Եթե ընկերդ վեճի մեջ միայն
Կարողացել է վիրավորել քեզ՝
Դառնալի է դա, բայց վիշտ չե սակայն,
Դու նրան հետո պետք է որ ներես:
Կյանքում լինում են պահեր անհարմար:
Ընկերությունը թե պինդ է, ամուր՝
Անմիտ ու դատարկ բաների համար
Թույլ մի տուր, որ նա փշրվի իզուր:
Թե սիրեցյալիդ հետ ես խռովել,
Նրա կարոտն էլ վառում է հոգիդ՝
Դա էլ չի կարող վշտոտ համարվել՝
Մի շտապիր, կտրուկ մի գործիր անմիտ:
Եթե անգամ դու պատճառ չդարձար
Կտրուկ խոսքերի և ձեր գժտության՝
Տղամարդ եղիր՝ վսեմ ու արդար:
Չէ որ քոնն է այդ սերը հավիտյան:
Կյանքում լինում են պահեր անհարմար:
Ընկերությունը թե պինդ է, ամուր՝
Անմիտ ու դատարկ բաների համար
Թույլ մի տուր, որ նա փշրվի իզուր:
Ու որ դու հետո քեզ չկշտամբես,
Որ ինչ-որ մեկին ցավ ես պատճառել,
Լավ է աշխարհում բարեսիրտ լինես՝
Չարն առանց այն էլ աշխարհն է առել:
Սակայն մի բանում երբեք չզիջես:
Գժտվիր, հրաժեշտ տուր անգամ անցյալիդ,
Բայց ստորությունը երբեք չներես,
Դավադրությունը երբեք չներես՝
Ոչ ընկերոջդ, ոչ սիրեցյալիդ:
Թարգմանությունը ռուսերենից՝ Գագիկ Շիրմազանի