Դավիթ Ավետիսյան | Արսոն

Ծառ

Ա
Արսոն գյուղի անասնաբույժն էր՝ վաթսունին մոտ, փարթամ կառուցվածքով, ճաղատ գլխով, հնամաշ պայուսակը մշտապես ձեռքին:

Նա քչախոս էր, շրջապատի հետ գրեթե չէր շփվում: Դժգոհության արտահայտությունը դեմքից անպակաս էր, և թվում էր, թե նա դեմքի այդ արտահայտությամբ էլ ծնվել է:
Նրա ծնողներն ապրում էին Գորիսի գյուղերից մեկում: Մեր գյուղ էր եկել ուղեգրով. գյուղն անասնաբույժի կարիք ուներ: Հետո ամուսնացավ Վերգինեի հետ և մնաց գյուղում: Նրանք երեխաներ ունեցան, տղան` Ավոն, և աղջիկը` Սաթենիկը: Տարիներ շարունակ ապրում էին վարձով, հետո գյուղի ծայրին տուն կառուցեցին:
Կինը` Վերգինեն, որ մի ժամանակ գյուղի մանկապարտեզում բուժքույր էր աշխատում, վերջին տարիներին ինչ-որ աղանդավորական կազմակերպության անդամ էր դարձել և այնտեղ «ծառայություն» էր կատարում: Դա Արսոյին առանձնապես չէր հետաքրքրում, ինչ-որ տեղ էլ դրանից գոհ էր, կինը նոր հագուստներ գնելու մասին էլ չէր ակնարկում, մազերը չէր ներկում, օծանելիք չէր օգտագործում, առաջվա նման կյանքից չէր դժգոհում: Կնոջը նայելիս երբեմն նախանձում էր` մտքում ասելով. «Հավատացյալ մարդու համար և՛ ապրելն է հեշտ, և՛ մեռնելը»:
Տղայի հետ մշտապես վիճաբանությունների մեջ էր: Ավոն առանց ծնողների կամքը հարցնելու ամուսնացավ մի աղջկա հետ ու մեկնեց Ռուսաստան: Ծնողների հետ կապ չէր պահպանում: Սաթենիկը ապրում էր Երևանում, ծնողների հետ չէր շփվում: Նրան այդպես էլ չհաջողվեց ամուսնանալ և ընտանիք կազմել:
Արսոյի հայրը երբ մահացավ, նա հուղարկավորությանը չգնաց` պատճառաբանելով, որ գումար չունի` չնայած կինը հասկացրեց, որ խնայած մի փոքր գումար ունի: Իսկ մոր մահանալու մասին նրան տեղյակ չէին պահել. «ավելորդ» տեղը չուզեցին անհանգստացնել: Նա այդ մասին շատ ուշ իմացավ:
Ինստիտուտն ավարտելուց հետո նա մի անգամ էր իրենց գյուղ գնացել, վիճել էր հոր հետ, թե ինչի համար, հիմա ինքն էլ չէր հիշում, ու այլևս ծնողներին այցելության չգնաց: Մի անգամ հայրը եկավ, ուզում էր թոռներին տեսնել, կինը երեխաներին վերցրեց և հոր տուն գնաց: Իր մատն էլ էր դրա մեջ խառը:
Արսոն սովորաբար արթնանում էր առավոտյան շուտ, լվացվում էր, մի բաժակ սուրճ պատրաստում, խմում ու գնում էր գործի: Նրա համար աշխարհը հիվանդ անասուններն էին, նրանց բուժման համար տրվող վարձավճարները և իր այգին, որին նվիրում էր իր ազատ ժամանակը: Հաճախ էր երեխաներից դժգոհում` անընդհատ կրկնելով, թե նրանք իր նկատմամբ ապերախտ գտնվեցին: Այդ ամենի մեջ մեղադրում էր կնոջը: Ամեն առիթով կրկնում էր, թե ահա 60 տարեկան է, սակայն թոռի ձեռք չի բռնել: Այդ մասին մտածելիս կնոջ նկատմամբ մի տեսակ ատելություն էր զգում: Կինն էլ նրան էր մեղադրում` մեջտեղ բերելով ծանր բնավորությունը: Սակայն բանը լուրջ ընդհարումների չէր հասնում: Ամեն մեկը փնթփնթում էր մյուսի վրա, ու շարունակում էին համատեղ ապրել:

Բ
10749188_10204111435399818_1517493183_nՀոկտեմբերի վերջին օրն էր, կիրակի: Արսոն սովորականի նման արթնացավ, չգիտես ինչու, այս անգամ որոշեց կնոջ հետ սուրճ խմել: Այդպիսի ցանկություն երբևէ չէր ունեցել: Կանչեց կնոջը, պատասխան չկար: Զանգեց նրան: Կինը արդեն ճանապարհին էր, գնում էր «ծառայության», ասաց, որ հեռավոր շրջան է գնում, շատ ուշ կգա: Մտքում մի փոքր բարկացավ, սուրճ պատրաստեց, մտքերի մեջ ընկավ, սկսեց խմել, ոչխարների մեջ հիվանդություն էր ընկել, չէր կարողանում բուժել: Դուրս եկավ այգի, արևոտ, անուշ եղանակ էր, ինչպես ասում են՝ օրն ապրել էր տրամադրում: Բազմագույն տերևները թափվել էին այգու կանաչի վրա ու մի հրաշալի գորգ էին կերտել: Արսոն հաճույքով քայլում էր այդ գորգի վրայով, վախենալով հանկարծ չխառնի գորգի գույները:
Ընկուզենու մոտով անցնելիս թափված ընկույզներից վերցրեց ամենամեծն ու ձեռքի մեջ սեղմելով կոտրեց: Կարծես ուժը դեռ տեղում էր, փառք Աստծո, առողջությունից չէր գանգատվում, երկարակեցության խնդիր չուներ, հայրը մահացավ 90 տարեկանին մոտ, մայրը՝ նրանից մի փոքր երկար ապրեց, տատն ու պապն էլ էին երկար ապրել: Ընկույզի միջուկը մաքրեց և սկսեց դանդաղ վայելել: Գլուխը վերև բարձրացրեց, ծառի վրա լիքը ընկույզ կար, մտածեց՝ հավաքող չկա, դե ով պիտի հավաքեր…
Մտածեց՝ գուցե ինքը փորձի: Բերքառատ ճյուղերը հիմնականում պատի վրա էին: Աստիճան դրեց և վախվխելով բարձրացավ երկուսուկես մետր բարձրություն ունեցող պատի վրա ու սկսեց ճյուղերը թափահարել: Հասունացած ընկույզները մեկը մյուսի հետևից թափվում էին գետնին: Ծառի տակ մի քանի քարեր կային, որոնք նա վերջերս էր հանել հողից, սակայն դրանք չէր կարողանում հեռացնել այգուց, օգնող չուներ, ուժը չէր պատում:
Ընկույզներն ընկնելով այդ քարերի վրա` թռչում էին այս ու այն կողմ, իսկ նրանց մի մասը դիպչելով քարերին՝ ջարդվում էր, ինչը Արսոյին շատ էր զվարճացնում: Նրա դեմքին թեթև ժպիտ հայտնվեց. էլ ընկույզները ջարդելու կարիք չի լինի: Նա տարվեց այդ տեսարանով ու սկսեց ճյուղերն ավելի ուժեղ թափահարել: Հանկարծ ճյուղերից մեկը, որը գտնվում էր նրա ձեռքում, միանգամից կոտրվեց: Արսոն, կորցնելով հավասարակշռությունը, ընկավ ներքևի ճյուղերին, դրանք նրա ծանրությանը չդիմացան: Արսոն ամբողջ ծանրությամբ ընկավ ծառի տակ հավաքված քարերի վրա: Աչքերի առաջ ամեն ինչ մթնեց: Հետո ուշքի եկավ, փորձեց վեր կենալ, ոտքերը չէին ենթարկվում: Հասկացավ՝ ողնաշարը վ նասվել է: Որովայնը սկսեց տաք հեղուկով լցվել: Արյուն էր. ուրեմն ներքին արնահոսություն ունի, մտքում ախտորոշում էր ստացած վ նասվածքները: Մտածեց` Աստծո կողմից տրված կյանքն ավարտվեց: Սկսեց օգնություն կանչել, սակայն պարիսպների բարձրությունը թույլ չէր տալիս, որ դրսում լսվեր նրա ձայնը, իսկ ձայնը գնալով նվաղում էր ու նվաղում:
Կյանքի և մահվան շեմին նորից հիշեց, որ ինքն այդպես էլ թոռնիկի երես չտեսավ, սկսեց հանդիմանել իրեն, թե ինչո՞ւ կնոջը թողեց, որ աղանդավոր դառնա, ինչո՞ւ երեխաները լքեցին իրեն: Ուժերն արդեն սպառվում էին, աչքերը դանդաղ փակեց: Հայրն ու մայրը եկան, կանգնեցին կողքին: Նրանք կարեկցանքով նայում էին իրեն ու լուռ արտասվում: Աչքերը նորից բացեց, նայեց պարիսպներին ու ատեց այդ պարիսպները, դրանց բարձրությունը, հիշեց հարևան Կարոյի խոսքերը. «Ա՛յ տղա, բերդապարիսպ ես կառուցում, ումի՞ց ես ուզում պաշտպանվել»: Արսոն լրիվ ուժասպառ էր եղել, սակայն օգնություն չկար ու չկար: Օրը մթնեց, ու նրա կյանքը ձուլվեց մութին ու ավարտվեց…

Գ
Տիկին Վերգինեն տուն եկավ ուշ երեկոյան: Բանալիով բացեց դարպասի դուռը: Ներս մտավ, տան դուռը բաց էր, Արսոն տանը չէր: Մտածեց` բակում է, ուր որ է, ներս կմտնի: Ահավոր հոգնած էր, պառկեց բազմոցին, պառկելն ու քնելը մեկ եղավ: Առավոտյան արթնացավ, նկատեց, որ Արսոն վերմակ էլ չի գցել իր վրա: Տեսավ՝ դուռը բաց է: Մտածեց` ամուսինը շուտ է արթնացել, երևի այգում աշխատում է: Որոշեց գնալ ու նրան մի լավ հանդիմանել իրեն չծածկելու համար, հետո էլ բարի լուր էր ստացել. ծնվել էր որդու առաջնեկը: Այդ մասին պատահաբար իրեն ասել էր իր հավատացյալ ընկերուհիներից մեկը, որի եղբայրը որդու հարևանն էր: Վերգինեն որոշել էր այդ մասին Արսոյին հայտնել առավոտյան՝ սուրճ խմելու պահին: Ուզում էր նրա դեմքին գոնե մեկ անգամ իսկական ժպիտ տեսնել:
Տնից դուրս եկավ, մտավ այգի, Արսոն չկար: Մի փոքր առաջ անցավ, նկատեց Արսոյին ընկուզենու տակ՝ քարերի վրա ընկած: Նայեց ընկուզենու ջարդված ճյուղերին ու ամեն ինչ հասկացավ:
Նրա թաղմանը երկու հարևան էր եկել: Ո՛չ տղան կար, ո՛չ էլ աղջիկը:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *