(Անրի Գրիգորյանի «Դմբո Ջոյս» ժողովածուի առիթով)
Անրի Գրիգորյանի պատմվածքները գրական տարբեր կայքերում, ժողովածուներում, պարբերականներում հրատարակվելով՝ արդեն իսկ որոշակի հետաքրքրություն էին առաջացրել երիտասարդ գրողի հանդեպ՝ հարցազրույցների, վիրտուալ տարածքում մեկնաբանությունների և կարծիքների տեսքով: Այդ պատմվածքների մեծամասնության կամ, գուցե, լավագույն մասի ի մի բերելը առանձին՝ «Դմբո Ջոյս» վերնագրով գրքում (Երևան, «Գրանիշ», 2017) ստեղծում է այս անգամ արդեն քննադատական սևեռումի դիտակետ: Մանավանդ որ՝ արդի հայ պատմվածքի գնալով լճացող ժանրային նկարագրի համապատկերին Անրի Գրիգորյանի պատմվածքները նաև անկման, փոփոխությունների և, ընդհանրապես, ժանրի վայրիվերումների վերաբերյալ են դիտարկումների հնարավորություն ընձեռում:
Բայց, թերևս, նախ՝ տեղի մասին, ավելի ստույգ՝ պատմելու դիրքավորման: Այն, որ Անրին ծնվել ու ապրել է Թբիլիսիում, կրթություն ստացել, աշխատել Լոնդոնում ու Բուդապեշտում, միայն առաջին հայացքից են սոսկ կենսագրական փաստեր: Ավելին՝ միայն առաջին հայացքից են գրական տեքստի վերլուծության համար անկարևոր փաստեր: Հարցն այն է, որ պատմելու դիրքավորումը ժամանակակից արձակում կարևոր գործառույթ ունի: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հետահայաց և նմանատիպ այլ դիրքավորումների մասին է, որ շատ դեպքերում կարող է սոսկ պոետիկական հնարանք լինել, այլև, նախևառաջ, հեղինակի դիրքավորման, որն այս դեպքում նույնն է, թե՝ ապրելու տեղի ու վայրի: Եվ ճիշտ այնպես, ինչպես հետահայաց, հուշագրական պատումը հնարավորություն է տալիս պատմել բաներ, որոնք այլ դեպքում գուցե չպատմվեին, նույն կերպ՝ տեղն ու վայրն են նման դրդառիթներ ստեղծում:
Հայաստանում և Սփյուռքում ստեղծվող հայ գրականության էութային տարբերությունը հենց այդտեսակ դիրքավորման մեջ է: Զուգահեռն այս դեպքում էական է նրանով, որ Անրի Գրիգորյանն էլ, վերը բերված կենսագրական փաստերի հուշմամբ, ըստ էության, Սփյուռքի հայ գրող է, մանավանդ որ՝ ԽՍՀՄ փլուզման հետևանքով ձևավորված Սփյուռքի նոր տարածական ընկալումների, վերջին տասնամյակների էմիգրացիոն երևույթների պատճառով արևմտահայերենը որոշիչ գործոն չէ այդ տարբերակման հարցում. լեզուն նույնպես դիրքավորման ձև է, ըստ էության[1]:
Հարցազրույցներից մեկում Անրի Գրիգորյանն այդ առումով շատ կարևոր մի բան է ասում. «Երբ ավարտեցի ուսումս Լոնդոնում և Բուդապեշտում, որոշեցի գալ Հայաստան, աշխատել ու ապրել իմ պատմական հայրենիքում: Մինչ այդ չէի ապրել Հայաստանում: Ինձ հաճախ էին հարցնում, թե ինչու եմ եկել, երբ մարդիկ հեռանում են երկրից: Պատասխանում էի, որ հոգնել եմ փոքրամասնություն լինելուց: Թբիլիսին, որտեղ տարբեր ազգեր են ապրել, ինչի շնորհիվ բազմամշակութային քաղաք է եղել, այժմ փոխվել է: Մերօրյա Թբիլիսիում ես ինձ փոքրամասնություն եմ զգում»[2] (ընդգծումն իմն է. – Ա. Ն.):
Ուստի, կարելի է ասել, որ Անրի Գրիգորյանը ստեղծում է փոքրամասնության գրականություն՝ հավակնելով մեծամասնության ընթերցումի: «Դմբո Ջոյս» ժողովածուում այդ առումով հետաքրքիր նշագրումներ կան: Նախ՝ արտաքին, պարզ երևացող հատույթում. յուրաքանչյուր պատմվածքի վերջում նշված է դրանց ստեղծման տեղանքը: Առաջին հայացքից սոսկ ստեղծաբանական, գուցե ավելի շատ աշխատանոցային նշում լինելուց զատ, դրանք դիրքավորման տեսանկյունից էական նշագրումներ են: Թբիլիսի-Երևան-Բուդապեշտ-Լոնդոն աշխատանոցային «ուղևորությունը» միայն պատմվածքների «ծննդյան վկայականների» փաստագրում չէ, մանավանդ՝ որ առկա է նաև Երևան-Թբիլիսի տեղանքային զուգադրմամբ պատմվածք: Դրանցից յուրաքանչյուրը դիրքավորման տեսակ է, և ուշադիր ընթերցման դեպքում հստակ կարելի է տարբերակել հատկանիշներ, որոնք վերաբերում են այդ դիրքավորումներին:
Իհարկե, վաղուց քննարկման համար հասունացել է այն խնդիրը, թե արդյոք հայերեն գրելը հայ գրականություն ստեղծելու ցուցիչ է, այնպես, ինչպես, հաստատ, իսպաներեն գրելը դեռևս իսպանական գրականություն ստեղծելու ցուցիչ չէ: Իհարկե, մասշտաբներն ու բազմաթիվ այլ ներքին մասնավորություններ համեմատելի են այս դեպքում, բայց խնդիրը քննարկելի է: Գուցե հայալեզու գրականությո՞ւն:
Այնուամենայնիվ, դեռևս տիրապետող մտայնությամբ՝ Անրի Գրիգորյանը ստեղծագործում է արդի հայ արձակի համածիրում: Բայց հենց այդ հատույթում առկա է ստեղծաբանական մի շատ կարևոր և հեղինակին միանգամից այդ հատույթից դուրս դնող, նվազագույնը՝ ինքնատիպացնող հանգամանք. Անրի Գրիգորյանը դրսից է պատմում: Եվ, շեշտում եմ, սա ոչ միայն դիրքավորման տեղային ու վայրային տրամաբանությամբ: Անրին ընդհանրապես է դրսից պատմում՝ հոգեբանական տեսանկյունից հատկապես: Դա ենթադրում է նախևառաջ ներսի վատ ճանաչում ու վատ իմացություն, որը հաճախ հանգեցնում կա՛մ թերի պատկերացումների, կա՛մ ինչ-ինչ երևույթների գերագնահատման: Ուստի, ներսի համար Անրին ստույգ չէ, ինչպես՝ Անրիի համար ներսը ստույգ չէ: Սրա համաբանությամբ՝ Անրիի արձակը զարմացնող է, բարդույթավորված է, անբարդույթ է, ուրիշ է, օտար է, հարազատ է և այլն, բայց ստույգ չէ: Կրկնում եմ՝ ներսի համար: Եվ այդ անստույգությունը և՛ առավելություն կարող է դառնալ, և՛ ձախողումի պատճառ, կախված, թե հեղինակն ինքը որքանով է գիտակցում այդ իրողությունը:
Այն, որ Անրի Գրիգորյանի պատմվածքներում կոնկրետություն չկա (չխառնել՝ դա չի նշանակում, որ անորոշություն կա), հեղինակի մտածողության մեջ դրսի և ներսի գուցեև չգիտակցված բախման արդյունք է: Անրիի հերոսները նույն պատմվածքում կարող են հանդես գալ տարբեր անուններով կամ նրանց տարբեր անուններով կանչեն. «Բոլորը կարծում են անունս Կարեն է: Բայց իրականում Արշիլ է» («Բիգ Բեն», էջ 3), «Գրողը քեզ տանի, Գրեգ, էդպես էլ Ջոյս չդառար» («Դմբո Ջոյս», էջ 71):
Անգամ անունների ծաղրանմանակումը նույնպես այդ տիրույթում է.
«– Պուդրոն լավ տղա էր:
– Պեդրոն:
– Պիդրո, Պուդրո՝ նույնը չե՞ն» («Տուր վերարկուս, գնում եմ», էջ 81):
Կոնկրետության բացակայության ցայտուն օրինակ է «Դմբո Ջոյս» պատմվածքում Գրեգի մասին երեք աղջիկների՝ Մերիի, Հաննայի և Արսինեի տարբեր, մեկը մյուսին երբեմն հակասող պատկերացումները: Նրանցից յուրաքանչյուրի պատմությունը Գրեգի մասին, ըստ էության, ներսին հետաքրքրող կամ ներսին բավարարող պատմվածքի որոնում է: Հեղինակն այստեղ չի կողմնորոշվում, թե ո՞ր պատմությունը պիտի ներկայացնի իբրև պատմվածք , ուստի, ստիպված է երեքն էլ ներկայացնել: Գրեգի կերպարն այստեղ մարմնավորում է գրականությունը, երեք աղջիկները՝ Անրի Գրիգորյանի տարբեր մոտեցումները գրականության, պատմվածքի, սյուժեի, ոճի և այլնի մասին:
«– Նա ցինիկ էր,– ասաց Արսինեն,– շատերն էին էդպես մտածում: Ու երբեք չէր զսպում իրեն:
–Ուղղակի անտաղանդ էր,– Հաննան զգաց Մերիի հայացքը, աչքերը հատակից բարձրացրեց ու նայեց նրան:
–Նրան սիրողներն էդպես չէին մտածում,– Մերին իսկույն զղջաց ասածի համար» («Դմբո Ջոյս», էջ 64):
Այլ խոսքով՝ Անրին գիտի և՛ ինչ պատմել, և՛ ինչպես պատմել: Անրին չգիտի՝ ներսում ինչը և ինչպես արժե պատմել:
Ընդ որում, չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Անրիի գրականության այդ, ըստ էության, ամենից հատկանշական կողմը ցուցանող «Դմբո Ջոյս» պատմվածքը գրվել է Երևանում: Այսինքն՝ ամբողջովին դիրքավորման արդյունք է:
Կոնկրետության բացակայության առումով հետաքրքիր է նաև այն պարագան, որ Անրիի պատմվածքների մեծ մասը, ըստ էության, առնվազն երկու սյուժե ունեն, հաճախ՝ զուգահեռ ընթացող, հաճախ մեկընդմեջվող: Դրանցից որևէ մեկի գերակայությունը, իբրև առանցք, Անրին զգացնել չի տալիս, երբեմն անգամ՝ խնամքով խճողում է: Այդտեսակ պատմվածքներից լավագույնները՝ «Լայլան» և «Խատուտիկներ՝ Խաթունային» պատմվածքները, գրված են Բուդապեշտում: Կրկին դիրքավորման արդյունք: Բուդապեշտը չափազանց հետաքրքիր պատմելու տեղ է այս առումով, քանզի իրմով ներառում է Թբիլիսիում կատարված դեպքերի ու զգացողությունների պատմություն, որը պատմվում է Երևանում (Հայաստանում) ընթերցվելու համար:
«Լայլան» և «Խատուտիկներ՝ Խաթունային» պատմվածքների սյուժեներն իրենց բնույթով երևան են հանում Անրի Գրիգորյանի արձակին բնորոշ ևս մեկ կարևոր հատկանիշ. Անրին, սովորաբար, պատմում է գործած կամ չգործած մեղքի պատմություններ: Այս պատմվածքների զուգահեռ կամ ընդմիջարկվող սյուժեներում այդ առումով հետաքրքիր զուգադրումներ կան: Այդպես, սյուժեներից մեկում Անրին պատմում է չկատարած, բայց ձգտած մեղքը, մյուսում՝ նախորդի նյութականացածը՝ այսինքն՝ գործած մեղքը: Պարադոքսն այն է, որ երկրորդ դեպքում այն արդեն մեղք չէ, բայց դրա հենքով՝ առաջին սյուժեում մեղք գործելու փորձն է ընկալվում որպես մեղք: Իր հերթին, սրա հուշմամբ՝ արդեն դրա մասին չպատմելն է դառնում մեղք: Ահա այս հանգամանքն է մղում հիմնականում երկու սյուժեով պատմվածքներ ստեղծելուն:
«Լայլան» պատմվածքում տատիկի պատմած Կոկրոճինայի հեքիաթն ու, ընդհանրապես, նրա կոլորիտային կերպարը ապահովում են մանկականության ու անմեղության որոշակի քող՝ տղայի «մեղավոր» ձգտումների համար: Դա ինքնին գեղեցիկ ու գունեղ պատմություն է, լա՛վ պատմություն է, առանձին վերցրած՝ լավ պատմվածք: Բայց դա փոքրամասնությանը հետաքրքրող պատմություն է գուցե: Ուստի, Անրիի՝ պատմելու տեղի դիրքավորումը, գուցեև ներքին բարդույթը, ներսը ստույգ չիմանալու հանգամանքը, մեծամասնության ընթերցմանը ձգտելը մղում են դրան զուգահեռել մյուս պատմությունը՝ տղայի տենչանքը դեպի Լայլան՝ անսքող մանրամասներով:
«Խատուտիկներ՝ Խաթունային» պատմվածքում Անրին, այս առումով, ավելի հեռուն է գնում: Այստեղ չկա նախորդի՝ մանկականություն ի ցույց դնելու և անմեղության որոշակի քող ապահովելու խնդիր: Բայց, այնուամենայնիվ, կա տենչանք ունենալու՝ «Բերանս մոտեցրի Խաթունայի մեջքին ու լեզուս զգույշ հիշեցրի: Խաթունան ուսով հրեց դեմքս: Վախեցա, որ կքշի ինձ, կփախչի ինձնից, կանհետանա թաղից, այլևս չի կանչի ինձ, հետս չի խաղա, ու մենք խատուտիկներ չենք փչի: Աղջիկներին չեն լպստում: Աղջիկը պաղպաղակ չի, որ լիզես» («Խատուտիկներ՝ Խաթունային», էջ 54), կամ կիրքը բավարարելու՝ «Ստեի մատները իջեցրին վարտիքս ու անդամս բռնեցին: Անդամիս պնդանալու հետ նրա մատները նրբացան: Ստեն բռնեց մատներս ու տարավ-դրեց ծլիկին: Մատներս սայթաքեցին թացության մեջ: …Ստեի ծխախոտահամ լեզուն մտավ բերանս, լեզվիս տակ: Ստեն կուչ եկավ գրկիս մեջ: Տնքում էր: Ձեռքերը փռել էր մեջքիս: Նա ուզում էր մարմնիս վրա լինել ամեն տեղ: Ստեն փոքրամարմին էր: Սիրուն էր տնքում: Ստեն շշնջաց, որ խփեմ հետույքին: Վերջում պառկեցի նրա վրա: Ստեն շշնջաց, որ մի քիչ էլ մնամ մեջը: Սիրուն էր շշնջում» («Խատուտիկներ՝ Խաթունային», էջ 55) պատմություններից մեկին առաջնայնությունը տալու խնդիր, կամ՝ այսպես ձևակերպեմ՝ մեծամասնությանը բավարարելու խնդիր:
Այնուամենայնիվ, ստեղծագործական առումով կարևոր է այն, որ, ի տարբերություն «Լայլան» պատմվածքի, այստեղ սյուժեները նրբորեն միահյուսվում են՝ «Տեսնես Խաթունան հիշո՞ւմ է քեզ,– հարցրեց Ստեն՝ վառելով ծխախոտը» («Խատուտիկներ՝ Խաթունային», էջ 57): Սա ստեղծաբանական հարցում է, ըստ էության: Ի վերջո՝ տենչանքի պատմությո՞ւն է գրականություն, թե՞ կրքի բավարարման պատմությունը: Անրիի արձակը, գոնե «Դմբո Ջոյս» ժողովածուի շրջարկում, նաև այս խնդրադրությունն ունի:
Դրսից պատմելու դիրքավորումն է գուցե, որ Անրի Գրիգորյանին հնարավորություն է տվել խուսափել վերջին մի քանի տարիների հայ պատմվածքին բնորոշ պատմության բացակայությունից ու որոշակի տարտամությունից, երբ հեղինակային մտորումն ու խոհը գերակշռում են պատմությանը, պատմողին, ընդհանրացմանը, և պատմվածքն, իբրև ժանր, պահում «անշարժ» ու տեղապտույտ գուժող վիճակներում: Անրի Գրիգորյանն իր պատմվածքներով ժանրին նորանալու հնարավորություն է ընձեռում:
Եվ այնուամենայնիվ, Անրի Գրիգորյանի տեքստը դրսի տեքստ է, որ ձգտում է ներսում կյանք ունենալ: Դա տեքստի տեսակ է, որը գուցե միշտ այդպես էլ մնա սահմանագծին: Ու դրանով՝ միշտ լինի հետաքրքիր:
[1] Այս առումով հատկանշական է արդի մեկ այլ երիտասարդ ու տաղանդավոր արձակագրի՝ Քրիստիան Բատիկեանի օրինակը: Դիրքավորման պարզ հատույթում գոնե նա և Անրի Գրիգորյանը նույն արարքի տարածության մեջ են: Բատիկեանի գրականության արևմտահայերենը նրա դիրքավորումը դուրս է բերում մեկ այլ մակարդակ: Դրան կանդրադառնամ մեկ այլ առիթով:
[2] «Գրականության մեջ պետք է բաց տարածք թողնել, որտեղ ընթերցողն իրեն թագավոր կամ թագուհի զգա. Անրի Գրիգորյան» (հարցազրույց): Տե՛ս https://armenpress.am/arm/news/918908/grakanutyan-mej-petq-e-bac-taratsq-toxnel-ortex-yntercoxn.html: