալուց առաջ սիրտը ճմլվում, լղճվում էր:
Իջան ինքնաթիռից և երկու ժամ սպասեցին, մինչև ճամպրուկներն ստացան: Գևորգը հանդարտ, անդարդ ծխում էր, Բենոն` մեկ ու մեջ կատակում, իսկ Հարութը գնում-գալիս էր, ժամացույցին նայում, քթի տակ խոսում ու քննադատում:
-Ի՛նչ ես անհանգստանում,- հույս տվեց Գևորգը,- ժամը տասն է, վախենաս մինչև իրիկուն տուն չհասնե՞նք:
-Հասնելը կհասնենք: Բայց Կրասնոյարսկից էստեղ ավելի հեշտ էկանք, քան էստեղից մինչև գյուղ:
-Հիմի էս է, ախպեր ջան,- էլի հանգիստ ու անվրդով ասաց Գևորգն ու Հարութը հիմի էլ նրան կպավ.
-Քեզ ի՞նչ կա, դինջ ու անհոգ… Հազար տարի կապրես է, հազզզար տարի…
Ուրեմն մի կերպ ստացան ճամպրուկները, դուրս եկան ու ընկան տաքսիստների խռնված երամի մեջ:
-Վա՛յ, ասսու բարին, ախպեր ջան,- առաջ վազելով ասաց բարձրահասակ, ոսկրոտ ու չորչորուկ մեկը,- արի տանիմ:
-Ո՞ւր,- աչքերի մեջ ծիծաղ խաղացրեց Բենոն:
-Ուր ուզես, ըմբես տանիմ, օր ըսկի չզգաս: Սամալյոտեն շուտ տեղ կհասցնեմ:
Տաքսիստն արդեն Բենոյին ու մյուսներին իր ուղևորներն էր համարում: Ձեռքը մեկնեց, ուզեց Բենոյի ձեռքից ճամպրուկը վերցնել:
-Յա՞՛,- նեղսրտեց Բենոն:
-Տուր դնեմ «բագաժնիգը»,- մեծ բերանը ծռելով ժպտաց մարդը:
-Այ ախպեր, ես քեզ ե՞րբ եմ ասել գալիս եմ, որ ճամպրուկս քաշում ես ձեռքիցս:
-Կարո՞ղ է ոտքով էրտաս: Բդի ավտո նստիս, չէ՞: Է, իմ ավտոյես հարմար ավտո ո՞ւրդեղ բդի գդնիս, օր:
-Լավ, ասենք նստա, ի՞նչ պիտի տամ:
-Իրեքով…,- մարդն իբր մտածեց ու ասաց մեկեն,- իրեքով հարուր դոլլար:
-Խո չխելռա՞ր,- էլի չհամբերեց Հարութը,- հարյուր դոլլար իսկի Մոսկվա- Գյումրի ինքնաթիռի տոմսը չարծե: Գյումիից մինչև մեր գյուղ քառասուներկու կիլոմետր է:
-Չէ, հա, հանաք էրեցի,- էլի ժպտաց մարդը,- իցցուն դոլար կուդաք ու էլ չենք խոսա:
-Չէ, ախպեր ջան,- գլուխը թափահարեց Բենոն,- մենք հարուստ մարդիկ չենք, մենք ինը ամիս բանվորություն ենք արել Կրասնոյարսկի մարզում, մենք ինը ամիս ամեն առավոտ քնից ելել ենք ժամը վեցին, աշխատել ենք մինչև մութն ընկնելն ու կոպեկ-կոպեկ հավաքածը չենք կարող բուռ-բուռ շաղ տալ: Մենք ավելի էժան մեքենա կնստենք: Դու էլ քեզ համար հարուստ ուղևոր գտիր:
-Ավելի էժան չկա,- խոժոռվեց Չորուկը,- ավելի էժանը ոտքով էրտալն է:
-Թե պետք լինի, ոտքով կգնանք մինչև քաղաք, էնտեղից մի բան կմտածենք,- վերջապես խոսեց Գևորգը:
