«Պետք է ստեղծենք ժամանակակից գիրք: Տեսնո՞ւմ եք, գերմանացիները, Մոսկվայի մեր «Ակադեմիա» հրատարակչությունը ի՜նչ գրքեր են ստեղծում: Մենք պետք է հասնենք նրանց, բայց մե՛րը, հայկականը ստեղծելով: Պետք է գիրքը վերցնես ձեռքդ և անմիջապես զգաս, որ հայկական է: Մեր նախնինեը ոսկի ձեռագրեր են թողել մեզ: Չի՞ կարելի նրանցից սովորել: Իհարկե կարելի է: Գրվածքի ծավալին ու բովանդակությանը համապատասխան «շարվածքի» կապ են որոնել. տեքստն ու նկարազարդումները ներդաշնակելու մասին են մտածել: Ա՛յ, պետք է գտնենք, թե ի՛նչը ո՛նց են արել: Եթե լուրջ մոտենանք, լավ նայենք, վերցնելու շատ բան կգտնենք նրանց մոտ»
Եղիշե Չարենց, Մարտիրոս Սարյանի հուշերից
Այս օրերին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բաց է Չարենցի՝ ՀայՊետՀրատում աշխատած տարիների ցուցադրությունը: Ցուցադրութանը ներկայացված են հետաքրքիր նմուշներ՝ Եղիշե Չարենցի գրահրատարակչական աշխատանքներից: 1928 թվականի հուլիսի մեկից Չարենցն աշխատել է որպես ՀայՊետՀրատի գեղարվեստական ենթաբաժնի ղեկավար, 1930-ի հունիսի 1-ից, երբ կազմավորվում է գեղարվեստական բաժինը, նա դառնում է այդ բաժնի ղեկավարը, իսկ 1934-ին նշանակվումէ հայ և օտար դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր և այդ պաշտոնից ազատվում 1935 թ. մարտի 8-ին:
ՊետՀրատում աշխատելու տարիներին Եղիշե Չարենցն իսկապես ահռելի աշխատանք է կատարում թե՛ հեղինակների ընտրության ու նրանց երկերի ամբողջական հրատարակության, թե՛ գրքի արտաքին տեսքի, պոլիգրաֆիական որակի բարձրացման հարցում: Ֆեոդոր Դոստոևսկի, Էրիխ Մարիա Ռեմարկ, Վիլիամ Շեքսպիր, Ֆրիդրիխ Շիլլեր, Մարկ Տվեն, Նիկոլայ Գոգոլ, Մաքսիմ Գորկի, Ֆիրդուսի, Գի դը Մոպասան, Լև Տոլստոյ, Ալեքսանդր Պուշկին. Ահա ոչ ամբողջական շարքը այն հհամաշխարհային դասականների, որոնք Չարենցի աշխատած տարիներին հասանելի են դառնում հայալեզու ընթերցողներին: Հայ դասականներից առաջին անգամ երկերի լիակատար ընտրանիով լույս են տեսնում Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի Հակոբ Պարոնյանի (11 հատոր), Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի ստեղծագործությունները,, հրատարակվում են նաև Գաբրիել Սունդուկյանի, Շիրվանզադեի, Երվանդ Օտյանի, Նար-Դոսի, Սայաթ-Նովայի, Վահան Տերյանի, Մուրացանի ստեղծագործություններից, Չարենցը կազմում է նաև դասագրքեր, ինչպես նաև հայ և արտասահմանյան գրականության քրեստոմատիաներ՝ ուսանողների համար: Գրքերի տպաքանակներն սկսվում էին 2000-ից և հասնում մինչև 10000:
Գրքի էսթետիկ կողմը լավագույն որակի հհասցնելու համար Եղիշե Չարենցն սկսում է գրահրատարակչության ոլորտ բերել այնպիսի անվանի նկարիչների, ինչպիսիք էին Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Միքայել Արուտչյանը, Տաճատ Խաչվանքյանը: 1932-ին Հակոբ Կոջոյանի ձևավորմամբ լույս է տեսնում արվեստի, գիտության և ժողովրդական տնտեսության «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը, որը բացառիկ աղբյուր է ժամանակի Սովետական Հայաստանի մշակույթի, սոցիալական պայմանների, տնտեսական վիճակի, գաղափարների, տեսլականների, մոտեցումների ուսումնասիրության համար: 1935 թվականին Մանուկ Աբեղյանի հետ նախաձեռնում է հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» պատումների տպագրությունը: Չարենցի նախաձեռնությամբ ՊետՀրատում ստեղծվեցին նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ և Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արմեն Տիգրանյանի և այլ հայ տաղանդավոր երաժիշտների ստեղծագործությունների տպագրությամբ սկիզբ դրվեց Հայաստանում նոտագրության տպագրությանը: