Նստել եմ նստարանին՝ փողոցի անկյունում դրված: Մի մուրացկան տարեց կին էլի կանգնել ու քայլող երկուսին ասում էր.
– Մի բարձին ծերանաք:
Նայեցի շուրջս լցված ձյան ցեխոտ կույտերին: Վրան գրված էր. «Տարիներ են անցել»:
Քայլում եմ փողոցով: Քայլելն ինքն իրենով զարմանալի երևույթ է: Տարրական այս գործողության մեջ կառուցվում է մի ամբողջ կյանքի սիմֆոնիա: Քայլում ես ու նայում անցորդներին: Բոլորս մոլորակներ ենք, առանձին աշխարհներ, որոնք միմյանց գրեթե չեն նկատում, յուրաքանչյուրն իր արևն է փնտրում ու պտտվում նրա շուրջը: Հա, կան նաև արբանյակներ, որոնք միայն ստվերի տակ գիտեն քարշ տալ սեփական գոյությունը: Գիտե՞ք ինչ, դժվար է հավատալ լույսի գոյությանը, երբ աչքերդ լույս չեն տեսել: Գուցե ես էի արբանյակ: Մենք կյանքը կառուցում ենք նախ մեր ներսում, ապա այն սկսում պատկերել մեր շուրջ: Ինքներս մեզ քարշ տալը՝ ինչպես քարի կույտ կամ անջուր անապատ, դարձել է սովորություն: Մեզ փորձում ենք տեղափոխել ավելի լավ երկիր, ավելի լավ միջավայր, տխմարի պես հավատում ենք, թե կարող ենք ծաղկել մի ուրիշ գրկում, բայց ինչպե՞ս, եթե ներսում միայն գարշահոտ սնկեր են աճում:
Նայում եմ մարդկանց, կրկին տարեց կնոջը հիշեցի: «Մի բարձի ծերանաք»: Քանիսն են մի բարձի ծերացել և անգամ չեն իմացել, որ կողքինը երբեմն ցանկանում էր ապրել և երբեք չհիշել ո՛չ ծերության մասին, ո՛չ էլ անցնող ժամանակի: Նա ցանկանում էր ապրել և անդադար կորցնել էր սովորում: Չգիտեմ՝ ես իմ գտածի մե՞ջ էի ավելի դատարկ, թե՞ նա իր կորցրածի:
Քայլում եմ ականջակալներս կրկին դնում ականջներիս, միացնում Ջեք Սավորետի «Օնլի յու» և ականջներիս մեջ լսվում է էլի.«Only you can set me free!»: Մի՞թե: Եթե իմ ազատությունը որոշում է ինչ-որ մեկը, ապա նման չե՞մ ես նետված քարի մասին զրույցին, որ կարծում էր, թե ազատ է, մինչդեռ թռչում էր, քանի որ իրեն նետել էին:
Ես այն անցորդներից եմ, ում շուրջը եթե ռումբ էլ գցեն, գուցե երբեք էլ չնկատի, երբ աչքերը պատկերները ընկալում են որպես համր ֆիլմի պատկերներ, իսկ գլխի մեջ հավերժ լռություն է: Ես հաճախ իմ աչքերը լքում եմ մի զուգահեռ աշխարհում, ուր Նապոլեոնը վիճում է Պուտինի հետ այլմոլորակայինների մասին: Խենթություն է, չէ՞: Լինում է նաև, որ աչքերս գրպաններս եմ դնում, ու քայլում կույր անտարբերությամբ, միայն զգում եմ, որ գույները փոխվում են ու ձուլվում իրար: Ու կրկին նկատում եմ զույգի, էլի նույն մուրացկանին, գնում եմ, առաջը կտրում, ձեռքին դնում ողջ դրամներս ու գոռում.
– Չասե՛ս, լսու՞մ ես, չասե՛ս: Մի ճակատագիր էլ չքանդես:
Մենք անգամ մի բարձ չունեցանք, ուր մնաց ծերանանք: Թող ապրի երիտասարդությունը: Vive la jeunesse:[1]
Երկար եմ մտածում՝ որտեղ է սկսվում իմ ես-ը ու որտեղ ավարտվում: Ընտանի՞քը: Չգիտեմ, ես տեսնում եմ, որ հաճախ մենք մի տանիք ենք վերցնում ու միայն տանիքի անունը դնում ընտանիք: Բոլորս էլ մանկության ընթացքում նույն ձևով ենք սովորել տուն նկարել: Բացարձակ նույն ձևով: Կտուր, պատուհան, պատեր ու դուռ: Մեզ երբեք էլ չեն սովորեցրել կյանք նկարել: Միայն սառը պատեր: Ես երբեք չեմ պատկերել՝ ինչպես է մայրը տան գործերը մի ձև հասցնում ու անդադար ներս ու դուրս անում, ինչպես է հայրը տնից գնում աննկատ ուրվականի պես ու վերդառնում՝ հոգնած աշխատանքից, մտքերը գզգզված այսօրվա-վաղվա պարտքերով, գործերով, կոմունալներով: Երբեք նկարիս վրա չի եղել 18-19 տարեկան մեկը, ում աչքերը լցված կլինեին երազանքով, կյանքով, ով հիասթափված կբացեր տան դուռը, կմերժվեր, կհաղթեր, կատեր կյանքը, կրկին կսիրեր: Չի եղել, երբեք չի եղել: Պատեր, միայն դատարկ պատեր: Եվ տարիների ընթացքում ես հասկացա, որ նույն տան պատկերի գիտակցությունը՝ զուտ պատեր և կտուր ունենալով թափանցել է անգամ ընտինիք բառի մեջ: Օհ, բարև, պարոն Իգրեկ, դուք նստել եք հացի: Ահա, ձեր մեջ վազում են կենցաղը, հոգսերը, առօրյան, իսկ ձեր գլխում մի հավերճժություն երկրաշարժ է, իսկ ձեր սրտում՝ կուտակվող անդունդ: Դուք կրկին միմյանց աչքերին եք նայում, ժպտում ու սպասում՝ երբ պիտի փակվեք սենյակում ու ինքներդ ձեր մեջ փակեք այն անունը, ում մարդ են կոչում: Մարդը տարօրինակ ստեղծագործություն է: Կենդանիների նման պարզ է, երբ սոված է, և բարդ ինչպես տիեզերքը, երբ մտածում է: Օրիորդ Իգրեկ, ես գիտեմ, ես տեսել եմ, ես քեզ շրջապատող համբերությունն եմ, երբ նայում ես ծնողներիդ աչքերին, ժպտում, վերցնում պայուսակդ, շտապում դասի, իսկ ոտքերդ գրկել է խելագար ճահիճը անորոշ կյանքի, սիրտդ գամվում է քամիներին ուրիշ երկրների, մտքերիդ մեջ սարդոստայն է, իսկ դու ժպտում ես, իսկ դու չգիտես՝ ինչպես խոսել կյանքի մասին: Ես գիտեմ: Ու դու կրկին գիտես, որ տունը 4 պատն է, գլխին՝ տանիք, լուսամուտներ ու դուռ: Ու դու գիտես, որ այնտեղ ընտանիք է ապրում ու սովորում դատարկության լեզուն:
Երբեք չեմ սիրել քարշ գալ ակումբներում: Չգիտեմ, գուցե նրանից է, որ երբեք չեմ իմացել ինքս ինձ ազատելու ֆորմուլան, կամ հաճույքի սահմանում ինձ մոտ չի ստացվել 21-րդ դարի ընկալումների հետ: Գիտեմ ՝ հին եմ: Ավաղ, ինքս հասկանում եմ՝ ապրելու համար պետք չէ իմաստ փնտրել: Ինձ պես սուր ու կծկվող նյարդեր ունեցող մեկի համար ցանկացած մանրուք անգամ միջմոլեկուլային տարածությունում կարող է բերել ատոմային պայթյունի: Ընկերս հաճախ է ասում , որ ինձ պես ռոմանտիկների համար աշխարհը ֆիլմ է, ուր ես իմ կերպարն եմ կառուցում, մինչդեռ մարդկային կյանքը նույն պարզ օրինաչափություններով է զարգանում:
Որոշեցինք գնալ ակումբ: Գիշերվա 12-ն է: Բարձր երաժշտություն: Օ՜հ, ինչպիսի դեմքեր: Քաղաքիս «կայֆավատ անող» ջահելները, «եվրոպոյիդները» և անգամ «ավանդապաշտները»: Տեսնե՞ս նրանց միացրել էր խմիչքը, թե՞ դատարկությունը: Չգիտեմ: Ժպտում է դեմքիս հեռվից մեկը: Ծանոթ են աչքերը: Օհ, սա Սուրենի աղջիկն է՝ մեր հարևանի: Հիշում եմ՝ մի անգամ պատմում էր, որ իր կոլեգաներից մեկի աղջկան տեսել է մի տղու հետ ձեռք ձեռքի բռնած զբոսնելիս: Հետո ծաղրեց նրա հորը, թե բա՝ Աշոտից հազիվ էլ էդքան: Հաջորդ ծնունդին նրան մկրատ կնվիրեմ, հաստատ: Թող գլքին տնկած կոտոշները կտրի:
Մոտենում եմ աղջկան, կողքը՝ մի սևամորթ: Աֆրիկացի է, Սենեգալից:
– Bonjour. Ça vas?
– Ça vas bien. MERCI, et toi?
– Moi aussi ça vas.[2]
Բարձրացան, սկսեցին պարել: Օհ, սևամորթը գիտի՝ ինչպես սանձել ջունգլիների վայրի գեղեցկուհիներին, բայց, պարզվում է, լեռնեցիներից էլ վատ գլուխ չի հանում: Շուրթերը վազում են նրա պարանոցի վրա, աղջիկը սիրում է վայրի հովազի կիրքը: Գրողը տանի, իր կյանքն է, ինձ ի՞նչ: Ուղղակի վաղը հայրը կասի, թե ծնողները պիտի իր պես ավանդույթներ սերմանեն, «ճիշտ» դաստիարակեն: Իսկ ես նրան կխոստանամ մի ավելի սուր մկրատ՝ գլխի մյուս կոտոշները կտրելու:
Գարեջուրը բերեցին: Խմում ենք: Օ՜հ, ինչպես միշտ՝ նարգիլե: Անձամբ ես երկրպագու չեմ, բայց զբաղմունք է, ինչ խոսք: Երաժշտությունը խփում է գլխիս: «Տեսնես՝ ի՞նչ է անում: Էհ, ինչ եմ խոսում, հերն էլ անիծած»: Խառնվում եմ ամբոխին: Մի տեսակ թմրած վիճակ է շուրջը: Լույսերը շաղախվում են աչքերիս: Զգում եմ՝ մեկն էս կողմ է նայում: Կարծես լուսատտիկ լինի: Դիմացից սկսում եմ հետազոտել: Գուցե ի՞նձ էր թվում: Զգուշությամբ կտրում եմ անորոշության քողը, ժպտում նրան ու մոտենում:
– Պարենք:
– Պարենք:
Երկու բառերի մեջ կոտրվեց պատը, ու կամուրջին վազում են «Ես քեզ ցանկանում եմ» մտքերի հեղեղը: Նրա մարմինը էլ ավելի կիպ է հարում իմին, զգում եմ, նա գալարվում է իմ վրա, ինչպես ծովը ժայռին, արյունը խփում է սրտիս, երակներս ձգվում են: Չեմ զգում՝ ինչպես նա համբուրում է ինձ: Ձեռքից բռնում եմ, վազում ենք դուրս: Գնում ենք հեռու, ու կիքը պայթում է: Ու ահա, բացում եմ աչքերս, ժամը 5-ն է: Լուսադեմ:
«Տեսնես՝ նա ի՞նչ է անում»: Կրկին նույն միտքը: Սուրճը խմում եմ, ծլկում սենյակից: Սա նման է փողոցում վաճառվող ծաղիկների, իսկ քոնը քանի անգամ ես ջրել, փխրեցրել հողը, որ աճի: Չէ, տիկին, կներես, բայց մի գիշերն այն էր, ինչ ապրում է փողոցում: Օղը վուաղ:
Je suis parti chez moi.[3]
Ընտրելու արվեստը ամենաբարդ և ամենահակասական դրությունն է մարդու կյանքում: Ես գիտեմ, որ ինձ համար գցելն է դժվար, հրաժարվելը, քան մեկ ուրիշը վերցնելը: Ես պատրաստ եմ մի դար, մի հավերժություն փոշու մեջ նկուղում չհիշել քո մասին, բայց թող ահա մեկը ձեռքը երկարի ու որոշի վերցնել քեզ, միանգամից Ալեքսանդրը կնստի իր Բուցեֆալը ու մի նոր Արևելք կսկսի նվաճել մոլեգնորեն: Մարդկանց մի ստվար զանգված կործանվում է չընտրելու կարողությունից: Հասնում ես 18, կարծում ես՝ կյանքը նոր է սկսվում, հոգուդ մեջ վազում են հույսերը, հավատը շղթայի պես գցում են վզիցդ, ու համոզված ես, որ հենց դու ես նախախնմաության մարդը: Այո, հենց քո տանը, պարո՛ն, ծնվել է աշխարհի հերթական փրկիչը, կինոաստղը, գործարարը, նոբելյան մրցանակակիրը, գանգստերը, բոլոր-բոլորը , մինչդեռ հեռվում ժամանակը քմծիծաղ է տալիս ու թվումը անունը նրա պապերի, որ անցան:
Երեկ զարթնեցի, լույսը բացվեց թե չէ, հեռվից մեկը շշնջաց.
– Նա քեզ չընտրեց:
– Փակի՛ր բերանդ:
– Չընտրեց, չընտրեց, չընտրեց…
– Ռադ եղիր, քեզ ասում եմ:
Կողքիս ծաղկամանը շպրտեցի պատին: Մեջը թարմ վարդեր էին: Աջ-ձաք թռան սենյակով մեկ:
Մեղավո՞ր էին: Բնավ, ուղղակի երբեմն անհարկի գեղեցկությունը կամ առաքինությունը արդեն իսկ մեղք է: Եթե գոյություն ունես մեկի կյանքում, ընտրություն կատարելը նման է այն տանտիրոջը, որ ցանկանում է անդադար նորը գնել: Իսկ մի՞թե ես իր եմ:
Քայլում ենք փողոցով: Նա անդադար չափող հայացքով դիտում էր շուրջը: Հետո ինձ պատմում էր, նկարում նրանց, ում պատահել էր կյանում: Ատում էր թխամաշկ մեկին, ապա լղար ցինիկի: Հաջորդ օրը չափում էի իմ ու Աշոտի պլյուսներն ու մինուսները: Գլուխը դրեց կրծքիս, նեղվեց ոսկրոտ լինելուցս, ապա ասաց.
– Երեկ մտածում էի, որ երբեմն պետք է դատարկել գետը ու հեռանալ:
Վարագույր: Ես վերջացա: Նա այնպես լավ էր սովորել հեռանալու արվեստը, անգամ բառերը: Որքան էլ լավ ես կարկատում պատռված մասը, մեկ է, հետք է մնում: Եթե չգիտեք՝ ինչպես լցնել հոգին, գոնե մի ծակեք: Թակում ես դուռը, ու քեզ ներս են թողնում: Եթե անապատ է, կառուցիր, ոռոգիր, թող ծաղկեն ծաղիկները, եթե Արկտիկան է, մի խարույկ վառիր, թող ջերմանան մրսող ձեռքերը, եթե քանդված ճանապարհ է, կառուցիր, բայց զգույշ՝ չտրորես մի ծիլն անգամ, չքերծես մի նյարդն անգամ, ու երբ որոշես գնալ, վերցրու քեզ հետ ստվերդ ու հեռացիր, ինչպես գիշերը լքում է երկինքը:
Երեկ Գոռին տեսա՝ կուրսեցուս: Հրավիրեց խմելու, ապա ասաց, թե մեկի հետ պիտի ծանոթացնի:
Երեկո է: Երևանը գիրկը պարզել է գիշերային թափառողների համար, շուրջը վխտում են անցորդներն ու միայնությունը: Մտանք մի փաբ: Վերջին սեղանի մոտ նստած էր մի երիտասարդ՝ սիգարետը բերանին: Նա վայելուչ տեսք ուներ, չնայած երբեք ջենթլմենի տպավորություն չէր թողնի։ Վանդակավոր վերնաշապիկ էր հագին, մորուքը անխնամ։ Աչքերը փոս ընկած էին ու ցանկացած մարդ կարող էր գծել նրա աչքերում առկա վախի պարագիծը։ Աչքերի մեռելային սառնությունը միևնույն ժամանակ խառնվել էր նրա ծանր հոգոցներին։ Բարևեցինք, նստեցինք: Գոռն այդպես էլ չասաց ճանապարհին բուն էությունը: Լռություն էր տիրում: Հետո լսվեց նրա խուլ ձայնը, որ իմ ներսում կուտակված նեխած սիրո չղջիկներին որոշեց քշել միայնության քարանձավից:
– Ես սիրում եմ նրան:
Նայեցի աչքերին: Սարսուռը խաղաց մաշկիս վրա:
– Մենք պարզապես բաժանվել էին մեկ տարվա դադարով, ես արտերկրում էի սովորում:
– Դու ապու՞շ ես, թե՞ մահապարտ: Ինչե՞ր ես խոսում:
– Կներես, մենք վաղը նշանվում ենք: Վախենում էր քեզ ասել:
– Չեմ հավատում քեզ: Լսի, կսպանեմ քեզ: Երեկ էինք միասին զբոսնում:
– Զանգիր իրեն:
– Լյուսի…
Դուրս եմ շպրտում բառերը: Այս փողոցնեին քայլել ենք ես ու խաբեությունը: Նա ասում էր, որ պաշտում է ազատությունը: Հետո հանդիպեցի, հարցրի նրան, թե արդյո՞ք սիրել է ինձ:
Նա ասաց.
– Դա սեր չէր: Միայնության վախն էր: Մենակ էի: Ես քեզ հետ ապրել էի ուզում: Իրականում դու վանդակ էիր, որ թռիչքն է բանտում:
– Մի՞թե…
Ազատության ընկալումը մարդկային քաղաքակրթության մեծագույն ձախողումը դարձավ: Մարդկությունը իր ծննդյան օրից ազատություն է փորձում ծնել և որքան ծանր է տանում ազատությամբ հղի լինելը: Եվ նրա բոլոր հայրերը անպատասխանատու շան ծնունդներ են հանդես գալիս, ու ազատությունը մնում է միշտ որբ ու անպաշտպան: Երբ սկսեցի մաս առ մաս ուտել սեփական անդունդը, հասկացա, որ մենք ապրում ենք ազատության տոնավաճառում, ուր ամեն ոք սեփական հոգու դատարկությունը փորձում է վաճառել ազատության փաթեթավորմամբ:
Երեք ամիս է անցել: Աշխատում եմ: Կյանքս հանդարտ հոսող գետի է նման:Կամուրջներ եմ գցում, ապագան ու ներկան խաղաղ ապրում են մի հարկի տակ: Ընկերներս սիրում են կոտրել երեկոյի մենությունս, քայլում ենք, խոսում բոլոր հայտնի և անհայտ երկներից և որոշում աշխատել փող, այնքան փող, որ աշխարհի ամեն կետում մեր ոտնահետքը դրոշմ լինի: Հետո կրկին սկսվում է աշխատանքային շաբաթը, և բոլոր հեքիաթային երազները փսխում են առօրյա հոգսերից: Ի վերջո աչքերիցդ կախվում է հուսահատությունը: Ի վերջո դու հասարակ մի ջահել ես ճիշտ քո ծնողների պես, ընկերների, հարազատների պես, ու միայն բառերդ են, որ օրերից կռացած մեջքով գոռում են՝ երազիր:
Գիշեր է, առաստաղից, չգիտեմ, երազնե՞րն են թափվում վրաս, թե՞ ցուրտը: Գուցե անքննությամբ ուղեղս մոռացնի ուր որ է սառցակալող քիթս: Մյուս կողմից սիրտս ծակծկում է ցանկությունը նրանից տեղեկություն ստանալու: Երեք ամիս է, ինչ ոչինչ չեմ գրել: Ինքս իմ դեմ ահաբեկչություն եմ պատրաստվում կազմակերպել: Մահապարտ մտքերը գործի են ացնել և շուտով կպայթեցնեն ուղեղս: «Վերջ, գրում եմ»,- մտածեցի ես: Բացում եմ ֆեյսբուքն ու սկսում: Բայց ի՞նչ գրեմ: Ինչպե՞ս կամուրջ գցեմ մի կղզի, որ ինձնից արդեն հեռու է մի լուսնատարի: Թվում է՝ նա իր առագաստը վաղուց ձգել և հեռացել է անհայտ ափերը: Ուր որ է երակներս կպայթեն, զգում եմ սրտիս վայրահաչոցը, ու դող է անցնում, որ երկրաշարժի է նման: Ի՞նչ գրեմ: Ի՞նչ բառերով պատմեմ դատարկության մասին: Գուցե նա էլ քե՞զ է սպասում: Չէ, տխմա՛ր, նա մի նոր հետաքրքրություն հաստատ ունի: Կտրի՛ր պատրանքներդ, որով կնքել ես քեզ մի նոր կրոնով, որ խելագարություն է կոչվում: Հինգ անգամ գրում եմ, ջնջում նույն տողը: Վատ է: Չնայած ինչ էլ գրես, պարզից էլ պարզ է՝ կարոտել ես: Որոշել ես չպարտվել, իսկ պարտության կամ հաղթանակի մասին մտածելը արդեն իսկ պարտություն է:
Այստեղ թողնում եմ ծակ ու ժանգոտած բառերի մի կույտ:Նա մենակ չէ: Նա պատմում է ինձ մեկի մասին, ում փորձում է սեր փոխանցել: Իսկ ես լսում եմ նրան, որովհետև միշտ եղել եմ սեփական ինքնաոչնչացմանը առաջինը մի կայծ տվող անհասկանալի էություն:
Չէ, վերջում մի քանի թունավոր բառեր կասեմ, որովհետև և՛ դու, և՛ ես ցինիկ ենք և սիրում ենք ուրիշի հոգում փշեր տնկել: Ահա սա է այն ուրվականը, որը կապում է մեզ: Իսկ մեր շուրջը ապրում են մարդիկ, որ սիրում են մեզ, երբ նրանք մեր ձեռքում ընդհամենը ժամանակի մի չոր խաղ են: Մանկությունում «կլաս» էինք խաղում: Քարը գցում տարբեր թվերի վրա և ցատկոտում: Այդ մարդիկ թվերին են նման, ում վրա մի բուռ գգվանք ենք գցում ու հեռանում:
21-րդ դարը պատրանքների ժամանակաշրջանն է: Սկզբում մարդիկ հեթանոս էին, հետո՝ միաստված, ապա դարձան անատված: Հիմա թևակոխել ենք մեկ այլ ժամանակաշրջան՝ պատրանքների դարաշրջանը: Մարդիկ ծնվում են, սովորում քայլել, ապա խոսել և հենց համտեսում են գիտակցության ծառի պտուղները, մի ամբողջ կյանք սովորում են դատարկության լեզուն: Եվ դատարկությունից միակ փրկությունը պատրանքների աշխարհն է, որում վերածնում ենք մեզ: Եվ եթե Աստված բաժանեց երկիր և երկինքը, երկրաբնակներս երկրի հողոտ բառերով սկսեցինք պատմել երկնքի մասին և սխալվեցինք: Մեր մեջ ծնվեց երազը, բայց մեռավ երազողը, և մենք ճահճացած լճի ենք նման, որ բուրում է գարշահոտությամբ, ուր երազանքը ճահիճում աճող բամբուկի է նման: Գիտե՞ք ինչ, ինձ իմ փոքր հողակտորը տվեք, և երկրում ծնված մի ծիլն էլ հերիք է երջանկության համար, որ կժպտա ինձ համար: Ձեզ լինեն բոլոր գույները հետու ծեգերի:
Երեկ գրել էր: Այստեղ կարող էր լինել իմ զարմանքը կամ հրճվանքը: Բայց ոչ, չորացած կոճղին միայն սնկեր են աճում և ոչ նոր կյանքի շիվեր: Հանդիպում խնդրեց:
– Բաժանվել եմ նրանից: Արի կրկին փորձենք:
Սա նման է ճաքած հողին մի քանի սերմ գցելուն: Եվ սիրով ոռոգող էլ չկա: Ծիլեր չի տա:
– Մի՞թե:
Երեկ՝ առավոտյան ժամը 5-ին, նրան թողեցի սենյակում մենակ: Կարծում եմ՝ իրոք սիրում էր ինձ: Չեմ վերադառնա: Մի փոքրիկ նամակ թողեցի:
«Պատանիները միշտ էլ բոլոր գույներին վարդագույն են կոչում: Երբեմն մի ողջ կյանք քարը քարին շարում ես, և ահա մի պատահական երկրաշարժ կործանում է քո օրերի ժառանգությունը: Չգիտեմ՝ սա բնության ցինի՞զմն է, թե՞ միամիտ անզգուշությունը: Լավագույն պատմությունները գորդյան հանգույցը կտրելով են սկսվում: Երեկ այդպես էլ չավարտված օրագիրս բացեցի, ուր միայն մեկ բառ էր գրված՝ նա հեռացավ: Գիտե՞ս ինչ, երբ քեզ սովորեցնում էի հեռանալու արվեստը, դու սովորեցիր փախուստի հիմունքները: Ես գնում եմ իմ խաղաղության ճանապարհով, որը ժառանգել եմ մեր միակ որդուց, ում անունը քաոս էր»:
[1] Կեցցե երիտասարդությունը:
[2] – Բարև, լա՞վ ես:
– Լավ, մերսի, դու՞:
– Ես նույնպես:
[3] Ես տուն եմ գնում:
Տպավորիչ էր , բազմաշերտ ,շատ հասուն գործ է Արման ջան : Վաղուց սենց հաճույքով արդի արձակ չէի ընթերցել շնորհակալ եմ: