Մհեր Իսրայելյան | Ինչպես ձևեցինք առյուծին

Քիչ էր մնում գրեի` նախագահի հրամանքով, գեներալի հորդորանքով, մի հինգ-վեց հոգով վեր կացանք մի օր, քիչ էր մնում գրեի` Մըրթն էր, Քեյլաբն էր, Զաիրը, Օմարը, Տիգրան տղես էր ու ես` գնացինք առյուծ ձևելու, մեկ էլ վախեցա մեծ լոռեցին գերեզմանում շուռ գա ու ժամանակին լեզուս կծեցի։ Չեմ ուզում, որ որևէ մեկը կասկածի տակ առնի այս պատմության լրջությունը կամ փորձի գլուխգործոցի հանգույն հումորային երանգներ որսալ։ Ոչ էլ ուզում եմ, որ ընթերցողը գլուխ կոտրի` հասկանալու համար, թե ինչ գործ ունեին մեկ թուրք, երեք խափշիկ ու մի հայ տղեկ, գումարած մի հայազգի մայոր, որ էս վերջինի հերն էր, այդքան սպասված սրբազան արշավանքում, ասել է թե առյուծ ձևելու հին հայկական արատավոր քմահաճույքին ի սպաս։ Կշարադրեմ պարզ և անպաճույճ լեզվով, մանավանդ, բան է թե վաղը-մյուս օրը մի արկածախնդիր գրասեր փորձի թարգմանել այլ լեզուներով, չխճճվի առասպելի ու իրականության խառնիճաղանջ սարդոստայնում ու փորձանքի բուն դառնա։
Մի խաղաղ ամառային երեկո էր, երևի հարյուր տարի առաջ, երբ թագավարակի շուքն էլ չկար, երբ դեռ ընդամենը շարքային մայոր էի, ռազմական տերմինաբանությամբ ասած` տեղակայված հեռու-հեռավոր բելգիաներում, Միջազգային ռազմական շտաբի ապահով փշալարից ներս: Այս փոքր երկրից և ընդհանրապես Եվրոպայից մեծ կատուները անհետացել էին դեռևս հազար տարի առաջ, բայց չգիտես ինչու որոշեցինք, որ այս կողմերում պետք է որ առյուծ լիներ կամ առյուծանման մի բան, ինչն էլ պատճառ էր դարձել նման մի միջնաբերդի կառուցման համար։ Որոշումը կայացվեց ընտանեկան կուռ միջավայրում, հնգամյա տղայի ու հոր մտքի շեշտակի ճառագումով, որ սևով սպիտակի վրա սեպեցին այն չարչրկված ճշմարտությունը, թե միշտ էլ, ինչքան էլ խաղաղ լինի աշխարհը, ինչքան էլ ապահով բնակավայրը, ուր ապրում է մարդը, կհայտնվի մի գել ու գազան, այս դեպքում մի երևակայական կատվազգի, որ կսպառնա հարձակվել ու խժռել իրենց անդորրը վայելող միամիտներին։ Ինչքան էլ խաղաղ լինի այս հրաշալի աշխարհը, միշտ էլ կգտնվի մեկը, որ կփակի կենարար աղբյուրի ակը ու մեզ կմատնի մի հյուծիչ ծարավի։ Էպոսից ներշնչված լինես, թե՝ համակված հնգամյա տղայիդ խաղի անհագուրդ ախորժակը բավարարելու անմեղ ցանկությամբ, ստիպված ես ընդունել նետված մարտահրավերը։ Աջուձախ էլ չես կարող նայել, լոկ՝ նրա ջինջ ու զուլալ աչքերին, այն էլ այնպես, որ զսպված ժպիտդ հանկարծ չպայթի, ու շահած-փայփայած առյուծի սարսափելի կերպարը մեկ ակնթարթում հօդս ցնդեցնի։

-Բա առյուծին ե՞րբ ենք ձևելու,- կհարցնի նա, որ ականջի ծայրով ինչ-որ բան էր լսել ու թյուրիմացաբար մտածում էր, թե Առյուծաձև Մհերը իր հարազատ հայրն է որ կա։
-Մթնշաղին,- երբ արևը մայր մտնի,- լուրջ-լուրջ կպատասխանես դու։
-Իսկ ինչու՞ մթնշաղին,- կզարմանա նա։
-Որ օգնության աղեկտուր կլանչը խլանա խավարի ճիրաններում,-կբացատրես դու,- ու ոչ ոք չհասցնի աչք ճպպացնել։
-Ի՞սկ ռազմական ոստիկանությունը,- կհարցնի նա։
– Եթե մեր գործը բարի է, ոչ մի ռազմական ոստիկանություն էլ չի փրկի։
– Ի՞սկ եթե պարզվի, որ առյուծն է բարի։ Ի՞սկ եթե պարզվի, որ առյուծը ոչ արաբ է, ոչ թուրք, ոչ էլ նույնիսկ հնդկացի։
Չգիտեմ, առյուծը բարի է թե չէ, ազգություն ունի ընդհանրապես, թե չունի, բայց երբ միջազգային մանկապարտեզի վարիչը մի օր հրավիրեց իր մոտ և խորհրդավոր շշնջոցով պատմեց եղելությունը, վերագրեցի իր վառ երևակայությանն ու գրգռված նյարդերին։ Դե գիտեք, հեշտ չէ հիսուն ազգի երեխայի նազը տանել։ Պարզվում է, մարդ կոչվելու պատվին սխալմամբ արժանացած մի արարած չի կարող իր տղային հանդուրժել մանկապարտեզի նույն խմբում հարևան ազգի երեխայի հետ, պատկերացնել նրան նույն խաղը խաղալիս, արդարանալով, թե իրենց խաղը տարբեր է, ներծծված դարերի խորքից եկող արյամբ ու թշնամանքով։ Ոչ մանկապարտեզի վարիչի ցնցակաթվածը, ոչ իբր տարբեր խաղերը, ոչ Միջազգային ռազմական շտաբի փշալարերը այս դեպքում չեն փրկի։ Ես էլ միամտաբար մտածում էի, թե Առյուծաձև Մհերը դեռ հազար տարի առաջ պատվով արել է իր գործն ու փակել պատմության սև էջը։ Մինչդեռ այդ ցեղից մեկ ուրիշը շոկոլադ էր պարզում նույն երեխային, երբ փողոցում պատահաբար հանդիպում էր։ Հավանաբար փորձում էր ցեղի դեմքը փրկել, ով գիտե։ Ստացվում է` ցեղը այդքան էլ կապ չունի։ Համ ունի, համ չունի։ Ցեղի տականքը կապ ունի, ու մինչև միջի առյուծին չձևես, անընդհատ կբազմանա, դեռ մի բան էլ կծլի, կծաղկի ու կբարգավաճի։ Ուրիշ խաղ ես ուզում, ուրիշ խաղ կխաղանք։ Սա ի իմիջիայլոց, երեխեքի մատղաշ ականջը խուլ։ Մանկապարտեզի ամերիկացի վարիչն էլ տմբտմբացրեց գլուխը՝ ի նշան համաձայնության, բայց խոստացավ ոչ մեկին չպատմել, միևնույն է` մարդիկ չեն հավատա և կմտածեն, թե չի կարողանում ապահովել ազգային բազմազանության սկզբունքը հարգելու հրամանատարության անվերապահ պահանջը։ Հենց այդ օրն էլ հասկացա, որ հապաղել այլևս չի կարելի, պետք է վայրկյան առաջ կյանքի կոչել սրբազան առաքելությունը ու բացել խցանված աղբյուրի ակը։
Դարպասը, որտեղ պետք է հայտնվեր առյուծը, պաշտպանում էր միջնաբերդը հարավից։ Կային նման դարպասներ հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից, սակայն առյուծը ամենայն հավանականությամբ, ինչպես ազգային էպոսում է ակնարկվում, կհայտնվի հարավից։ Քանի որ հիմնական սպառնալիքը Միջազգային ռազմական շտաբի հետախուզության կանխատեսմամբ գալիս էր արևելքից, հարավային դարպասը Ստամբուլի փողոցի ուղղությամբ լրիվ անտերության էր մատնված, իսկական խայծ ամեն տեսակի կատվազգիների համար։
– Հայրիկ, իսկ կարելի՞ է ընկերներիս էլ հրավիրել,- հարցրեց տղաս,- Մեծ Մըրթին, Միջնակ Մըրթին և Փոքր Մըրթին։
– Չարժե ընկերներիդ վտանգի ենթարկել,- հենց այնպես ասացի ես։
– Իսկ Քեյլաբն ու Զաիրը նույնպե՞ս չեն կարող գալ, իսկ Օմա՞րը։ Չէ որ նրանց պապերը կռվել են առյուծի դեմ, և առյուծը նույնիսկ կերել է Օմարի պապին։ Լավ առիթ կլիներ վրեժ լուծելու։
– Ընկերները թող մնան ավելի մեծ գործերի համար, իսկ առյուծին կձևենք երկուսով` հեր ու տղա։ Մեր կռիվը մենք պիտի մղենք, պետք չէ խառնել օտարներին։ Օմարի պապն էլ, կարծում եմ չի նեղանա։
– Հայրիկ, նրանք օտար չեն, իմ ընկերներն են։
– Լավ, այդ դեպքում նրանց կներգրավենք որպես պահեստային ուժեր, այնժամ, երբ մեզ պաշարի հյուծվածությունն ու ընկճախտը,- կատակում եմ ես։
Ավելորդ է ասել, որ առյուծ ձևելու գործողությունը պիտի նախապատրաստվեր ամենայն մանրամասնությամբ` ռազմական գործողությունների օպերատիվ պլանի տառին ու ոգուն համահունչ։ Ու քանի որ պարզվեց, որ Միջազգային ռազմական շտաբի արխիվում պահպանված առյուծ ձևելու ուղեցույցը այնպես է խունացել, որ դարձել է անընթեռնելի, ստիպված էինք տուրք տալ ժողովրդական բանահյուսությանը։ Իսկ բանահյուսությունը առանց սեթևեթանքի ասում էր, թե` ախպեր, մի ձեռ թալում ես վերի ծնոտին, մյուս ձեռ թալում ես ներքին ծնոտին ու երկու կես անում ամեհի գազանին։ Ոչ գուրզ, ոչ գավազան։ Առյուծի բաշն էլ քեզ փեշքեշ։
Ու քանի որ Բելգիայի Թագավորությունում, ինչպես սկզբում ասացի, առյուծները միայն հեքիաթներում էին մնացել, ստիպված էի դիմել Պետյայի օգնությանը։ Ով երբևէ ապրել է Բելգիայում, կճանաչի նրան։ Ամենահաս Պետյան հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչն էր, որ մինչև արտագաղթելը իր հայրենիքում կրկեսում էր աշխատել՝ հմտանալով առյուծներ վարժեցնողի օգնականի հազվագյուտ փեշակում։ Էմիգրացիոն ծառայությանը ներկայացրած լեգենդի համաձայն հաղթանակի տարիներին, որ հանիրավի հորջորջվեցին որպես ցուրտ ու մութ տարիներ, ինքն ու շեֆը իբր սովից ստիպված կերել էին իրենց հացի տեր սարքած կենդանուն, բայց սա բնազդաբար զգալով գլխին գալիքը հասցրել էր որպես երախտամոռությունը գանահարող մի վերջին ճիչ չանչը գցել ու խառնշտորել Պետյայի պայծառ գլուխը։ Վարկածը արժանահավատ էր գնահատվել, և բելգիական իշխանությունները կլոր կնիքով դակել էին քաղաքական ապաստանյալի` արյուն-քրտինքով վաստակած կարգավիճակը։ Ահա թե ինչու, Բելգիայի հրաշագործ բժիշկները մինչև այսօր էլ վեց ամիսը մեկ քանդում-հավաքում են Պետյայի գանգի ձախ կիսագունդը, իսկ առյուծի խրտվիլակը, փեշքեշ մնացած բաշով, համեստորեն զարդարում է բելգիական սոցիալական ծառայության տրամադրած բնակարանի գողտրիկ անկյունը։ Այնպես որ, պետք չէ թևաթափ լինել։ Եթե պետք է առյուծ, կլինի առյուծ։ Պետյան որ ուզի հանուն հայրենիքի առյուծ էլ կդառնա, թեկուզ` հենց իր կերած առյուծը։ Հա ինչ, կթաքնվի խրտվիլակի քողի տակ, ինչպես հեքիաթի դերվիշը։ Համ երեխաներին կզվարճացնի, համ էլ վերակենդանացնելով առյուծին` կքավի հուսահատ պահին գործած վաղեմի մեղքը։ Եվ գայլերը կուշտ կմնան և ոչխարները՝ ողջ, ինչպես ասում են։
Փոքր և Միջնակ Մըրթերը հայրերի հորդորով որոշեցին զերծ մնալ կասկածելի արշավանքից։ Մեզ միացավ Մըրթերից մեծը՝ ամենահավատարիմը։ Թուր ու թվանքի գործը իրենց վրա վերցրին նոր մայրցամաքում քաղաքակրթված, բայց աֆրիկացի պապերի գենետիկ բնազդի նյարդը դեռ պահած թոռները, որ էկզոտիկ նետունիզակներ բերեցին, տապարներ ու շեփորներ, միայն գազանին վախեցնելու համար, ինչպես խոստացան նրանք։
Նախորդ օրվա աստղերի դասավորությունն արդեն ավետել էր, որ ժամն է եկել հատուցման։ Հենց այդպես էլ եղավ բանը, երբ այդ անմոռանալի օրվա մթնշաղին ընկանք ճամփա դեպի հարավային դարպասը։ Մըրթն էր, Քեյլաբն էր, Զաիրը, Օմարը, տղես էր ու ես, գնացինք առյուծի։ Առյուծը հայտնվեց իր ամեհի ներկայությամբ, սրած ժանիքներով ու ամենակուլ երախով, բայց մենք չվախեցանք։ Ճշգրտորեն արեցինք այնպես, ինչպես ժողովրդական բանահյուսությունն էր հուշում։ Ոչ գուրզ, ոչ գավազան։ Թուրք-խափշիկները նետուաղեղով, շեփորով ու հարայ-հրոցով այսուայնկողմ հալածեցին առյուծին` ծվատելով ուժերը։ Մենք մեր մի ձեռ թալեցինք առյուծի վերի ծնոտին, մյուս ձեռ թալեցինք ներքին ծնոտին ու երկու կես արեցինք ամեհի գազանին։ Ռազմական ոստիկանությունը չհասցրեց էլ աչքը ճպպացնել։ Թուրք ու խափշիկ տղեկները հաղթական ճիչ արձակեցին։ Օմարը շնորհակալություն հայտնեց ալլահին պապի վրեժը լուծելու համար։ Միայն հայ տղեկը, այն էլ Տիգրան անունով, չգիտես ինչու մի քանի կաթիլ արցունք ցողեց տապալված առյուծի արքայական բաշին։
Աղբյուրի ակը Ստամբուլի փողոցից բացվեց, ջուրը ուժգին հորդաց ու քշեց-տարավ բոլոր չար ու դժնդակ ուժերին, միջնաբերդը շունչ քաշեց։ Մանկապարտեզի վարիչը կանչեց հերոսներին ու պատվոգիր շնորհեց առյուծ ձևելու հույժ կարևոր գործը գլուխ բերելու համար։ Նաև ասաց, որ խաղը ազգություն չի ճանաչում։ Պետյան էլ անմասն չմնաց դափնիներից և իմ համառ միջնորդությամբ հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար արժանացավ երախտագիտության մեդալի ու պահեստի կապիտանի արտահերթ կոչումի։
Ամեն ինչ հեքիաթի պես էլ կավարտվեր, երկնքից կընկներ երեք խնձոր, բոլորին էլ բաժին կհասներ, եթե հաղթական խնջույքի տոնախմբությանը բելգիական ֆրիտը (տապակած կարտոֆիլը) թողած հիմարաբար խոզապուխտով պիցցա չպատվիրեի։ Խաղը խաղ, բայց պարզվեց տեղի է ունեցել դարի մեծագույն սխալը, հարամ մի երևույթ։ Այսինքն, հազար թե հարյուր հազար տարի առաջ մի խոզուկ իբր կերել է գլխավոր մարգարեի նեղ օրվա համար հողի տակ թաքցրած հացերը, իսկ չար լեզուների զրպարտանքով` քչփորել գինու տիկը։ Կերել է անխղճաբար և սովի ու ծարավի մատնել մարգարեի խեղճ հավատակիցներին։ Հիմա ես ի՞նչ անեմ, մի կողմ նետեմ պիցցան ու հայացքս հառե՞մ սրբազան ղուրանին: Մի սպանեք, ասում է Ղուրանը, իսկ գուցե չի ասում կամ լսող չկա: Մի սպանեք, ասում է Հիսուսը: Գուցե Բուդան էլ ու մնացած- մնացածն էլ մի առիթով ասած լինեն: Ես չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ: Տղաներ, եկեք հաշտ ապրենք, ինչպես կասեր հայտնի մուլտֆիլմի հերոսը՝ Լեոպոլդ կատուն, երբ մեղմանում էր գազազեցնող դեղահաբի ներգործությունը: Ես վերցնում եմ հնգամյա որդուս պարզված թշնամու շոկոլադը։ Մանկան խաղը ամեն տեղ նույնն է, տարբեր խաղեր չեն լինում։ Թքած այս անիծյալ պիցցայի և մնացած բաների վրա։ Թքած թե ես այն զինվորը չեմ, որ երազում է գեներալ դառնալ։
Եկեք պարզապես ձևենք մեր միջի առյուծին, ինչպես այդ հրաշալի ու անմոռանալի օրը արեցինք մենք մերոնցով՝ երեք խափշիկ, մեկ թուրք ու մի հայ տղեկ: Տղեկները թող գոռան, թող հրճվանքով զենք ու զրահ ճոճեն, մի քանի կաթիլ էլ արցունք թափեն առյուծի արքայական բաշին։ Փառքդ շատ ամենակարող Տեր Հիսուս Քրիստոս: Ինշալլահ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *