Արքմենիկ Նիկողոսյան | «Դեպի աղբյուրը լույսի» գրքի առաջաբանը

Ժողովածուն տպագրվել է «SHITGEN» մտահղացմամբ և պատվերով

Տնտեսական, քաղաքական, սոցիալական անվերջ խնդիրների, պատերազմների հերթագայություն է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության ընթացքը: Եվ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանությունը հետագայում է՛լ ավելի շարունակական դարձրեց այդ մարտահրավերները՝ հավելելով նորանոր խնդիրներ:
Նոր և նորագույն շրջանի հայ գրողների ստեղծագործական և քաղաքացիական դիրքավորումը, այլ խնդիրներից ու հարցադրումներից զատ, նախևառաջ միտված է այդ մարտահրավերների մեկնաբանմանը, պատճառների ու հետևանքների ընդհանրացմանը, ելքերի մատնանշմանը: Եվ գեղարվեստական տարածության մեջ ստեղծվել է պատկառելի գրականություն՝ բանաստեղծության, պատմվածքի, վեպի, պատմավեպի ժանրերով, որոնք ընդհանրացնում են հայ ժողովրդի պատմության այդ բարդագույն ժամանակաշրջանը:
Բնականաբար, գեղարվեստական գրականության մեջ ու հատկապես պոեզիայում առաջնայինն ասելիքի հուզական կողմն է, իսկ հուզականությունը երբեմն խաթարում է տեքստի ու խոսքի բնականությունը, անմիջականությունը, ու էլ առավել հաճախ՝ գործնականությունը՝ ելքերի մատնանշման տեսանկյունից:
Ահա թե ինչու՝ եթե խնդիր է դրվում բացապարզելու, դիտարկելու և ընդհանրացնելու, թե այդ բոլոր մարտահրավերների, դժվար ժամանակների, անելանելի դրությունների ընթացքում ի՞նչ էր անում հայ գրողը, ի՞նչ ելքեր էր տեսնում, ի՞նչ ճանապարհներ էր մատնանշում, ի՞նչ ընդհանրացումներ էր փորձում անել, ապա առավել կարևորվում են գրականության ու խոսքի դրսևորման այլ ժանրեր:
Նախևառաջ՝ հրապարակախոսությունը, որ միտված էր հընթացս արձագանքել տեղի ունեցող դեպքերին ու իրադարձություններին: Եվ ապա՝ շատ կարևոր արժեք են ձեռք բերում անձնական նամակագրությունները, օրագրային գրառումները, որոնցում առավել հստակ է երևում, հաճախ նաև՝ բացապարզվում այս կամ այն գրողի իրական, և ոչ թե հանրությանն ու տարբեր շրջանակներին այսպես ասած՝ «լսեցնելու» միտումը: Այդ առումով բավական անկեղծ ժանր է նաև հարցազրույցը:
Ընդհանրապես, գեղարվեստական տեքստերում գրողները մի փոքր այլ մոտեցումներ ունեն, և դա բնական է, քանզի դրանց իրացումը ենթադրում է ժամանակային որոշակի հեռադրություն բուն իրադարձություններից, ինչը իր հետ բերում առավել սառը և սթափ գնահատումներ ու ընդհանրացումներ: Այնինչ՝ այսպես կոչված՝ արագ արձագանքների ժանրերի՝ հրապարակախոսության, անձնական նամակագրության ու օրագրային գրառումների տիրույթում «տաքությունն» առավել գերիշխող է:

Շատ կարևոր է, որ հետահայաց՝ հայ գրողների՝ խնդիրների մատնանշման-վերհանման ու դրանց շուրջ ելքերի առաջարկման հարցերը երբեք չպետք է համեմատել, առավել ևս՝ գերադասել կամ ստորադասել մեկը մյուսին: Առավել ևս՝ դրանք չպետք է դիտարկել ու գնահատել այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակի, հանրային ու քաղաքական ներկա խոսույթների թելադրանքով: Անպայման պետք է հաշվի առնել այն դրդապատճառներն ու իրավիճակները, առավել կոնկրետ՝ պատմական ժամանակը, երբ գրվել են այդ տեքստերը: Դրանց արժեքը հենց դրա մեջ է: Հարցն այն է, որ տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ, անկախ իրենց ընդգրկումներից, նույնքան կարևոր են եղել և երբեմն՝ նույնքան օրհասական: Եվ ի վերջո, մեծագույն խնդիրների պատճառը, հետագայում վերլուծելիս, նաև այդ այսպես կոչված՝ ոչ մեծ կամ ոչ այդքան կարևոր համարվող խնդիրների հանրագումարում է ստացվել:
Հայ գրողների՝ ելքերի ու լուծումների այդ մատնանշումները, անկախ նույնիսկ արտահայտման ժանրաձևից, բնականաբար, նույնական չեն: Մեկը նախընտրում է ուղիղ խոսքը, մյուսը՝ ամեն դեպքում փոքր-ինչ պատկերավորության է դիմում, երրորդը՝ պարզապես հնչեցնում է հռետորական հարցեր, չորրորդը՝ դիմում է ակնարկների լեզվին, հինգերորդը՝ տեսլականներ է առաջ քաշում և այլն: Նրանց պատկերացումները տարբեր են, որովհետև ժամանակներն են տարբեր, ավելին՝ այս դեպքում նույնիսկ պահի, ժամի, դրության տարբերությունն է պատկերացում փոխում, ու հետևաբար՝ այլ ելքերի շուրջ մղում մտորել:
Եթե փորձենք փոքր-ինչ ընդհանրացնել, ապա հայ գրողները ելքի ուրվագծման առնվազն երկու հարթություն կամ մոդել են բերում՝ ելքերի ուղղակի մատնանշում և ելքերի անուղղակի մատնանշում:
Ուղղակի մատնանշումներում քայլերը հստակ են, հերթագայությունները՝ որոշարկված, հանգամանքները՝ հաշվի առած: Մյուս կողմից՝ քիչ չեն դեպքերը, երբ ելքերի ուղղակի մատնանշումները բարձրացնում են հարցեր, որոնք պատճառահետևանքային կապեր են ենթադրում, ուստի՝ մղում են այդ ելքերին հանգելու համար նախևառաջ այլ խնդիրներ նույնպես լուծել:
Անուղղակի մատնանշումներում գերիշխողը քննադատական խոսքն է, սխալների, թերացումների ու թերությունների մատնաշնումը, որը երբեմն հասնում է ազգային ոչնչականության մակարդակի: Երբեմն կարելի է տպավորություն ստանալ, թե այդ տեքստերում սոսկ քննադատություն է, չկա ելքերի մատնանշում, բայց խորքում՝ հենց այդ քննադատված երևույթների չլինելն է, որ պայմանավորելու է ելքը կամ դրան հասնելու ուղիները:
Գրքում փորձել ենք ի մի բերել նոր և նորագույն շրջանի հայ գրողների՝ հատկապես հրապարակախոսական, օրագրային, նամակագրական, սակավ դեպքերում նաև՝ վեպերում արտահայտված մտքերը, պատկերացումները, կարծիքները, խոհերն ու մտորումները մեր ժողովրդի համար դժվարին ու ծանր ժամանակներում տարբեր մարտահրավերներ հաղթահարելու և դրանցից ելք գտնելու մասին: Բնականաբար, ոչ բոլոր գրողներն են ներառվել և ընդգրկվածների ոչ բոլոր տեքստերն են ներառվել: Այս առումով՝ հաշվի ենք առել մի շատ կարևոր հանգամանք․ ներառել նախևառաջ հայ այն գրողներին, որոնց գաղափարները մեծ կամ փոքր ազդեցություն են թողել, գրողներ, որոնք վայելել են բարձր հեղինակություն ոչ միայն իրենց բուն ստեղծագործությամբ, այլև իրենց գործունեությամբ և հասարակության վրա ունեցած ազդեցությամբ, գրողներ, որոնց խոսքը, կարծիքը, տեսակետը կարևորվել է միշտ և հնչեղություն ստացել:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *