«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ եւ Վահե Արսենի թարգմանությամբ հայերենով լույս է տեսել մինչ օրս 52 լեզվով թարգմանված և 19 միլիոն օրինակով հրատարակված Դեն Բրաունի ժամանակակից թրիլլերը՝ «Ինֆեռնո»-ն: Իր հրատարակման տարում՝ 2013-ին, այն դարձել էր USA TODAY-ի թիվ 1 բեսթսելլեր: Գրողի առաջին հիթը՝ «Դա Վինչիի ծածկագիրը», կրկին բազմամիլիոնանոց հրատարակությամբ, բեսթսելլեր էր դարձել 2004-ին և 2006-ին:
Դժոխքը՝ Ինֆեռնոն, ֆլորենտացի մեծագույն բանաստեղծ Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» առաջին բաժինն է: Այն ոգեշնչել է ամերիկացի գրողին ստեղծել իր գերարագ զարգացող սյուժեով ժամանակակից թրիլլեր՝ լի կոդավորումներով ոչ միայն Ալիգիերիի գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: Դանտե Ալիգիերիի մահվան դիմակի վրա թողնված և այլ քողարկված ուղերձները, որոնք կարող են ընթերցել միայն «Աստվածային կատակերգության» գիտակները, առաջնորդում են գրքի հերոսներին դեպի Ֆլորենցիա և Վենետիկ, բայց հանգուցալուծում են գտնում Կոստանդնուպոլսում՝ Ստամբուլում:
հատված
Լենգդոնի գլխի կարերը կրկին սկսեցին տրոփել, երբ նա ու Սիենան Մարտայի և անվտանգության երկու աշխատակիցների հետ մուտք գործեցին անվտանգության տեսախցիկների կառավարման սենյակը: Փոքրիկ տարածքը, որ նախկինում ծառայել էր որպես հանդերձարան, գերծանրաբեռնված էր համակարգիչներով և մոնիտորներով: Ներսում հեղձուցիչ տաք օդ էր` ներծծված ծխախոտի հոտով:
Լենգդոնին անմիջապես թվաց, որ պատերը ժողովվում են իր ուղղությամբ:
Մարտան տեղավորվեց մոնիտորի առաջ, որն արդեն ցույց էր տալիս դռան վերևի տեսախցիկով արված ձայնագրությունը` andito– ի մշուշոտ սև ու սպիտակ պատկերը: Էկրանի ժամանակացույցը հուշում էր, որ տեսագրությունն արված է նախորդ օրն առավոտյան՝ ուղիղ քսանչորս ժամ առաջ, երբ թանգարանը դեռ չէր բացվել, իսկ Լենգդոնի և խորհրդավոր Il Duomino– ի երեկոյան այցելությանը դեռ մի ամբողջ օր կար:
Անվտանգության աշխատակիցը արագացրեց տեսագրության ժամընթացը, և Լենգդոնը տեսավ, թե ինչպես զբոսաշրջիկների հոսքը արագ ու կտրուկ շարժում ներով լցվեց andito: Այդ դիտանկ յունից դիմակը չէր երևում, սակայն, վստահաբար, այն դեռ ցուցափեղկի հետևում էր, քանի որ զբոսաշրջիկները անընդհատ կանգ էին առնում դրա առաջ, զննում և լուսանկարում: Խնդրում եմ, շտապե՛ք, մտքում ասաց Լենգդոնը, ոստիկանությունը մոտ է: Նա կարծում էր, որ ինքն ու Սիենան կարող էին ուղղակի ներողություն խնդրել և հեռանալ, սակայն նրանց անհրաժեշտ էր դիտել տեսագրությունը. ինչ էլ որ դա ձայնագրած լիներ, այն շատ հարցերի պատասխանն էր տալու և կօգներ պարզելու, թե ինչ է, գրողը տանի, կատարվում:
Տեսագրությունն ավելի արագացավ, և andito–ն լցվեց երեկոյան ստվերներով: Զբոսաշրջիկները դեռ մուտք ու ելք էին անում, սակայն վերջապես ամբոխը սկսեց նոսրանալ, իսկ այնուհետև կտրուկ անհետացավ: Երբ էկրանի ժամանակացույցով 17:00–ն էր, թանգարանի լույսերը մարեցին, և անդորր տիրեց:
Երեկոյան ժամը հինգը: Թանգարանը փակվում է:
— Aumenti la velocità[1],— հրամայեց Մարտան՝ առաջանալով և աչքերը էկրանին պլշելով:
Անվտանգության աշխատակիցը սեղմեց կոճակը, և ժամանակացույցի թվերն է՛լ ավելի արագ վազեցին, մինչ այն պահը, երբ երեկոյան ժամը 22:00–ի մոտ հանկարծ թանգարանի լույսերը կրկին վառվեցին:
Անվտանգության աշխատակիցը տեսագրությունն արագ սովորական ժամընթացի բերեց:
Ակնթարթ հետո մոնիտորին հայտնվեց Մարտա Ալվարեսի՝ արդեն ծանոթ հղի ուրվագիծը: Նրան էր հետևում Լենգդոնը՝ հագին իր ավանդական «Հարիս Թվիդ Քեմբեռլի» պիջակը, խակի գույնի անթերի արդուկած տաբատը և կորդովական կաշվից թեթև կոշիկները: Լենգդոնն անգամ նկատեց իր՝ Միքի Մաուսի պատկերով ժամացույցը, որ քայլելիս պսպղում էր թևքի տակից:
Ահա և ես… մինչև ինձ վրա կկրակեին:
Լենգդոնին անչափ տհաճ էր գիտակցել, որ բոլորովին չի հիշում կատարվածը: Անցյալ գիշեր ես այստե՞ղ եմ եղել… դիտել Դանտեի հետմահու դիմա՞կը: Ինչ– որ կերպ անց յալի և ներկայի այս միջանկ յալ հատվածում նա հաջողել էր կորցնել իր հագուստը, Միքի Մաուսի պատկերով ժամացույցը և կյանքի զույգ օրը:
Ջանալով ոչինչ բաց չթողնել՝ նա ու Սիենան հնարավորինս մոտեցան Մարտային և անվտանգության աշխատակիցներին: Անձայն ֆիլմը շարունակվում էր. Լենգդոնը և Մարտան դիմակը զննելու համար մոտեցան ցուցափեղկին: Նույն պահին լայն ստվերը փակեց միջանցքի մուտքը, և կադրում հայտնվեց մի սարսափելի գեր մարդ` դարչնագույն կոստյումով, ձեռքին պայուսակ: Նա մի կերպ դռնից ներս խցկվեց: Նրա համեմատ անգամ հղի Մարտան նրբակազմ էր երևում: Լենգդոնն անմիջապես ճանաչեց նրան: Ignazio?!
— Ինյացիո Բուզոնին է,— Սիենայի ականջին շշնջաց Լենգդոնը:— Opera del Duomo թանգարանի տնօրենը: Մի քանի տարի է, ինչ ծանոթ ենք: Ես երբեք չեմ լսել, որ նրան il Duomino կոչեն:
— Դիպուկ մականուն է,— ցածրաձայն պատասխանեց Սիենան: Տարիներ առաջ Լենգդոնը խորհրդակցել էր Ինյացիոյի հետ՝ վերջինիս վստահված il Duomo տաճարի պատմության և այնտեղ պահվող արվեստի գործերի հետ կապված: Սակայն այդ մարդու այցը Պալացո Վեկիո քիչ տարօրինակ էր. դա Ինյացիո Բուզոնիի ոլորտը չէր: Չնայած որ նա մեծ հեղինակություն ուներ Ֆլորենցիայի արվեստի աշխարհում և նաև Դանտեի մոլի երկրպագուն էր ու նրա արվեստի գիտակը:
Ճիշտ աղբյուր` Դանտեի հետմահու դիմակի մասին ավելին իմանալու համար:
Երբ Լենգդոնը հայաց քը կրկին սևեռեց մոնիտորին, տեսավ andito– ի ետնապատի մոտ համբերատար սպասող Մարտային, մինչդեռ ինքն ու Ինյացիոն, արգելապարանների վրա կռացած, փորձում էին ավելի մոտիկից զննել դիմակը: Այնուհետև, մինչ իրենք շարունակում էին քննարկել և ուսում նասիրել դիմակը, րոպեներն անցնում էին, և նրանց հետևում կանգնած Մարտան մերթընդմերթ նայում էր ձեռքի ժամացույցին:
Լենգդոնը շատ կուզեր, որ տեսագրությունը ձայնով լիներ: Ի՞նչ ենք խոսում ես ու Ինյացիոն: Ի՞նչ ենք մենք փնտրում: Հենց այդ պահին մոնիտորին երևաց, թե ինչպես է Լենգդոնն անցնում արգելապարանի վրայով և հայտնվում ուղիղ պահարանի դիմաց՝ ապակուց ընդամենը մի քանի մատնաչափ հեռու: Դրան ի պատասխան՝ Մարտան անմիջապես միջամտեց՝ հավանաբար զգուշացնելով վերջինիս, և Լենգդոնը, ներում հայցելով, հետ քաշվեց:
— Ներեցե՛ք խստությանս համար,— ասաց Մարտան՝ ուսի վրայով նայելով Լենգդոնին:— Բայց, ինչպես ես Ձեզ ասացի, ցուցափեղկը հնություն է և չափազանց փխրուն: Դիմակի սեփականատերը պնդում է, որ մենք այցելուներին թույլ չտանք անցնել արգելապարանները: Նա անգամ թանգարանի աշխատակիցներին թույլ չի տալիս, որ առանց իր ներկայության բացեն պահարանը:
Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի Լենգդոնն ընկալեր այդ բառերի իմաստը: Դիմակի սեփականատե՞րը: Լենգդոնը կարծում էր, որ դիմակը թանգարանի սեփականությունն էր:
Սիենան նույնպես զարմացավ և անմիջապես միջամտեց.
— Մի՞թե դիմակը թանգարանի սեփականությունը չէ: Մարտան թափահարեց գլուխը և կրկին սևեռվեց մոնիտորին:
— Մի հարուստ բարեգործ առաջարկել էր գնել Դանտեի դիմակը մեր հավաքածուից՝ խոստանալով այն այստեղ թողնել՝ մշտական ցուցադրման: Նա մեզ մի ամբողջ կարողություն առաջարկեց, և մենք մեծ ուրախությամբ համաձայնեցինք:
— Սպասե՛ք,— ասաց Սիենան:— Նա վճարեց դիմակի համար… և թույլ տվեց այն Ձեզ մո՞տ պահել:
— Ընդունված գործընթաց է,— ասաց Լենգդոնը:— Բարեգործները թանգարանին մեծ նվիրատվություն են անում, սակայն նվերը չեն գրանցում որպես բարեգործություն:
— Բարեգործն անչափ յուրահատուկ մարդ էր,— շարունակեց Մարտան:— Դանտեի արվեստի բացառիկ գիտակ, սակայն մի փոքր… ինչպե՞ս եք ասում… fanatico:
— Անունը կասե՞ք,— հարցրեց Սիենան. նրա անտարբեր ձայներանգի մեջ լարվածություն կար:
—Անո՞ւնը,— Մարտան կիտեց հոնքերը՝ շարունակելով նայել էկրանին:— Դուք հավանաբար վերջերս լուրերով լսած կլինեք շվեյցարացի միլիարդատեր Բերտրան Զոբրիստի մասին: Լենգդոնին այդ անունը գրեթե ոչինչ չէր ասում, բայց Սիենան բռնեց Լենգդոնի ձեռքը և այնպես սեղմեց, ասես ուրվական էր տեսել:
— Ա՜հ, այո՛…— գունատ դեմքով կմկմաց Սիենան:— Բերտրան Զոբրիստ: Հայտնի կենսաքիմիկոս: Երիտասարդ տարիքում նա մի ամբողջ կարողություն էր կուտակել՝ արտոնագրելով իր կենսաբանական հայտնագործությունները: Նա մի պահ լռեց, թեքվեց դեպի Լենգդոնը և, դժվարությամբ թուքը կուլ տալով, շշնջաց.
— Ըստ էության՝ Զոբրիստը հայտնագործել է սաղմնային մանիպուլյացիան:
Լենգդոնն անգամ պատկերացում չուներ, թե ինչ էր սաղմ նային մանիպուլյացիան, սակայն դա արդեն իսկ չարագուշակ էր հնչում վերջին իրադարձությունների լույսի ներքո, հատկապես ժանտախտի և մահվան պատկերների: Լենգդոնը մտորեց. ո՞րն էր պատճառը, որ Սիենան այդքան բան գիտեր Զոբրիստի մասին: Նա քաջածանո՞թ էր բժշկության ոլորտին, թե՞ գաղտնիքն այն էր, որ նրանք երկուսն էլ հրաշամանուկներ էին եղել: Արդյո՞ք մեծ գիտնականները հետևում են միմյանց գործունեությանը:
— Զոբրիստի մասին մի քանի տարի առաջ եմ լսել,— բացատրեց Սիենան,— երբ նա լրատվամիջոցներով չափազանց սադրիչ հայտարարություններ արեց բնակչության աճի մասին:— Նա դադար առավ և մռայլվեց:— Զոբրիստը Դեմոգրաֆիկ Ապոկալիպսիսի Հավասարման տեսության կողմ նակիցն է:
— Ներեցե՞ք:
— Ըստ էության՝ դա մաթեմատիկական վերծանում ն է այն իրողության, որ Երկրի բնակչության թիվն աճում է, մարդիկ ավելի երկար են ապրում, սակայն մեր բնական ռեսուրսները սպառվում են: Ըստ այդ տեսության` աճի նման միտումը կհանգեցնի մարդկության աղետալի ոչնչացման: Զոբրիստը հրապարակավ հայտարարել է, որ մարդկությունը ևս մեկ դար չի գոյատևի… եթե, իհարկե, չպատահի որևէ խոշոր աղետ,— Սիենան ծանր հոգոց հանեց և նայեց ուղիղ Լենգդոնի աչքերի մեջ:
— Մի առիթով Զոբրիստը հայտարարել է. «Լավագույն բանը, որ երբևէ պատահել է Եվրոպայում, Սև մահն է»:
Լենգդոնն ապշած նայեց Սիենային: Նրա մազերը բիզ–բիզ կանգնեցին, իսկ ժանտախտի դիմակի պատկերը կրկին առկայծեց նրա գլխում: Առավոտից նա փորձում էր վանել այն միտքը, որ ներկայիս բարդ իրավիճակը ինչ– որ կերպ կապ ուներ մահաբեր ժանտախտի հետ… սակայն այդ միտքը վանելն ավելի ու ավելի դժվար էր դառնում:
Իհարկե, Բերտրան Զոբրիստի վերոնշյալ պնդումը զարհուրելի էր, սակայն Լենգդոնը ծանոթ էր մի շարք պատմաբանների այն տեսակետին, որ զանգվածային բնաջնջումը Եվրոպայում 1300– ական թվականներին խորապես նպաստեց դրա հետագա հասարակական և տնտեսական երկարատև բարգավաճմանը: Միջնադարյան ժանտախտից առաջ Եվրոպան տառապում էր գերբնակեցումից, սովից և տնտեսական դժվարություններից: Սև մահի անսպասելի հայտնությունը սոսկալի երևույթ էր, սակայն միաժամանակ «մարդկային հոտը նոսրացնելու » արդյունավետ միջոց դարձավ` ստեղծելով սննդի և ամեն մի հնարավորության առատություն, ինչը, պատմաբանների կարծիքով, Վերածննդի դարաշրջանի բուռն զարգացման խթան եղավ:
Երբ Լենգդոնի մտապատկերում հայտնվեց կենսաբանական վտանգի նշանով բիոսրվակը, որի մեջ Դանտեի դժոխքի ձևափոխված քարտեզն էր, նրա մարմ նով դող անցավ. այդ չարագուշակ տեսապրոյեկտորը ինչ– որ մեկը ստեղծել էր… և կենսաքիմիկոս ու Դանտեի մոլի երկրպագու Բերտրան Զոբրիստն այժմ թվաց ամենատրամաբանական թեկնածուն:
Գենային սաղմնային մանիպուլյացիայի հայրը: Գլուխկոտրուկի առանձին մասերը հետզհետե հավաքվում էին Լենգդոնի գիտակցության մեջ: Ցավոք, այդ պատկերն ավելի ու ավելի սարսափելի էր դառնում:
— Առա՛ջ տվեք այս մասը,— անվտանգության աշխատակցին հրահանգեց Մարտան՝ անկարևոր համարելով Լենգդոնի և Ինյացիո Բուզոնիի զրույցը. նրա համար կարևորը դիմակի գողին տեսնելն էր:
Անվտանգության աշխատակիցը սեղմեց արագ ժամընթացի կոճակը, և ժամանակացույցի ընթացքն արագացավ:
Երեք րոպե… վեց րոպե… ութ րոպե:
Մոնիտորին Մարտան, երկու տղամարդկանց թիկունքում կանգնած, անվերջ ոտքից ոտք էր հենվում` շարունակ նայելով ձեռքի ժամացույցին:
— Ներեցե՛ք մեզ՝ այդչափ երկար զրուցելու համար,— ասաց Լենգդոնը,— Դուք կարծես հոգնած էիք:
— Իմ մեղքն էր,— պատասխանեց Մարտան:— Դուք երկուսդ էլ պնդում էիք, որ ես տուն գնայի, իսկ ձեզ դուրս կթողներ անվտանգության աշխատակիցը, սակայն ես մտածեցի, որ դա իմ կողմից անքաղաքավարություն կլինի: Հանկարծ Մարտան չքվեց մոնիտորից, և անվտանգության աշխատակիցը տեսագրությունը սովորական ընթացքի բերեց:
— Ամեն բան կարգին է,— ասաց Մարտան:— Հիշում եմ, որ զուգարան գնացի: Աշխատակիցը գլխով արեց և արդեն ուզում էր սեղմել արագընթացի կոճակը, երբ Մարտան բռնեց նրա ձեռքը:
— Aspetti!1[2]
Նա ցցեց գլուխը և շփոթահար սևեռվեց մոնիտորին:
Լենգդոնը նույնպես շփոթվեց: Ի՞նչ է կատարվում, գրո՛ղը տանի:
Տեսագրության մեջ Լենգդոնը ձեռքը տարավ իր թվիդե բաճկոնի գրպանը, այնտեղից հանեց մի զույգ վիրաբուժական ձեռնոց և սկսեց զգուշորեն հագնել դրանք:
Նույն պահին il Duomino–ն կանգնեց Լենգդոնի թիկունքում ՝ հայացքն ուղղելով դեպի միջանցքը, որով րոպեներ առաջ Մարտան ծանր քայլերով գնացել էր զուգարան: Մեկ րոպե հետո գեր մարդը գլխով արեց Լենգդոնին, հավանաբար հասկացնում էր, որ տարածքն ազատ է:
Ի՞նչ ենք անում, գրո՛ղը տանի:
Լենգդոնը մոնիտորին տեսավ, թե ինչպես է ինքը ձեռքով բռնում պահարանի դռնակի անկ յունից… իսկ հետո մեծ զգուշությամբ դռնակը քաշում այնքան, որ հնագույն ծխնին տեղի է տալիս, և դռնակը դանդաղ բացվում է… մերկացնելով Դանտեի հետմահու դիմակը:
Մարտա Ալվարեսը ծանր հոգոց հանեց և դեմքն ափերի մեջ առավ:
Կիսելով Մարտայի սարսափը՝ Լենգդոնն ապշահար նայում էր, թե ինչպես է ինքը ձեռքերը մտցնում պահարանի ներսը, զգուշորեն բռնում Դանտեի հետմահու դիմակը և դուրս հանում այն:
— Dio mi salvi!1— պոռթկաց Մարտան և, դժվարությամբ ոտքի ելնելով, շրջվեց՝ Լենգդոնի երեսին նայելու համար:— Cos’ha fatto? Perche?[3]
Մինչ Լենգդոնը կպատասխաներ, անվտանգության աշխատակիցներից մեկը արագորեն մերկացրեց իր սև «Բերետա »–ն և ուղղեց Լենգդոնի կրծքին:
Աստվա՜ծ իմ:
Ռոբերթ Լենգդոնը հայաց քն ուղղեց ներքև` ատրճանակի փողին, և զգաց, որ սենյակի պատերը կրկին դեպի իրեն են ժողովվում: Մարտա Ալվարեսն այժմ նրան էր նայում դավաճանված մարդու թախծոտ հայաց քով: Նույն պահին նրա թիկունքում գտնվող մոնիտորին Լենգդոնը դիմակը դեպի լույսն էր բարձրացրել և զննում էր այն: —
Ես միայն մի պահ եմ վերցրել այն,— պնդեց Լենգդոնը՝ մտքում աղաչելով, որ հենց այդպես էլ լիներ:— Ինյացիոն վստահեցրեց ինձ, որ Դուք դեմ չեք լինի: Մարտան չպատասխանեց: Նա իրեն խաբված էր զգում և փորձում էր հասկանալ Լենգդոնի ստելու պատճառը… ինչպես կարող էր Լենգդոնը սառնասրտորեն կանգնել իր կողքին և նայել տեսագրությունը, երբ հստակ գիտեր, թե ինչ է երևան գալու:
Մտքո՛վս էլ չի անցել, որ բացել եմ պահարանը: — Ռո՛բերթ,— շշնջաց Սիենան:— Նայե՛ք, Դուք ինչ– որ բան հայտնաբերել եք:— Անտեսելով իրենց բարդ դրությունը՝ Սիենան դեռևս սևեռված էր մոնիտորին և փորձում էր մի նոր բան գտնել:
Տեսագրության մեջ Լենգդոնը գլխավերևում էր պահել դիմակը և շարժում էր այն լույսի ուղղությամբ: Ըստ երևույթին՝ նա դիմակի հակառակ կողմում ինչ– որ հետաքրքիր բան էր գտել: Նկարահանող տեսախցիկը այնպիսի անկ յան տակ էր, որ վեր պահած դիմակը մի պահ ամբողջովին ծածկեց Լենգդոնի դեմքը, և մահացած Դանտեի աչքերն ու Լենգդոնի աչքերը միևնույն գծի վրա հայտնվեցին: Լենգդոնն անմիջապես հիշեց` ճշմարտությունը կարելի է տեսնել մահվան աչքերով միայն, և նրա մարմ նով սարսուռ անցավ:
Լենգդոնը պատկերացում անգամ չուներ, թե ինչ էր ինքը զննում դիմակի հակառակ կողմում, սակայն տեսագրության մեջ երևաց, որ երբ նա Ինյացիոյին հայտնեց իր հայտնագործության մասին, գեր մարդը հետ–հետ գնաց, անմիջապես ճանկեց իր ակնոցն ու սկսեց կրկին ու կրկին զննել դիմակը: Ապա եռանդով թափահարեց գլուխն ու հուզված քայլեց andito– ով:
Հանկարծ երկուսն իրար նայեցին՝ լսելով միջանցքից եկող ձայներ. հավանաբար Մարտան վերադառնում էր զուգարանից: Լենգդոնը գրպանից հապճեպ հանեց զիպ փականով տոպրակ, հետմահու դիմակը դրեց մեջը և այն փակելուց հետո զգուշորեն հանձնեց Ինյացիոյին: Վերջինս ակնհայտ դժկամությամբ դրեց այն իր պայուսակի մեջ: Լենգդոնն արագ փակեց այժմ արդեն դատարկ պահարանի հնաոճ ապակ յա դռնակը, և երկուսով կտրուկ քայլեցին Մարտային ընդառաջ` կանխելով վերջինիս կողմից գողության բացահայտումը:
Այժմ երկու անվտանգության աշխատակիցներն էլ ատրճանակները պահել էին Լենգդոնի վրա: Մարտայի ոտքերը դողացին, և նա բռնվեց սեղանից:
— Ես չե՛մ հասկանում,— վրա տվեց նա:— Դուք և Ինյացիո Բուզոնի՞ն եք գողացել Դանտեի հետմահու դիմակը:
— Ո՛չ,— պնդեց Լենգդոնը՝ փորձելով պայ քարել մինչև վերջ:— Մենք դիմակի տիրոջ թույլտվությունն ունեինք` մեկ գիշերով այն դուրս տանելու թանգարանից:
— Դիմակի տիրոջի՞ց,— հարցրեց Մարտան:— Բերտրան Զոբրիստի՞ց:
— Այո՛: Պարոն Զոբրիստը համաձայնել էր, որ մենք ուսում նասիրեինք դիմակի հակառակ կողմի նշագրերը: Մենք նրան երեկ կեսօրին ենք հանդիպել:
Մարտայի աչքերից կայծեր էին թռչում:
— Պրոֆեսո՛ր, ես միանգամայն վստահ եմ, որ Դուք երեկ կեսօրին Բերտրան Զոբրիստին չեք հանդիպել:
— Իհարկե հանդիպել ենք…
Սիենան ընդհատեց Լենգդոնին՝ ձեռքը դնելով նրա ուսին:
— Ռո՛բերթ…— Նա տխուր հոգոց հանեց:— Վեց օր առաջ Բերտրան Զոբրիստը ցած է նետվել Բադիա աշտարակից՝ այստեղից ընդամենը մի քանի թաղամաս այն կողմ:
[1] Արագությունն ավելացրե՛ք (իտալ.):
[2] Սպասե՛ք (իտալ.):
[3] Ի՞նչ եք արել: Ինչո՞ւ (իտալ.):
Թարգմանությունը անգլերենից՝ Վահե Արսենի