Անահիտ Ղազարյան | Դառը լույս

Իմ լեզուն շուշաթուղթ
Լիզում ա բառեր քո քրտնած ճակատից
Քարի փոշի, մեղկություն,
Սոված իմաստներ, կիսատ նախատինք:
Իմ լեզուն շուշաթուղթ
Լողում ա դեպի
Քո լինելը
Որպես չիմացություն
Որ գլդորվում ա փշի տակ լեզվիս,
Հալվում:
Իմ լեզուն շուշաթուղթ
Լիզում ա ինձ
Լիզում ա քեզ:
Ինձնից քեզ արանքում
Չբռնվող թիթեռ,
Բարակ գույն,
Մտքի թափահարում:
Իմ լեզուն շուշաթուղթ
Կրակի եռք, ուժի կենտրոնացում,
Հետուառաջ դող մարմնիդ մակերեսով:
Մետաղի սեպվելը քարի մեջ,
Փափուկ փոր,
Նախշի դիմադրություն:
Իմ լեզուն շուշաթուղթ,
Ինձ դրսից համեր ա բերում՝ վերք-նվերներ,
Ու էլի դուրս հոսում
Պտտելու ոսկրիդ վրայով՝ ջլոտ մկան,
Չափագրելու կորերը
Հարթավայրերն ու բլուրները
Երազ-մարմնիդ:
Իմ լեզուն շուշաթուղթ
Գաղտնիքներ գիտի,
Նվաղում ա
Բաց թողնում բառ-թռչուններ
Որ սավառնեն դեպի բերանը քո՝ լեղի բույն:
Իմ լեզուն՝
Բառ – կողքին բառ – կողքին բառ,
Իսկ դադարները՝ անդունդներ,
Թախծի բռնկում,
Ձեռքի ան-հրաժեշտ թափահարում:

Իմ լեզուն շուշաթուղթ:

Ես եկել եմ
Լեզուս դնեմ լեզվիդ
Փուշս փշիդ
Որ արյունը հոսի դեպի արյուն
Ու բառերի տեղ՝
Վտանգ – դառը լույս:
Ես եկել եմ լեզուս դնեմ լեզվիդ:

28 հուլիսի, 2024
Սևան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *