Ռոբերտ էյթքեն | Ձենի վարպետ ագռավը

Սկիզբն՝ Այստեղ

 

Իմաստուն թռչնի խոսքերն ու գործերը

 

Հոգածություն

Վայրի բադը, մինչ իր առաջին հարցը տալը, միառժամանակ ներկա գտնվեց հանդիպումներին․ «Մի՞թե ժամանակ չենք վատնում՝ պարզապես այստեղ նստելով, մինչ Կապույտ Մոլորակը գրողի ծոցն է գնում»։
Ագռավն ասաց․ «Ժամանակդ վատնո՞ւմ ես ուտելու վրա»։
«Այդքա՞նը,- հարցրեց Վայրի բադը։- Միայն անձի պահպանո՞ւմ»։
Ագռավն ասաց․ «Վայրի բադի պահպանում, լճի պահպանում, գիհու պահպանում, եղջերվի պահպանում»։

 

Բուդդհա

Հաջորդ երեկո Փայտփորիկը խոսեց և ասաց․ «Կուզենայի հետամտել բուդդհայական եզրույթներին։ Եկեք սկսենք հիմնականից։ Ի՞նչ է Բուդդհան»։
Ագռավն ասաց․ «Ես չեմ ասի»։
«Դե լա՜վ», – բացականչեց Փայտփորիկը։
Ագռավը կռավեց և թռավ դեպի Հավաքույթի Կաղնին։

 

Մոլորություն

Մի ուրիշ անգամ Փայտփորիկը հարցրեց․ «Ի՞նչ կարող եք ասել մոլորության մասին»։
Ագռավն ասաց․ «Գիհու թուփ»։
Փայտփորիկն ասաց․ «Գիհու թուփն ինչպե՞ս է մոլորություն»։
Ագռավն ասաց․ «Այն ստվերում է ինձ ջեռ կեսօրին»։
Փայտփորիկը մտածեց մի պահ, իսկ հետո հարցրեց․ «Այդ դեպքում իրերն անվանելը մոլորությո՞ւն է»։
Ագռավն ասաց․ «Պարզապես որ իմանաք ռիսկերը»։

 

Առասպելաբանություն

Ագռավն իր աշակերտներին տարավ Եղջերու սենսեյին տեսության, որը քունգ-ֆու էր ուսուցանում Մայրու ծանծաղուտում։ Եղջերուն մի փոքր խոսեց և մի քանի վարժություն ցույց տվեց նրանց։ Այնուհետև Հիմնադրի բացատում նրանք խոնարհվեցին Բոդհիդհարմայի տեսքով մի խոշոր քարի առաջ։
Այդ երեկո տուն վերադառնալով՝ Ոզնին հարցրեց․ «Իրո՞ք Բոդհիդհարման է քունգ-ֆուի հիմնադիրը» [1] ։
Ագռավն ասաց․ «Քո առասպելաբանությունից է կախված»։
Ոզնին հարցրեց․ «Ո՞րն է Ձեր առասպելաբանությունը, Վարպե՛տ»։
Ագռավն ասաց․ «Բացություն»։

 

Պայծառացում

Մի օր, երբ նրանք նստել էին մի բան ուտելու, Փայտփորիկը հարցրեց Ագռավին․ «Ի՞նչ է պայծառացումը»։
Ագռավն ասաց․ «Ես դա չեմ ժխտի»։
Փորսուղը հարցրեց․ «Ի՞նչ կհաստատեք»։
Ագռավն ասաց․ «Զսպում»։
Փորսուղը հարցրեց․ «Ինչպիսի՞ զսպում»։
Ագռավն ասաց․ «Դուք ի՞նչ կասեք»։
Փայտփորիկը երկմտեց։
Փորսուղն ասաց․ «Լուսինը ծայրամասերում չէ»։

 

Մահ

Խլուրդն միայնակ եկավ Ագռավի մոտ և ասաց․ «Մենք շատ չենք խոսել մահվան մասին։ Մտահոգված չեմ նրանով, թե ուր եմ գնալու, բայց տեսնելով, թե ինչպես են մեռնում ընտանիքիս շատ անդամներ, ուզում եմ իմանալ, թե ինչ է պատահում մահվան պահին»։
Ագռավը միառժամանակ լուռ նստեց, իսկ հետո ասաց․ «Ես բաշխում եմ իմ ունեցած-չունեցածը»։

 

Սուրբ Հոգին

Պատվելի Կռունկն Ագռավին և նրա աշակերտներին ընդհանրական (ecumenical)/ ծառայության հրավիրեց Գրոթթոյի Փոքրիկ Եկեղեցում։ Դրանից հետո Բարձր եղևնու համայնքն գվվում էր այդ փորձառության մասին։ Հաջորդ երեկո Բվեճը հարցրեց․ «Արդյո՞ք Սուրբ Հոգին նման է Բուդդհայի բնույթին»։
Ագռավն ասաց․ «Երկու գաղափարները նման են»։
Բվեճն ասաց․ «Ուրեմն քրիստոնեությունն ու ձենն ինչ-որ կերպ կապվա՞ծ են»։
Ագռավն ասա․ «Ո՛չ, ամենևի՛ն, դրանք բոլորովին տարբեր են և պարզորոշ կերպով տարբաժանված»։
Բվեճը մի պահ լուռ էր։ Այնուհետև հարցրեց․ «Ինչո՞վ են դրանք տարբերվում»։
Ագռավն ասաց․ «Գաղափարի մասին դրանց գաղափարները տարբեր են»։
Բվեճը հարցրեց․ «Ինչո՞վ են տարբերվում գաղափարի մասին դրանց գաղափարները»։
Ագռավն ասաց․ «Դրանք նման են երկու գավաթի․ մեկը՝ կավե, մյուսը՝ երկաթե։ Նետե՛ք դրանք նույն բարձրությունից, և կավե գավաթը փշուր-փշուր կլինի, իսկ երկաթե գավաթը վեր-վեր կթռչի և կզրնգա»։

 

Խիստ առանձնահատուկ

Մի օր կեսօրից հետո, երբ խումբը թրթուրներ էր ծամում, Խլուրդը նկատեց․ «Բուդդհա Շաքյամունին խիստ առանձնահատուկ էր, չէ՞։ Համոզված եմ, որ երբևէ նրա նման մեկը չի եղել»։
Ագռավն ասաց․ «Ինչպես մաթուզենին [2]»։
Խլուրդը հարցրեց․ «Ինչո՞վ է մաթուզենին եզակի»։
Ագռավն ասաց․ «Մաթուզենու ամեն մի տերևը»։
Խլուրդը լռեց։
Կոզնուհին հարցրեց․ «Ի՞նչ կապ ունի մաթուզենու յուրաքանչյուր տերևի եզակիությունը Ձեն պրակտիկայի հետ»։
Ագռավն ասաց․ «Ձեր պրակտիկան»։

 

Մետաֆիզիկա

Նույն երեկո։ Բվեճն ասաց․ «Ես դեռ մտածում եմ Գրոթթոյի փոքրիկ եկեղեցու մեր փորձառության մասին։ Կարո՞ղ է բուդդհայականը քրիստոնյա լինել»։
Ագռավն ասաց․ «Սիրի՛ր մերձավորիդ»։
Բվեճը հարցրեց․ «Կարո՞ղ է քրիստոնյան բուդդհայական լինել»։
Ագռավ ասաց․ «Այդպիսիք շատ են»։
Բվեճը հարցրեց․ «Մի՞թե չես շրջանցում մետաֆիզիկայի հակասությունը»։
Ագռավն ասաց․ «Ի՞նչ գործ ունի մետաֆիզիկան դրա հետ»։
Բվեճը հարցրեց․ «Ո՞րն է դրա ենթադրյալը»։
Ագռավն ասաց․ «Լավ քայլ էր, Բվե՛ճ»։

 

Առաջին եզակի մարդը

Վաղ աշնանային մի երեկո եկավ Կուղխն առանց նախազգուշացման։
«Ողջույն, – ասաց, Ագռավը, – ես Ագռավն եմ»։
Կուղխն ասաց․ «Վարպեն առաջին անգա՞մ է հանդիպում սրան»։
Ագռավն ասաց․ «Մի՞թե։ Ի՞նչ պատահեց առաջին դեմքի եզակի թվի հետ»։
Կուղխն ասաց․ «Հայտնվեց ոչ-ինքը»։
Ագռավն ասաց․ «Կարող էր հիմարացնել ինձ»։

 

Պատկառանք և երկրպագություն

Փայտփորիկն ասաց․ «Ես նման եմ Բվեճին․ դեռ մտածում եմ Գրոթթոյի փոքր եկեղեցի մեր այցելության մասին։ Հետաքրքիր է՝ ո՞րն է պատկառանքի և երկրպագության տարբերությունը»։
Ագռավն ասաց․ «Մեկը տաքացնում է քո որովայնը, մյուսը՝ ոչ»։
Փայտփորիկը հարցրեց․ «Ո՞րը ո՞րն է»։
Ագռավն ասաց․ «Իմ գործը չէ»։

 

Խելամտորեն

Մի երեկո Ագռավը թառեց Հավաքույթի Կաղնու իր ճյուղին և ասաց․ «Ես երկար եմ աշխատել Վարպետ Ճագարի հետ, և նրա ուսմունքի մեջ որոշ բաներ անհանգստացնում էին ինձ։ Ես երբեք չհարցրի դրանց մասին և ի վերջո պարզապես ավարտեցի և հեռացա։ Այժմ ես մտածում եմ, որ եթե ավելի շուտ խոսեի՝ կարող էր մեզ երկուսիս էլ օգնել։ Այսպիսով՝ կուզեի հարցնել ձեզ՝ մեր ծրագրում կա՞ մի բան, որ անհանգստացնում է ձեզ»։
Երկար լռություն տիրեց։ Ի վերջո խոսեց Հնդկահավը, որ այդ երեկո էր այցելել։ «Ես ուզում էի իմանալ, – ասաց նա, – ինչո՞ւ ձեր համայնքում ավելի շատ երգող թռչուներ չկան»։
Ագռավն ասաց․ «Գուցե նրանք բավարարված են նրանով, որ ծառերից են մեզ ոգևորում»։
Հնդկահավը հարցրեց․ «Ինչպե՞ս կարող են նրանք ոգևորվել»։
Ագռավն ասաց․ «Իմաստ ունենալով»։

Քննարկումների նոր առաջնորդը

Երեկոյան հանդիպման ավարտին Ագռավը հայտարարեց․ «Վաղը երեկոյան նախագահելու է Հավաքույթի կաղնին»։
Փայտփորիկն ասաց․ «Ես դա պետք է տեսնեմ»։
Հաջորդ գիշեր Ագռավը հայտնվեց շրջանի իր սովորական տեղում։
Փայտփորիկը ասաց․ «Դուք ասացիք, որ այս գիշեր նախագահելու է Հավաքույթի կաղնին»։
Ագռավն ասաց․ «Ես այստեղ եմ, բայց մոռացել եմ իմ գրառումները»։

(Թարգմանությունը՝ Zen Master Raven: Sayings and Doings of a Wise Bird / Compiled and Annotated by Robert Aitken; illustrations by Jennifer Rain Crosby, Honolulu Diamond Sangha, 2002)

© Թարգմանությունն անգլերենից և ծանոթագրությունները՝ Թոնդրակի և Մարիամ Կարապետյանի

(թարգմաությունն արված է Zen Master Raven: Sayings and

Doings of a Wise Bird (Compiled and Annotated by Robert Aitken /illustrations by Jennifer Rain Crosby, Honolulu Diamond Sangha, 2002) գրքից):

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] Բուդհիդհարման (Bodhidharma) կիսառասպելական պարսիկ բուդդհիստական վանական է, որն ապրել է V կամ VI դարում (440-528 կամ 532/536)։ Ավանդույթի համաձայն՝ նա է Դհյանա բուդդհայականությունը (Dhyana Buddhism) Հնդկաստանից տարել Չինաստան և այստեղ էլ հիմնադրել Չան (Ձեն) դպրոցը։ Ճապոնիայում նա հայտնի է իբրև Դարումա (Daruma): Նրա անունը նշանակում է «արթնության (bodhi) դհարմա» (dharma of awakening): Չինական առասպելույթի համաձայն՝ նա նաև Շաոլինի վանքի (Shaolin Monastery) վանականների ֆիզիկական պատրաստության՝ քունգ-ֆու (Kung-fu) մարտարվեստի հիմնադիրն է։
[2] Madrone (մաթուզենի) – հավամրգազգիների ընտանիքին (փոքր ծառերի կամ թփերի ցեղ) պատկանող մորու ծառ։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *