Դուշկա Վրխովաց (Սերբիա)
Ծնվել է Բանյա Լուկա քաղաքում: Ավարտել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» բաժանմունքը: Հեղինակ է բանաստեղծությունների 20 գրքի, որոնց մի մասը մասնակիորեն կամ ամբողջապես թարգմանվել է նույնքան լեզուներով: Ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է: Սերբիայի գրողների Միության միջազգային հարաբերությունների Խորհրդի, լրագրողների Միջազգային դաշնության, Սերբիայի թարգմանիչների ընկերակցության անդամ է: «Աշխարհի բանաստեղծները» (Poetas del Mundo) միջազգային կայքի դեսպանն է Սերբիայում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
ԼԻՆՈՒՄ Է…
1
Լինում է և այնպես,
երբ աչքերս եմ բացում
առավոտյան –
ինձ թվում են նրանք ամբողջովին լեցուն
ցայգալույսի ինչ-որ երազային փայլով,
ստվերներով տաքուկ եզերքների,
քնից ելած քամու
մոլեգնությամբ,
և բուրմունքով տամուկ
կապույտ վտակների:
2
Լինում է և այնպես,
որ թվում է մի պահ,
թե սենյակս նույնպես
շողշողում է,
առագաստից ելած նորահարսի նման երջանկացած,
և փեղկերը դեռ փակ պատուհանիս,
գիշերվա մեջ ծաղկած
պարտեզին են նայում
իմ աչքերի միջով,
աշխարհին են նայում,
և խոտերին դալուկ
նորալուսնի:
3
Լինում է և այնպես,
որ քնքշությունն անափ
թափանցում է ոսկյա մաշկիս միջով,
ու նրբորեն բախում դուռը սրտիս:
Եվ մայրական կաթի
ջերմություն են ասես ճառագայթում
իմ ձեռքերը, ինչպես այն օրերին,
երբ գուրգուրում էի առաջնեկիս:
4
Պատուհանիս միջով ներս է խուժում
ավտոների աղմուկն
անտանելի –
մի ներդաշնակ ռիթմով
տարօրինակ –
օդը հագեցնելով ծպտյալ կաթիլներով
նոր մահերի՝
այս հյուծախտով հիվանդ մոլորակի
հնաբնակներիս համար կանխորոշված ի սկզբանե:
5
Ենթագիտակցության ընդերքներից
տարածվում է բարձր ու խռպահունչ
ինչ-որ մի մեղեդի
խենթացնող,
որ լսում է հանգիստ դուստրս քմաճաշակ,
TV կոչվող տուփից կախարդական,
որին սևեռվել է նաև դուստրս երկրորդ –
նույնպես քմաճաշակ:
Օդանավը թևին տալով համբարձվում է:
Գովազդներն են փոխվում,
նախապատրաստելով անլուր տառապանքը հիվանդների:
Ապա հաջորդում են պատկերները
քաղաքական ցնդած գործիչների,
և ֆանտաստիկ ժանրին վերագրելի
նրանց պատումների արձագանքը,
պաթետիզմի բոլոր չափերն անցնում,
ու թափվում է անդեմ քաղքենության
գլխին
շփոթահար:
6
Եվ այդ ո՞վ է ասել,
թե պոեզիան արդեն
իմաստ չունի,
և չի կարող փոխել
խոսքը ոչինչ:
Չհավատաք,
մարդիկ,
հորինվա՜ծք է,
խաղի կանոններն են փոխվել ընդամենը:
7
Մի՞թե ազդեցիկ են այն թերթերը միայն,
որ լուրեր են ցրում,
իբր, ճշմարտացի,
հապա այն թերթե՞րը՝ ըմբոստացած
ընդդեմ ճշմարտության՝ կիսատ – պռատ,
մեղավո՞ր են միթե,
և քանի՞սն են նրանք…
Ազգը քո՜ւն է մտել,
ջնջվել,
բաղարկվել է ամբողջովին:
8
Քեզ կույրերն են հիմա առաջնորդում,
ինչպես պատմության մեջ սատիրական,
հեղինակը որի
հանգուցյալ է վաղուց,
և հարություն առնել
չի պատրաստվում նորից:
9
Իսկ նոր ակցիաների թոհուբոհում՝
նախաձեռնված դրսից,
ոչ ոք մի դիտարժան բան չի անում,
ինչպես միանգամյա
վատ ֆիլմի մեջ
արտիստներով անհայտ և անանուն:
10
Շուրջդ բարբաջանք է համատարած՝
քեզ բոլորը գիտեն,
և բոլորն են տալիս
անունը քո,
մինչ դու՝
փշաքաղված,
ցուրտ սենյակում,
պատրաստում ես ահա սրթսրթալով
խղճուկ ընթրիքը քո
խորհրդավոր:
11
Եվ զգում ես հանկարծ, որ միայնակ ես դու բոլորովին,
միտումնավոր կերպով
խեղվա՜ծ,
խղճահարո՜ւյց,
և համոզում ես քեզ,
որ կապ չունես, իբր, ոչնչի հետ,
ոչ ոքի հետ չունես առընչություն,
և հույս չունես բնավ ոչ մի բանի վրա,
բայց ուժ չունես նաև ճանապարհի կեսից ետ շրջվելու
և փրկվելու համար:
12
Եվ ապրելու կամքը լքում է քեզ,
երբ սենյակից պատկից թափանցում է տունդ
ասես լարից ընկած թավջութակի
ղժղժոցի պատիժն աննոտագիր,
սակայն հարևանիդ դուռը հո չե՞ս թակի,
երևի թե նա էլ ա՛յս ձևով է կռվում
սարսափելի նման, ասես ճիշտ միևնույն
իրերի դեմ:
13
Ոչինչ
մարդկայնորեն չես հասկանում:
Այն ամենից, ինչը կատարվում է –
առանց գոնե մի պահ ընդմիջումի –
լուսաբացից առաջ,
մինչև կեսօր,
մինչև գիշերամուտ –
քեզ խաբկանքն է մնում՝
թե դու բացակա ես
երբեմնակի,
երբ աշխարհն է կորչում կոպերիդ տակ:
14
Եվ դու էլ ես կորչում աշխարհի հետ:
Բայց մնում է նրա անցուդարձին հլու
քո մասնակից կեսը,
որ հանդիպում է քեզ ամե՜ն աստըծու օր,
տանդ,
քո փողոցում,
քո քաղաքում,
իսպառ ամայացած
ու լպրծուն
մոլորակի
տափակ մակերեսին:
15
Իսկ գուցե
այս հողի
խոր ընդերքում,
կամ հատակում գուցե օվկիանոսի,
կա՞ իսկապես ինչ-որ
խելքը գլխին աշխարհ:
ՍԵՐԲԻԱ
Ոչ փոքր ես դու, ոչ՝ մեծ,
Ոչ երկնային ես դու, ոչ՝ երկրային,
Բզիկ – բզիկ՝ երկրի ու երկնքի միջև
Խաչված, փոշիացած,
Չվհատվե՛ս, Սերբիա, ծնկի չիջնե՜ս:
Ծանր ախտերով ես շրջապատված,
Կրծել – կրծո՜ւմ են քեզ անհագորեն:
Դու Կայենի մայրն ես և Աբելի:
Այն, ինչ չի վաճառվում, չտաս նրանց,
Ովքեր եղել են, կան, կգան էլի:
Մի թող սարդոստայնը քո աչքերին իջնի,
Քշիր ողբուկոծը սրտիդ միջից,
Արմատդ չոր հրիր փոսը նրանց փորած,
Արտասուքո՜վ ջրիր, հողո՜վ սնիր,
Կանաչ տերևնե՜րդ վերածնիր:
Ոչ փոքր ես դու, ոչ՝ մեծ.
Ոչ երկնային ես դու, ոչ՝ երկրային,
Միջակայքում երկրի ու երկնքի
Խաչված, փոշիացած,
Դու չտրվե՜ս, Սերբիա, չիջնե՜ս ծնկի:
Թարգմանությունը՝ Գագիկ Դավթյանի