***
Դեմ չե՞ք,
եթե գրողի ծոցն
ուղարկեմ
Դանայան անվերջությանը
սեր խոստովանած՝
երկկենցաղի ձեր
հարուստ,
իսկ երբեմն էլ՝
օլիգարխիկ
ընթացքը…
(եթե Գրողը դեմ չլինի)
Դեմ չե՞ք,
եթե ձեր վերնագիրն արտագրեմ բառարանում՝ որպես
«Տաբուլա ռազա»-յի հոմանիշ.
այդպես մեկ քայլով էլ կմոտենաք
կատարելության ձեր բարձին…
(սպիտակ աղմուկի պես)
Դեմ չե՞ք,
եթե վախի երկաթահամը
չճաշակած ձեր քիմքին
ու երկաթահամը
վառոդի հոտով չհաղթահարած
ձեր քթին
մի քիչ սխտոր քսեմ,
որ վիրուսով չվարակվեք
ու մեր չնչին գոյությունը չխամրի
ձեր ազնվածին կոշիկների
ճաճանչափայլից…
Դեմ չե՞ք,
եթե Կարավաջոյի պես
ձեզ Մադոննա դարձնեմ,
ու սրբադասեմ
(իսկ Մադդալենան ձեզ ների…)
Դեմ չե՞ք
եթե ձեր վերջին բեմելի
գռեհիկ հուշարարը լինեմ
ու ժամանակից շուտ
ծափահարեմ…
(չէ, իհարկե խանդավառած,
շա՜տ խանդավառված)….
Դեմ չե՞ք,
եթե հեռակառավարման վահանակով
«Mute» անեմ ձեր
սոպրանո,
մեցոսոպրանո,
կոնտր ալտ,
տենոր,
բարիտոն
բաս
և մնացած բոլոր
գոյություն չունեցող
ձայնալարերով
տատանվող
թոթովախոս մտքի էխոներն
ու լռություն լսեմ մի քիչ…
մի քիչ էլ …
մի քիչ էլ…
մի քիչ էլ……..
***
Լողացող կրոններն
առանց մեզ
չեն հավատում ափի գոյությանը։
Հենված ոտնաթաթերին՝
նավի եզրերին
իրենց անուններն են փորագրում
Ու գումարման նշանից հետո
դնում ժայռերի իծագրերի
մարդկային պատկերները…
Բանտում այդ աստվածային,
լռությունն է հսկում
անդորրը երկմտանքի
ու մոռացման նավաքանդակը՝
մաթեմատիկական չափումներով։
Մի աղավնի լիներ՝
դալար ճյուղը կտցին,
լուր բերեր
հեթանոս աստվածներից
և խորհուրդ՝
Ինչ անել…
***
Ծանրացան հողի բազուկներն
այն օրից,
երբ ամուր գրկեցին
անհատի մահն ամբոխում,
և կրկին հացի տաք
շուրթերով
համոզում են ճոճել մեղքը
դարավոր անկողնում…
Այնտեղ, Լեռնային Կղզու մամուռներին կենսագիր,
արդեն ավազների ջրահարսերն են
ննջում լեթարգիական արթնությամբ,
ու մամուռների հետ ծնված
մեղսագործի թևերին
ուրվականներ են օծվել
հերոսները բոլոր…
Մերթընդմերթ ձայներ են գլորվում
Դաշտերի կակաչված մազերից ,
պարապ ու անմիտ,
վախվորած ու կիսաձայն,
և խուճապահար մեղվապարով
կանչում են առասպելներին
իրենց փեթակի մոտ…
առասպելաթուրմ է պետք ամբարել,
հիվանդ օրերին դարման…
Բայց խաշխաշների դաշտում պարապ ձայները
մոլեգնում են անհոսանք ընթացող գնչուների պես,
ու մաշվում՝ անհանգ աղոթքից մորեմերկ։
Երկինքը մազապուրծ կթաքցնի քամին,
որ խաշխաշները թմրեն թմրեցնելուց…
որ նվաղման հրդեհը քսակը դատարկի
ու հանձնվի երգերին կարմիր…
…մինչև անավարտ մի փառք վրիպի կանոնից
ու կարդա ամենքի
մերկ Աստծուն:
***
Սայթաքեց և նա՝
հոգնությունն անտուն
ու ամաչելով
կուչ եկավ իսկույն
շշմած բազմության
ոտքերի առաջ…
Մինչ ծանոթ մի ձեռք
Ժեստով խորթության
Ոչ էլ իմացավ
Հոգնության մաշկի
հպումը տենդոտ,
Խտությունն աղի,
Նա մի ահռելի
փարթամ լռության
այգիների մեջ,
հայացքը ցողեց
Կարմրաքարերին…
և որովհետև
երեկվա միջով
հոսել էր ներկան
Ու սայթաքումը՝
Նա փակագծվեց
մարդկանց ու մարդկանց
Նեղ միջակայքում…
Շռայլ էր վկան…
***
Իսկարիովտական փակ գիշերաշարքը
ինչպե՞ս ճեղքեմ, Այր,
Երբ հեկեկոցս է երգը աքաղաղի՝
արևագալում,
և խեղճացած ծանրությունը որովայնիս մեջ
դողում է ցրտից ու կախվում ներքև,
երբ վան գոգյան գիշերներից
ջնջվել են աստղերն ու այլևս չի հոսում երկինքը…
գունատ են պատերը ներսից ու դրսից…
գունատ եմ ես՝ ներսից ու դրսից,
գունատ ես դու՝ դրսից
ու քո տողերի ներսում…
երբ ամեն գիշեր
տրոյական ձիս ամենափառավոր վեհությամբ
մտցնում եմ գունատ ներսս քեզ սպանելու
ու մեռնում քեզ հետ մի քիչ…
և մի քիչ էլ հեռանում աշխարհիցս,
տնիցս,
իլիկիցս ու
մանկան գուլպաներից…
իմ հանճարեղ ինքնաոչնչացումը
դեռ հիշում է
պարզությունը ձեռքերի …
(գիտեմ, սիրելիս,
ես էլ եմ այնքան բարդ ու խճճված,
երբ իլիկս չես)
և ես հանճարեղ եմ, այո…
հանճարեղ եմ
իմ կորստի մեջ,
ժպիտի մեջ,
կիսվածության մեջ…
աքաղաղի կանչի հետ կտանեմ
հանճարեղությունը ջարդված լեռների,
վեհությունը մեզ կապող ձորերի
և կտանեմ մի անշուք տեղ
թաքուն բուսնած
Ուրցի բույրը: