Ֆրանսուա Վիյոն | Դատարկախոսությունների բալլադ

Ֆրանսիացի պոետ Ֆրանսուա Վիյոնը (1431-1463 թթ.) հայտնի է կորսված երիտասարդության, թշվառության, մահվան մասին իր յուրահատուկ երկերով։

Արվեստների վարպետի սորբոնյան կրթությամբ`Վիյոնն ապրում էր թափառականի կյանքով։ Հայտնի է, որ բազմաթիվ հանցագործությունների` գողությունների, մարդասպանության համար դատապարտվել է մահվան: Փարիզի ղեկավարության միջնորդությամբ հազիվ փրկվելով կախաղանից` 32 տարեկանում դատապարտվել է արտաքսման և անհայտ կորել։

Հակառակվելով միստիցիզմին և կոլեկտիվ կյանքի գերակայությանը, որ արդիական էր իր ժամանակներում, Վիյոնն իր պոեզիայում նախընտրում է անհատի քնարերգությունը, մարդու անձնական հուզականության արտահայտումը, և զարմանալիորեն, հենց դրանց միջոցով կարողանում է ի ցույց դնել միջնադարի ողջ տագնապները։ Վիյոնի բանաստեղծություններում հակասություններով լի է ինչպես նրա ապրած իրականությունը, այնպես էլ գրելու ոճը` դառը հեգնանքից մինչև նրբին սեր մարդու ու կյանքի հանդեպ ։ Վիյոնը համարվում է ուշ միջնադարյան ամենամեծ ֆրանսիացի բանաստեղծը, և Բոդլերի հետ, մահվան թեմայով երկու խոշոր ստեղծագործողներից մեկն է։

Բլուայի մրցույթի բալլադը Վիյոնը գրել է 1458 թ., երբ Ֆրանսիայի թագավոր Շարլ VI-ի եղբայր Դուքս Շառլ դ’Օրլեանը Բլուայի մրցույթի համար առաջարկել էր բալլադի միայն առաջին տողը («Ծարավից մեռնում եմ աղբյուրի առաջ»), և մրցույթի մասնակիցը պետք է շարունակեր տողը` բալլադ հորինելով։

«Դատարկախոսությունների բալլադի» (գրված 1458թ. հոկտեմբեր-նոյեմբեր) նախապատմության մասին տեղեկություններ չենք գտել։

Այս երկու բալլադի բնագրերը հին ֆրանսերեն հարուստ և յուրահատուկ տրամադրության տեքստեր են։ Թարգմանությունը բնագրին առավելագույնս մոտ լինելու նպատակ է ունեցել և բառացի թարգմանության փորձ է։

 

Բլուայի մրցույթի բալլադը

Ծարավից մեռնում եմ աղբյուրի առաջ,
Տաք եմ՝ կրակի պես, ու դողում եմ կափկափելով:
Իմ սեփական երկրում եմ՝ հեռավոր մի հողի վրա,
Բոցերի կողքին ցրտից ցնցվում եմ բռնկուն,
Լերկ եմ՝ որդի պես, թագավորի պես՝ պճնված,
Լացի մեջ ծիծաղում եմ և սրտատրոփ սպասում անհույս,
Ոգեշնչվում եմ տխուր հուսահատության մեջ,
Հրճվում եմ՝ առանց դույզն-ինչ հաճույքի…
Զորեղ եմ ես՝ անուժ ու խղճուկ,

Գրկաբաց ընդունված ու մերժված եմ ամենուր:

Ոչինչ ինձ համար հստակ չէ անորոշության չափ,
Ոչինչ ավելի մշուշոտ չէ, քան ակնհայտը,
Կասկածում եմ միայն հաստատի վրա,
Գիտելիքն իմ հանկարծահաս պատահականություն է:
Ամեն ինչի հաղթում եմ ես և պարտված մնում:
Արևածագին բարի գիշեր եմ մաղթում ձեզ,
Գետնին պառկած՝ սարսափում եմ անկումից,
Հարուստ եմ՝ ոչ մի գրոշ չունեմ,
Ժառանգության եմ սպասում, բայց ոչ ոքի ժառանգը չեմ,

Գրկաբաց ընդունված ու մերժված եմ ամենուր:

Երբեք չեմ աշխատում, բայց դեռ տքնում եմ
Ձեռք բերել իրեր, որ չեմ հավակնում ունենալ:
Ինձ հետ բարի խոսողն ինձ հունից հանում է:
Որքան ճշմարիտ, այնքան սուտ ինձ համար,
Ընկերս նա է, ով ինձ կհասկացնի, որ
Սպիտակ կարապը սև ագռավ է, որ կա:
Ով ինձ վնասում է, կարծում է օգնեց,
Սուտն ու ճիշտն, անձամբ ինձ համար, նույն բանն են այսօր,
Ամեն ինչ հիշում եմ ես՝ ոչինչ մտաբերել չկարողանալով,

Գրկաբաց ընդունված ու մերժված եմ ամենուր:

Գթասի՛րտ Արքայազն, հաճեցե՛ք իմանալ,
Որ ամեն ինչ հասկանում եմ ես, բայց ո՛չ իմաստություն ունեմ ու ո՛չ գիտելիք,
Կողմնակալ եմ ես՝ բոլոր համընդհանուր օրենքների դեմ,
Ի՞նչ գիտեմ ես ավելի: Ի՞նչ. հատուցել իմ գրավը:

Գրկաբաց ընդունված ու մերժված եմ ամենուր:

 

Դատարկախոսությունների բալլադ

Ես ճանաչում եմ կաթի մեջ ընկած ճանճերի,
Ես ճանաչում եմ կնոջ զգեստով այրերի,
Ես ճանաչում եմ լավ եղանակը վատ օրերին,
Ես ճանաչում եմ խնձորի ծառը՝ նայելով խնձորին,
Ես ճանաչում եմ թուփը՝ տեսնելով խեժը,
Ես ճանաչում եմ պահը, երբ մեկ է վերջը,
Ես ճանաչում եմ ծույլին և չհոգնողին գործից,
Ես ճանաչում եմ ամեն ինչ, բացի ինձնից:

Ես ճանաչում եմ բաճկոնը՝ օձիքին նայելով,
Ես ճանաչում եմ ճգնավորին՝ քողարկված վեղարով,
Ես ճանաչում եմ տիրոջն՝ ըստ սպասավորի,
Ես ճանաչում եմ միանձնուհուն՝ առանց գլխաշորի,
Ես ճանաչում եմ խաղամոլի ծածուկ լեզուն,
Ես ճանաչում եմ սերուցք կերածին փափկասուն,
Ես ճանաչում եմ գինին՝ իր մեծ տակառից,
Ես ճանաչում եմ ամեն ինչ, բացի ինձնից:

Ես ճանաչում եմ ջորին, ձին,
Ես ճանաչում եմ նրանց բեռը ծանր,
Ես ճանաչում եմ Բելլեին, Բեատրիքսին,
Ես ճանաչում եմ գումար՝ մեծ, մանր,
Ես ճանաչում եմ տեսիլը՝ մարգարեաբար,
Ես ճանաչում եմ սխալը՝ Բոհեմից,
Ես ճանաչում եմ ուժը՝ Հռոմից,
Ես ճանաչում եմ ամեն ինչ, բացի ինձնից:

Արքայա՛զն, ես ճանաչում եմ ամենի մեջ ամբողջը,
Ես ճաչանում եմ գունավորն ու հնաոճը,
Ես ճանաչում եմ մահը, որ մեզ քամում է մեզնից,
Ես ճանաչում եմ ամեն ինչ, բացի ինձնից:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Լիլիթ Մնացականյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *