Նվիրում եմ 2016 թ.ապրիլի 1-ից 4-ը
անհավասար մարտը իրենց վրա
վերցրած հայ զինվորներին
Մի գիշերվա մեջ
Զինվորները նորելուկ,
Կենդանի թե մեռած
Հերոսներ դարձան,
Դարձան գիր, մագաղաթ,
Նրանց գնդակների հրաբորբից
Խավարը երերաց,
Ընկնողներն ընկան ու երկնքում
Աստղաբույլ դարձան,
Դարձան լույսի փաթիլ
Եվ խորհուրդ անկասելի,
Որ փառքը հաղթակամարի
Երբե՜ք, երբե՜ք չխամրի:
6.04.2016 թ.
***
Գուցե դարն է այդպիսին,
Որ մարդիկ ժպիտները
Տպեն երեսներին
Ու իրենց հոգին
Հանձնեն համացանցին
Եվ կոճակի մեկ հպումով
Ջնջեն զգացմունքները,
Բամբասանքը սոցցանցերի
Հաց ու ջուր դարձնեն,
Էրոսի փոխարեն
Հեռախոսին երկրպագեն,
Խոնարհվեն նրա առաջ
Եվ պաշտեն կուռքի պես:
Մարդիկ եկան հեռախոսաստրուկ,
Որ ապրում են արանքում
Պատրանքների և իրականի:
Մարդը
Ես եզերել եմ այս աշխարհը,
Իմ մեջ են ալեկոծվում
Օվկիանները հզոր
Եվ հողմերը մահաբեր,
Գարունները ապրեցնող,
Աշունները բարեբեր
Եվ արևները՝ կյանք արարող:
Աշխարհն իմ մեջ է եփվում
Եվ բյուրեղանում անվերջ,
Ցնորքներն այս աշխարհի
Իմ մեջ են եռում,
Ես իմ մեջ եմ պահում
Աշխարհի խռովքը
Եվ աստղերի ցոլքերի փոշին,
Որով օծում եմ առավոտները
Եվ սրբագործում օրը:
Դարը
Օդը շիկացել է
Մարդկանց շնչառությունից,
Օդում խոսքեր են թևածում
Անբարո, անաստված,
Երգեր՝ առանց հոգեշաղախի,
Պատկերներ՝ դաժանության
Եվ խաբկանքի,
Օծանելիքի հոտեր՝
Սուր զգացողության,
Թշնամանք՝ անվերջ ծավալվող,
Հոգիներ՝ հիվանդ, ջերմող,
Ժպիտներ՝ գունատ, կիսամեռ,
Քամիներ՝ անապատից փչող,
Եվ սատանայի ճոճվող մտրակ,
Որի հարվածներից
Մարդիկ չեն զգում ցավ:
Գուցե այսպես է սկիզբ առնում
Տաքացումը եղերական:
Ջրի արցունքները
Դու տեսել ես ջրին
Փոսի մեջ, գերի,
Որի գույները
Փոխվել են դեղնականաչի,
Եվ տխրությունը նրա
Ու երգերը թախծոտ,
Դու տեսել ես
Արցունքները նրա
Եվ հայացքը՝ օգնության կարոտ…
***
Ամենուր կարելի է
Նոր աշխարհ ստեղծել,
Թեկուզ հին տան մեջ
Կամ աշխարհից մոռացված
Խարխուլ մի հյուղակում,
Եվ ամենուր կարելի է
Մի նոր աշխարհ տեսնել
Թեկուզ առվի եզրին,
Ուր միջատներն ու գորտերը
Համերաշխ են ապրում,
Անգամ հավաբնում,
Ուր հաստատվել է
Աքաղաղի իշխանություն,
Ոչխարի հոտի մեջ,
Ուր այծին են կարգել թագավոր,
Գարեջրատանը, ուր մարդիկ են
Նախիրի ջերմությանը սովոր…
***
Նայում եմ
Ափերից անդարձ հեռացող
Իմ նավակին
Ու չգիտեմ՝
Ողբամ նրա համար,
Թե հրաժեշտ տամ
Ու լինեմ շնորհակալ
Ապրածս օրերին,
Թե ներում հայցեմ
Չապրածի համար,
Մեղքերիս՝բնավ,
Ես երբևէ չեմ փորձել,
Որ մեդալը իմ
Մի երես ունենա՝
Թեկուզ ոսկետառ:
Հիմա ես նրանից
ինչպե՞ս բաժանվեմ՝
Բարեկամի՞ նման,
Թե… սիրահարի պես,
Կիսախռով…
Զինվորը
Դու զինվոր էիր,
Որը ծերացավ զորանոցում,
Քեզ համար զորահավաքը
Առանց զորացրման էր,
Կյանքը քեզ համար
Պատերազմի դաշտն էր
Կամ զորանոցը,
Քո առավոտը
Զինվորի քայլերգն էր,
Պատերազմի դաշտը՝
Պայքար չմեռնելու համար,
Չնայած ապրելն էլ
Երբեմն ցավ էր:
Զորանոցը քո ամրոցն էր
Եվ հուշերի տունը:
***
Քարանձավի խավարի մեջ էի
Եվ դուրս գալու համար
Լուցկու մի հատիկ կար,
Սակայն… չվառեցի,
Վախեցա,
Թե քարանձավի մթնում
Կորցնեմ իմ հույսը վերջին:
***
Բողբոջը պայթում է անձայն,
Կանաչը անձայն է հողից ելնում,
Կոկոնը բացվում է անձայն,
Սաղմը մոր արգանդում
Անձայն է ծնվում,
Աստղերի ցոլքերը
Անձայն են ժպտում,
Մտքերը հոսում են անձայն,
Անձայն է վառվում կրակը սիրո…
Հրաշքները ծնվում են անձայն
Եվ… անձայն … հեռանում:
***
Քո սերը ամպերի ծվենի մեջ
Քեզնից թաքուն է ապրում,
Քո ամպերը խենթ են,
Դու…ամպակարոտ…
***
Տարիներ առաջ
Ժամանակը ինձ
Շատ էր սիրում,
Սակայն նրա սերը
Ես չէի նկատում,
Տարիներ հետո
Ես սկսեցի
Նրան ուժգին սիրել,
Սակայն իմ սերը
Մնաց օդում …
Մենք սերեր ունեցանք,
Որոնք հատման կետեր
Այդպես էլ… չունեցան:
Աշնանամուտի խոհեր
Ժամանակը, որը նախկինում
Ինձ գարուններ էր բերում
Եվ աշուններ բարեբեր,
Հիմա՝ աշնանամուտի խոհեր:
Ժամանակը, որը նախկինում
Ինձ գետեր էր բերում՝
Վարարահոս, շառաչուն,
Հիմա՝… ջրեր մարմանդ, նիրհուն:
Ժամանակը, որի գոյությանը
Ես կասկածում էի,
Հիմա ծանրացել է ուսերիս,
Ու ես խոնարհվել եմ նրա բեռից:
***
Ուշ է, երեկո,
Կակաչը ուզում է
Քուն մտնել,
Սակայն թերթիկները
Չեն փակվում,
Կակաչը ծերացել է,
Կակաչը չի կարողանում
Քուն մտնել:
21.04. 2016 թ.
Թաջ Մահալ
Արշալույսերին,
Դու ճերմակ մշուշ ես հագնում
Ու մշուշի մեջ
Ջահանն ու Մոնթասը
Իրար են փարվում
Եվ ձուլվում տաճարի պատերին
Ու տաճարը դարձնում
Սիրո սրբավայր:
Ակռա, 2016 թ.
***
Այգու այս մաշված նստարանին
Էլ ով ասես, որ չի բազմել,
Սիրահարներ՝ երազներով լեցուն,
Մարդիկ՝ մայրամուտի խոհերով,
Մանուկներ՝արևի աչքերով
Ու անմեղ շուրթերով…
Կյանքը այս նստարանին է մաշվում:
***
Հոգիները միայնակ
Իրար են փնտրում
Ու թե գտնում են,
Միևնույնն է… մենակ են:
***
Հեքիաթի մի հերոս
Որին չեն սիրում,
Բայց ապրում է
Շատերի մտքերում,
Օրվա մի կարգախոս,
Բոլորին ատելի,
Սակայն շուրթերի վրա է
Շատ շատերի,
Ծնված մի պատմություն,
Որին սերունդները
Դառնությամբ են հիշելու,
Չհերկված արտեր,
Որոնց բողոքը լուռ,
Մարդիկ չեն ուզում լսել…
Հրաշալի խոսքեր,ճկուն միտք,ազատ և զերծ ամեն ձևականությունից ու սահմաններից…Բռավո Պ.Ավետիսյան:
Չհերկված արտեր,
Որոնց բողոքը լուռ,
Մարդիկ չեն ուզում լսել…
aynqan aseliq ka ays toxeri mej,vor arje erkar mtorel…shat lavn e..
Չհերկված արտեր,
Որոնց բողոքը լուռ,
Մարդիկ չեն ուզում լսել…
aynqan aseliq ka ays toxeri mej,vor arje erkar mtorel…shat lavn e..
Inchqan kardum em Eli em uzum kardal,anmijakan baic xor@ grox e
Հարուստ կենսափորձի, զգայուն հոգու տեր, երևույթները մանրամասներով ու խորությամբ ընկալող բանաստեղծն արձագանքում է իր շուրջը կատարվածին անմիջականորեն, պարզ ու անկեղծ, ասես զրուցում է ինքն իր հետ, նաև մեզ` իր ժամանակակցի հետ, արժևորում անձնուրացությունը հայրենիքի զինվորի, <>, ցավ ապրում զորանոցում ծերացած զինվորի համար: Խոսքը հաճախ դառնացած է, սակայն իրատեսական. …Գուցե դարն է այդպիսին, Որ մարդիկ ժպիտները Տպեն երեսներին ՈՒ իրենց հոգիները հանձնեն համացանցին… Տարիների բեռը շալակած քնարական հերոսը և շնորհակալ է կյանքում իրեն տրվածի, և ներում է հայցում չարածի ու մեղքերի համար…. Իր սերնդակիցներին շաաատ ծանոթ ու հարազատ հոգեվիճակ..