Մարդը մի քայլ ետ գնաց: Մի քիչ հիասթափված էր: Կարծել էր հեշտ որս է ճանկել: Բենոյի կերած-խմած տեսքը խաբեց: Մի քանի քայլ այն կողմ գնաց ու կանգնեց: Մյուս տաքսիստներն զգուշացան: Չգրված օրենք էր` եթե մեկը ուղևորի հետ լեզու չէր գտնում, մյուսները ուղևոր չէին փախցնում: Մարդիկ մնում էին կանգնած, սպասում էին մի որոշ ժամանակ, հետո ձանձրանում էին, սկսում էին բանակցել ու… Այս անգամ նույնպես նույն փորձված հնարքին էին ուզում դիմել, բայց Բենոն մի կողմ էր քաշվել ու ոչ մի տաքսիստի հետ խոսել չէր ցանկանում: Տղերքը նայում էին նրա երեսին: Հարութը չէր խոսում, Գևորգը ծխում էր էլի: Բոլորը հասկանում էին, որ իրենց ու անուղևոր մնացած տաքսիստների միջև համբերության մրցում է սկսվել, նյարդերի պայքար: Տաքսիստների մի մասը ուղևոր էր գտել, հետը սակարկել, ճամփա էր ելել, իսկ մնացածներն սպասում էին: Մյուս ինքնաթիռը վայրէջք էր կատարելու ժամը երեքի կողմերը: Սպասում էին, աչքի տակով մեկ-մեկ Բենոյին ու նրա ընկերներին նայելով:
Ցուրտ էր: Դեկտեմբերյան քամին լիզում էր ճաքճքած կպրուղին, «ձյան տեղ էր բացում», սողալով գնում, հարվածում էր մայթերի եզրաքարերին ու նրանց մոտ ուշաթափված ընկնում մնում էր մի պահ: Հետո ասես նորից զարթնում ու ոռնալով հարձակվում էր ճանապարհի վրա: «Մինչև իրիկուն ձյուն կգա»,- մտածեց Հարութը: Լավ կլիներ ժամանակին տեղ հասնեին, ապահովվեին, իսկ հիմա… Մինչև վերջ կոճկել էին վերարկուները, գլխարկներն իջեցրել աչքերին և սպասում էին:
Չորչուկը, որ իրեն տեր ու տնօրեն էր կարծում տաքսիների կանգառում, սպասեց էլի մի քիչ ու հոխորտաց.
-Իմ ըսած գնին չե՞ք համաձայնվի, դե կանգնեք, մինչև սառեք:
-Այ մարդ, քո ի՞նչ գործն է,- նետեց էր Բենոն,- ես երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում, հայրենիքիս հողին կարոտել եմ ու կանգելու եմ, մինչև կարոտս առնեմ:
-Դուք կամ ընձի հետ բդի գաք, կամ ըստեղ կանգնած բդի մնաք:
-Հայ-հա՛յ,- տաքացավ Հարութը,- ինչի դու ցարի բո՞գն ես:
-Հանգի՜ստ,- Հարութի թևից քաշեց Գևորգը,- հանգի՛ստ:
-Եթե իմ հետ չգաք, թե ըստեղից էրթաք, ես…
-Ասա, խոսքդ կուլ մի տա,- նրան ոգևորեց Բենոն:
-Թե ըստեղից առանց ընձի էրտաք, ես բ… տղա էղնիմ:
-Լա՛վ,- ծոր տվեց Բենոն:
-Այ ախպեր, դու շառ հո չե՞ս,- ժպտաց Գևորգը,- քո ասած գինը մեզ հարմար չէ:
-Արի, ձրի բդի տանիմ,- թարսվեց Չորուկը:
-Այ տղա, ընչի՞ ես թարսվե,- նրա թևը քաշեց ընկերը,- արի էս կողմ: Վախենաս գը պասաժիր չգդնի՞ս:
-Չէ, Վարուժ, թող, ես ըսոնց ձրի բդի տանիմ,- իրենը պնդեց նա:
-Եթե ձրի էլ տանես, չեմ գա: Դու ո՞վ ես, որ ինձ ձրի տանես,- նեղացավ Հարութը:
-Ընչի՞,- առաջ քշեց մարդը:
-Չեմ ուզում, իմ կամքը չէ՞: Չեմ ուզում:
Հասկանում էին, որ Չորուկն ինչ-որ բանից դժգոհ է: Ո՞վ գիտի, գուցե օրը լավ չի սկսել, կամ օդակայան գալու ճանապարհին ինչ-որ բան այնպես չի եղել: Գուցե թե տանը հարցեր կան լուծելու ու նա ի վիճակի չէ… Հասկանալը հասկանում էին, բայց իրենց էլ էր հասկանալ պետք, չէ՞:
Կանգնել, մնացել էին: Չորուկը մի կողմ էր քաշվել, ծխում էր ու ճակատի տակից աչքերով խեթում էր տղերքին: Բութի ու ցուցամատի արանքում խաղացնում էր ծխախոտը: Ծուխը ներս էր քաշում զայրացած և դուրս էր մղում զզվանքով: Բենոյին, հատկապես վեճից հետո, դուր չէր գալիս նա: Դուր չէր գալիս նրա խոսելաձը, հագուկապը, նույնիսկ` ծխախոտը բռնելու ձևը: Ո՞վ է տեսել, որ մարդը գլանակը բութ մատով ու ցուցամատով բռնի: Բայց իր ի՞նչ գործն էր: Եթե այստեղ եկած չլինեին ու նրան հանդիպած չլինեին, չէր էլ մտածի, թե աշխարհում նրա նման մեկը կա, որ տաքսի է քշում և, որ ամենավատն է, իրեն ու իր տաքսին իր ցանկացած գնով պարտադրել է ուզում ուրիշներին:
Ասում էին, չէ՞, Գյումրիով չգնանք:
-Գյումրու օդակայանը նոր է բացվել: Ի՞նչ իմանաս, ինչ կինի: Ավելի լավ չէ՞ փորձած թանը, քան անփորձ մածունը,- ասում էր Հարութը, բայց Բենոն չլսեց:
Մի կողմ դրեց Հարութի կասկածանքն ու Գյումրու տոմս առավ: Համ էժան էր, համ էլ Գյումրին ավելի մոտ էր: Հիմա հասկանում էր, որ քաղաքն ու օդակայանը կապ չունեն: Ուղղակի հանգամանքներն են այդպես դասավորվել: Կամ պիտի կռվես, ծեծ ու ջարդ անես, կամ պիտի համբերես: Առայժմ ինքը համբերության ճանապարհն էր բռնել, չնայած հասկանում էր, որ հիմա գյուղ հասած կլինեին: Նստեց ճամպրուկի վրա, գրպանից հանեց ծխախոտատուփն ու վառեց գլանակը: Վառիչի բոցը լիզեց գլանակի ծայրը, կրակը ներքաշվեց ծխախոտի մեջ ու գլանակի ծայրը մոխրացավ միանգամից: Քամին Բենոյի արտանետած ծուխը փաթաթեց նրա գլխի շուրջը, բայց ծուխը շատ անհաստատ էր, իր մի պուտ տաքությամբ չէր կարող հաղթել քամուն ու մի վայրկյանում ցնդեց:
Ահագին ժամանակ օդակայանի ճանապարհի վրա մեքենաներ չէին երևում: Գնացողները գնացել էին, անուղևոր մնացածներն սպասում էին հաջորդ ուղերթին և Ճանապարհին հայտնված հին «Երեսունմեկը» տարօրինակ ու զարմանալի թվաց Բենոյի աչքին: Ասես մի կողմի թեքված, ծերացած մարդ լիներ` գալիս էր ինքն իրեն գերազանցելով, քայլում էր ուրիշներին ցույց տալու համար իբր` ճիշտ է, տեսքից ծեր է երևում, բայց դեռ ուժ կա մեջը, դեռևս կարող է լուծ քաշել, իսկ Աստծո տված ուժը չօգտագործելը մեղք է: Գալիս էր դանդաղ, արժանապատվությամբ: Եկավ, կանգնեց մի կողմի վրա` կայանատեղից մի քիչ հեռու: Վարորդը նիհար-միհար, փոքրամարմին տղա էր: Երկար քիթը ծայրի մասում կարմիր ու կեռված էր, աչքերը թաքնված էին խորունկ բների մեջ և ասես չկային: Խոշոր քիթն այնպես էր բազմել դեմքին և ասես երեսի վրա այլևս ոչ մի բան չկար քթից բացի: Նիհար այտերին երկու օրվա թրաշ էր: Ոսկրոտ այտոսկրները քթից մի քիչ տարածք էին վերցրել ու ցցվել: Ծնոտը ներս ընկած էր ու բերանն ասել թաքնվել էր դեմքի խոչ ու խութի մեջ:
Իջավ, բարակ ոտքերը գետնին քսելով եկավ, կանգնեց Հարութի մոտ.
-Ո՞ւր եք գնում, ախպեր,- հարցրեց:
-Սարավան,- ասաց Հարութը հենց այնպես:
Չորուկը մի կողմ կանգնած` նայում էր ճակատի տակից:
-Տանեմ,- ասաց:
-Ինչքանո՞վ,- հարցրեց Հարութը:
-Մինչև Սարատակ հիսուն կիլոմետր է,- ասաց տղան,- կիլոմետրը հարյուր դրամ:
-Հիսուն չէ, քառասուներկուս է, բայց համաձայն եմ,- մոտեցավ Բենոն:
-Ըդոնք իմ «պասաժիրներս» են,- տեղից շարժվեց Չորուկը:
-Հա՞,- ճշտեց տղան:
-Չէ,- ասաց Բենոն,- չէ՜:
-Չհասկացա,- տարակուսեց տղան:
-Կսեմ իմս են,- ձայնը բարձրացրեց Չորուկը:
-Այ մարդ, դու հո գիշերվա երազս չե՞ս,- Բենոյի համբերությունն արդեն սպառվում էր:
-Կըսեմ` ձեզի ձրի բդի տանիմ:
-Մուրացկանը դու ես,- նետեց Հարութը,- ես մարդ եմ փնտրում, որ ողորմություն տամ, դու էլ…
Երեսունմեկի վարորդը հասկացավ, որ իրենից առաջ վեճ է եղել Չորուկի ու մյուսների միջև: Ինքը Չորուկին ճանաչում է, այս տղաներին` չէ: Եղել է, որ օդակայանի հիմնական տաքսիստներն իրեն էլ են ուղևոր տվել, բայց հաճախ իրեն կոպտել, անպատվել, դեն են քշել, թե. «Դու էստեղ գործ չունես, գնա, ուրիշ տեղ կանգնիր»: Ինքը գրեթե միշտ լռել, թողել, հեռացել է, կամ բավարարվել է մնացորդներով, բայց այսօր իրեն օդի պես ուղևոր էր հարկավոր: Տանը հաց չկա, ուտելիք չկա, ոչինչ չկա ու տան անդամները` հինգ երեխա, կինը, հայրն ու մայրն իրեն են սպասում: Առավոտ վաղ տանից դուրս էր եկել` ամեն գնով մի բան ճարելու համար ու ասաց.
-Իրերդ դրեք մեքենան:
-Ո՞նց թե,- կատաղած նրա վրա նետվեց Չորուկը,- ես քեզի կսեմ…
-Այ ախպեր,- մի երկու քայլ ետ գնաց տղան,- էս մարդիկ քո մեքենան չեն նստում, քեզ չեն ուզում, թող ես տանեմ, ի՞նչ ես ուզում:
-Քո գործը չէ,- գոռաց Չորուկն ու նետվեց տղայի վրա,- դու «պասաժիր» փախցնո՞ղ ես:
-Չէ, բայց ինձ էլ է ապրել պետք: Էս մարդկանց հետ պայմանավորվել եմ ու տանելու եմ:
-Գնա, ուրիշ տեղից ապրուստ գտի,-Չորուկը նետվեց տղայի վրա ու հարվածեց: Խփեց իր չոր բռունցքի ամբողջ ուժով: Տղան չհասցրեց խույս տալ, մի քանի քայլ ետ գնաց ու ընկավ գետնին: Հետո վեր կացավ, ձեռքը տարավ քթին, տեսավ արյուն է գալիս, գոռոցով խոյացավ Չորուկի վրա ու գլխով հարվածեց նրա փորին: Չորուկը կռացավ, բռնեց փորը, հայհոյեց շունչը մի կերպ տեղը բերելով: Մյուսները հասան, բռնեցին երկուսին, քաշեցին մի կողմ:
-Թյո՜ւ,- քթի տակ հայհոյեց Հարութը,- թյո՛ւ…Արար աշխարհ ման եկանք, հանգիստ ու խաղաղ եկանք հասանք Հայաստան ու էստեղ…
-Դու սուս,- նրա թևը բռնեց Գևորգը,- դու կռվի հետ գործ չունես: Թող, տեսնեք ի՞նչ կլինի:
Խառնվեցին Չորուկի ընկերները:
-Դու գնա,- գոռում էր կլոր թշերով մեկը,- դու գնա, դու ըստեղ չես աշխատի, ուրդի՞ց էկար:
-Ո՞վ ըսավ, թե այրապորտը մենակ ձերն է,- արյունը կուլ տալով ասում էր տղան ու նահանջում: Հասկանում էր, որ ինքը մենակ է, հասկանում էր, որ իրեն էլի կծեծեն, եթե տեղի չտա, բայց նահանջել չէր ուզում ու դանդաղ, չուզենալով ետ քայլ էր անում` բռունցքները բռնցքամարտիկի պես առաջ պարզած:
Բենոյի ձեռքերը քոր էին գալիս: Ուզում էր Չորուկին հասցնել, բայց իրեն զսպում էր: Ուզում էր այնպես անել, որ նա իր երդումի տակ մնա: Իսկ Չորուկը կատաղել էր: Ուշքի էր եկել փորին հասցրած հարվածից, շունչը տեղն էր բերել ու հայհոյում էր ամենաայլանդակ բառերով:
Տղան մոտեցավ երեսունմեկին, նստելուց առաջ թեք նայեց Բենոյին: Բենոն նրան աչքով արեց: Տղան հասկացավ ու թեթև գլխով արեց:
Մեքենան քշեց, հեռացավ:
Մի քիչ անց Բենոն թողեց, հեռացավ իրենց իրերի մոտից: Գնաց մի քիչ ու ոլորանի հետևում տեսավ տղային:
-Դու սպասիր,- ասաց,- մենք իրերով կգանք:
Տղան գլխով արեց, ուռած դեմքի վրա թեթև ժպիտ առաջացավ, հետո կծկվեց ցավից:
Բենոն ետ եկավ, գլխով արեց տղերքին: Վերցրեց իրերն ու այնպես, որ վարորդները լսեն, ասաց.
-Ոտքով քաղաք ենք գնում: Հետո կերևա: Մենք աշխարհում ուր ասես եղել ենք: Ինչ ասես տեսել ենք, մեզ համար ոտքով մինչև քաղաք գնալն ի՞նչ մեծ բան է:
Տղերքը անխոս վերցրեցին իրերը: Ավելի լավ էր ծանր իրերը մինչև քաղաք քարշ տային, քան կանգնեին ցրտի ու անորոշության մեջ:
Հասան ոլորանին:
-Վա՛յ,- զարմացավ Գևորգը երեսունմեկը տեսնելով:
-Բա՞,- ժպտաց Բենոն:
Իրերը բարձեցին մեքենան: Հարութն ու Գևորգը հետևի նստատեղին նստեցին, վարորդի կողքի նստարանը Բենոյին թողնելով, բայց Բենոն չնստեց, շուռ եկավ ու քայլեց դեպի օդակայան:
-Ո՞ւր,- հետևից ձայն տվեց Հարութը:
-Սպասեք, գալիս եմ,- ասաց Բենոն առանց շրջվելու:
-Կռիվ չանի՞,- ինքն իրեն հարցրեց Գևորգը, որ զարմացել էր նրա համբերության վրա: Բենոն ասես ինքը չէր: Ուրիշ տեղ լիներ, հիմա հազար անգամ բռունցքներով նետված կլիներ Չորուկի վրա, բայց այս անգամ համբերում էր:
-Չէ, հա՛,- կասկածեց Հարութը:
Բենոն գնաց, հասավ Չորուկին: Կանգնեց կողքին ու ականջին թեքվելով ասաց կամացուկ.
-Եկա ասեմ, որ քո երդոեւմի տակ մնացիր:
-Էդ ընչի՞,- հետաքրքրվեց Չորուկը:
-Շատ պարզ: Դու չասեցի՞ր, թե եթե ուրիշ մեքենայով գնաք, ես… Եկա ասեմ, որ մենք գնում ենք ուրիշ մեքենայով:
Չորուկը տնքաց, նայեց նրան: Բենոն նրա հայացքի մեջ մի մեծ ու անբացատրելի տխրություն տեսավ և զղջաց իր ետ դառնալու համար:
… Հետո վարորդը պատմում էր իր տան, հինգ երեխաների, ծնողների մասին և արդարանում էր տեղին-անտեղի.
-Ես ստիպված եմ էժան գնով աշխատել: Ավելի լավ է ամեն օր հաց աշխատեմ, թեկուզ շատ տանջվեմ: Այ ախպեր, ո՞վ չգիտի, որ մարդու վրա օրը երեք անգամ սով է իջնում ու մարդն առանց ուտելու չի կարող:
-Տեսնես էն մարդն ինչո՞ւ էր չարացած,- ավելի շատ իրեն, քան մյուսներին հարցրեց Բենոն:
-Է՛, ախպեր ջան,- հոգոց հանեց վարորդը,- ախր կինը թողել փախել է ուրիշի հետ ու Մերուժին թվում է, թե դրա համար բոլորը մեղավոր են իրենից բացի: Մարդ է փնտրում սրտի մաղձը թափելու համար, կռիվ է անում իր աչքին սեփական պատիվը բարձրացնելու համար: Ու ամենից հաճախ ես եմ ընկնում նրա ձեռքի տակ:
-Հա՛,- ծոր տվեց Հարութը,- խեղճ տղա:
Գևորգը նրանց խոսակցությունը չէր լսում: Մտքի մեջ երգում էր` մատներով փափուկ թփթփացնելով նստատեղի կողքին: Բենոն խոսակցությանը չէր խառնվում, նայում էր իրիկնամուտի ինքնամփոփ ճանապարհին ու մտածում էր Չորուկի մասին:

18-ը մայիսի 2020թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *