Վիլո | Ես ի՞նչ պատմեմ քեզ

Ես ի՞նչ պատմեմ քեզ,
Ասա ընկերս,
Երբ հոգիս լուռ էր,
Մարմինս՝ քնած,
Ես ի՞նչ պատմեմ քեզ,
Երբ կարոտիս դռները կողպողներ չկան…
Ես ի՞նչ պատմեմ քեզ..
Արի մատնեմ ինձ,
Արի փարվեմ քեզ,
Ես քեզ ի՞նչ պատմեմ,
Երբ պատմությունս հենց դու՛ ես կերտում,
Ես ի՞նչ պատմեմ քեզ,
Որ երազանքիդ թելը չկտրի:
Ես ի՞նչ ասեմ քեզ,
Երբ վայրկյանիցս քո բույրն է գալիս,
Ու մատնեմատիս հոտդ է սառել,
Ես ի՞նչ պատմեմ քեզ,
Լավ է մատնեմ ինձ.
Ոչինչ չպատմեմ ու ոչինչ չզգամ..
Իմ սիրտը հիմա քո ներսում պահիր, այնտեղ չպատմած պատմություններ կան, որ գնալուցդ ինձ մոտ գրվեցին:
Ես ո՞նց պատմեի քեզ, ասա՛ ընկերս…

2
Էնքան դժվար է
Խոստովանել,
Որ վերջացել ես,
Ու քո փոխարեն
Այլ մարդ է ծնվել:

Էնքան դժվար է
Հեշտ մնալը,
Որովհետև
Մեկի ձեռքերում
Հաստատ կծանրանաս,
Թեթև տար ընկերս:

Իսկ ինքդ քո հետևից ընկնել…
Ինքդ քեզ գտնելու փոխարեն
Կկորցնես բոլորին:

Հետո մեկը ուսիդ կխփի ու կասի՝
Թեթև տար, ընկերս:

Հոգնել եմ բոլորին մատիս վրա խաղացող բռելոկի պես տանելով,
Ծանրացի՛ր վրաս:

Ես սիրում եմ,
Երբ
Ծանր են
Լինում
Սերը,
Ընկերությունը,
Որովհետև այն, ինչ թեթև է՝
Քամին խլում է:

Քամին ինձ տանում է ինձնից,
Ու ես կորցնում եմ քեզ,
Ընկե՛րս,
Հարազա՛տս,
Եղբա՛յրս:

Արի պարզապես
Աշնանը թաքնվենք,
Արի շշուկով խոսենք կորցնելու մասին:

Բայց չպլանավորենք հեռացումը
Ու չտառապենք քամոտ ընկերությամբ….

3
Լռում եմ
Գողանում են
Բղավում եմ գնում են։

Երբեք չեմ կորչում
Որտեղ ուզենամ։

Ինձ չի գնում նա,
Նա
Չի կորցնում ինձ,
Նա չի սպասում ,
Նա չի փնտրում։

Ընկած եմ հատակին,
Սպասում եմ գտնելուդ
Դու շրջանցում ես,
Վերջակետ։

Արթնացի՛ր
Ինձ ծխում են,
Ինձ քաշում են թոքերը
Դե՛, վեր կաց,
Ասա, որ քոնն եմ,
Ասա,
Որ գողացված ընկերությունը լավ բան չէ,
Ասա,
Որ չեմ սիրում բերնեբերան անցնել։

Ես անլեզու եմ
Իսկ դու լեզուդ վառեցիր ինձնով։
Խղճիս ձայնը քեզ մոտ է,
Ասա, որ վերջացրել ես ծխելդ,
Բայց ափսոսում ես դեն գցել

Էդպես է՝
Մենք գտնում ենք իրար,
Կապվում
Հետո մեկը բաց է թողնում,
Մեկը ցավում է,
Մեկը անտեսում….

Էդպես է ինչ արած….

4
Գալու ես,
Գիրկս բաց է,
Ձեռքերս կոպիտ,
Հոգիս ազատ։

Գալու ես,
Որ լցնես դատարկությունս,
Գալու ես,
Որ շարունակվեմ
Ու չվերջանամ։

Գիտե՞ս,
Գնալուցդ հետո
Մուսաներս երես են թեքել
Եկել են քեզ հետ
Կամ սպասում են։

Աշխատիր շուտ գալ,
Որովհետև մարդը
Թթվածնի կարիք ունի։

Բե’ր քեզ,
Բե’ր ու նվիրի’ր ինձ
Խոստանում եմ՝
Չեմ կոտրի խաղալիքի պես,
Հուշանվերի նման չեմ փայփայի,
Կհագնեմ
Ու վերջապես գոյությունդ կերևա։

Սիրտս լցվում է,
Աչքերս լցվում են,
Ժամանակը լցվում է
Ու գալդ պահանջ է դառնում։
Արի’,
Որ կոկորդիս ժամանակը շարունակվի։

Գիտե՞ս ինչ եմ մտածել,
Թե չգաս
Կվազեմ մոտդ
Ու բարկացած ծնողի պես
Ականջներդ ոլորած կհասցնեմ տուն,
Բերեմ ու կտամ մորդ ձեռքը….

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *