Անի Տոնոյան | Ձմեռը երբեք չի ուշանում

Khurshudyan Photography

հայր, որ երկնքում ես
փակիր աչքերս կեսգիշերի խաղաղությամբ
որ գալիս էր ամանորի նախօրեին
հայր, պատմիր ինձ հեքիաթներ
ու տուր փորձություններ
ու մի թող ձեռքս
երբ ես անառակ որդի կդառնամ

հայր, ո՞ր երկնքում ես
ցույց տուր քեզ ինձ
ու թույլ տուր մոտենալ

հայր, որ այնուամենայնիվ երկնքում ես
փակիր աչքերս ու տար ինձ երազների մեջ
հայր
հաշտեցրու ինձ ինձ հետ
հաշտեցրու ինձ քեզ հետ
ու մոլորյալների մեջ գտիր իմ սիրտը
ետ տուր իմ խիզախ սիրտը
որ սպիտակ քաղաքի համար է
ու նրա համար, ով աստղերով հետ կգա ինձ մոտ

հայր
ո՞ր երկնքում ես
ես փնտրում եմ քեզ տարբեր երկինքներում
եվ ամառվա այս տապին
ինձ դեկտեմբերյան խաղաղ մի հիշողություն է գալիս
երբ նայում եմ սպիտակ ու խիտ ամպերին
ու ամբողջ մարմնով ուզում եմ սառել առատ ձյան տակ նախկին խաղաղությամբ
նախկին երջանկությամբ, որ խլելի չէ մանկությունից

հայր, դու, որ երբևէ երկնքում ես եղել
փակիր աչքերս

հունիս 2021

 

***
ես ետ եմ գալիս քեզ անհնազանդ ու անզուսպ,
գալիս եմ քեզ հյուր,
ու կինդ բացում է դուռը սենյակի որտեղ որդիներդ խաղում են չարաճճի աղաղակներով
ու կինդ գլխի չընկնելով թե ով կարող եմ լինել ես
ինձ հյուրասիրում է սուրճ՝ դառը ու եփված երեք անգամ,
կինդ պատմում է ինձ երեխաների մասին եվ օրինակելի իր ամուսնու
առանց հասկանալու ով լինելս,
առանց կասկածելու, որ ես անգիր գիտեմ մարմնի ամեն սմ-ը իր ամուսնու
կինդ, որ երկարամազ է և ունի անունը իմ,
ինձ պատմում է գոհունակ իր ամուսնությունից և խորհուրդ տալիս ամուսնանալ

ես հրաժարվում եմ սուրճից,
խաբելով, որ չեմ օգտագործում
ու նաև խաբում եմ կրկին ինչպես բոլորին, որ ամեն բան իր ժամանակն ունի մեր կյանքում
ամեն բան իր ժամանակն ունի,
ամեն բան, որ քո մասին էր, ամեն բան իմն էր,
ես փորձում եմ հրաժարվել սենտիմենտալ հրավառությունից, որ գլխիս պայթում է երբեմն
ես փորձում եմ լավ հարևան կամ անծանոթ եկվոր ձևանալ կնոջդ
ես փորձում եմ սիրել երեխաներիդ
ու խաղալիքներ գնել նրանց համար
ես փորձում եմ խոստանալ նրանց, որ էլի կգամ
ես փորձում եմ խաբել՝ ասելով, որ երեխաներդ նաև կնոջդ են նման

ես ետ եմ գալիս քեզ
անցնում փողոցով,
տեսնում նույն մեքենադ,
որ առաջ չէի խառնի հարյուրավոր նույն մակնիշների մեջ

երթուղայինում ես երբեմն հանդիպում եմ մորդ
և ուզում եմ բարևել
ուզում եմ ասել գիտե՞ք ես չեղա կինը ձեր տղայի
որովհետև,
որովհետև ամեն բան իր ժամանակն ունի
բայց ես տառապում եմ
և ուզում եմ գլուխս դնել ծնկներին ինչպես մորս
ու խնդրել շոյել գլուխս,
ինչպես մայրս կանի
եթե մի օր ինձ գտնի հուսահատ
եթե մի օր ինձ գտնի լաց լինելիս
եթե մի օր ինձ գտնի տանդ դիմաց

եթե մի օր իսկապես գտնեմ ինձ
մետաքսե երազների մեջ խաղաղ ինչպես քամին է այս պահին
ու կորցրած լինեմ տանդ տեղը
ու կորցրած լինեմ անունները որդիներիդ
ու կնոջդ, որ իմ անունն ունի
ուրեմն ամեն բան իսկապես իր ժամանակն ունի
Ժամանակը, որը նույնիսկ եթե անցել է,
որը նույնիսկ եթե անցյալ է,
Ժամանակը իմ,
Ժամանակը ամեն բան մոռացության տալու
Ժամանակը սուրճ խմելու

հուլիս 2021

 

***
քո տունը նույնն է
փողոցը՝ նույնպես
ձեր բակում դարձյալ
մի շուն է հաչում
երբ նեղայինով վազում են նրանք
որոնց համար դու մեծ ես
որովհետև անունդ փողոցի վրա է
որովհետև դու մեծ ես
որովհետև այս փոքր երկրում
մեծանում են տղաները
երբ օրը խաղաղ չէ
մեծանում են աղջիկները
երբ սիրտը խաղաղ չէ մարդու
մեծանում են փոքրերը
երբ հայրը տանը չէ
ու չի գալու
բացի մեծերից՝ բոլորը մեծանում են
որովհետև մեծերը փոքրանում են
դառնում մի բուռ
երկրի պես՝
օր օրի փոքրանում
օր օրի քչանում,
բայց դու մեծ ես
մեծացար ու մեծ դարձար
որովհետև անունդ փողոցի վրա է կախված
ինչպես երկիրը մազից
ու բոլորը կարդում են
քեզ չտեսած ու չիմացած
ասում են մեծ է
որովհետև անունդ կախված է փողոցում
ինչպես լվացքը պարանից
որ չեն հավաքում
որովհետև զբաղված են քեզ սպասելով,
ձեր բակի շունը հաչում է
որովհետև կարդալ չգիտի,
բայց գիտի, որ գլխին մի սև բան է կախված
ու գիտի, որ դու առաջվա փոքրը չես
որովհետև
որովհետև մեծերը ավելի հաճախ
հետ չեն գալիս

օգոստոս 2021

 

***
Մի օր ինձ կզանգեն ու կասեն, որ չկաս
Կամ չեն զանգի
Կգամ տուն
Դուռը բաց կլինի
Ու լույս կլինի կախված դռնից
Ներս կմտնեմ արդեն հաստատ համոզված
Որ չկաս տատ

Հիմա դու նստած ես քո սովորական խաղաղությամբ
Բայց ես տեսնում եմ օրը
Երբ կիմանամ, որ աթոռը պատշգամբի դատարկ է
Ու գիշերները մթությունից երեխայի պես վախեցող տատս չկա
Տեսնում եմ մահճակալդ դատարկ
Որը երևի թե կհավաքվի մեկընդմիշտ
Ու պահարանդ, որ կդատարկվի
Քեզ հետ մի երկու շոր կտանես
Ու տարիներդ, որ սպիտակներիդ պես չեղան
Տարիներդ, որ սև էին
Խիտ տառապանքներով
Ու խիստ անհավանական

Ձեր գյուղից մարդիկ կգան
Պարտքը տալու
Հետո հետ կգնան ու գյուղացիքին կպատմեն
Որ Հասմիկն էլ գնաց
Քեզ հիշողները ողորմի կտան
Քեզ հիշողներին եղբայրդ կկանչի մի-մի թաս խփելու
Ու կեսից կմոռանան ողորմիաթասերը
Կանցնեն զինվորին
Երկրին
Կխմեն ամեն առիթով մինչև լույս
Վերջում էլի կհիշեն քեզ ու կասեն,
Որ օրդ օր չէր Անդոյի ձեռը
Մեծերից մեկը կհիշի, որ հարևան Գառնիկին չուզեցիր,
վազեցիր քաղաք,
դրա համար էլ օրդ օր չեղավ
Կարգին տղա էր, կասեն, իզուր չուզեց
Հետո կհիշեն, որ Գառնիկը լավ էլ շուտ մեռավ

Ինձ գիշերները կթվա, թե կողքի սենյակից նորից լսում եմ հևոցներդ
Ու չեմ քնի լռության մեջ
Կհիշեմ քեզ, երբ ջահել էիր
Երբ փոքր էի
Ու պոկ չէի գալիս փեշիցդ, երբ մեր տուն էիր գալիս
Տատ, կհիշե՞ս մի անգամ քարով գլխիդ խփեցի միամիտ
Փոքր էի
Ու ծուռ շպրտեցի քարը,
Որի մեջ արյուն կար
Ու արյունը հիշում եմ ճակատիցդ դեմքիդ հոսող
Ու ինձ քար դարձած
Ու լացդ
Ու ծիծաղդ
Ու ներումդ
Ու ժպիտդ ցավից ծռմռված դեմքիդ
Ես այնքան փոքր էի

Մեղքի այդ զգացումը մինչև հիմա խեղդում է ինձ
Երբ տեսնում եմ քեզ փոքր
Կուչ եկած պատշգամբի քո աթոռին
Փոքր
Բազկաթոռի մեջ քնած
Փոքր
Մթության մեջ
Փոքր, երբ ինչ որ բան պետք է ուզես
Փոքր ավելի, քան ես էի մանկության մեջ

Մի օր ես կիմանամ, որ չկաս
Ու փոքր-փոքր կքայլեմ քեզ մոտ
Չհավատալով, որ ստիպված եմ մեծանալ
Կգամ մոտդ, կնայեմ փակ աչքերիդ
Կնայեմ ձեռքերիդ, որ կոշտ են
Ու իրենց մեջ կյանքը բռնած չեն էլ
Կնայեմ մազերիդ սպիտակ-սպիտակ
Երազներիդ պես
Կնայեմ պատին ու ման կգամ քո տեղը

սեպտեմբեր 2021

 

***

սովորական ուրբաթ է,
պատշգամբում կանգնած
արթնանում եմ,
սուրճս սառում է ավելի արագ,
հինգ րոպե ունեմ լքելու՝ տունը,
ներքևում հայրս փայտ է կոտրում,
մայրս՝ իր գործին,
կարի մեքենան՝
չխկ-չխկ, չխկ-չխկ,
թել, ասեղ, մկրատ
ու էլի չխկ:

վաղը տատիս ծնունդն է:
հաջորդ տարի
տատս՝ 70
մայրս՝ 50
ես՝ 30,
այ քեզ բան,
բան չմնաց:

այսօր սկսվել է աշունը
ու վերջանալու է վաղը,
որովհետև վաղը հայրս վառարանը պետք է տուն բերի:

խոնավ առավոտ է,
ալիքվում են մազերս
ու կարճանում աչքիս առաջ,
մոխրագույն օդը
ծանր իջնում է ուղիղ կրծքիս,
անցնում մատներիս միջով,
հասնում ծնկներիս,
գլորվում ոտքերիս տակ,
ու հետս վազում աստիճաններով:
ես հինգի փոխարեն տասնհինգ րոպե մնացի պատշգամբում
ու չարթնացա,
սուրճը խմելու բան չէր,
սառն է օդը,
վաղը կվերջանա աշունը,
ու նոյեմբերը կհաշվարկվի ձմռան չորրորդ ամիս,
ուրեմն ես ձմռան ծնունդ եմ՝
սառը,
ծանր,
երկար,
շատ երկար,
եկել եմ, որ դառնամ չորրորդը ու խառնեմ
սպասումները բարի մարդկանց,
եկել եմ, որ խառնեմ կրակը,
խառնեմ եղանակը,
տրամադրությունը բարի մարդկանց:

 

***
վաղը սկսվելու է ձմեռը,
որովհետև հայրս վառարանը տուն է բերելու:

վաղը սկսվելու է ձմեռը,
որովհետև շուտով ծնվելու եմ ես:

սովորական ուրբաթ է,
օրը գրեթե վերջ,
ետ եմ գալիս,
վառարանը դեռ բակում՝ անձրևի տակ է,
հայրս սովորական իր գործին է՝
տանից հեռու,
մայրս միացնում է լվացքը
ու ասում, որ հսկեմ.
ինքը գնում է քնելու:

չխկչխկոցի մեջ
քնող մայրս,
ու հայրս՝ մետրոյի իր սենյակում,
մտածում են, որ արդեն ձմեռ է,
ծանրաքարշ ու մզզացնող ձմեռ:

ես արթուն եմ.
լվացք ունեմ փռելու,
ու պարանից հավաքելու օրեր ունեմ հոկտեմբերի.

վաղը ձմեռ է:

հոկտեմբեր 2021

 

***
հիմա
երբ գիտեմ,
որ հողը թեթև է վրադ
և անձրևը փափուկ հողի արանքով
հասնում է քո փակ տուփին
ու հասնում է նույնիսկ ձեռքիդ
խոնավ փայտի միջով,
ու հասնում է քեզ մեր փոխարեն
ու կհասնի քեզ հետո
և ձյան և արևի հետ,
ուզում եմ ասել,
որ տխրությունը
դռան հետևի շշուկի պես
որպես ծիսակարգ թակում է դուռդ,
ու անցուդարձի մեջ
միայն դռան խեղդոցն է տևական
և հառաչանքը կարճ հիշողության կողքին

հիմա,
ես գիտեմ,
որ ողբերգության մեջ ավելի տանջվողը տան տիրոջ դուռն է՝
խեղճ համբերությամբ բացվող-փակվող,
և դուռն է ավելի շատ սեղմվում պատին
ոտքով, գլխով
և դուռն է շատ անգամ պահում հեծկլտող ուսերը մարդու
և դուռն է շատ անգամ շրխկում դեմքին մարդու
և դուռն է միշտ լսում ու տեսնում ավելին երկու կողմից,
ուզում եմ կողպել դռները բոլոր քո տան
ու ներս չթողնել հառաչանքները տևական կարճ հիշողության կողքին

հիմա,
երբ գիտեմ,
որ ձմեռը երբեք չի ուշանում
և հասնում է մեզ նոյեմբերին
մանդարինի ու մառախուղի հետ
և մառախուղը ծածկում է հողը թեթև
և ծածկում է ճանապարհին քո տունը նշմարող
վառած լույսը նաև
և ծածկում է քեզ մեր փոխարեն,
ես քայլում եմ ծանր-ծանր
սովորական հողի վրայով
սովորական թաց
սովորական մառախուղի մեջ
և տխրությունը տևական հառաչի ու կարճ հիշողության արանքում դաղում է մատներս
մանդարինը մաքրելիս

նոյեմբեր 2021

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *