Շտուտգարտից մի կնոջ, որը լավ էր նկարում, մի քննադատ, ոչ մի վատ բան նկատի չունենալով և ցանկանալով աջակցել նրան, վերջինիս առաջին ցուցահանդեսին ասաց․
-Ձեր գործերը տաղանդավոր և սիրուն են, սակայն խորության պակաս ունեն։
Երիտասարդ կինը չհասկացավ, թե ինչ նկատի ուներ քննադատը, և շատ չանցած մոռացավ նրա դիտարկման մասին։ Սակայն մեկ օր անց լրագրում տպագրվեց նույն քննադատի գրախոսականը, որում ասվում էր․ «Երիտասարդ նկարչուհին բավականին շնորհալի է, իսկ նրա աշխատանքները, որոնք առաջին հայացքից գրավիչ են, ցավոք, խորության պակաս ունեն»։
Այդ ժամանակ երիտասարդ կինը մտածմունքների մեջ ընկավ։ Սկսեց աչքի անցկացնել իր նկարները և պրպտել հին թղթապանակները։ Վերանայեց իր բոլոր նկարները և նույնիսկ նրանք, որոնց վրա այդ պահին աշխատում էր։ Հետո փակեց ներկերը, սրբեց վրձիններն ու դուրս եկավ՝ մաքուր օդ շնչելու։
Այդ երեկո հյուր էր գնացել։ Մարդիկ ասես քննադատությունն անգիր էին արել և շարունակ խոսում էին նկարչուհու մեծ տաղանդի և նրա նկարների գրավչության մասին, որը միանգամից աչքի էր ընկնում։ Ավելի ուշադիր ականջ դնելով՝ երիտասարդ կինը հետին պլանի շշուկներից և նրանցից, ովքեր մեջքով էին կանգնած նրան, լսեց․
-Խորություն չունի։ Ահա թե բանն ինչում է։ Տաղանդ ունի, իսկ խորություն, ցավոք սրտի, ոչ։
Հաջորդ ամբողջ շաբաթ երիտասարդ կինը ոչինչ չնկարեց։ Լռության մեջ նստել էր իր բնակարանում, ինքն իր մասին էր խորհում, և գլխում անընդհատ միայն մեկ միտք էր պտտվում, որը խոր ջրերում ապրող ծովահրեշի նման վրա էր հասնում և կուլ էր տալիս մնացյալ բոլոր մտքերը․ «Ինչո՞ւ խորություն չունեմ»։
Երկրորդ շաբաթվա ընթացքում կինը նորից փորձեց նկարել, բայց բացի անճոռնի ուրվանկարներից՝ չկարողացավ ոչինչ ստանալ։ Երբեմն նույնիսկ փոքրիկ ստվերագիծ չէր կարողանում նկարել։ Հետո այնպես էր դողում, որ չէր կարողանում վրձինը ներկի մեջ թաթախել։ Այդ ժամանակ սկսեց լաց լինել և բղավեց․
-Այո՛, ամեն բան ճիշտ է։ Ես չունե՛մ խորություն։
Երրորդ շաբաթվա ընթացքում սկսեց ուսումնասիրել արվեստի թեմայով հատորյակներ և ուրիշ նկարիչների գործեր՝ ջանասիրաբար այցելելով թանգարաններ և պատկերասրահներ։ Կերպարվեստի տեսություն էր ընթերցում։ Գնացել էր գրախանութ և վաճառողից խնդրել ամենախորը գիրքը, որն առկա էր խանութում։ Ինչ-որ Վիտգենշթայնի աշխատությունն էին տվել նրան, որն այդպես էլ չկարողացավ որևէ կերպ կիրառել։
Քաղաքային թանգարանում «եվրոպական կերպարվեստի 500 ամյակին» նվիրված ցուցահանդեսին միացավ դպրոցականների մի դասարանի, որին սրահից սրահ էր ուղեկցում գեղարվեստական դաստիարակության ուսուցիչը։ Լեոնարդո դա Վինչիի նկարներից մեկին մոտենալիս կինն անսպասելիորեն առաջ եկավ և հարցրեց․
-Ներեցե՛ք, կասե՞ք՝ այս նկարում խորություն կա՞, թե՞ ոչ։
Ուսուցիչը քմծիծաղ տվեց և ասաց․
-Հարգելի՛ս, եթե ուզում ենք ինձ հետ կատակել, ճիշտ կանեք առավոտյան ավելի շուտ արթնանաք։
Եվ դասարանը լիաթոք ծիծաղեց։ Իսկ երիտասարդ կինը տուն գնաց և դառնորեն լաց եղավ։
Այդ ժամանակից սկսած երիտասարդ կինն ավելի ու ավելի տարօրինակ էր դառնում։ Գրեթե դուրս չէր գալիս իր արվեստանոցից, բայց միևնույն է չէր կարողանում աշխատել։ Հաբեր էր ընդունում, որպեսզի ավելի երկար արթուն մնար, բայց չգիտեր, թե ինչին էր պետք ավելի երկար արթուն մնալը։ Իսկ երբ հոգնում էր, իր աթոռին նստած էր քնում, որովհետև վախենում էր անկողին մտնելուց՝ քնի խորությունից սարսափելով։ Սկսել էր նաև խմել և ամբողջ գիշեր վառ էր թողնում լույսը։ Այլևս չէր նկարում։ Երբ Բեռլինից մի հնահավաք զանգահարեց և խնդրեց մի քանի ուրվանկար անել նրա համար, վերջինս բղավեց հեռախոսի մեջ․
-Հանգի՛ստ թողեք ինձ։ Ես խորություն չունե՜մ։
Ժամանակ առ ժամանակ պլաստիլինից ինչ-որ բան էր ծեփում, սակայն դրանք մանր-մունր բաներ էին, ոչ մի հստակ բան։ Մատների ծայրերը պլաստիլինի մեջ էր մտցնում կամ փոքրիկ գնդիկներ էր պատրաստում դրանից։ Անխնամ տեսք ուներ։ Այլևս ո՛չ իրեն էր խնամում, ո՛չ բնակարանում էր մաքրություն անում։
Նրա ընկերներն անհանգստանում էին։ Ասում էին․ «Պետք է օգնել նրան, ճգնաժամային փուլ է մոտը։ Այդ ճգնաժամը կա՛մ մարդկային, կա՛մ ստեղծագործական, կա՛մ ֆինանսական բնույթի է։ Առաջին պարագայում բան չենք կարող անել, երկրորդ պարագայում ինքն ինքնուրույն պետք է դուրս գա այդ իրավիճակից, երրորդ պարագայում կարող ենք միջոցների հանգանակություն կազմակերպել, բայց հավանաբար նրա համար տհաճ կլինի»։
Այդպիսով՝ ընկերները սահմանափակվեցին՝ ճաշկերույթների կամ երեկույթների հրավիրելով նրան։ Միշտ մերժում էր հրավերքները՝ աշխատանքի առատությամբ պատճառաբանելով։ Սակայն նա ամենևն էլ չէր աշխատում, այլ ուղղակի նստում էր իր սենյակում և ուղիղ դիմացը նայում՝ տրորելով պլաստիլինը։
Մի անգամ այնպիսի հուսահատության մեջ էր, որ ընդունեց մի հրավերք։ Մի երիտասարդ, որն անտարբեր չէր նրա նկատմամբ, ուզում էր տուն ուղեկցել նրան խնջույքից հետո, որպեսզի գիշերն անցկացներ նրա տանը բոլորիս հայտնի պատճառով։ Նա ասաց, որ երիտասարդը կարող էր ուղեկցել նրան, քանզի վերջինս էլ էր նրան դուր գալիս․ իհարկե, եթե երիտասարդը կհամակերպվեր այն բանի հետ, որ նա խորություն չուներ։ Դա լսելով՝ երիտասարդը որոշեց զերծ մնալ իր նախնական մտադրություններից։
Երիտասարդ կինը, որը ժամանակին լավ նկարում էր, այսուհետ ոչ թե օրեցօր էր բարոյալքվում, այլ ժամ առ ժամ։ Այլևս ոչ մի տեղ չէր գնում և ոչ մեկի չէր ընդունում իր տանը, քիչ շարժվելու պատճառով գիրացել էր, իսկ ալկոհոլի և հաբերի պատճառով անսովոր արագությամբ էր ծերանում։ Նրա բնակարանը փտում էր, իսկ նրանից բորրբոսի հոտ էր գալիս։
Ժամանակին երեսուն հազար մարկ էր ժառանգել։ Երեք տարի դրանցով էր ապրում։ Այդ ընթացքում ճանապարհորդության մեկնեց Նեապոլ՝ բոլորի համար անհայտ համգամանքներում։ Նրանք, ովքեր խոսում էին նրա հետ, իբրև պատասխան ինչ-որ անհասկանալի բան էին լսում։
Երբ փողերը վերջացան, կինը կտրատեց և ծակծկեց իր բոլոր նկարները, հեռուստաաշտարակի վրա բարձրացավ և 139 մետրանոց բարձրությունից ցած նետվեց։ Բայց քանի որ այդ օրը սաստիկ քամի էր, ոչ թե աշտարակի ներքևի ասֆալտե հրապարակում ջարդուփշուր եղավ, այլ վարսակի դաշտի վրայով թռչելով՝ հասավ մինչև անտառի եզրը, որտեղ ընկավ եղևնիների գագաթին։ Չնայած այդ ամենին՝ տեղնուտեղը մահացավ։
Բուլվարային լրագիրը երախտապարտությամբ փոխ առավ այդ միջադեպը։ Ինքնասպանությունն ինքնին, թռիչքի հետաքրքիր հետագիծը, այն փաստը, որ խոսքը նկարչուհու մասին էր, որը ժամանակին մեծ հույսեր էր ներշնչում, և որը բավականին գրավիչ արտաքին ուներ․ այս բոլորը բարձր տեղեկատվական արժեք ուներ։ Նրա բնակարանն այնպիսի աղետալի վիճակում էր, որ լուսանկարիչները կարողացան գեղանկարչական լուսանկարներ անել․ հազարավոր դատարկ շշեր, ամենուրեք ավերակներ, պատառոտված նկարներ, պլաստիլինի՝ պատերին ամրացված գնդիկներ և նույնիսկ կղանքներ սենյակի տարբեր անկյուններում։ Լրագիրը որոշեց ավելի շատ ծավալվել և երրորդ էջում ևս մի փոքրիկ զեկույց տեղադրեց։
Մշակութաբանական հավելվածում տեղադրված էր սկզբում հիշատակված քննադատի դիտարկումը, որում նա արտահայտում էր իր անհանգստությունը կապված նրա հետ, թե ինչպիսի սարսափելի ձևով էր երիտասարդ կինը վերջ տվել կյանքին։ «Նորից ու նորից է, – գրում էր նա, – այդ սարսափելի իրադարձությունը վրա հասնում մեզ՝ ողջերիս, երբ մեր կամքից անկախ այն բանի վկաներն ենք դառնում, թե ինչպես երիտասարդ, տաղանդավոր մարդը բավականաչափ ուժ չի գտնում ինքնահաստատվելու իր բնագավառում: Միայն պետական օժադակությունն ու մասնավոր նախաձեռնությունը, ըստ երևույթին, բավական չեն այնտեղ, ուր առաջին հերթին խոսք է գնում մարդկային միջավայրի խնամակալության և գեղարվեստական սեկտորում խելամիտ ստեղծագործական փոխներգործության մասին։ Իհարկե, հարկ է նշել, որ տվյալ դեպքում նման աղետալի վերջաբանի սկիզբն անհատականի մեջ է դրված։ Քանզի մի՞թե նրա առաջին, դեռևս միամիտ թվացող գործերից մեր առաջ չէին բացվում այդ սարսափելի երկատվածությունը, որն արդեն տեսանելի էր նրա՝ միտումնավոր նման ներգործություն ունենալու ուղղված երանգները խառնելու ինքնահաճ տեխնիկայում, և ստեղծող-արարչի՝ այդ ներպտուտակված, պարուրաձև խորացող և միաժամանակ մինչև վերջ զգացմունքներով հագեցած, բայց ակնհայտորեն ապարդյուն բողոքը իր սեփական չար «ես»-ի նկատմամբ։ Այդ կործանիչ, համարյա ուզում եմ ասել, այդ անողոք ձգտումը դեպի խորություն»։
Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի