ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ | բանաստեղծություններ

Էդուարդ Հարենց***
Այդ կարմիր օրը
Մուսայիս դեռ հեթանոս տատերը
Դռնփակ գաղտնի քվեարկությամբ
Որոշել էին,
Որ ինն ամիս անց
Բակունցյան միրհավների երգի ներքո
պիտի լույս տեսնի
Բանաստե´ղծը իրենց թոռան:
Եվ որովհետև աստվածավախ էին,
Ուստի որոշեցին`
Դրախտի ծառերից
Ոչ մի ֆիզիկոսի գլխին կաթուկ տված
Վերջին խնձորը-
Խնամքով թաքցնել մորս փեշի տակ…

Ութսունմեկի օգոստոսին-
Հայրս թթի օղի էր քաշում…

 

Նոբելյան բանախոսություն

Երգի Հայը խելագարվեց,
որովհետև ուղեղ չուներ.
Աստված ի´նքն էր ուղեղի տեղ:
Եվ մարդիկ,
Այս անգամ էլ
Ո´չ թե Աստծուն խաչ հանեցին,
Այլ`
Ե´րգը խաչեցին Աստըծո վրա:
Աղոթքը գույնի նևրոզն է:
Ու երբ ավարտեց իր վերջին գույնը,
Աստված որոշեց համբարձվել…
Մարդիկ տեսա´ն այդ ամենը, ընկալեցին,
Հիշեցին,
Սակայն
Չհավատացին…
Եվ այդ պատճառով էլ կարծեցին,
Թե`
Օրհան Փամուկը … խելագարվե՜լ է…

 

1984թ.,22 հունիսի

Նախօրեին
Ռադիոն հայտնում էր,որ
Հետևյալ օրը
Մարդկային ճակատագրերի երկայնքով մեկ
Սպասվում է +45˚ հիշողություն ու հիշատակ,
Որ 39-ին երդված օրիորդների նշանի մատանու
կորած ակերի տեղում կնկատվեն արցունքի կաթիլներ,
Որ գեոմագնիսական դաշտը բոլորին քարշ կտա
դեպի գերեզմաններ,հուշարձաններ,եկեղեցիներ,
Որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը
խաղաղության սպիներից կբեկվի 45˚ անկյան տակ,
Որ օդի խոնավությունը գնահատող ինդեքսը կունենա
զոհվածների անմահության և ապրողների կյանքի արժեքը:

Առավոտյան
Ամենաշոշափելի հրեշտակների Օլիմպոսից
Ուղիղ եթերով հաղորդեցին,
Որ Հայոց աշխարհի մշակութային ծննդատանը
Գյումրեցի մի կնոջից լույս աշխարհ է եկել
2000-ականների պոետիս մուսան,
Որին,ի պատիվ իոնական մեղրի,
անվանել են Նեկտար…

 

***
Ես հիմա
Հատ-հատ պոկում եմ լռության թարթիչները
Ու կարկատում աղոթքս,
Որ պատռվել է երանգներից բառի…
Հիմա երանգն  ավելին է, քան ձայնը…
Ու ես արդեն
Ոտաբոբիկ եմ մտնում Հույսի եկեղեցին,
Որ քայլերս բախտիս
ձայներ չնկարեն:
Շշուկներից քանի~  ոտնահետք է ճաքել…
Իսկ իմ ոտնահետքը
իմ աղոթքն է սիրուս,
Որ երբեք չի’ ավարտվում,
Որովհետև չի’ գունավորվում բառով…
Իսկ հիմա
Գլխավոր գույնը այն է,
Որ սերը զգացմունքի բանաստեղծությունն է…
Որ մուսաները կին չե’ն դառնում…

 

Մոդիլիանի

Դուրս գալուց առաջ
Հրեայի թոռը
Ուղեղի ծայրով նշան արեց պանդոկապանուհի Հեբեին,
Եվ վերջինս
Գինու փոխարեն 5000 ֆրանկ էր լցնում
Նրա վիսկիի գավաթի մեջ…

Կուբիզմի էլիպսաձև շունչն ու ծխամորճի ծուխը
Համբուրվում էին երկար,
Ինչպես զուգահեռականն ու միջօրեականը:

Եվ նրանց յուրաքանչյուր հատման կետում
Սառում էին բոլոր ներկաների հայացքները,
Ինչպես չէին թափվում
բեկորները ջարդված հայելու`
Պաբլոյի ընկերոջ դիմանկարում:

Ժան Կոկտոն իր կողքի հղի կնոջով հիանում էր
Դիմացի պատից կախված կտավից ներս…

Դրսում–
Ձյունը իր կուսությունն էր կորցնում
Նկարչի սառած բնազդների երկայնքով մեկ
Փղձկացող
թոքախտ արյունով…

Մահվան հրեշտակը Լիվոռնոյի կենացն էր խմում
Ուտրիլոյի արցունքներով,
Որոնք կուլ էր տալիս` իբրև
Դեռևս չհայտնաբերված գույնի կաթիլներ…

Հիտլերը իտալերեն էր թարգմանում
Դավթի սաղմոսները…


***

Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ:
Քանզի
այս էլ քանի՜ տարի է,որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…

 

***
Երազանքները… երազանքները  հոգու թևերն են,
Որ թևածում են դեռ հոգուց էլ վեր:

Կենսագրությունը ճակատագըրի միայն մի ստվերն է.
Երևում է, երբ լույսեր կան վառած:

Խոստովանքները ներման լավագույն դերախաղերն են,
Որոնք խաղից էլ երկար են տևել:

Ու… կարոտները վերադարձների երեխաներն են,
Որոնք ծնվում են … ծնողից առաջ…

 

***
Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետև այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսե´լ էր Հանճարը:

Ալ-Մա’արին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլևս
Աչքերն այնքան էլ կարևոր չէին:

Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի
Նա դեռ չի´ էլ մեռել:

Ես մարդկանց ձախո´վ եմ բարևում,
Որովհետև
Աջով արդեն բարևե´լ էմ Աստծուն…

 

***
Բանաստեղծությունն այս,
Որ ինձ հայր է կոչում,
Որի աչքերն անծի՜ր ծիծաղներով լիքն են,
Իմ տխրության պահին
Ղողանջո՜ւմ է այնպես,
Կարծես իմ ժպիտը
Իր կորցրած խաղալի´քն է…
Բոլոր խաղերում հաղթում է միշտ,
Պատմում է իր սիրած աղջիկների մասին,
Իսկ քնելուց առաջ
Հրամայում է,
Որ ես հաքիաթնե´րը պատմեմ
իմ մանկության…
Ու ես ցնդա՜ծ աշնան նման
Փո՜ւլ եմ գալիս հրաշքիս դեմ…
Ու զավակիս ճիչերն առած ափերիս մեջ`
Շշնջում եմ.
–Հեքիա´թը հենց դո´ւ ես,խենթո´ւկ:–
…Եվ այն հրճվանքից,
Որ ես ոչ մի կերպ
հեքիաթ չե´մ հիշում,
Նա խնդմնդո՜ւմ է վրաս
ողջ գիշեր`
մինչև լուսաբաց…
Հետո–
Կոպերի արանքում պահած զնգոցը խինդի`
ներս է մտնում նինջի խորան:

Թե քնո´ւմ է երգս,–միայն աչքերը բա´ց…

 

Պոեզիա

Դարերի
ճաքած ողնաշարն ի վար
Քարիտի
ուռած կրծքերից հոսող`
Մաþարու աչքից,
Վան Բեթհովենի
լսողությունից,
Դանթեի վախից,
Կալլասի ձայնից
Եվ
Չարենցի գի՜ժ ուղեղից
Եփած
զվարթո՜ւն կոկտեյլ…

 

Դիլիջանուհի

Խորանի մեջ`
Աչքեր` լուսին արտասանող,
Եվ աստղեր են
Թևում ղողանջներով մոմե:
Խորանից դուրս`
Ծաղկած կարոտի պես անհողմ`
Ասուպներ են
Բուրում` որպես կենսակայմեր…
Աստղաժպիտներ են
Պարում կանաչն ի վար`
Վերադարձի նման արցունքորեն
Խնդուն,
Եվ կանաչում նիրհող
Վարսանդներից օրվա–
Ինքն իրեն հերքում է
Մի
Կո՜ւյս
Ցտեսություն…

 

***
Ամառները` փլվող շիկնանք,
Ինչպես թաղանթները
Ռոդենյան ՙԴանայուհու՚ գլխուղեղի…

Աշունները` բախտից հոգնածորե՜ն փնթի,
Իրենք իրենց երանգից դուրս`
Ոնց բարոկկո ոճով ճղված`
նկարչուհու կրծկալ…

Ձմեռները` պտղաջրեր առաջ`
Հրեշտակի կանաչ երազների միջից
Ինքնահերքվող վարսանդների
Սփրթնած տևողություն…

Բայց դեռ գարո՜ւնն եմ ես
Անփոխադարձ սիրո…

 

***
Ես եղա´ հանուն կարոտի,դարձի:
Իմ արցունքերորդ տառատեսակով
Անվանդ կոպին ի´նձ տպագրեցի`
քո թարթիչների տպաքանակով…

Բայց հավատիդ պիթիա´ն,որ մեղրամիսներ էր
խոստացել քո կեսօրներին,
Բախտիս բնավորության կույս գույներից
արգանդներ էր քաղում
Եվ չակերտներ բացելու պես արնոտում էր
Էջերը իմ աղոթքների`
քո թարթիչների տպաքանակով…

 

***
Բանաստեղծության պատուհանի տակ
Ես յուրաքանչյուր
Դարավերջից մինչև դարասկիզբ
Սերենադներ եմ շռայլում հարբած…
Ու մինչդեռ շուրջս
Թաղանթներ ծամող
Ժամանակները պոռնիկ–
Սիրտս գրավելու համար
Մեռնելու չափ չբեր իրենց ներքնազգեստի`
Բնազդները կորցրած
Երանգներն են փոխում,–
Ամենասիրածս գույնը աշխարհում
Բանաստեղծությո´ւնն է…

 

***
Ինձ չներե´ս, մա´յրս,
Որ գոնե քե’զ ներեն…

Դեղին` ինչպես խալեր անքնության դեմքին`
Հայացքներում արյունիդ դեռ շարունակվում է
ճերմակ մեդիտացիան քրիզանթեմների…
Ծաղկաթերթերից Սաֆոյի  ստրկուհիները
ճապոնական թաշկինակներ են գործում,
Որոնցով ես ահա քանի՜ տարի
թարթիչներիցդ սրբում եմ Աստծո աղակալած աչքը…
Բայց ավելի՜ աղակալած են
հայացքնե´րը  հիմա մարդկանց,
Որ ինձ բարևելիս`ասմունքում են Ցա՜վդ…
Ու գիտեմ,
Սրանք ինձ չե´ն ներելու…
Մեղքերս այնքա՜ն բանական են,
Որքան ենթագիտակցական են երազնե´րը Աստծո:
Բայց քանի դեռ
չի´ զարթնել վերջին քրիզանթեմը,
Ինձ չներե´ս, մա´յրս …

Ես գիտե´մ,
Սրանք ինձ չե´ն ներելու:
Դո´ւ էլ մի ներիր, մա´յր,
Որ գոնե քե´զ ներեն…

***
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին,
Միայն ծնվելի´ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ:

Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքները փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց:

Կյանքը չի´ սիրում պոեմներ կարդալ,
Բախտը պաշտո՜ւմ է բանաստեղծներին,
Ես` սրանց միջև և´ բեմահարթակ,
Ե´վ միակ հերոս, և´ դերերգ դերի:

Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…

***
Կապույտը քո շատ է կարմիր,երբ կարմիրն իմ շատ է սպիտակ,
Ես` կյանքի մեջ,և…կյանքից դուրս` բախտահոլով մի խենթ թռչուն,
Ճախրը սրտիս` հանուն բաղձի,բաղձանքներս` կոպերիդ տակ,
Գիշերաճայթ աչքերս ճողփ-աղոթքներով էի թրջում:

Երկինքն իմ մեջ,ես` երկնքում,ճախրանքներս` երկնից այնկողմ,
Թռչնածիրս` ինձ կենսերակ,թռչներակներն իմ` աներանգ,
Ձյուն էր դառնում կարոտն աչքիս,բայց դեռ գիտեր սիրտս անքուն.–
Բիլ երակի համար ճախրիս` կա΄ դեռ պահված նռե երազ:

Ես` արփամուտ բոսորներից հալչող վերջին թռչուն-փաթիլ,
Բայց իմ թևե±րն էին մրսում,թե± քո հմա΄յքն է այդքան ջերմ,
Զի թվում է` միշտ անունիդ գույներն են ինձ եղել եթեր,
Կամ` պոե΄տն է մա΄հը կյանքի,բայց ես նրա լուռ մուսան չե΄մ:

Կապո΄ւյտը քո շա΄տ է կարմիր, երբ կարմիրն իմ շա΄տ է սպիտակ…

 

Կահիրե
Իսկ դու կի΄ն ես,քաղա΄ք,-
բուրգե ստինքներով,
Հազարամյակների ողնաշարին թիկնած:

Կորագմբեթ` ինչպես մահմեդական կեսօր,
Չադրայավոր` որպես Իբնա-լ-Կուլսումի ձայն,
Թվարկությունների ջարդված հայելու մեջ,-
Երազում ես` որպես վերջին հիերոգլիֆ:

Դու հմայքներ ունես,քաղա΄ք,-
արաբական գիշերների նման կլոր,
Թուխ ժպիտներ ունես խալե`
բուրգերի չափ եգիպտացի:

Դու,որ ամեն օրվա երկու որրորդը անց,
Նարգիլեի ծխից բարակ կոկորդիդ մեջ,
Ղուրանի թջերի քանակով ու հերթով`
Օրորոցային երգի պես
Աճեցնում ես Ֆեյրուզ ծաղիկ,-

Դու իրավունք չունե΄ս կիսազգեստներ հագած`
Տնից ելնել փողոց,կամ էլ քայլել տան մեջ:
Եվ մանավանդ` պառկե΄լ
հարյուրամյակների կողոսկրերի վրա`
Տիեզերքին ի տես:

Դու իրավունք չունե΄ս:
Բայց հեչ պետքդ էլ չէ΄,
Որ դարերի քամին
Մինի փեշիդ տակից
Սերունդնե΄ր է քամում`
Բյուր խալորից կոնքիդ…

Դոը հանգի՜ստ ես այնպես,
Հանդա՜րտ,ինչպես մումիա΄ն,
որից երեկոյան
Պիտի արյուն վերցնեն ԴՆԹ-ի համար…

Եվ դեռ չե΄ս էլ ծիկնում
քո ճորմակ ու կապույտ սրունքների համար:
Սրունքների΄դ համար,ուր նստվածք է տալիս
Հավերժության գինին`
օձապարի΄ պես
այն`
պապիրուսի աղջկա…
***
Կարմիր,
կարմիր,
կարմիր երդումներիդ միջև
Հրեշտակի գույներն
անձրևում են դ-կամ,
Անձրևն հոգուս մայթին
կետադրում է ճիչեր,
Որ շնչում ես
հիմա`
իբրև
աքլորականչ…

 

Ջուբրան Խալիլ Ջուբրան

Ռոկոկո ոճի
արաբական մի սիրտ
Յուրաքանրյուր օր`
Խելառ արևի
Ամեն իններորդ ալիքից հետո,
Հսկա Նյու-Յորքի
սրտի զարկերին
Մանրանկարոմ է
խալեր լիբաննյան…

 

Ղպտիական գիշեր

Արևելյան
ցոփ ռիթմերով լեցուն
օրվա սկավառակն,
ահա,
սկսեց անվերջ կտկտալ.
Սուդանից եկած
դերվիշներն իրենց
նախիսլամական ուղտերի
վերջին քարավաններով
արևն են տանում…կառափնատեղի…

Ու գիտակցելով բախտը վերջինիս`
փորձում եմ ժողվել մտքերս շվար,
թե ինչպե±ս պիտի թաքցնեմ
քայլերն իմ քրիստոնյա,
մինչև կհասնեմ
մուսուլմանական սիրտն այս քաղաքի…

…Թե ինչպե±ս պիտի թաքցնեմ
ստվերն իմ քրիստոնյա`
մուսուլմանական խավարի ներքո
հետերեկոյան  ՙՀայր մեր՚-ը շնչող
աչքեր փնտրելիս:

Հանկարծ դեմի մայթից`
Իմ տենչերին ի տես,
ծածուկ-ծածուկ
իր չադրան է թափահարում
ֆրանսերեն խաչակնքող
արաբական մի ձայն…

© Էդուարդ Հարենց , 2010թ.

Share Button

8 Կարծիք

  • Գառնիկ says:

    «Զտարյուն» պոեզիա …

  • Siranuysh Gevorgyan says:

    Էդ, քեզ համալսարանն ավարտելուց հետո` արդեն երեք տարի չեմ տեսել, բայց կարդացի բանաստեղծություններդ ու հիշեցի մեր Չարբախի անկապ վարձով տունը ու իմ, քո, Անժելայի ու քրոջս զրույցները տարբեր թեմաների շուրջ: Լավ զրույցներ էին 🙂

  • Նորայր says:

    🙂 2005 թվից քեզ չեմ տեսել տնաշեն. ոչ էլ կարդացել եմ.

  • sevacher says:

    Grakan taghandi guinerov nerkvact mi hatuk u ansovor lezu, vorov banasteghctn lectnum e enterctoghi voghch ankhnam u jamanaki tanzr ctactkuitov korsvact hishoghutiunn, ansovor u ardiakan mi nor shunch pokhanctelov verchinis.

    Togh grakan ays arahetn darna mi nor u tarm kanachov ctactkvact champa, hetaga bolor steghctagorgutiunnerum.

  • Արուսյակ Օհանյան says:

    Երջանիկ եմ, որ պատահաբար` հենց հիմա, հենց այս ժամին հաղորդակից եղա պոեզիայի տիեզերաձայն այս արարումներին, որոնք ինձ ստիպեցին դուրս լինել ժամանակի ու տարածության զգացողությունից:

  • Anul says:

    Harenc miak BANASTEXTSn eq, um gratsnern arnc bacarutyan dipchum en srtis amenanurb larerin!

  • Ամենասիրածս գույնը աշխարհում
    Բանաստեղծությո´ւնն է…

    es el em sirum ays guyn@,,,bayc,havataceq,bacahayteci ays ejum!!!! hianali eq grum!!!

  • Տերպսիքորա :) says:

    Ես հպարտ եմ, որ դու կաս իմ կյանքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *