Գարունիկ Հովհաննիսյան | Ձմեռ պապը

Ձմեռ պապը խոժոռահայաց նստել էր բազկաթոռին, որը դրված էր սենյակի ամենամութ անկյունում։ Նա նայում էր իր մուշտակին, որ անփութորեն գցված էր աթոռի թիկնակին։
-Վերջապես եկավ տունը զարդարելու ժամանակը,- ուրախությամբ հայտարարեց Ձյունանուշը։- Բայց մինչ այդ կարելի է նստել մաքուր տան մեջ ու նամակներ կարդալ։
Ձյունանուշը մի կապոց նամակ դրեց սեղանին, որ երեխաներն էին ուղարկել։
-Ձմեռ պա՛պ, ինչո՞ւ համառորեն էլեկտրոնային նամակներ չեք ընդունում։
-Քանի որ չեմ կարող դրանք պարզապես սրտիկել ու առաջ անցնել, ջանիկս։
Սմարթֆոն, խելացի ժամացույց, տիկնիկ, առողջություն մայրիկին։ Այստեղ Ձյունանուշը հուզվեց։
-Ի՜նչ տխուր է, ի՜նչ տխուր։ Կարծես ցանկությունները նրա համար են, որ բացահայտեն մեր կարիքներն ու տխրեցնեն մեզ։
Ձմեռ պապն ավելի մռայլվեց։ Ամեն երեխա աշխարհի առաջ ծառացնում է բարի լինելու պահանջը, առանց հաշվի առնելու, նույնիսկ հավակնոտ ցանկություններով, Ձմեռ պապի անկարողությունը…
-Միշտ էլ կարելի է որևէ զանցանք ուռճացնելով մերժել անփորձին,- փնթփնթաց Ձմեռ պապը։
-Ո՛չ, չի կարելի։ Ձմեռ պապը բարի և ներողամիտ կերպար է։ Եվ, Ձմեռ պապ, նա արդեն պետք է իր դերի մեջ մտած լիներ՝ ժպտար, երջանիկ ձևանար, ամբողջ տեսքով հուշեր, որ հրաշքներն իրականանալի են։ Հրաշքի զանգը հնչեցնելու ժամանակն է։
Ձյունանուշը նորից ժպտաց.
-Ինչքա՜ն եմ սիրում Ամանորը։ Փայլե՜ր, լույսե՜ր, գույնե՜ր, ժպիտնե՜ր։ Այս տարի կրելու եմ փուլազարդ, շքեղ, արծաթագույն զգեստ։ Ես, նաև, սպիտակեցրել եմ ատամներս։
-Իսկ ես ամեն տարի նույն մուշտակն եմ հագնում,- ոչ այն է գոհությամբ, ոչ այն է անգոհությամբ, հիշեցրեց Ձմեռ պապը։
-Ճիշտ որ,- շփոթվածի հայացքով արձագանքեց Ձյունանուշը։- Ուրեմն քո մուշտակն անհավանական որակյալ է։
-Հա՛, ջանիկս։ Նմանության որակ կա…
Առավոտյան Ձյունանուշն սկսեց զարդարել տոնածառը։ Իսկ Ձմեռ պապը նստել էր նույն տեղը՝ սենյակի ամենամութ անկյունում գտնվող բազկաթոռին։
-Շքեղ զարդարիր, Ձյունանո՛ւշ։ Ամենը, ինչը զարդարելու ես, շքե՛ղ զարդարիր։ Այո՛, ավելի շքեղ զարդարիր, քան զարդարել ես մինչև այժմ ու թող այդպես մինչև հաջորդ տարի, որ երբ մյուս աշնան վերջին մտնենք այստեղ, տեսարանն այդքան էլ սրտաճմլիկ լինի։ Այնքան շատ թող լինեն զարդարանքները, որ խճճվես փոշոտ լուսաշղթաների ու զարդաշղթաների մեջ, որ կեղծափայլ դրասանգները, որոնց վրա, գուցե միզած լինեն մկները, հուշեն, որ ամեն-ամեն բան, ի վերջո, մի օր ապականվում է, կեղտոտվում, փչանում… Տոնածառը ծանրաբեռնիր խաղալիքներով այնպես, որ հնարավորինս փոշեպատ ու սարդոստյանապատ լինի, այնքան, որ թվա կեղտի առատության խորհրդանիշ։ Թող շատ լինեն խաղալիքները, այնքան, որ մաքրելով անցնեն օրերդ, որ կեղտի առատությունից սիրտդ խառնի, որ մազիդ հպումից էլ սարսռաս, ու թվա՝ աշխարհը լեցուն է միայն մաքրելու կարիք ունեցող առարկաներով։ Ինչքան այսօր շքեղ զարդարես, այդ օրը լքվածության հետքն այդքան ազդեցիկ կլինի, Ձյունանուշ։
-Ինչո՞ւ ես փքվել, Ձմեռ պապ։ Խաղաղվի՛ր, որ բարիանաս։
-Լա՞ց կլինես նոր տարվա նախաշեմին, Ձյունանուշ։
-Ո՛չ, տոնն է մոտենում։ Այդ լավ նախանշան չի լինի։ Ու ինձ թվաց դու անիծում ես, Ձմեռ պապ։ Քո պահվածքը ոչ միայն գեղեցիկ ու օգտակար չէ, այլև անիմաստ է ու չի սազում տոնական ժամանակին։
-Դու հիշո՞ւմ ես, ինչպես մի անգամ երեխաները քեզ ծաղրեցին։ Այդ տղաների աչքերը փայլում էին, այնքան զուգված էիր ու սքանչելի։ Հա՛, հա՛, հա՛։

-Ձմեռ պա՛՜պ, Ձմեռ պա՛՜պ, նայի՛ր։ Այս ճիշտ և ճիշտ այն խաղալիքից է, որ դու ինձ նվիրելու ես,- Ձմեռ պապի մուշտակից քաշելով՝ ասաց մի տղա։
Բայց Ձմեռ պապը չէր լսել նրան և զգալով, որ քաշում են մուշտակի փեշից, շրջվեց ու շոյեց տղայի գլուխը։
-Ձմեռ պապ կնվիրե՞ս, չէ՞, ինձ այս խաղալիքից,- ավելի բարձրաձայն հարցրեց տղան, որ դեռ բաց չէր թողել մուշտակի փեշը։
-Իսկ դու նամակ գրե՞լ ես, տղա՛ս,- հարցրեց Ձմեռ պապը՝ ձեռքը տղայի ուսին դնելով։
-Այո՛։ Արդեն ուղարկել եմ։
-Հրաշալի է, հո՛, հո՛, հո՛։
Ձմեռ պապը թեթևակի կռացավ, դեպի տղայի ականջն ու շշնջաց.
-Միայն թե երբեմն Ձյունանուշը շփոթում է հասցեները…
-Հո՛, հո՛, հո՛, շուտով Նոր տարի է, սիրուն բալիկներ, հո՛, հո՛, հո՛։
Եվ Ձմեռ պապն արագ հեռացավ, որպեսզի տղան չհասցնի այլ հարցեր տալ։
-Կարծում եմ, մենք այսօր կարողացանք ուրախացնել երեխաներին, Ձմեռ պապ։ Բոլորը ժպտում էին։ Ոչ ոք չէր բողոքում,- երեկոյան, երբ արդեն տանն էին, ասաց Ձյունանուշը։
-Ասա՛, ջանիկս, կա՞ երգ, որ այդ բոլորին է վերաբերում, երբ նրանք գոհ են։ Ես ուզում եմ երգել…Չէ՞։ Չկա՞։ Ուրեմն ինքս պետք է մտածեմ։
-Բոլորը երջանիկ են, բոլորը հիացած, բոլորը գոհ են, բոլորը լիացած,- շուտով սկսեց երգել Ձմեռ պապը։

-Ձմեռ պա՛պ, ձմեռ պապ, ես չեմ ուզում լուսանկարվել քո նմանակի հետ,- ոտքը գետնին խփեց երեխաներից մեկը, և Ձմեռ պապի օգնական Ձմեռ պապը հեռացավ նրա մոտից։
-Անուշի՜կս, ախր, տե՛ս, նա ինչքա՜ն է ինձ նման,- ասաց Ձմեռ պապը,- Եվ, իհարկե, դու կարող ես լուսանկարվել նաև ինձ հետ։
-Իսկ քեզ էլ ենք վճարելո՞ւ դրա համար, – հարցրեց մի ուրիշ երեխա։
– Ո՛՜չ, իսկ, ահա, Ձյունանուշը ձեզ կոնֆետներ կտա։
-Այդ էր պակաս, խելք խելքի տված հրաժարվեն լուսանկարվելուց,- հեռանալիս իր օգնականին ասաց Ձմեռ պապը։
-Սովորաբար այդպիսի դեպքեր լինում են։
-Փոքրիկը մրթմրթում էր, թե ինչու եմ թույլ տալիս, որ հանդես գաք իմ անունից։ Քիչ մնաց ասեր՝ մի թող անունիցդ խոսեն, փառքիցդ օգտվեն… Հա՛, հա՛, հա՛։
-Հուսախաբվածների դժգոհություններն ու հայոյանքները լսեն…
-Լավ, մի սրտնեղիր։ Մենք ի՞նչ կարող ենք անել մեր գերսահմանափակ հնարավորություններով։
-Բոլորը հիացած են, բոլորը լիացած, բոլորը հղփացած են, բոլորը լրբացած…
Գիշերը երգում էր Ձմեռ պապը։

-Ես այնքա՜ն, այնքան էի ուզում, գոնե միառժամանակ, զգալ վեհություն, ազնվություն, բարություն,- առավոտյան հառաչեց Ձյունանուշը։ – Այնինչ ես հիմա ուզում եմ արտասվել սրտնեղությունից։
Ձմեռ պապը ննջել էր իր սիրելի տեղում՝ բազկաթոռին նստած։
-Ախ, Ձյունանուշ, այդ ի՞նչ անիմաստ թնկթնկոց է,- սթափվեց նա։
-Ես էլ եմ արբել, ահա՛, միայն թե զզվանքից, Ձմեռ պա՛պ։
-Ներողամիտ եղի՛ր, ջանիկս։
-Ես կարծում եմ, որ այլևս Ձմեռ պապին փոխելու ժամանակն է։ Դու ի՞նչ կասես։
-Իսկ երեխաները չե՞ն տխրի։
-Նրանք չեն զգա տարբերությունը։ Գոհություն կյանքին, նմանությունն էլ որակ ունի, Ձմեռ պա՛պ։ Բացի այս, ես հարկավոր չափով կզուգվեմ։ Վստահ եղե՛ք, գեղեցկությունն ու թովչանքը գրավում են ոչ միայն տղաներին։ Այո՛, լավ է, որ անզուգականն էլ, ինչպես տոնը, կարող է թաքցնել…
-Չէ՛, Ձյունանո՛ւշ, չէ՛։ Ես արդեն կարող եմ պատրաստվել։ Մի փոքր անխոհեմությունն էլ կարող է ինձ օգնել, ավելի ըմբռնումով մոտենալ չարաճճի երեխաներին ու… ժպտալ անկեղծ։ Չէ որ, ես ծերացել եմ…
Ձմեռ պապը վեր կացավ ու սկսեց իր մուշտակի խնամքը։ Չկարողացավ դառնալ հրաշագործ, մեծասիրտ Ձմեռ պապ, կմարմնավորի նրան որպես բարի գործ ու այլևս խոսք չի գնա կեղծիքի մասին…

-Հո՛, հո՛, հո՛, սիրուն բալիկներ, Ձմեռ պապն այնքա՜ն էր ձեզ կարոտել, այնքա՜ն էր կարոտել…
Հանդեսը վերջացել էր, և երեխաները շրջապատել էին Ձմեռ պապին, իսկ նա այնպես էլ բացել թևերը, որ ասես ուզում էր գրկել աշխարհի բոլոր երեխաներին միաժամանակ։
-Դուք աստվածային բարություն ունեք, Ձմեռ պա՛պ,- Ձմեռ պապի ձեռքն իր ձեռքերի մեջ առնելով՝ ասաց հուզված դայակը։
Ձյունանուշի հայացքում Ձմեռ պապը քամահրանք էր տեսնում, այդ պատճառ եղավ, որ երեկոյան նա նստի իր սիրելի տեղում ու լռի, քանի որ հոգեխռովունքի մեջ գտնվելով, ննջել չէր կարողանում։ Այժմ նա նման էր մի մարդու, որ բարկացել է իր հետ կատարված արհավիրքից։
Ձյունանուշը մուշտակը վերցրեց աթոռի թիկնակից ու, ըստ ամենայնի, տեղավորեց պահարանում։
-Դու այլևս չե՞ս ուզում խորհրդակցել ինձ հետ, ջանի՛կս։
-Խցկեցի քո մուշտակն ինչ֊որ անկյունում, Ձմեռ պապ։ Անհանգստանալու ի՞նչ կա։
Ձմեռ պապն ավելի մռայլվեց։
-Ասա՛, ջանիկս, երբ այդ փոքր տղաները, այդ հիմարիկները, չկարողանալով գեղեցիկ ներկայացնել իրենց հիացմունքը, ծաղրաբար վերաբերվեցին քեզ, ինչո՞ւ միանգամից բարկացար։ Նույնիսկ Ամանորին այլապիսի վերեբերմունք չպատկերացրի՞ր։
Ձյունանուշի գեղեցիկ աչքերը բարկությամբ լցվեցին, շնչառության տեմպը փոխվեց, բայց նա արագ վերագտավ ինքնատիրապետումը։
-Ահա՛, եկավ տոնածառը հավաքելու ժամանակը։ Արագ անցավ ժամանակը։ Այն հաճախ է արագ անցնում մեզ համար ու անցնում է անխոչընդոտ,- ասաց նա։
Տոնածառը, տունը շքեղ էին զարդարված։ Գեղեցկագուն էին։
-Չե՞ս կարծում արդյոք, Ձյունանուշ, որ սեփական ձեռքով այս գեղեցկությունը քանդելն առավել դժվար պիտի լինի, քան այն փոշեկոլոլ և խամրած տեսնելը,- հարցրեց Ձմեռ պապը, երբ տեսավ, որ Ձյունանուշը պատրաստվում է ամանորյա զարդարանքն հավաքել։
-Ինձ համար՝ ոչ։ Ես արդեն պատկերացնում եմ հաջորդ տարվա տոնածառն ու զարդարանքները ինչպիսին և ինչքան գեղեցիկ են լինելու։ Ես նորն եմ սիրում, տարբերը։
-Այո՛, ջանիկս, այդպես զգուշությամբ հավաքիր ամենն ու խնամքով փաթեթավորիր ու…
-Սրանցից շատերն այլևս անպիտան են, Ձմեռ պապ, աղբարկղ գցելուն ենթակա։
-ՈՒրեմն դու նո՞րն ես սիրում։ Ո՞ր նորը։ Ես չեմ վստահում ամեն բան միանշանակ ներկայացնող մարդկանց։ Ինձ թվում է, նրանք կարող են տոնածառ ուտել։

Ձմեռ պապը նստել էր իր սիրելի անկյունում։ Վաղուց էր գիշեր։ Տոնածառն այլևս հավաքված էր, զարդարանքները՝ նմանապես, և Ձմեռ պապին թվում էր իր մտատանջանքներն այնպես են ստվերվել, որ անտեսանելի են դարձել… Իսկ նա կուզեր մտորել ինչպես մինչ Նոր տարին, կուզեր զգալ նույն հուզմունքն ու բարկությունը, նույն շեշտվածությունը… Վեհություն կար անգամ իր բարկության մեջ, մանավանդ ձմեռային փառահեղ մայրամուտների ժամանակ։ Իսկ այսօր, երեկոյան, հաստ վարագույրով փակել է պատուհանը… Նա զգում էր ինչ֊որ դատարկություն, որ ուշացած հանդիսատեսի պես եկել էր ու շփոթահար այս ու այն կողմ էր նայում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *