Պետեր Հանդքե | Դիտորդ խորհրդի ողջույնը

Պարոնա՛յք, այստեղ դեռ շատ ցուրտ է: Ես չգիտեմ, թե ինչով պետք է բացատրեմ այդ փաստը: Մեկ ժամ առաջ զանգահարեցի քաղաքից, որպեսզի իմանամ, թե ամեն ինչ պատրա՞ստ է հանդիպման համար, սակայն ոչ ոք չպատասխանեց: Ես արագ քշեցի, փնտրեցի, սակայն չգտա դռնապանին իր արկղում, նկուղում, վառարանի մոտ կամ նախասրահում: Այս սենյակում ես վերջապես գտա նրա կնոջը. նա մթության մեջ նստել էր դռան կողքի աթոռակին, գլուխը սեղմել էր ծնկների արանքում, ձեռքերով գրկել էր պարանոցը: Ես հետաքրքրվեցի, թե ինչ է պատահել նրան: Առանց շարժվելու նա ասաց, որ ամուսինը հեռացել է, մի մեքենա հարվածել է իր երեխաներից մեկին, երբ նա սահնակով է եղել: Դա է պատճառը, որ սենյակները չեն ջեռուցվել. հայցում եմ ձեր ներողամտությունը, ասելիքս երկար սպասեցնել չի տա: Միգուցե ավելի լավ կլինի աթոռները մի քիչ մոտեցնել, որպեսզի ես ստիպված չլինեմ գոռալ` ես չեմ ուզում քաղաքական ելույթ ունենալ, այլ ավելի շուտ հաշվետվություն կներկայացնեմ ընկերության ֆինանսական վիճակի մասին: Ցավում եմ, որ փոթորկի պատճառով պատուհանի ապակիները ջարդվել են. չնայած մինչեւ քո ժամանումը ես եւ դռնապանի կինը պոլիէթիլենային տոպրակով ծածկում էինք բացվածքները, որպեսզի ձյունը չփչի, եւ ինչպես տեսնում եք, ես դեռ զգում եմ, որ այն հաջողությամբ չի պսակվում: Այնուամենայնիվ, թույլ մի՛ տվեք, որ աղմուկը խանգարի ձեզ` լսելու ինձ, երբ ես ձեզ ասում եմ, որ ստուգված հաշվեկշռի արդյունքները վիճարկելի են. մտահոգվելու կարիք չկա, կարող եմ վստահեցնել, որ խորհրդի կառավարումն իրավաբանորեն վիճարկելի չէ: (Խնդրում եմ մի քիչ մոտեցեք ինձ, եթե չեք հասկանում): Ես ափսոսում եմ, որ այդ կերպ պետք է ողջունեմ ձեզ այստեղ, հավանաբար այդպես չէր լինի, եթե երեխան պարզապես սահնակով չքշեր մեքենայի առջեւ. կինը պատուհանի դիմաց պոլիէթիլենային տոպրակը թելով կապելու ընթացքում ինձ ասաց, որ իր ամուսինը հանկարծակի բղավել է նկուղում, որտեղ ածուխն էր դնում: Նա այստեղ` սենյակում, կողք-կողքի շարում էր աթոռները, երբ հանկարծ լսեց, թե ինչպես է ամուսինը ներքեւում բղավում. ինչպես ինքն էր ասում, երկար կանգնում էր այն տեղում, որտեղ նա աղաղակում էր, եւ լսում նրան: Հետո դռան արանքում երեւաց նրա ամուսինը, դույլը դեռ ձեռքին էր. նա կամացուկ, հպանցիկ նայելով, հարցրեց, թե ինչ է պատահել, որ երկրորդ երեխան է լուրը բերել: Այսպիսով, քանի որ բացակա դռնապանն ունի նրանց անունների ցուցակը, ես կցանկանայի ողջունել ձեզ բոլորիդ, քանի որ բարեհաճել եք ներկայանալ: (Դա քամին է): Շնորհակալ եմ ձեզ, որ այս ցրտին, ձյան միջով ճանապարհ անցաք` հանդիպման գալու նպատակով. մինչեւ այստեղ հասնելը երկար ճանապարհ եք անցել: Հավանաբար դուք մտածում էիք, որ պատուհանների սառույցն արդեն հալվել է, կարող եք նստել վառարանի շուրջը եւ տաքանալ: Հիմա, սակայն, դուք դեռ նստած եք սեղանի մոտ ձեր վերարկուներով, եւ նույնիսկ ձյունը, որը սահեց ձեր ներբանների վրայով, երբ քայլում էիք մուտքից դեպի աթոռներ, չի հալվել: Սենյակում նույնպես ջեռոց չկա. մենք միայն մի սեւ անցք ենք տեսնում պատին, որտեղ նախկինում եղել է թիթեղյա խողովակը, երբ այս սենյակն ու այս ձանձրալի տունը դեռ բնակեցված էին: Ինչեւէ, շնորհակալ եմ, որ եկել եք, շնորհակալ եմ եւ ողջունում եմ ձեզ: Ես ողջունում եմ ձեզ: Ես ողջունում եմ ձեզ: Նախ ես ջերմորեն ողջունում եմ պարոնին, որը նստած է այն մուտքի մոտ, որտեղ նախկինում մթության մեջ նստած էր ֆերմերի կինը, ողջունում եմ պարոնին եւ շնորհակալություն հայտնում: Երբ նա մի քանի օր առաջ ստացավ պատվիրված նամակը, որն ազդարարում էր այս նիստի մասին, որում պետք է քննվեին խորհրդի հաշիվները, հավանաբար կարծում էի, որ այն ավելորդ է, հատկապես որ ցուրտ էր եւ ձյուն էր գալիս: Հետո նա մտածեց, որ ընկերությունում ինչ-որ բան այն չէ. փայտամածում կասկածելի ճռճռոցներ են լսվում: Ես ասացի այդ մասին, եւ նա գուցե համոզվեց, որ փայտամածում կասկածելի ճռճռոցներ են լսվում: Ո՛չ, ընկերության շենքում փայտամածի ճռճռոց չի լսվում: (Ներեցեք, բայց սա ինչ փոթորիկ է): Հետո նա ճանապարհ ընկավ եւ ձյան ու ցրտի միջով մեքենան քշեց քաղաքից դուրս: Նա ստիպված էր մեքենան կանգնեցնել գյուղում, այնտեղ միայն մի նեղ արահետ կա, որը տանում է դեպի տուն: Այնուհետեւ նա նստեց գինետանը, թերթում կարդաց տնտեսական հաշվետվությունները, մինչեւ հասավ հանդիպման գնալու ժամանակը: Ճանապարհին, անտառում, նա հանդիպեց երկրորդ պարոնին, որը նույնպես գնում էր հանդիպման: Նա կանգնել էր խաչմերուկում, հենվել էր, մի ձեռքով բռնել էր գլխարկը, մյուս ձեռքով սառած խնձորն էր պահել բերանի մոտ. ձյունը ծածկել էր նրա ճակատն ու մազերը: Ես նկատեցի` ձյունը կուտակվել էր մազերին, իսկ ինքը սառած խնձոր էր ուտում: Երբ առաջին պարոնը հասավ նրան, երկուսով ողջունեցին միմյանց, երկրորդ մարդը ձեռքը մտցրեց վերարկուի գրպանը եւ առաջին մարդուն մեկնեց սառած խնձորը. այդ ժամանակ փոթորկի պատճառով նրա գլխարկն ընկավ գլխից եւ երկուսով ծիծաղեցին: Երկուսն էլ ծիծաղեցին: (Խնդրում եմ մի քիչ մոտեցեք, այլապես ոչինչ չեք հասկանա: Լսվում է նաեւ փայտամածի ճռճռոցը: Ընկերությունում փայտամածի ճռճռոց չի լսվում: Դուք բոլորդ կստանաք այն բաժնետոմսերը, որոնք ձեզ հասնում էին ֆինանսական տարվա ընթացքում. ես այս մասին էի ուզում ձեզ ծանուցել այսօր, արտահերթ հանդիպման ժամանակ): Մինչ նրանք երկուսով միասին առաջ էին գնում ձյան միջով` ընդդեմ փոթորկի, լիմուզինը մյուս պարոններին գյուղ էր իջեցրել: Իրենց սեւ, անշնորհք կերպով տատանվող վերարկուներով նրանք տեղավորվել էին մեքենայի ապաստարանում եւ քննարկում էին, թե պե՞տք է արդյոք մնալ խարխուլ ֆերմայում: Ես հակադարձեցի` գյուղական տանը: Թեեւ նրանք իրենց վերապահումներն ունեին ընտրված ուղու մասին, մեկն, ի վերջո, փարատեց մյուսի վախերը`ելնելով համայնքի հետ կապված մտահոգությունից: Պանդոկի տնտեսական հաշվետվությունները կարդալուց հետո նրանք վեր կացան, եւ, ծնկներին հենվելով, գնացին հանդիպման` դարձյալ համայնքի հանդեպ անկեղծ մտահոգությունից դրդված: Սկզբում նրանք ոտքերով ձյան մեջ անցքեր էին բացում, հետո սկսեցին ավելի հոգնած քարշ գալ, մինչեւ ճանապարհ բացվեց: Ինչպես հիշում եք, մի պահ նրանք կանգ առան եւ հետ նայեցին դեպի ձորը: Փաթիլները սեւ երկնքից թափվում էին նրանց վրա, նրանք նկատեցին հետքեր, որոնցից մեկը սահում էր դեպի վար եւ հազիվ էր երեւում: Ֆերմերը վազեց, երբ լսեց վթարի ենթարկված երեխայի մասին, ընկավ բերանքսիվայր` առանց ձեռքերով պաշտպանվելու: Նա հաճախ ընկղմվում էր խորը ձյան մեջ, դողում սառնամանիքից, հաճախ փորփրում էր դողացող մատներով: Հաճախ նա լիզում էր դառը փաթիլները, երբ ընկնում էր, հաճախ մռնչում էր փոթորկոտ երկնքի տակ: Կրկնում եմ` ֆերմերը հաճախ էր մռնչում փոթորկոտ երկնքի տակ: Նրանք նաեւ տեսնում էին հետքեր, որոնք ընկած էին դեպի խարխուլ ֆերմա տանող ճանապարհին, երկու պարոնների հետքերը, որոնք երբ խոսում էին համայնքի վիճակի, նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով կապիտալը մեծացնելու մասին, կուլ էին տալիս կանաչ ապակե պաստառները, որոնց միջով փոթորիկ էր բարձրանում: Վերջապես, երբ արդեն գիշեր էր, բոլորն եկան այստեղ` տուն, եւ բաց մուտքերով ներս մտան: Երկուսն արդեն նստած էին այնտեղ, ծնկներին` նոթատետր, իսկ մատների արանքում` մատիտներ էին բռնել: Նրանք սպասում էին, որ ես սկսեմ իմ ողջույնի խոսքը, որպեսզի դուք կարողանաք գրառումներ կատարել: Ես ողջունում եմ այն պարոններին, որոնք ուտում են սառած խնձորները, մինչ դուք գրում եք իմ խոսքերը, ես ողջունում եմ մյուս չորս պարոններին, որոնք իրենց լիմուզինով վրաերթի են ենթարկել ֆերմերի որդուն, երբ նրանք գյուղ էին մեկնում ձյունառատ ճանապարհով: Ֆերմերի տղան, դռնապանի տղան: (Այժմ փայտամածն է ճռճռում: Տանիքի թիթեղները եւս ճռճռում են առատ ձյան պատճառով: Համայնքում փայտամածի ճռճռոց չի լսվում: Հաշվեկշիռն ակտիվ է, խանութի ղեկավարությունը ոչ մի պահանջ չի ներկայացրել: Լսվում է առաստաղի միջով անցնող գերանի ճռճռոցը): Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել ֆերմերին, որն ամեն ինչ արեց այս հանդիպումը կազմակերպելու համար: Նախորդ օրը նա իր տնամերձից սանդուղքով բարձրացել էր տուն` սենյակը ներկելու: Նա սանդուղքը դրել էր ուսին, հենել էր թեւին, իսկ ձախ ձեռքով բռնել էր կրաքարի դույլը, որի մեջ խրված էր նրա կոտրված ծայրը: Այնուհետեւ նա դա օգտագործեց պատը սպիտակեցնելու համար, երբ իր երեխաները մինչեւ պատուհանները շարված փայտը դահուկների վրա տանում էին բակ: Ֆերմերը բարձրացավ` դույլը մի ձեռքում, իսկ սանդուղքը` մյուսում, եւ սենյակն արագ պատրաստեց հանդիպման համար: Երեխաները սահնակներով գոռալով վազեցին եւ ճանապարհ բացեցին նրա առջեւ` շարֆերը քամուց թափահարելով: Այժմ մենք դեռ կարող ենք տեսնել գետնի վրա սպիտակ օղակները, որոնք համընկնում են միմյանց, որտեղ ֆերմերը դույլը դնում էր ամեն անգամ, երբ նա իջնում էր սանդուղքից` հաջորդ տեղը նկարելու համար: Մուտքի մոտ, որտեղ փոշոտ ձյունը լցվում է սենյակ, սեւ օղակներ կային, որոնք պոկվել էին կրակի վրա եփած ապուրի կաթսաներից, որոնք ֆերմերի կինը բերում էր ճաշի ժամանակ: Հետո նրանք երեքով նստեցին հատակին կամ կծկվեցին իրենց կրունկների վրա, թաթախեցին գդալներն ու հյուրասիրեցին: Մինչ ֆերմերի կինը կանգնել էր մուտքի մոտ, ձեռքերը սահեցնում էր վերնազգեստի վրայով եւ ձյան մասին ժողովրդական երգ էր երգում, երեխաները վազվզում էին եւ անհամբեր թափահարում գլուխները: (Այնուամենայնիվ, խնդրում եմ, որ չանհանգստանաք համայնքի համար, անհանգստանալու պատճառ չկա: Ճռճռոցը, որ լսում եք, տանիքի ծածկից է գալիս, առատ ձյան պատճառով է ճռճռում փայտամածը): Ես շնորհակալություն եմ հայտնում ֆերմերին իր գործերի համար: Ես կողջունեի նրան, եթե նա գյուղում չլիներ վթարի ենթարկված երեխայի հետ: Ես կողջունեի նաեւ ֆերմերի կնոջը եւ շնորհակալություն կհայտնեի նրան: Երեխաներին ես նույնպես կողջունեի: Եվ ես շատ շնորհակալ եմ այս նիստի համար: Ես շնորհակալ եմ ամեն ինչի համար եւ ողջունում եմ ձեզ: Այնուամենայնիվ, խնդրում եմ մնաք ձեր տեղերում, որպեսզի ոտնաձայները չսասանեն տանիքը: Ինչպիսի՜ փոթորիկ: Ես հարցրել եմ, թե ինչի համար է փոթորիկը: Հանգիստ նստեք ձեր տեղերում: Շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք, սրտանց ողջունում եմ ձեզ: Միայն փայտամածն է ճաքճքում: Ես ասել եմ, որ դուք պետք է հանգիստ նստեք Ձեր տեղերում, որպեսզի շենքը չփլվի: Ես ասել եմ, էլի եմ ասել, որ դուք պետք է հանգիստ նստեք ձեր տեղում: Ես ասել եմ, ասել եմ, ասել եմ, որ պետք է մնաք ձեր տեղերում: Ես ողջունում եմ ձեզ: Ես ասել եմ, ասել եմ, որ ողջունում եմ ձեզ: Ես ողջունում եմ ձեզ բոլորիդ ձեր շահաբաժինները կորցնելու համար: Ես ողջունում եմ ձեզ բոլորիդ: Ես ողջունում եմ ձեզ:

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *