20 1 .- ի ձմեռը շատ տհաճություններ պատճառեց Արարատյան դաշտի բնակիչներին. ծանր ու թաց ձյունը երկար նստած մնաց շենքերի, տների տանիքներին, գոմերի կտուրներին: Թաց ու ծանր ձյունը վնասեց նաև եղբայր Ռուբենի շինության կտուրը, որի ճակատին շողշողում էր « Տիրոջ օրհնյալ և փրկյալ հոտ» վերտառությամբ ցուցանակը: Եղբայր Ռուբենը վերոհիշյալ հոտի հովիվն էր, որին կրճատ «Տիրոջ հոտ» էին կոչում: Եղբայր Ռուբենը պատմության ուսուցիչ էր խորհրդային տարիներին: Համոզված աթեիստ: Համոզված քրիստոնյա դարձավ այն առավոտ, երբ, համագյուղացիներից շատերի պատմելով, տևական աղքատությունից ու սովից հետո Ռուբենն արթնացել ու տան ամենամեծ պղնձե կաթսան բերնեբերան յուղով լցված էր տեսել: Իննսունականներն էին: Հետխորհրդային խառնիխուռն տարիները: Ով հավատաց, հավաքվեց Ռուբենի փարախի մեջ: Օր օրի ստվարացավ հոտը՝ բեղուն արգանդներով երկարափեշ ու երկարածամ կանայք, որոնք ամենաքիչը յոթ-ութ երեխաներ էին ունենում՝ միմյանցից իննից տասներկու ամիս մեծ, քթները մշտապես լպստող, ռետուզները վրաներով մեծ ու թաթերը ոտքի տակ ընկած, տղամարդիկ՝ ծանր ու մեծ պայուսակներով, միշտ ժպտադեմ: Յուրաքանչյուր կիրակի Ռուբեն եղբայրը քույրերին ու եղբայրներին պատմում էր նախորդ գիշեր տեսած հրաշափառ տեսիլքները, որոնք ավարտվում էին փառաբանական աղաղակներով, բարձր երաժշտությամբ, ծնծղա կամ ծնծղայի ձայն հիշեցնող երաժշտական գործիքի նվագածությամբ: Վերջում երկու հաղթանդամ եղբայրներ քսակներով մոտենում և հոտի անդամներից գանձում էին եկեղեցու հասանելիքը: Քսակները կողպված գանձանակ դարձան այն օրից, երբ մի մոլորյալ եղբայր, քսակի մեջ փող գցելու փոխարեն, ձեռքով ճանկել և գրպանն էր խցկել մի բուռ մետաղա և թղթադրամներ: Եղբոր առաջին ու միակ այցն էր եկեղեցի: Այդ ձմեռ հոտն ահա հլու-հնազանդ լծվեց փարախի վերանորոգման վեհ գործին՝ ամեն ոք «Տիրոջ տան» կառուցմանը յուրովսանն օգնելու պատրաստակամ: Գարունը բացվելուն պես սկսվեց նոր ու գեղեցիկ շենքի կառուցումը, որը համաձայն Ռուբեն եղբոր տեսիլքի՝ պիտի ունենար աղոթատեղի, աղքատախնամ գիշերօթիկ, գրադարան-աշխատասենյակ և տուն, ուր իր որդու, հարսի, չորս թոռների հետ պիտի բնակվեր ինքը՝ հովիվ Ռուբենը, որի կինը մահացել էր նախորդ ձմեռ՝ սիրտ-թոքային անբավարարությունից: Տարեվերջին արդեն թևերը տարածած, հպարտ ու վես, ձմեռների ու ձյուների դեմ անահ կանգնել էր եղբայր Ռուբիկի տուն-կալվածքը՝ արևի երեսը փակող անթափանց վարագույրներով ծածկված պատուհաններով, արտաքին մեղսալից աշխարհից անջրպետված մեծ պարիսպներով: Հոտի մեջ հնազանդ ու խոնարհ կանանցից իր առավել հեզությամբ ու խոնարհությամբ առանձնանում էր քույր Վարդինեն: Չնայած անխնամ արտաքինին՝ Վարդինեն սիրուն էր, թուխ ու փայլուն մաշկով, սևորակ աչքերով, փարթամ հյուսով, որը, սակայն տեղ-տեղ սկսել էր արծաթազօծվել: Չնայած անփույթ հագուկապին՝ նշմարելի էին պիրկ ու նուրբ մարմնաձևերը: Վարդինեն իրեն միշտ հիշում էր այդ եկեղեցում: Իր մայրն առաջիններից էր, որ հավատաց պղինձը յուղով լցվելու հրաշքին և աղջկա ձեռքից բռնած՝ ամեն կիրակի պարտաճանաչ այցելում էր եկեղեցի: Այստեղ էլ տասնյոթ տարեկանում Վարդինեն ամուսնացավ եղբայր Հովասափի հետ: Ամուսինները տարին մեկ լույս աշխարհ բերեցին հինգ անուշիկ երեխա: Քույրերը խորհուրդ տվեցին ամուսնու հետ կենակցելուց առաջ հակաբեղմնավորիչ աղոթք հղել առ Աստված: Այդպես էլ արեց, սակայն ինն ամիս անց լույս աշխարհ եկավ վեցերորդ արու զավակը՝ Ղուկասը: Գարնանային մի կիրակի ինչ երազ-տեսիլք էր տեսել Եղբայր Ռուբենը, ոչ ոք չիմացավ, բայց ծեսից հետո հովիվը հանդես եկավ հայտարարությամբ.
-Հավատակից քույրեր և եղբայրներ: Տիրոջ ՝ մեզ ընծայած այս փոքրիկ երկրի հեռավոր գյուղերում մեր քույրերն ու եղբայրներն են ապրում, չէ, գոյատևում են Տիրոջ խոսքի բացարձակ անտեղյակության պայմաններում: -Խե՜ղճ մարդիկ,- աղաղակեցին կանայք: -Եղբա՛յր Ռուբեն, ողորմություն արա նրանց,- խնդրեցին տղամարդիկ: – Աստված մեզնից ընտրել է ամենաարդարին՝ եղբայր Հովասափին, որ գնա, մի փարախի մեջ հավաքի Տիրոջ մոլորյալ հոտն ու հովվի նրանց,-շարունակեց եղբայր Ռուբենը: -Գնա՛, եղբայր, դու պետք ես նրանց…. -Տերը օրհնի քեզ, եղբա՛յր Ռուբեն,- շշնջում էին տասնյակ շուրթեր:-Քո ընտանիքը կնբնակվի իմ տանը ,- իր խոսքն ավարտեց եղբայր Ռուբենը,- հոգ կտանեմ Վարդինե քրոջս, սեփական զավակներիցս չեմ զատի Տիգրան, Աբրահամ, Դանիել, Վարդան, Արմեն, Ղուկաս ձագուկներիս: Իսկ Հովասափ եղբորը խորհուրդը կտրամադրի ամսական հիսուն հազար դրամ: – Փա՜ռք մեր Տիրոջը…- Երանելի՜ ես, եղբայր Հովասափ:- Աստված օրհնի քեզ, Ռուբեն եղբայր: Եվ հոտն ամբողջ օղակեց երախտագիտությունից թրջված աչքերով Հովասափին ու երջանկությունից շողացող Վարդինեին:- Երանելի մարդ ես, եղբայր, – սեղմում էին Հովասափի ձեռքն ու աջ ու ահյակ կողմերից գրկում, համբուրում էին նրան: Վարդինեն առավ իր վեց զավակներին ու ծվարեց եկեղեցու բակում կառուցված աղքատախնամ գիշերօթիկում: Բացի իր երեխաներից՝ խնամում էր նաև հովվի թոռներին, մաքրում նրա աշխատասենյակը, անում ընտանիքի արդուկը: Սիրով ու գոհունակությամբ: Խոնարհ ու հրճվանքով: Մյուս քույրերը երանի էին տալիս նրան, որ աղախնություն է անում մի մարդու, որ բոլորի բարերարն է, և որին Աստված տեսիլքների միջոցով պատմում է իր բոլոր ծրագրեը… Եղբայր Հովասափը փորձում էր իր հովվից ստացած գիտելիքները փոխանցել հեռավոր գյուղում Տիրոջ խոսքի անգիտությամբ անբախտ ժողովրդին, հաճախ բառացի պատմում հոգևոր ուսուցչի «մարգարեությունները»՝ որպես նախորդ գիշեր իրեն այցելած տեսիլք: Ձեռքի հետ բժշկություն էլ էր անում. երկրիս վրա դեռևս անթարգման ու անմեկնելի լեզվով աղոթքանման բան մրմնջում հիվանդի գլխին և հավաստիացնում` վաղն ևեթ նախիրը սարը կտանի: Ապրում էր իր միապաղաղ առօրյան Հովասափը՝ հեռու ընտանեկան աղմուկից, այն երջանիկ գիտակցումով, որ Տերը ավետարանելու շնորհ է արել իրեն : Երբեմն նորածնի ճիչ էր լսում, վեր թռչում՝ չհասկանալով՝ քնա՞ծ է, թե արթուն: Հավատացնում էր ինքն իրեն, որ վեց տարի շարունակ երեխայի լաց է լսել, և ունկերում դեռ մնացել է այդ հիշողությունը… Ձյունը դիզվել էր լեռներին ու ձորերին, բակերին ու տանիքներին, թաց ու ծանր նստել շենքերի, տների տանիքներին, գոմերի կտուրներին՝ ինչպես այն ձմեռ, երբ վնասեց եղբայր Ռուբենի շինության կտուրը, որի ճակատին շողշողում էր «Տիրոջ օրհնյալ և փրկյալ հոտ» վերտառությամբ ցուցանակը: Լույսը նոր բացված՝ Հովասափը թիակով մաքրում էր, ձաղկած բրդի նման քուլա-քուլա ձյունն ու ձյունե բլուրներ սարքում: Ինչ էր մտածում, կարոտ ու հիշողություն էր մտքում, թե նոր օրվա ծրագիր: Ո՞վ գիտի: Տներից երկինք էր բարձրանում վառվող աթարի ծուխը՝ անհոգ ու անտեղյակ… Երևի այդ օրերին էր, որ եղբայր Ռուբենը կիրակնօրյա հերթական ծեսից հետո իր և Վարդինեի նորածին երեխային ընծայեց եկեղեցուն՝ որպես հոտը մի փարախի մեջ ժողովող ապագա առաջնորդ:
Ինչքան ատելություն ու չարություն կար:
Պատմությունն իրակա՞ն է: