Դավիթ Մոսինյան | Խոստովանությունը որպես մշակութային իրողություն

lev tolstoy

(ՏՈԼՍՏՈՅ ԴԵՊՔԸ)

Հերակլիտոսի, Պարմենիդեսի կամ հունական իմաս­տու­թյան խորհրդանիշ դարձած որևէ այլ մտածողի հետ հաղորդակցումն ամբողջությամբ բացառում է ամենայն անձ­նականի ներկայություն: Հանձին հունական աշխար­հի` կարծես գործ ունենք դեպի Միասնականն ըն­թացող ռեալության հետ: Իսկ Միասնականից, Լոգոսից, և որ ըստ էության նույնն է` Գոյությունից «շեղվածու­թ­յան» յու­րաքանչյուր դրսևորում պատահական է, և ու­րեմն` չի մտած­վում: Ուստի հունական Լոգոսի համար անմտածելի է, ասենք, Անաք­սիմանդրոսի` որպես ընտանիքի հոր կամ նրա աչքերում առկա հնարավոր տխրության մասին ամե­նայն մտադ­րու­թ­յուն: Անաքսիմանդրոսը սոսկ ներկայա­ցու­ցիչն է Լոգոսի և գոյի հանդիպման կազմակերպումի: Անանձնական ներ­կայությունն է, որ հնարավոր է դարձ­րել այդ անձանց մշտանորոգ առկայծումը պատմության մեջ: Դա է վկա­յում հունական ողջ արվեստը նաև: Պլո­տի­նոսի` իր ար­ձանը վերացնելու կարգադրությունը լա­վա­­գույնս ար­տա­հայտում է անձնականի ենթակայության ու ան­էակա­նու­թյան գաղափարը:

Լև Տոլստոյ ԽոստովանությունԱյսօրինակ աշխարհընկալման դիրքերից, իհարկե, դժվար է, եթե ոչ անհնար, իմաստավորել Դյուրերի կամ Ռեմբրանդտի ինքնանկարները, Միքելանջելոյի կամ Դո­նաթելլոյի հոգեբանական քանդակները: Վերածննդից սկսած (որն իբրև թե պիտի լիներ հենց անտիկ աշխարհի վերածնունդը)` ի հայտ են գալիս առավելապես անձնա­կանի շեշտադրումներ. անսպառ ինքնանկարներ գեղա­նկար­չության մեջ, երաժշտության մեջ Հայնրիխ Իսաակի նման կոմպոզիտորներ, ովքեր վոկալային ստեղծագոր­ծության նյութ են դարձնում, ասենք, իրենց` քաղաքը լքե­լու փաստը, արվեստում առհասարակ նվիրումներ ինչ-որ մեկին, և վերջապես էսսեում` ինքնակենսագրություններ` Ռուսսո, Գյոթե, Նիցշե, Տոլստոյ… «Մի՞թե մեր ողջ մեծ ար­­վեստը, ի արմատական հակադրություն անտիկի, իր բո­վանդա­կութ­յամբ խոստովանության արվեստ չէ»[1], – հար­ցադրում-հղացք է առաջադրում Շպենգլերը: Ինքնա­նկա­րը կամ խոստովանությունը եզրափակողն է մի վախ­ճա­նական շրջանի, բայց և միևնույն ժամանակ` մեկ­նար­կը մի լի­նե­լիության, որը, սակայն, իր հերթին սկիզբն է նոր ավար­տի: Խոստովանում ես, քանզի ներքին անհրա­ժեշ­տութ­յամբ ի հայտ է եկել կամքը` գիտակցելու և վանե­լու ճա­կատագիր դարձած կյանքի դիակը: Խոստովանում ես ճա­կատագիրը, անցած ոդիսականը` հուսալով կցվել այլ հոգեընթացքի: Եվ ուրեմն` խոստովանությունը սկսվում է որպես ավարտ: Պատահական չէ, որ խոս­տո­վա­նությունը տեղի է ունենում «օրվա վերջում»` «երե­կո­յան երկրում»` Եվրոպայում (Abendland):
«Խոստովանություններ»-ի կարելի է հանդիպել նաև միջ­նադարում. հիշենք Օգոստինոսին ու Նարեկացուն: Սա­կայն այդ պատումների ծագումնաբանությունն առա­վե­լապես հստակ է: Դրանցում անընդհատ խոսելու խնդիրն է դրված: Աստծո ներկայությունը պահանջում է Բա­նի մըշ­տակա գործունեություն: Լռությամբ մարդը դա­տա­պարտ­ված է վերանալու աստվածայինում, մինչդեռ էգոիս­տական Արևմուտքում մարդը որպես աստվածայի­նին հակադրվող և դրանով իսկ տիեզերական ներդաշ­նակության համար անհրաժեշտ գոյ է մտած­վում: Ուստի` խոստովանությունը միջնադարում ներկա­յա­նում է իբրև Աստ­ծո առաջ հավերժ արդարացման միակ հնարավո­րու­թյուն:
Սակայն «աստծո մահվան» «հասունացմանը» զուգա­հեռ վերանում է խոստովանության նախկին հասցեա­տե­րը, և անխուսափելիորեն պահանջ է զգացվում որո­նե­լու կամ ավելի ճիշտ` հորինելու նոր հասցեատեր, քանզի խոս­քը ոչ մի կերպ չի կարող ինքն իր մեջ մնալ: Աստծո հե­ռացմամբ «դրսում» առկա բոլոր արժեքների «որբաց­ման» հետևանքով ներքին անհրաժեշտությամբ մտած­վեց ինքն-ի գաղափարը: «Աստծո մահվան» ողբումը են­թադրում է էգոդիցիա (ինքնարդարացում): Ինքն-ը դառ­նում է կենտրոնական առանցքը, որի շուրջ կառուցվում է ողջ գոյավորը: Բնականաբար` խոստովանության հաս­ցեա­տերն էլ դառնում է ինքն-ը, և խոստովանությունը հնա­­­րավոր է լինում մտածել միայն իբրև ինքնախոստո­վա­նություն: Թեև ինքն-ի` որպես նոեմայի, գոյությունն ակնհայտ չէր, և դրա հաստատումը որոշակի մտածական ջանքեր էր պահանջում, Ռուսսոն, որ առաջին խիզա­խողն էր այդ ոլորտում, իր «Խոստովանություն»-ն «ար­դա­րացնում է» այսպես. «Ես ցանկանում եմ իմ ընկեր­ներին ցույց տալ մի մարդու իր բնույթի ողջ ճշմարտա­ցիությամբ, և այդ մարդը կլինեմ ես: … Ես ստեղծված եմ իմ տեսած մարդկանցից այլ կերպ, համարձակվում եմ մտածել, որ ես նման չեմ աշխարհում ոչ մեկին»[2]: Այս միտքը, որը Հին Հունաստանում և միջնադարում սեփա­կան գոյության անպիտանիության վկայակոչում կհա­մար­վեր ու, թերևս, որպես զվարճախոսություն դիտարկ­վեր, Ռուսսոն ներկայացնում է ինքնակայացմանն ուղղված հանգանակի տեսքով: «Ես այլ եմ»-ը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքն-ի վավերացման փորձ. ես-ն արդեն իսկ այլ պիտի լիներ, ինչն ավելի ուշ կնկատեր Շտիռները, «ես այլ եմ»-ը` մտածվեր իբրև նույնաբանություն: Սակայն դեռևս ճեղքված չէր ինքն-ի ճանապարհը, ուստի ձևա­կերպումն այդ տեսքն ուներ: Ես այլ եմ, ասել է թե` ինքն-ը գոյություն ունի և գոյություն ունի եզակիորեն, քանզի ո՞վ է «ես այլ եմ»-ի հեղինակը. ե՞ս-ը: Բայց չէ՞ որ ես-ն իրեն հայելու համար ստիպված է այլ լինել: Ուրեմն` հենց ինքն-ն է «ես այլ եմ»-ի հեղինակը: Այս ամենի գիտակցումով է Նիցշեն «Ecce homo»-ում ասում` «Եվ այսպես, ես ինձ իմ կյանքն եմ պատմում»[3], իսկ որպես աշխատության երկ­րորդ վեր­նագիր` գրում` «Ինչպես դառնալ` ինչ կաս»: Ի՞նչ ճակա­տագիր կարող է ունենալ ուրիշին ուղղված քո կյան­քի խոսքային պատմությունը բացի սպառումից ու նեխու­մից: Կյանքդ քեզ ես պատմում` դրա շարունակակա­նու­թյունն ապահովելու ու այն հնարավորինս ամբողջապես կրելու համար: Եվ այդտեղ հառնող հիմնական մտայ­նու­թ­յունը ոճի հարցն է: Կյանքը հիմնովին պատմելու կամքն անդին է ամենայն ոճից, բայց գիրն ինքը դատապարտ­ված է գոյավորվելու ոճում: Եթե մեկնարկենք Ժորժ Բյու­ֆոնի նշանավոր «ոճը մարդն է» արտահայտությունից, պիտի ասենք, որ խոստովանությունը կա՛մ հնարավոր չէ, կա՛մ էլ ինքն իրեն հաղթահարելն է, անոճ գրի որոնումն է: Ուստի` ավարտուն խոստովանությունը չսկսված խոս­տո­վանությունն է:
_____________

Լև Տոլստոյն իր «Խոստովանություն»-ը գրել է երեք տա­րի: «Պատերազմ և խաղաղություն» մեծածավալ վե­պը նա գրել է վեց տարում (1863-1869 թթ.): Գուցե ամե­նայն ոճից ձերբազատվելու ցանկությո՞ւնն է պատճառ ե­ղել, որ Տոլստոյին դժվար է տրվել իր կյանքը պատմելու գործը: Առավել ևս` որ նա չի էլ վերնագրել իր աշխա­տու­թյունը: Այդ գրության առնչությամբ «խոստովանություն» բառն առաջին անգամ օգտագործել է Տոլստոյի կինը` Սոֆյա Անդրեևնան, որից հետո Տոլստոյն ընդունել է դա[4]:
«Խոստովանություն»-ը, ըստ էության, Տոլստոյի եր­բեմ­նի երկու կուռքերին` Ռուսսոյին և Շոպենհաուերին, տրված հոգու պարտքն է և միևնույն ժամանակ` նրանց լուծը թո­թափելու խիզախումը: Տոլստոյի կյանքը կարելի է ներ­կա­յացնել որպես պարբերաբար հոռետեսական տրա­մադ­րու­թյունների և վերածնունդների հերթափոխություն. հիաս­թափություն համալսարանական կրթությունից, այ­նու­հետև իսկական կյանքի հայտնագործում գյուղում, գրա­­կան գոր­ծունեության դատարկության գիտակցում, այ­նուհետև զվարթ հոգեկցում Շոպենհաուերին: Եվ ահա եկել էր վերջինիս հետ «հաշիվները մաքրելու» ժամա­նակը:
Տոլստոյը 1869 թ. օգոստոսի 30-ին Ա. Ֆետին հղած նա­մակում, ով, ի դեպ, իրեն խորհուրդ էր տվել Շոպեն­հաուերի ստեղծագործություններին ծանոթանալ, գրում է. «Չգիտեմ` երբևէ կփոխեմ կարծիքս, թե ոչ, բայց հիմա համոզված եմ, որ Շոպ[ենհաուերը] հանճարեղա­գույն մարդն է»[5]: Տասը տարի շարունակ Տոլստոյը Շոպեն­հաուեր է կարդում և թարգմանում (թեև այդ թարգմանու­թ­յունները չեն պահպանվել):
1879 թ. հուլիսի 12(13)-ին Տոլստոյը նույն Ֆետին գրում է. «Շարունակ քայքայվում եմ, տառապում եմ, տքնում եմ, ուղղվում եմ և մտածում եմ, որ գուցե ինձ էլ Վաս[իլի] Պետր[ովիչի] (Ֆետի աներորդին է – Դ.Մ.) նման վիճակ­վի լրացնել բաց տեղը և մեռնել. ոչ մի կերպ չեմ կարողա­նում ինձ տակնուվրա չանել»**: Հենց այդ ճգնաժամային շրջանում էլ Տոլստոյը ձեռնամուխ է լինում իր ինքնակեն­սագրության իմաստավորմանը: Հիսունն անց Տոլստոյը սկսում է որոնել իր կյանքի մեկնարկի հիմքում դրված սկզբունքը: Ընդ որում` նրա այդ աշխատանքն արմատա­պես տարբերվում է այդ կարգի մյուս աշխատանքներից, անգամ` Ռուսսոյի «Խոստովանություն»-ից: Ի տարբերու­թ­յուն վերջինիս` Տոլստոյի գրության մեջ կյանքի արտա­քին դրսևորումների գրեթե ոչ մի նկարագրություն չկա: Առավելապես ներսում կյանքը որոնող Տոլստոյի չա­վարտ­վող խոստովանությանը հնարավոր է հաղորդակից լինել միայն նույնպիսի կեցվածքով:

[1] Spengler O. Der Untergang des Abendlandes. Erster Band. München, 1920, էջ 186:

[2] Руссо Ж.-Ж. Исповедь. Прогулки одинокого мечтателя. М., 1949, էջ 33:

[3] Նիցշե Ֆ. Ողբերգության ծնունդը և այլն: Եր., 2013, էջ 428:

[4] Տե՛ս, Гусев Н. «Исповедь». История писания и печатания // Толс­той Л., Полное собрание сочинений, т. 23. М., 1957, էջ 523-524:

[5] Толс­той Л. Полное собрание сочинений, т. 61. М., 1953, էջ 219:

** Толс­той Л. Полное собрание сочинений, т. 62. М., 1953, էջ 491-492:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *