ԼՈՆԳՈՍ | Դափնիս և Քլոե

Դոֆինս և Քլոե

(հատված)

Աշնան եռուն շրջանն էր արդեն, և պետք էր խաղողն արագ հավաքել: Բոլորը գյուղերում աշխատում էին. մեկը հնձաններն էր պատրաստում, մյուսը կարասները մաքրում, մի երրորդը կողովներ հյուսում: Ոմանք զբաղված էին ողկույզ կտրելու փոքր մանգաղներով, ոմանք` գինով լի խաղողը ճզմելու քարով1, ուրիշներն էլ` կտրատված չոր ճյուղերով, որ գիշերը մաճառը կրակի լույսով տեղափոխեն: Դափնիսն ու Քլոեն լքել էին այծերին ու ոչխարներին և օգնության ձեռք մեկնել մյուսներին: Տղան զամբյուղներով խաղող էր կրում, դատարկում հնձանի մեջ, ոտքերով ճզմում և գինին լցնում կարասները: Աղջիկն էլ բերքը հավաքողներին ուտելիք էր տալիս ու որպես ըմպելիք նրանց համար հին գինի լցնում: Նաև կտրում էր ցածր ողկույզներ (որովհետև Լեսբոսում բոլոր վազերը ցածր են. ո՛չ վեր են ձգվում, ո՛չ էլ ծառ մագլցում, այլ ոստերն ուղղում են վար ու բաղեղի նման տարածվում. այնպես որ բարուրից ձեռքերը նոր ազատած մանուկն անգամ կհասներ ողկույզներին):

Ինչպես և սպասելի էր, Դիոնիսոսի տոնի ու գինու արարման ժամանակ կանայք, որոնց մոտակա դաշտերից օգնության էին կանչել, աչք էին գցում Դափնիսին և գովում նրա գեղեցկությունը` իբր նա նման է Դիոնիսոսին: Առավել համարձակները նույնիսկ համբուրում ու հրահրում էին Դափնիսին և Քլոեին վշտացնում: Հնձաններում գտնվող տղամարդիկ էլ զանազան ձայներ էին արձակում ու խելագարի պես ցատկոտում Քլոեի հետևից, ինչպես սատիրոսները` բաքոսուհու: Աղոթում էին, որ ոչխար դառնան, միայն թե նա իրենց արածեցնի, և այս անգամ աղջիկն էր զվարճանում, իսկ Դափնիսը` վշտանում: Նրանք ուզում էին, որ բերքահավաքը շուտ վերջանա, իրենք վերադառնան սովորական տեղերը և խառնակ աղմուկի փոխարեն լսեն սրինգի ձայնը, ոչխարների մայունն ու այծերի մկկոցը: Երբ մի քանի օր անց խաղողը հավաքված էր, կարասները մաճառով լի, և բազմաթիվ ձեռքերի կարիք էլ չկար, նրանք հոտերը դաշտ քշեցին և մեծ հրճվանքով երկրպագեցին նիմփաներին` ընծայելով ողկույզներով ճյուղեր` առաջին բերքը: Նախկինում էլ երբեք անտարբեր չէին անցնում նիմփաների կողքով, այլ միշտ արոտավայր գնալիս նստում էին նրանց կողքին, իսկ արոտավայրից վերադառնալիս երկրպագում և ամեն անգամ որևէ բան ընծայում` ծաղիկ, պտուղ, կանաչ տերևներ, կամ էլ կաթով հեղում անում: Դրա համար նրանք հետագայում հատուցում ստացան դիցուհիներից, իսկ այդ ժամանակ, ինչպես ասում են, թոկից փախած շների նման ցատկոտում էին, սրինգ նվագում, երգում, այծերի ու ոչխարների հետ կռիվ տալիս:

Մինչ զվարճանում էին, նրանց առջև հայտնվեց մի ծերունի` այծի մորթի հագած, կոպիտ կոշիկներով, կողքից կաշվե պարկ կախած (իր նման հին պարկ): Մոտ նստելով` նա այսպես խոսեց. «Զավակնե՛րս, ես ծերունի Փիլետասն եմ: Ժամանակին այս նիմփաների համար շատ եմ երգել և այն Պանի համար2 շատ սրինգ նվագել: Բազմաթիվ կովերի նախիր էի հովվում միայն նվագով: Եկել եմ ձեզ պատմելու` ինչ գիտեմ և հայտնելու` ինչ լսել եմ: Մի այգի ունեմ, որն իմ ձեռքով եմ մշակել այն օրվանից, երբ ծերության պատճառով դադարեցի նախիր արածեցնել: Տարվա բոլոր եղանակներին իմ այգում կա այն ամենը, ինչ բերում է յուրաքանչյուր եղանակ: Գարնանը` վարդ, շուշան, հակինթ և երկու գույնի մանուշակ, ամռանը` կակաչ, ամեն տեսակի տանձ ու խնձոր, իսկ հիմա` խաղող, թուզ, նուռ և կանաչ3 մուրտ: Առավոտներն այգում թռչունների երամներ են հավաքվում` ոմանք կտցելու, ուրիշները երգելու համար: Այն խիտ է, ստվերոտ և ողողվում է երեք առվով: Եթե մեկը ցանկապատը հեռացնի, կկարծի, թե անտառակ է տեսնում:

Երբ ես այսօր կեսօրի մոտ այգի մտա, նռնենիների ու մրտենիների տակ տեսա մրտեր ու նռներ բռնած մի տղա. կաթի պես սպիտակ էր նա, կրակի պես խարտյաշ և նոր լողացածի պես շողշողուն: Մերկ էր, միայնակ և պտուղներ պոկոտելով խաղում էր` ասես իր այգում լիներ: Ես նետվեցի նրան բռնելու` վախենալով, որ հանդգնաբար մրտենիներն ու նռնենիները կկոտրի, իսկ նա թեթևորեն ու հեշտ խույս տվեց` մերթ վազելով վարդի թփերի հետև, մերթ էլ թաքնվելով կակաչների տակ, ինչպես կաքավի ձագ: Ես հաճախ եմ առիթ ունեցել ծծկեր ուլերի հետապնդելու, հաճախ էլ հոգնելու չափ վազել եմ նորածին հորթերի հետևից, բայց սա խորամանկ ու անորսալի մեկն էր: Հոգնելով (չէ՞ որ ծեր եմ) և գավազանին հենվելով, բայց նաև հսկելով, որ չփախչի, հարցրի, թե հարևաններից ո՞ր մեկինն է և ինչո՞ւ է ուրիշի այգին կողոպտում: Նա չպատասխանեց, այլ մոտ կանգնելով` շատ քնքուշ ծիծաղեց, վրաս մրտենու պտուղներ նետեց և, չգիտեմ ինչպես, դյութեց, որ էլ չզայրանամ: Խնդրեցի այլևս ոչ մի բանից չվախենալ ու գիրկս գալ, և մրտենիներով երդվեցի բաց թողնել` խնձոր ու նուռ նվիրելով, նաև թույլ տալ, որ միշտ պտուղ հավաքի ու ծաղիկ քաղի, եթե իրենից գեթ մեկ համբույր ստանամ:

Այնժամ նա բարձր ծիծաղեց, մի սուր ձայնով, որ չունի ո՛չ ծիծեռնակը, ո՛չ սոխակը, ո՛չ էլ կարապը` նույնիսկ իմ չափ ծեր: «Ինձ դժվար չէ քեզ համբուրել, Փիլետա՛ս. ես համբուրվել ավելի շատ եմ ուզում, քան դու` երիտասարդանալ: Բայց տե՛ս` արդյո՞ք տարիքիդ հարիր է պարգևը: Չէ՞ որ ծերությունդ քեզ չի արգելի մի համբույրից հետո ինձ հետապնդել, իսկ ես անորսալի եմ և՛ բազեի, և՛ արծվի, և՛ որևէ այլ թռչունի համար, եթե դրանցից արագաթև մեկը կա: Ես տղա չեմ, թեև տղա եմ թվում, այլ Կրոնոսից և անգամ ողջ ժամանակից էլ տարիքով4 եմ: Քեզ ճանաչում էի, երբ դեռ պատանի էիր ու այն սարի վրա ցրիվ եկած նախիրդ էիր արածեցնում, և կողքիդ էի, երբ սրինգ էիր նվագում այն կաղնիների մոտ` Ամարիլլիսին սիրահարված: Բայց դու ինձ չէիր տեսնում, թեև աղջկան շատ մոտ էի կանգնած: Ես էի, որ նրան տվեցի քեզ, և ահա դու տղաներ ունես` լավ նախրապաններ ու մշակներ: Իսկ հիմա հոգում եմ Դափնիսի ու Քլոեի մասին5 և երբ առավոտյան նրանց հանդիպեցնում եմ, գալիս եմ քո այգին, վայելում ծաղիկներն ու ծառերը և լողանում այս առուներում: Դրա շնորհիվ էլ գեղեցիկ են ծաղիկներն ու ծառերը. չէ՞ որ ոռոգվում են իմ լողացած ջրով: Տե՛ս, քո ծառերից ոչ մեկը կոտրված չէ, ոչ մի պտուղ քաղված չէ, ոչ մի ծաղկի արմատ տրորված չէ, ոչ մի առու պղտորված չէ, և ուրա՛խ եղիր. դու միակ մարդն ես, որ ծեր հասակում տեսար այս մանկանը»:

Այդպես խոսելուց հետո նա սոխակի ձագի նման թռավ մրտենու վրա և, ճյուղից ճյուղ ցատկելով, տերևների միջով հասավ կատարին: Ես տեսա նրա թևերն ուսերին, իսկ թևերի և ուսերի միջև` աղեղիկը, բայց մեկ էլ ո՛չ դրանք տեսա, ո՛չ էլ իրեն: Եթե իզուր չեն մազերս սպիտակել, և ծերությունից միտքս չի տկարացել, ապա դուք, զավակնե՛րս, ընծայված եք Էրոսին, և Էրոսն է ձեր մասին հոգ տանում»:

Նրանք մեծ հաճույք ստացան, ասես ոչ թե իրական պատմություն էին լսում, այլ հեքիաթ, և հարցրին, թե ինչ է Էրոսը` մանո՞ւկ, թե՞ թռչուն, ու ի՞նչ կարող է անել: Եվ Փիլետասը կրկին խոսեց. «Էրոսն աստված է, զավակնե՛րս. պատանի, գեղեցիկ ու թռչող: Այդ պատճառով ուրախանում է պատանեկությամբ, գեղեցկություն հետապնդում և հոգիներ թևավորում: Այն, ինչ կարող է անել նա, չի կարող Զևսը. իշխում է տարերքներին, իշխում լուսատուներին, իշխում իր նման աստվածներին: Դուք այդքան իշխանություն չունեք այծերի ու ոչխարների վրա: Բոլոր ծաղիկներն Էրոսի ձեռքի գործն են, այս ծառերը նրա ստեղծածն են. նրա շնորհիվ են հոսում գետերը և փչում քամիները: Ես տեսել եմ և՛ կրքով համակված ցուլ, որն ասես բոռից խայթված բառաչում էր, և՛ այծի սիրահարված նոխազ, որ նրան հետևում էր ամենուրեք: Ինքս էլ երիտասարդ եմ եղել ու սիրել Ամարիլլիսին, և ո՛չ ուտելու մասին էի հիշում, ո՛չ ընպելիքի մոտենում, ո՛չ էլ քուն ունեի: Հոգիս կեղեքվում էր, սիրտս թրթռում, մարմինս սարսռում: Տնքում էի ծեծվածի նման, լռում մեռածի նման, գետերը նետվում այրվողի նման: Օգնության էի կանչում Պանին, քանզի նա էլ Պիտիսին էր սիրահարված, գովում էի Էքոյին6, որ ինձնից հետո կրկնում էր Ամարիլլիսի անունը: Կոտրում էի սրինգները, քանի որ դրանք դյութում էին կովերին, բայց Ամարիլլիսին ինձ մոտ չէին բերում: Էրոսի դեմ դեղ չկա` ո՛չ խմելիք, ո՛չ ուտելիք, ո՛չ հմայական երգ, այլ` միայն համբույր, գրկախառնություն և մերկ մարմիններով միասին պառկելը»7:

Փիլետասը նրանց այսպիսի դասեր տվեց ու հեռացավ` նվեր ստանալով պանիր և արդեն եղջյուրավոր մի ուլ: Իսկ նրանք մենակ մնացին, և քանի որ առաջին անգամ էին լսել Էրոսի անունը, նրանց հոգին անձնատուր եղավ թախծին: Գիշերով դեպի փարախները վերադառնալիս իրենց վիճակի հետ էին համեմատում այն, ինչ լսեցին. «Սիրահարները տանջվում են, մենք նույնպես. ուտելը մոռանում են, մենք էլ ենք մոռացել. քնել չեն կարողանում, մենք էլ ենք այժմ անքուն. կարծում են, թե այրվում են, մեր մեջ էլ է կրակ. փափագում են իրար տեսնել, այդ պատճառով ենք մենք աղոթում, որ օրը շուտ բացվի: Գուցե սա սեր է, և իրար սիրում ենք` առանց իմանալու: Իսկ եթե սեր չէ, և ես սիրված չեմ, ինչո՞ւ ենք այսպես տանջվում, ինչո՞ւ ենք իրար տենչում: Ամեն բան ճիշտ ասաց Փիլետասը: Այգու մանուկը հայտնվել էր նաև մեր հայրերին` երազում, և հրամայել, որ մենք հոտեր արածեցնենք: Ինչպե՞ս նրան բռնես. փոքր է ու կփախչի, և ինչպե՞ս նրանից խույս տաս. թևեր ունի ու կհասնի: Պետք է ապավինել նիմփաներին: Բայց չէ՞ որ Փիլետասին, երբ նա սիրահարված էր Ամարիլլիսին, Պանը չօգնեց: Ուրեմն հարկավոր է դիմել նրա ասած դեղերին` համբուրվել, գրկախառնվել և գետնին մերկ պառկել: Ցուրտ է, բայց կդիմանանք` ինչպես Փիլետասը»:

Այդ գիշերը նրանց համար դպրոց դարձավ: Հաջորդ օրը, երբ հոտերն արոտավայր քշեցին, իրար տեսնելով համբուրվեցին և, ինչը նախկինում չէին արել, ձեռքերը միմյանց փարելով գրկախառնվեցին: Երրորդ դեղից` շորերը հանած պառկելուց, դեռ խուսափում էին. չէ՞ որ դա մեծ հանդգնություն էր ոչ միայն աղջիկների, այլև պատանի այծարածների համար: Դարձյալ անքուն գիշեր, եղածի մասին մտորումներ և բաց թողածի համար կշտամբանք… «Համբուրվեցինք` և ոչ մի օգուտ, գրկախառնվեցինք` էլի համարյա ոչինչ: Ուրեմն միասին պառկելն է սիրո միակ դեղը: Պետք է նաև դա փորձել. հավանաբար դրա մեջ համբույրից զորեղ մի բան կլինի»:

Այս մտքերի ընթացքում, բնական է, նաև սիրո երազներ էին տեսնում` համբույրներ, գրկախառնություն: Եվ այն, ինչ չէին արել օրվա ընթացքում, արեցին երազում. միասին մերկ պառկել էին: Հաջորդ օրն ավելի ոգևորված արթնացան և սուլոցով հոտերը քշեցին` շտապելով համբուրվել: Երբ իրար տեսան, ժպտալով մոտ վազեցին: Համբույրներ եղան, և հետևեց գրկախառնություն, իսկ երրորդ միջոցն ուշանում էր, քանի որ ո՛չ Դափնիսն էր համարձակվում խոսել, ո՛չ Քլոեն էր ուզում սկսել, մինչև որ բախտ վիճակվեց նաև դա անել:

Կաղնու բնին հենված իրար կողքի նստելով ու անհագորեն ճաշակելով համբույրի քաղցրությունը` նրանք տրվեցին հաճույքին: Գրկախառնված էին, ինչի շնորհիվ շուրթերն ավելի ամուր էին իրար հպվում: Երբ գրկելիս Դափնիսն աղջկան ուժգին իր կողմը քաշեց, Քլոեն մի տեսակ կողքի թեքվեց: Դափնիսն էլ թեքվեց, որ համբույրից չզրկվի, և հիշելով երազների տեսարանը` նրանք ասես միմյանց կապված երկար պառկեցին: Բայց քանի որ չգիտեին` հետո ինչ անել, և կարծում էին, թե դա է սիրո վայելքի բարձրակետը, իզուր վատնեցին օրվա մեծ մասը, ապա գիշերն ատելով բաժանվեցին ու հոտերը տուն քշեցին…

Ծանոթագրություններ

1. «Խաղողը ճզմելու քարով» – խաղողը հավանաբար ճզմում էին երկու անգամ` ոտքերով և ապա քարով:

2. «Այս նիմփաների համար … այն Պանի համար» – նրանք նստած են նիմփաների արձանների մոտ, որոնցից քիչ հեռու Պանի արձանն է:

3. «Կանաչ» – այսինքն` դեռևս չհասած. մրտենու հասուն պտուղները կապտա-սևավուն գույն ունեն:

4. «Կրոնոսից … տարիքով» – Կրոնոսն Ուրանոսի ու Գեայի որդին էր, Զևսի, Պոսեյդոնի և Հադեսի հայրը: Նրա անունը խորհրդանշում էր հինավուրց, «ամենակուլ» ժամանակը (Կրոնոսը կուլ էր տալիս իր զավակներին): Հետագայում այն նույնացվեց «քրոնոս» / χρόνος («ժամանակ») բառի հետ, ինչն արձանագրված է Արիստոտելին վերագրված «Աշխարհի մասին» երկում (Arist. Mund. 401a 15):

5. «Հոգում եմ Դափնիսի ու Քլոեի մասին» – բառացի` «հովվում եմ (ποιμαίνω) Դափնիսին ու Քլոեին»: Վեպի վերջում հերոսները բագին են կանգնեցնում «Հովիվ Էրոսին»: Անտիկ գրականության մեջ տարածված էր այն պատկերացումը, թե աստվածները հոգում են մարդու մասին` ինչպես հովիվն իր հոտի (տե՛ս, օրինակ, Plat. Criti. 109b–c):

6. «Էքոյին» – այս նիմփայի անվան հետ է հունական դիցաբանության մեջ կապվում արձագանքը: Նրան շատախոսության համար պատժել էր Հերան, և նա կարողանում էր միայն կրկնել ուրիշների արտաբերած բառերի վերջին հնչյունները: Հայտնի է Նարկիսոսի հանդեպ Էքոյի անպատասխան սիրո դժբախտ պատմությունը (Ovid. Met. III.357400):

7. Փիլետասի կերպարը հիշեցնում է հռոմեական էլեգիաների իմաստուն praeceptor amoris-ին («սիրո ուսուցչին»): Նա կրում է մ.թ.ա. IV–III դդ. ալեքսանդրացի հայտնի բանաստեղծի անունը, որին ընդօրինակում էին Թեոկրիտոսն ու հռոմեացի սիրերգուները:

Հատված Լոնգոսի  «Դափնիս և Քլոե» վեպից, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները` Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո

daphnice

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *