Դանիել Պեննակը ամենակարդացվող ֆրանսիացի ժամանակակից գրողներից է: Գրականության ուսուցիչ է Փարիզից ոչ հեռու գտնվող Սուասոն քաղաքում և, ինչպես ինքն է ասում՝ կրքոտ ընթերցող:
1944 թ Կասաբլանկա քաղաքում(Հյուսիսային Աֆրիկա) ծնված, ֆրանսիական գաղութներում ապրած և Ֆրանսիայում մանկավարժական կրթություն ստացած այս ժամանակակիցն ինձ հետաքրքրեց իր մանկավարժական մոտեցումներով, գրչի թեթևությամբ, ասելիքի՝ չպարտադրանքով, ռեալ կյանքի հետ կապվող մոտեցումներով ու իրական կյանքից վերցված օրինակներով:
Պեննակի առաջին գրական քայլերը վատ ընդունվեցին. խմբագրությունները մերժում էին տպագրել գրողին, սակայն, ի վերջո, գրական ձիրքը նկատվեց: Այժմ մանկավարժի գրքերը թարգմանված են աշխարհի շուրջ 30 լեզուներով, նա ճանաչված է, քննարկելի ու ընթերցվող: Պեննակը շուրջ 25 տարի զբաղվել է մտավոր հետամնացություն ունեցող երեխաներով, այնուհետև՝ համապատասխան կրթություն ստանալուց հետո, սկել աշխատել գրականության ուսուցիչ:
Որոշեցի հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացնել «Ինչպես վեպ» էսսեից հատվածներ, առանձին մտքեր:
«Կարդալ» բայը չի սիրում հրամայական եղանակ:
«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է:
Որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում երբ կարդալ հարցադրումը, նշանակում է, չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ մեկը երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
– Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
– Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչու այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. Ինչու նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է , մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ով ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպել է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել կարդալ ինձ դուր եկած վեպը:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ մեկն ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջնկությունը, թե ոչ:
Ընթերցողի անօտարելի իրավունքը
1. Չկարդալու իրավունք
Ինչպես իրավունքի յուրաքանչյուր հարգված թվարկում, ընթերցողի իրավունքի թվարկումը պետք է սկսվի այդ իրավունքից չօգտվելու իրավունքից, հետևաբար՝ չկարդալու իրավունքից: Հակառակ դեպքում իրավունքի դեկլարացիա չի անվանվի, այլ խարդախ ծուղակ:
Սկսենք նրանից, որ ընթերցողների մեծամասնությունն իր՝ չկարդալու իրավունքից օգտվում է ամեն օր: Չնեղանանք, բայց եթե ընտրելու անհրաժեշտություն է առաջանում՝ լավ գի՞րք, թե՞ հիմար ֆիլմ, վերջինը շատ ավելի հաճախ ենք գերդասում, քան կուզեինք խոստովանել: Բայց մենք միշտ չէ, որ կարդում ենք, չէ՞: Ընթերցանության փուլերն ընդմիջվում են չկարդալու բավականին երկար փուլերով, երբ գրքի միայն տեսքը մեզ դուր չի գալիս:
Բայց կարևորն այդ չէ:
Մեզ հետ՝ մեր կողքին, բավական շատ են հարգանքի արժանի մարդիկ, որոնց մի մասը բարձրագույն կրթություն ունի, կան նաև «ակնառու» գործիչներ, որոնցից շատերն ունեն և ցուցադրում են հիանալի գրադարաններ, բայց չեն կարդում կամ այնքան քիչ են կարդում, որ ոչ մեկի մտքով չի անցնում նրանց գիրք նվիրել: Չեն կարդում. կա՛մ նման պահանջ չունեն, կա՛մ զբաղված են ինչ-որ այլ՝ իրենց տեսակին ավելի հարմար բանով, կա՛մ այլ հետաքրքրություն ունեն և միայն դրանով են ապրում:
Կարճ ասած՝ այդ մարդիկ կարդալ չեն սիրում, սակայն դա չի խանգարում, որ նրանց հետ շփվենք, նկատի ունեմ՝ հաճույքով շփվենք: Համենայնդեպս նրանք ամեն անգամ չեն հարցնում, թե ինչ ենք հիմա կարդում, ինչով է այդ գիրքը մեզ դուր գալիս, զերծ ենք մնում մեր սիրելի գրողի հասցեին զավեշտական արտահայտություններ հնչեցնելուց, և մեզ մտավոր հետամնաց չեն համարում միայն այն պատճառով, որ Այսինչի «Այնինչ» հրատակչության կողմից հատարակված մոդայիկ գիրքը չենք կարդում, որի մասին դրական է արտահայտվել Այնինչը: Նրանք մեզ նման մարդիկ են. նույնքան ծանր են տանում աշխարհի դժբախտությունը, մտածում մարդու իրավունքների մասին և դրանց համար պայքարում՝ որտեղ դա կարող է իրենցից կախված լինել:
Խուսափեք նման հետևությունից, որի համաձայն ով չի կարդում՝ դիվահար է կամ անհույս տխմար: Հակառակ դեպքում ընթերցանությունը բարոյական պարտքի աստիճանի կդասենք և առաջին քայլն այն ուղղությամբ կանենք, որ կդատենք, ասենք, գրքերի «բարոյականության» մասին՝ դրանով իսկ վտանգելով անօտարելի ազատությունը՝ ստեղծագործելու ազատությունը: Այս պարագայում դիվայինը մենք կլինենք, որքան էլ «ընթերցող» լինենք:
Այլ կերպ ասած՝ ստեղծագործելու ազատությունը չի կարող հաշտվել կարդալու անհրաժեշտության հետ:
Սովորեցնելու պարտավորություն էլ այն է, որ սովորողներին ծանոթացնելով գրքին, մոտեցնելով գրականությանը, հնարավորություն տրվի նրանց հասկանալու, որ իրենք ընթերցել-չընթերցելու իրավունք ունեն:
Անասելի տխուր է. միայնությունը միայնությամբ է բազմապատկվում այն մտքից, որ հեռու ես գրքերից, նույնիսկ այն գրքերից, առանց որոնց հիանալի ապրում ես:
2. Տեքստի վրայից թռչելու իրավունք
Առաջին անգամ «Պատերազմ և խաղաղություն» վեպը կարդացի 12-13 տարեկանում (ավելի ճիշտ՝ 13-ում. այդ ժամանակ 5-րդ դասարանում էի սովորում և հասակակիցներիս զիջում էի): Երկար՝ ամառային արձակուրդի առաջին իսկ օրերից եղբորս (նրան, որ «Մուսսոն» էր ընթերցում) տեսնում էի հաստափոր գրքի մեջ ընկղմված, և հայացքն ասես թափառում էր. թվում էր՝ ճանապարհորդ է, որ վաղուց դադարել է հայրենի երկրի մասին մտածելուց:
– Ի՞նչ է, էդքա՞ն հաճելի է:
– Իհարկե։
– Իսկ ինչի՞ մասին է:
– Մի աղջկա, որ սիրում էր մեկին, բայց ամուսնացավ ուրիշի հետ:
Եղբայրս միշտ էլ հակիրճ պատմելու վարպետ է եղել: Եթե հրատարակիչները հանձնարարեին նրան կարճ անոտացիաներ գրել, մեզ անիմաստ հոգսերից կազատեր:
– Կտա՞ս կարդամ:
– Վերցրու: Նվիրում եմ:
Սովորում էի պանսիոնատում. ուստի նվերն անգին էր՝ երկու հաստ հատոր, որ կիսամյակը կարճելու հնարավորություն կտար: Եղբայրս հինգ տարով մեծ էր ինձնից, հիմար չէր (հետագայում էլ էդպիսին չդարձավ) և շատ լավ գիտեր, որ «Պատերազմ և խաղաղություն»-ը չի կարելի սիրային համարել, որքան էլ այդ տեսարանները գրավիչ լինեն:
Նաև իմ թուլությունը գիտեր սիրային դրամաների հանդեպ և սիրում էր հետաքրքրությունս բորբոքել նման պատմությունների սեղմապատումներով (իմ խորին համոզմամբ՝ իսկական «մանկավարժ»): Իրոք, կարծում եմ, որ միայն թվաբանական հանելուկն ինձ ստիպեց թողնել դեդեկտիվն ու ընկղմվել այդ վեպի մեջ: «Սիրել է մեկին, ամուսնացել ուրիշի հետ». չեմ պատկերացնում, թե նման ձևակերպումը կարող է մեկին չհետաքրքրել: Վեպն ինձ չհիասթափեցրեց. չնայած՝ հաշվարկում եղբայրս սխալվել էր: Իրականում Նատաշային չորսն էին սիրում՝ իշխան Անդրեյը, ստահակ Անատոլը (եթե իհարկե կարելի է դա սեր համարել), Պիեր Բեզուխովն ու ես: Քանի որ ես ոչ մի հնարավորություն չունեի, ստիպված էի մարմնավորվել մյուս կերպարների մեջ (միայն ոչ Անատոլի, այ քեզ ստահակ):
Ընթերցանությունն ավելի գրավիչ է դառնում, երբ դրանով զբաղվում ես գիշերը՝ գրպանի լապտերիկի լույսով, ծածկոցի տակ, 50 քնած, խռմփացող կամ փնթփնթացող մարդու կողքին:
Վերահսկչի խուցը կողքիս էր, բայց դա ոչինչ չէր փոխվում. սիրելիս ամեն ինչ վտանգում ես: Մինչև հիմա ձեռքերիս մեջ զգում եմ այդ հատորների հաստությունն ու ծանրությունը: Կարդալիս գրքի երեք քառորդ մասի վրայով թռչում էի, քանի որ ինձ միայն Նատաշայի սիրային հարցերն էին հետաքրքրում: Այնուամենայնիվ, խղճացի Անատոլին, երբ ոտքը կտրեցին, անիծում էի այդ համառ իշխան Անդրեյին, երբ կանգնած էր մնացել Բորոդինոյի ճակատամարտի ժամանակ («Դե, պառկիր, հիմա կպայթի, ո՞նց ես վարվում Նատաշայի հետ. չէ՞ որ սիրում է քեզ»)…
Կարդում էի այն ամենն, ինչ սիրո և կռվի մասին էր, բաց թողնում այն, ինչ քաղաքականությանն ու դիվանագիտությանն էր վերաբերում: Կլաուզևիցի գաղափարներն իմ բանը չէին, ու անցնում էի դրանց վրայով: Հետևում էի Պիեր Բեզուխովի և նրա կին Էլենի ընտանեկան վեճերին (Էլենը համառ էր և, իրոք, ինձ անտանելի էր թվում), Տոլստոյին միայնակ մտորելու հնարավորություն էի տալիս, երբ խոհը հավերժական Ռուսաստանին էր վերաբերում…
Այո, բաց էի թողնում շատ ու շատ հատվածներ: Բոլոր երեխաներն էլ պետք է բաց թողնեն:
Օգտվելով այդ հնարքից՝ որքան ուզեն շուտ կկարողանան թույլ տալ իրենց վայելել այն գանձերը, որոնք, իբր, իրենց տարիքին համապատասխան չեն:
Եթե նրանք ուզում են «Մոբի Դիկ» կարդալ, բայց չեն կարողանում հաղթահարել մոլվիլյան նկարագրական հնարքները, թող չթողնեն կարդալը, այլ հետևեն Ախավին այնպես, ինչպես ինքն է հետևում կյանքի ճերմակ իմաստին և մահվանը: Եթե ուզում են ծանոթանալ Իվան, Դմիտրի, Ալյոշա Կարամոզովների և նրանց աներևակայելի հոր հետ, թող վերցնեն ու կարդան «Կարամազով եղբայրները». սա հենց նրանց գիրքն է՝ նույնիսկ եթե ստիպված լինեն ծերունի Զոսիմի զրույցները և Մեծն Ինկվիզիտորի լեգենդները շրջանցել:
Եթե նրանք չեն կարողանալու իրենք իրենց համար որոշել, թե որն է իրենց տարիքին համապատասխան, որը՝ ոչ, չեն կարողանալու ընտրել, թե որ էջերի վրայով թռչեն, նրանց լուրջ վտանգ է սպասվում. դա նրանց փոխարեն ուրիշները կանեն: Կզինվեն տխմարության հսկայական մկրատներով և կկտրեն այն, ինչ երեխաների համար չափազանց «դժվար» կհամարեն: Արդյունքները սարսափեցնող են. «Մոբ Դիկը» կամ «Մեժվածները» դարձել են 150 էջանոց կցկտուր, անիմաստ, այլանդակծ պատումներ, որոնք վերաշարադրված են անհեթեթ լեզվով, որը համարվում է երեխաների համար միակ ընկալելին:
Բացի դրանից. նույնիսկ, երբ արդեն «մեծ» ենք, և անգամ հեշտ չէ խոստովանելը, միևնույնն է, հաճախ ստիպված ենք լինում շրջանցել շատ հատվածներ տարբեր պատճառներով, որոնք ոչ մեկին չեն վերաբերում, բացի մեզնից ու գրքից: Պատահում է և այնպես, որ մենք արգելում ենք ինքներս մեզ այդպես վարվել՝ գիրքը կարդում ենք սկզբից մինչև վերջ՝ արձանագրելով, որ հենց այս մասում է գրողը թելը ձգում կամ տեքստին անհամահունչ մեղեդի մտցնում, որ այս մասում էլ՝ կրկնում է նույն միտքը, մյուսում՝ դատարկաբանում:
Ինչ էլ որ այդ մասին ասենք, միանշանակ է, որ ձանձրույթի համառ հաղթահարումը, որը մեզ համար պարտականություն ենք դարձրել, բնավ էլ պարտականություն չէ և ընթերցողի՝ մեր վայելքների ցանկից չէ:
Թարգմանությունը ռուսերենից` Մարգարիտա Սարգսյանի
Շարունակությունը՝ Այստեղ
1 Կարծիք