Արամ Ավետիս | Դագաղի երակները

Ընկերոջս՝ Միսակ Սարգսյանին

 

Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,
Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ։
Եղիշե Չարենց

Ես գիտեմ քեզ իմ ընթերցող. ես վերադարձել եմ հետ և քո դեմքը ծանոթ է ինձ:

Ոչ մի տեղ օդը այդան մաքուր չէ, և կյանքն այդքան ազնիվ, որքան գերեզմանոցում, որտեղ ինձ տանում են ինքնակամ ոտքերս, որտեղ ինձ մի օր կտանեն ստիպված ուրիշների ոտքերը:

Բառերի աշխարհից հոգնած ես մտնում եմ լռության աշխարհը, որտեղ Թանատոսն է իշխում՝ իսկական աստվածը, որը մարդ ստեղծեց:

Նա, ով իսկապես ստեղծագործում է, հեշտ է աղբանը շպրտում իր մտքերը:

Մահվան աստծո կերպարանքով եմ ես ստեղծված:

Ես ու ընկերս գնում ենք դեպի մեռյալների քաղաքը՝ ճանապարհին դառնալով մեռյալներ:

Վիժեց երկինք և երկիր,
Վիժեց և ծովը ծիրանի:

Ես այսօր որոշել եմ գտնել քեզ:
Կոկայինի գծերով եկա դեպ քեզ իմ հրեա ընկեր: Միայն կոկայինի կծիկը գիտի որտեղ է թաղված մարմինդ այս կես ցուլ, կես մարդ աշխարհի մեջ:

Մարդը մերձեցավ ցուլի հետ և իր սպիտակ Ծիր կաթինը իր ծերից կաթեցրեց ցուլի մեջ: Եվ ցուլը երեխա ծնեց:

Ընկերոջս ուսին մի պարկ է, որի մեջ մի այծ է. վճար նավակի համար, որ մեզ կուղեկցի փտածների աշխարհը: Փտածները, որոնք ունեն գույնզգույն քարեր, որոնց գերեզմանները ավելի մաքուր են, քան քո կարդացող աչքերը իմ ընթերցող:
Մեռյալները ունեն փտած ու նեխող մայրեր ու հայրեր, և դրանով նրանք արդեն նման են մեզ: Այդ մեռած մայրերի և հայրերի միջոցով են գերեզմանի որդերը մայրանում և հայրանում:

Որդերի ընտանիքներ հողում: Որդերի ընտանիքներ հողի վրա:

Ի սկզբանե բառն էր, և դա վերջին բառն էր:

Հետո նա շունչը փչում է, և քամին տանում է իր բոլոր արտաշնչածը, եղածը դարձնում մի նոր քամի և դրանով մաքրում փոշին տապանաքարի:

Մ. Ագեևի գերեզմանը մենք գտանք երեք ժամ փնտրտուքից հետո: Սպիտակ սալիկները ծածկել էին նախկին հետախույզի կուրծքը:

Ես նայում եմ դեմքերին, որոնք նայում են ինձ: Մեռյալների քաղաքում ես ձեզ բոլորիդ տեսա: Հատկապես հիշում եմ քեզ իմ ընթերցող: Քարի վրա դեմքդ անմահի ժպիտով էր փորագրված: Բայց այտերիդ փոսերի մեջ վաղուց արդեն կանաչ բորբոսն էր դեղնում:

Ամբողջ կյանքում մարդ ձգտում է դեպի իր վերջը, իսկ վերջը ձգտում է դեպի մարդը: Հարցը նրանում է, թե ով ում ավելի շուտ կհասնի: Ես վերջի՞ն, թե վերջը՞ ինձ:

Մեռյալների աչքերը: Մի ժամանակ այդ աչքերից կարելի էր դույլերով երազներ հանել: Իսկ հիմա դուք կքերեք ձեր եղունգները այդ քարե բիբերը քերծելով:

«Կոկայինով վեպ»: Ահա եղբայր այն գիրքը, որ դու գրեցիր, իսկ հետո մի փոքրիկ պատմվածք՝ «Քոսոտ ժողովուրդ»: Ինձ դուր է գալիս այս երկրորդ վերնագիրը: Նա իմ սրտից է: Իմ արդեն մեռնող սրտից:

Ողջերի աշխարհը քոսոտ աշխարհ է: Ես գիտեմ քեզ իմ ընթերցող, քանզի դու քոսոտ ես, ինչպես և ես:Մենք ստեղծված ենք քարի տակ պառկելու համար:

Բայց մինչ այդ քաշի քթերդ սպիտակ կավիճը, որ ուղեղիդ գրատախտակին բանաստեղծություններ գրվեն:

Պետք է ազատագրվի միտքս:
Պետք է ազատ գրվի միտքս:

Իսկ դրանում ինձ կօգնի Ագեևի գիրքը և մի քիչ կավճի փոշին, որ ընկերս դանդաղ լցնում է գերեզմանաքարի վրա:

Երեք գիծ, երեք ծիր, և քթանցքս որպես դագաղի կափարիչ բացվում է, քաշում ներս արցունքներն աստղերի, և Ծիր Կաթինը դառնում է գերեզմանը իմ:

Այդ սպտակ ձյան փաթիլները, լցվելով ռունգերիս մեջ, իրենց հետ բերեցին մահվան հոտը:
Նեկրոֆիլի երազանքի օծանելիքի բույրը լցվեց գանգիս մեջ և ոսկրե պատերը մի պահ լխկեցին հաճույքից:

Երակներս այնքան լայն են ժպտում, որ ես երբեմն տեսնում են նրանց սուր ատամները և բառերը, որոնց մեջ խրվում են նրանք:

Նայում եմ ընկերոջս: Նրա դեմքը ծանոթ է ինձ: Քարերից մեկի վրա այսօր արդեն մի անգամ տեսել եմ այդ դեմքը:

Հիմա ես կուզեի դառնալ այս բոլոր մեռելների ընկերը: Ես կուզեի սպանել ինքս ինձ, բայց այս ահռելի տիեզերքում որտե՞ղ գտնեմ ինձ, որ անեմ մտացածս:

Մ. Ագեևը շարունակում է պառկած մնալ, իսկ ես շարունակում եմ մնալ կանգնած:
Ես շարունակում եմ պառկած մնալ, իսկ Ագեևը շարունակում կանգնած մնալ:

Ես աչքերս բացում եմ: Ամբողջ գերեզմանը հին ու նոր մեռելներով ինձ են նայում: Իմ շուրջ հավաքվել են մոգերի դիակներ ու կմախք հովիվներ: Եվ այդ պահին աստղ ընկավ վերևից: Բոլորը տխուր նայում են ինձ: Առաջին անգամ նրանք տեսան, թե ինչպես է դիակը ծնվում:

Ծիր Կաթինը լցվում է կրծքից մեռած մանուկի բերանը և փրփուրներով հոսում նրա այտերի վրայով:
Կյանքը այնպիսի դոզա է հենց ծնվելուց առաջարկում, որ շատերը մեռնում են առաջին իսկ կումից:

Հանկարծ ընկերս հայտնվում է դիմացս և մեկնում իր ձեռքը, ինչպես Աստված Միքելանջելոյի նկարից: Իմ ձեռքը Ադամի ձեռքի նման է: Կախ ու թույլ: Ադամը չի ուզում այլևս ստեղծվել:

Եվ եղեգնիկը կարմիր
Վիժեց ծովում ծիրանի:

Վերադառնում ենք հետ: Ագեևը ինձ այդպես էլ ոչինչ չասաց, միայն գրպանս թաքուն իր գիրքը դրեց և մի քիչ կավիճ, որ չմոռանամ մեռյալների աշխարհ տանող ետ դարձի ճամփան:

Երթուղայինում փոքրիկ տղան, որ նստած էր դիմացս, նայում էր ուղիղ աչքերիս մեջ: Նա առաջին անգամ էր այդքան մոտիկից տեսնում Ծիր Կաթինը:
Ես դանդաղ կռացա դեպի իր ականջը և շշնջացի.
-Դու գիտես Մ.Ագեևին:
Նա գլխով բացասական շարժում արեց:
Ես շշնջացի.
-Ոչ ոք չգիտի Ագեևին:

Հետո ուղղեցի ողնաշարս, որը դարձել է սպիտակ խողովակ կավիճների համար:
Իմ ողնաշարը այն առանցքն է, որի շուրջ անվերջ պտտվում է իմ միսը՝ պտտելով իր հետ իմ մենությունը, որ բորբոսի նման ուտում է հյուսվածքներս, որոնց շերտերի տակ ես միլիոնավոր չգրված գրքեր եմ հավաքել:

Նրա մայրը խիստ հայացքով նայեց ինձ, ես իջեցրեցի աչքերս և նայեցի նրա փորին: Նա հղի էր:

Հող-մաշկի տակ, որտեղ արյան ծովն է պորտալար կամուրջի վրա թափում իր չքնաղ ալիքները, ես տեսա մարգարիտ-սաղմի դեմքը:

Եվ հանկարծ իմ աչքերից աստղերի արձունքներ հոսեցին:
Ես արդեն այսօր մի անգամ տեսել էի այդ փոքրիկի դեմքը:

Վիժեց երկիր և երկինք
Վիժեց և ծովը ծիրանի:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *