Այսուհետ Երևանում կգործի նոր հրատարակչություն: Անվանումը «Դարակ» է: Հավակնոտ անուն է, որովհետև նորաստեղծ հրատարակչությունը գրադարակների բովանդակալից լիություն է խոստանում:
Խրախուսելի է այն հանգամանքը, որ հրատարակչությունն առաջին իսկ գրքով խոստանում է լինել համակարգված, որպեսզի գրադարակում գրքերն իրենց պատշաճ տեսքն ու տեղն ունենան: Առաջին գիրքը հենց տեղավորվում է «Սաֆո» մատենաշարում, որտեղ հրատարակվելու են բացառապես կին հեղինակներ, իսկ մատենաշարը ունենալու է ֆեմինիստական, կնոջ իրավահավասարությունը գրականությամբ արտահայտելու միտում: Հրատարակչությունը խոստանում է, որ բոլոր գրքերը լինելու են մատենաշարերով ուղղորդված և վեր են հանելու հատուկ խնդիրներ:
«Սաֆո» մատենաշարի առաջին գիրքը լինելու է Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» (թարգմ.` Մանիկ Եգանյան), որում հեղինակը արտահայտել է հետևյալ միտքը. «Յուրաքանչյուր կին, որը պատրաստվում է գրելու, պետք է ունենա միջոցներ և սեփական սենյակ»:
Շուտով «Դարակ»-ի առաջնեկը կլինի սեղանին:
Բարի երթ ենք մաղթում «Դարակ» հրատարակչությանը: