***
Իննսունականների ուղիղ կեսին հերս վաճառեց
սովետի ժամանակ դժվարությամբ ճարված
Գոգենի, Ռենուարի ու Վան Գոգի
անգլերեն հաստ գրքերը
ու էդ փողով մենք յոլա գնացինք
մի քանի շաբաթ:
Հիմա ես քաշել եմ դրանց PDF-ները,
որոնցից տիպոգրաֆիայի հոտ չի գալիս,
մատներիդ ծերերին էլ չես զգում կայֆը՝
կորելա ա դրայվը –
առաջ միտինգ էի գնում՝
հիմա հերիքում ա «Սիվիլնեթի» լայվը:
***
Մեր շենքի Խորիկը շատ նման էր
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ռուդի Ֆյոլլերին,
նրան սակայն չտեսանք 1996-ին «Հրազդան» ստադիոնում –
ծանր խաղ էր՝
մերոնք պարտվում էին 5-0,
հերս ասեց՝ արի հելնենք, թե չէ դավկի մեջ ենք ընգնելու,
դուրս գալուց լսեցինք՝ իսկ տանը տեսանք «Գոոոոոոոլ»-ը
Կարապետ Միքայելյանի խփած:
Մի քանի տարի հետո Զիդանի գոլը տեսանք Բերեզովսկուն,
հետո թարգեցի ֆուտբոլը՝ մենակ նայելը էն չէր արդեն:
Վերջերս կվարտալի գազելում տեսա Խորիկին,
խոսացինք, լավ էր:
Հետո առիթ եղավ Ֆյոլլերի մասին հարցրեցի
կարճ մազերով մի գերմանուհու՝
նա լսեց, մտածեց ու չպատասխանեց,
քանզի քաքն էր ընգել ուրիշի հիշողության ձեռը:
Նա Ֆրանկֆուրտի էթնոգրաֆիկ թանգարանի նախկին տնօրենն էր,
ում շնորհիվ երեք շաբաթ Դիլիջանի խանութներից մեկում
լիքը սիգարետ վաճառվեց:
***
98-ի մարտին, երբ մեծերը գնացել էին
ընտրությունների երկրորդ փուլին,
մենք հավաքվել ու առաջ տալով նայում էինք
հրաշքով ճարված VHS-ի պարունակությունը –
մենք փոքր էինք, մենք առաջին անգամ էինք դա տեսնում,
մենք դեռ չգիտեինք, որ այդ օրը լցոնում էին ոչ միայն կադրում:
***
Ես Վանաձորին հին սովորության համաձայն
դեռ Կիրովական եմ ասում՝
ինչպես քո հետ ծառայածների
անունները չես հիշում, բայց հիշում էս մականունները։
Այդ քաղաքում կա Բանյոյի փողոց,
իր ֆրանսուհի քրոջ՝ Bagneux-ի պատվին,
որտեղ ոչինչ դեռ չի փոխվել և կա Rue de Kirovakan,
ուր չկա հոգս ու ծառերը միշտ կանաչ են,
քանզի ոչինչ չի փոխվում գուգլ-մափում,
և գիշերով քանդված շենքի փոշին
էկրանից առավոտ շուտ չի թափվում վրադ։
***
Պոլիտեխնիկի լսարաններից մեկում լիքը հնացած տեխնիկա կար:
Դրա սարքին կամ անսարք լինելը էլ ոչ մեկին չէր հետաքրքրում:
Կային նաև ամսագրեր ու գրքեր,
որոնցից մեկում 2004 թվին կարդացի, որ՝
այս կյանքում հետաքրքիր են միայն
երեխաները, թռչուններն ու սրբերը:
***
Անտաղանդների մոտ ես սվոյ եմ,
տաղանդավորների մոտ՝ նույնպես:
Այդ առիթով լցրեք օղի, ցանկալի է՝ թութ,
և միացրեք, խնդրում եմ, Բալյան Հարութ:
***
«Կիսատ էս, լրիվ չես»,- ասաց Տատս,
այդ նույնը որոշ ժամանակ առաջ ինձ ասել էր
մի հարգված շախմատիստ:
Նրանց չհավատալու հիմք չունեմ
եւ այդ պատճառով ատամներս չեմ սարքում,
քանզի չեմ պատրաստվում Ամերիկա գնալ,
ու կամաց-կամաց նմանվում եմ սովետական արձաններին,
ովքեր մանդրից ցվրվում են
միջպետական ճանապարհներից ու ոլորապտույտ շոսսեներից,
լեռնային երկրի կիսալքված քաղաքներից,
որտեղ գետեր ու լայն փողոցներ կան
բայց մարդիկ, ովքեր պետք է ազատ քայլեին մայթերով,
գնացել են ծերանալու ռուս կանանց ու ամերիկյան ճարտարապետության հետ,
չիմանալով, որ այդ երկուսն էլ չափազանց տհաճ են ծերանում:
***
Մենք՝ որ ձի կերանք բայց փիղ պակաս մնացինք,
գիտենք, որ կյանքը չի տանում միայն լավերին,
տանում է նաև անհաջողներին, տանում է նույն մեթոդով
ու անհաջողները փտում են հաջողների կողքին
այնտեղ՝ ներքևում:
Ներքևից նորերն են ծնվում, ավելի շատ բոզի՝ ավելի քիչ տղա
ու սկսում են ապրել մի երկրում,
որտեղ ծեծում են նախկին ազատամարտիկներին,
չհասկանալով, որ ազատամարտիկի նախկինը չի լինում։
***
Մտքերով ընկած, չնկատեցի 39 ավտոբուսը
ու ստիպված կես ժամ էլ պիտի սպասեի:
Մտքերով ընկած՝ էս տարի չնկատեցի աշունը,
որ դեղին ավտոբուս չի, ու նորից թե գա էլ,
մեզ համար միգուցե կանգնելու տեղ չճարվի։
***
Մեծերի փոքրացման մեր օրերում
անդեմ ժամանակի դեմքերը
օրական երեք լավաշ են տալիս
պասպորտի տվյալները գրանցելու դիմաց,
Մալաթիայում,
նախկին տռամվի կռուգի տեղում,
այն շենքի շվաքի տակ, որի վրա
Հեմինգուեյի նկարն է, ու գրվածք՝
«Մի շփոթեք շարժումը գործողության հետ»:
***
Հագնված պոռնոաստղի նման անհետաքրքիր դարձած էս կյանքը
ապրում ենք՝
լինելով լքված քաղաքներում ու գործարաններում,
սայթերում ու հակադիր մայթերում,
նախընտրական շտաբ դարձած խանութներում,
սգո սրահներում ու օբսերվատորիաներում,
դառնում ենք քաղաքական անհետաքրքիր հրաժարականների ականատեսը,
երբ դառը, փուչ սֆաթներին փոխարինելու են գալիս
ուրախ ու դատարկ դեմքերը:
Մեր երկրում, որտեղ ամիս առաջ կատարվածը մոռացվում է,
որտեղ թե ուզում ես լինել՝ պիտի լինես ինչ-որ տեղ,
ինչ որ մարդկանց հետ,
քանզի այստեղ անխումբ անհատներն անսովոր են՝
սև-սպիտակ ֆիլմերի գունավոր ֆոտոների նման,
երեխա չունեցողի նման,
ուր մենակ մարդուն ճամփա չեն տանում,
մենակ մարդն անհետաքրքիր է՝
պահեստային անկողիններում պառկած վերը նշված դերասանների նման,
ովքեր ժամանակին մասնակից էին մեղմ արևի տակ,
այն օրերին, երբ դիաֆրագման հինգուվեցից չէր իջնում,
այն օրերին, երբ կինը դեռ այլընտրանք չէր:
***
Մոտս կոպեկ չկար:
Գրքերն էի բացում-փակում –
Հուսիկ Արայի մոտ փող չկար,
Միխալկովի մեջ նույնպես,
Սլավիկ Չիլոյանի գիրքը բացեցի՝
միջից Չարենցը ժպտաց:
***
Արտեմ Հարությունյանը լավ չի քնում.
իմացա լրատվամիջոցներից մեկի նկարած ռեպորտաժից:
Նրան խանգարում են ձայներն «Օմեգա» ակումբի,
ուր մի անգամ մեկը խմեց «Չասված Խոսքերի կենացը»,
մյուսն ասեց՝ «Աչքերներս անցյալներիս չմնա»,
հետո բդեցին, հաշիվը փակեցին ու գնացին:
***
Ես երեսունմեկ տարեկան եմ,
ունեմ երեսունմեկ ատամ ու գիտեմ, որ երեսուներկուսում
դրանց թիվը չի ավելանալու։
Ես ամսի քսաներեքին Սիթիից գնել եմ
ամսի քսանչորսին արտադրված սմետան ու կերել այն
ամսի քսանչորսին՝ որ թարմ լինի։
Ես լսել եմ «սենց մեկը ըլներ՝ տունս քանդեր» ֆրազը
նույն մարդու կողմից տարբեր ստրիպտիզներում։
Ես մասնակցել եմ թաղումների.
կանանց դեպքում ավելի տխուր է։
Ես ծանոթ էի Լևոն Խեչոյանին,
ու հույս ունեմ, որ մի օր կճանաչեմ Վանոյին։
Ես սիրում եմ մարդկանց, ովքեր հագնում են Եղվարդի բոթասներ։
Ժամանակին հագնում էի դրանցից։
Ես դուրս եմ եկել հարախումից
ու գլուխս ետ տարել ձեռքիս վրայից։
Տեսել եմ տերևների դրոշմը քարերի վրա
երկրաբանական թանգարանում։
Տեսել եմ միտինգի ժողովրդին միտինգից հետո
փաբերում խմելուց։
Ես տեսել եմ Կաուրիսմյակիի բոլոր ֆիլմերը։
Մի օր հեռվից տեսա անցյալը. նիֆոկուսը շատ բաներ փակում էր։
Մոտեցա ու սկսեցի սիրել շիրոկի օբյեկտիվները։
Ես տեսել եմ ծախված մարդկանց՝
որոնց համար միևնույն էին տերերը։
Տեսել եմ Թեքգյոզյանի ֆոտոն երրորդ մասում –
Թեքգյոզյանին չեմ տեսել։
Տեսել եմ կյանքում կարճ չհագած կանանց՝ հարսանիքներին բոզոտ հագնված։
Մասնակցել եմ երթերի, որոնք նման էին անմեռել թաղումների։
Տեսել եմ այն կնոջը,
որ մետրոյում վաճառում էր տարբեր թվերի օրացույցներ։
Ես կորցրել եմ ու կորել եմ:
Ես նստել եմ հարյուրնոց մարշուտնի, երբ ջեբս հազար եվրո կար։
Եղել եմ քելեխնոցում ու նրա կողքի ստրիպտիզում։
Երկուսում էլ մարդիկ լուռ խմում էին։
Ես տեսել եմ ջահելների, ովքեր ուզում էին մենակ ապրել,
որ մենակ չապրեն։
Տեսել եմ նույն բիձեքին՝
տարբեր ֆոտոգրաֆների խնամքով դասավորված պորտֆոլիոներում։
Ես հիշում եմ էրոտիկ ֆիլմերը VHS-ների վրա։
Մագի կասետներ էի գնում Աբովյանի Օրփեոս խանութից։
Ես գետնանցումից շախմատի գիրք եմ առել, որի վրա գրված էր՝
«Միկային, ապագայում աշխարհի չեմպիոն դառնալու ակնկալիքով»:
Ես տեսել եմ ժանգոտող անտենաների սերը դեպի ճնճղուկները
Էս յութուբի դարում։
Տեսել եմ Զանուսսի բառը կանդիցիաներների վրա:
Փնտրել եմ Վայդա-ն՝ չեմ գտել։
Ես շատ աշակերտներ եմ ունեցել, նրանք փոքր էին,
բայց հասկացնել տվեցին, որ երեսուներեքից առաջ և հետո Հիսուս չեն խաղում։
Ես տեսել եմ մարդկանց, ովքեր առանց պահպանակի դուրս եկան էս գանդոնների դեմ։
Ես տեսել եմ մարդկանց, ովքեր չկային էնքան, որ իմանային թե ինչքան չկան։
Ես մտովի հաջող եմ ասել բազմաթիվ անհաջող կինեմատոգրաֆիստների։
Ես տեսել եմ կանանց, ովքեր 50.000-ով էին սեքս անում,
Ինչը նոր կուրսով 100$ է։
Ես տեսել եմ մարդկանց ովքեր լայքեր էին ստանում,
իրենց սերն էին ստանում իրենց նկատմամբ։
Ես տեսել եմ ութ հարյուրնոց կլուբնիկ,
Վեց հարյուրնոց գիլաս,
հարյուրնոց մեխ ու քսանկոպեկնոց բասսեյինը։
Ես գիտեմ թե ով ա Ձախ Հարութի ու Սիրուշոյի կլիպի մետրոնոմը,
ով գետնի տակ անցկացրեց էս քաղաքի տարիները։
Ես հողամասում հագնում եմ հորս կոշիկները
ու իմ բանակային նատովկեն։
Ես արաղ եմ քաշում: Առաջ ստացվում էր։
Ես լողացել եմ Հայաստանի տարբեր բնակավայրերի քաղաքային բաղնիքներում։
2006-ին, Կիրովականում, մի կին առաջարկեց 5000 դրամով մեջքս քսել։
Ես տեսել եմ Ռուբինչիկի «Նելյուբովը» մեծ էկրանի վրա։
Ես նայել եմ ռուսական ԳՕԼՕՍ-ի բոլոր հաղորդումները
ու հասկացել՝ հայն ինչքան էլ «Ջորջա» երգի,
վրացին մեզ չի սիրի։
Ես շախմատի մարզիչ եմ։
Ես թարգել էի ամենակարևորը՝
Բայց մեկ մեկ խառնում էի ու երեխեքին ասում՝ «էկրանին նայեք»։
Ես տեսել եմ կապիտան Գրանտի որդիներին,
ովքեր լեյտենանտ Շմիդտի զավակներից շատ էին։
Ես չեմ հարգում էն մարդկանց ովքեր չեն ընտրել իրենց սեռը։
Ես արդեն գիտեմ, որ ծառերը բերքի համար չեն ջրում։
Ջրում են, որ չչորանան։
Ես 31 տարեկան եմ, ու էն օրը աշակերտներիցս մեկն ասեց՝
– Ընկեր Վարդան, անմոռուկս եմ մոռացել: