Դանիել Խաչատուր | Քառակուսի

Քառակուսի

Գիտեմ, որ իմ զգացածի մասին երգեր ու ֆիլմեր են ստեղծվում,
Բայց ես ոչինչ անել չգիտեմ,
Ես միայն հառաչել գիտեմ.
Շնչել ամբողջ կրծքովս,
Աչքերը կախել ներքև,
Ու ծանր հոգոց հանել
(ընթացքում ձեռքը ճակատին տանելով
ու սահեցնելով դեմքի վրայով),
Ու հուսալ, որ դուրս կգա միջիս կուտակվածը,
Ու հուսալ, որ մեկը կհասկանա, թե ինչի մասին եմ հառաչում։
Ամբողջ օրը տանս պատերին էի խփվում,
Ամբողջ օրը չափում էի տանս փոքրությունը,
Զգում այնտեղ չտեղավորվելս,
Պատուհանից ու դռնից դուրս թափվելս…
Եթե ամեն ինչ ներս բերեմ, ավերակների տակ կմնամ։
Իմ պատկերացրած տանը լինել հնարավոր չէ…
Քանի՞ անգամ պիտի ինձ քանդեմ-հավաքեմ, որ անավարտ չզգամ։
Իմ զգացածը դատարկություն է,
Ինձ ծանոթ աշխարհն ինձ դատարկում է,
Այն ամեն ինչ կուլ է տալիս ու ինքն ավելի է դատարկվում։
Այն շարունակ ստիպում է միայն տալ,
Տալ ամեն ինչ, ինչպես վճար,
Որ ինձ թույլատրվի ապրել,
Որ ապրի նաև այն ամենը, ինչն իմ մեջ է ծնվում,
Այն ամենը, ինչն աչքերիցս արցունքներ է քամում,
Ձեռքերիս բերում է դող,
Սրտիս` կսկիծ…
Այն ամենը, ինչը երկինք ճախրելու է տանում
Ու երբեք չի զգուշացնում, որ հիմա անկում է ապրելու։

 

Վերելակ

Բերանը փակ էր,
Բայց աչքերի ափսոսանքն այնքան խոսուն էր…
Այդ խոսքերը զրնգում էին իմ ականջներում,
Որ թափվում էին նրա պինդ փակած բերանից։

Մատների հպումը զգացի մեջքիս.
Թույլ էր շատ, որ հետ թեքվեի,
Թույլ էր շատ, որ հասկանայի իբրեւ մնա.
Ես գնացի սուզվելու նրա երկմտանքներում։

Չթողեց՝ հասնեմ սրտի խորքերին,
Բայց գիտեմ՝ այն խորն է շատ,
Մութ ու չբացված…
Ես գնացի հասկանալու նրա չգիտեմները։

Ես գնացի՝ հասկանալով նրա չգիտեմները…
Ես փորձեցի գնալ, մնալ, հասկանալ…
Բոլորը եւ ոչ մեկը դրանցից,
Ես գնացի… սպասելու։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *