Դանիել Խարմս | Նամակ

Թանկագին Նիկանդր Անդրեևիչ,
ստացա նամակդ և անմիջապես հասկացա, որ այն քեզնից է: Նախ, մտածեցի, որ այն միգուցե քեզնից չէ, բայց հենց որ բացեցի, միանգամից հասկացա, որ քեզնից է, թե չէ քիչ էր մնում մտածեի, որ քեզնից չէ: Ես ուրախ եմ, որ դու վաղուց արդեն ամուսնացել ես, որովհետև երբ մարդն ամուսնանում է նրա հետ, ում հետ ուզում էր ամուսնանալ, ուրեմն արդեն հասել է նրան, ինչին ձգտում էր:
Երեկ ես ստացա նամակդ և անմիջապես մտածեցի, որ այն քեզնից է, բայց հետո մտքովս անցավ, որ քեզնից չէ, բայց բացեցի ու տեսա` քեզնից է որ կա: Շատ լավ արեցիր, որ գրեցիր ինձ: Առաջ չէիր գրում, հետո հանկարծ գրեցիր, թեև նախքան այն, երբ որոշ ժամանակ չէիր գրում, դարձյալ գրում էիր:
Հենց որ ստացա նամակդ, անմիջապես հասկացա, որ այն քեզնից է և, բացի այդ, ես շատ ուրախ եմ, որ դու ամուսնացել ես, թե չէ, երբ մարդ որոշում է ամուսնանալ, ապա նա անպայման պետք է ամուսնանա: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ դու վերջապես ամուսնացել ես նրա հետ, ում հետ ուզում էիր ամուսնանալ: Եվ շատ լավ արեցիր, որ գրեցիր ինձ: Ես շատ ուրախացա, որ տեսա նամակդ և անմիջապես մտածեցի, որ այն քեզնից է: Ճիշտ է, մինչև բացում էի, միտք հղացավ, որ այն քեզնից չէ, բայց հետո, համենայն դեպս, որոշեցի, որ քեզնից է: Շնորհակալություն, որ գրեցիր:
Շնորհակալ եմ քեզ և շատ ուրախ քեզ համար: Դու թերևս գլխի չես ընկնում, թե ես ինչու եմ այդքան ուրախ քեզ համար, բայց ես քեզ իսկույն կասեմ. ես ուրախ եմ քեզ համար, որովհետև դու ամուսնացել ես, և ընդ որում` նրա հետ, ում հետ որ ուզում էիր ամուսնանալ, քանի որ հենց այդպես են հասնում նրան, ինչին ձգտում են: Ահա հանց այս պատճառով էլ ես շատ ուրախ եմ քեզ համար: Նաև ուրախ եմ, որ նամակ գրեցիր ինձ: Ես դեռ հեռվից գլխի ընկա, որ նամակը քեզնից է, բայց երբ ձեռքս վերցրի` մտածեցի. իսկ եթե քեզնից չ՞է: Հետո մտածեցի` դե ոչ, իհարկե քեզնից է: Բացում եմ նամակը և միաժամանակ մտածում` քեզնի՞ց է, քեզնի՞ց չէ: Իսկ երբ բացեցի, տեսա, որ քեզնից է: Ես շատ ուրախացա և որոշեցի պատասխանել քեզ:
Շատ բան կա ասելու, բայց ժամանակ չունեմ: Ինչ հասցրեցի, գրեցի այս նամակում, իսկ մնացածը հետո կգրեմ, թե չէ հիմա բոլորովին ժամանակ չունեմ: Ինչևէ, լավ է, որ դու ինձ նամակ գրեցիր: Հիմա ես հաստատ գիտեմ, որ դու վաղուց արդեն ամուսնացել ես: Եվ նախորդ նամակներիցդ էլ գիտեի, որ դու ամուսնացել ես, և հիմա նորից իմացա, որ դու, հիրավի, ամուսնացել ես: Եվ ես շատ ուրախ եմ, որ դու ամուսնացել և նամակ ես գրել ինձ: Նամակը տեսնելուն պես անմիջապես գլխի ընկա, որ դու նորից ամուսնացել ես: Դե ինչ, կարծում եմ, որ լավ է, որ դու նորից ամուսնացել և նամակ ես գրել ինձ: Հիմա պատասխանիր. ինչպես է քո կինը, և ինչպես այդ ամենը գլուխ եկավ: Հաղորդիր բարևներս նոր կնոջդ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *