Գիշեր էր:
Ծերուկ Մարկոսը թիկն էր տվել փափուկ բազմոցի թեթև, սինտիպոնե բարձերին, թիկն էր տվել ու հիշում էր՝ երբ փոքր տղա Մարկոսը գիշերով ելնում էր իրենց հին տան հողե կտուրը, ստուգում քարերը, որ պահում էին բազմագույն լաթերը, որոնց վրա մայրը դասդասում էր իրենց վերմակների ու բարձերի բուրդը՝ արևի տակ չորանալու։ Մի ակնթարթ Մարկոսը ուղղում էր հայացքը դեպի մոտիկ սարերը, և կտրում-անցնում էր անթափանց լեռների միջով` այդպես էլ մինչև վերջ չպատկերացնելով կյանքը, որ պիտի արթնանար այդ ժայռերից այն կողմ գտնվող աշխարհում: Հիշում էր Մարկոսը և հանկարծ իրեն մի տեսակ թույլ ու փոքր էր զգում բարձր քաղաքային շենքի ամենավերին հարկում: Գիշեր էր, ու նա լեռներին չէր նայում, և կարիքը չուներ ոչինչ պատկերացնելու, որովհետև նստում էր ուղղանկյուն էկրանով հեռուստացույցի դիմաց, որ անբնական լուսարձակում ու ցուցադրում էր, թե աշխարհի որ ծայրում ով ինչ է անում։ Հետո փոքրիկ վահանակի միջոցով տանեցիները փոխում էին իրենց հասնող պատկերները, մինչդեռ ինքը` աշխարհի ճիշտն ու սխալը որոշած Մարկոսը, իր կոշտացած մատների ծայրերով չէր կարողանում սեղմել նույն այդ վահանակի մանր կոճակները։ Եվ նա նորից ու նորից փնթփնթում էր, անվերջ փնթփնթում ու հոգոցներ էր հանում և գիտեր, որ բոլորին նյարդայնացնում են իր փնթփնթոցները, գիտեր ու ավելի էր փնթփնթում, հետո վեր էր կենում, քթի տակ մրմնջալով, ոտքերը հատակին սահեցնելով քայլում էր տնով մեկ, և իր քստքստոցի ձայնը ավելի էր հոգնեցնում տանեցիներին, իսկ ինքը շարունակում էր քստքստացնել ու փնթփնթալ, հետո հոգնում էր ու զուգարան գնում, երկար էր մնում, ու դժգոհում էին տանեցիները։
Բանակից վերադարձել էր Մարկոսը, քաղաքում էր աշխատում։ Ամուսնացավ քաղաք տեղափոխված իր համագյուղացի աղջկա հետ։
Գյուղից շատերն էին քաղաք եկել, համագյուղացիներով իրար մոտիկ ապրում էին նկուղային հարկերում, վարձով։ Ինքն էր, կինը, մայրը, հայրը, քույրը, մեծ եղբոր որդին։ Ծնողների կրտսեր զավակն էր՝ մեծ եղբորից շուրջ 23 տարվա տարբերությամբ ծնված։ Մեծ եղբայրը մեռել էր, ու էլի մի քանի քույր ու եղբայր մեռել էին պատերազմի ժամանակ. ով ճակատում էր սպանվել, ով՝ գյուղում հիվանդացել, սովահար-ցրտահար եղել։ Պատերազմից հետո՝ տարիների ընթացքում, կամաց-կամաց փակել էին տների դարպասները, բանալին տվել հարևաններին, փոքր-փոքր խմբերով հասել քաղաք և ի վերջո հավաքվել իրար գլուխ։ Մարկոսը միշտ աշխատել էր, բանվոր էր, անունն էլ թերթի մեջ տպել էին մի անգամ։
Մեծ եղբոր տղան բարձրագույն կրթություն ստացավ: Հետո կարողացավ ընկերների օգնությամբ մի հարմար տուն գտնել և իր մոտ տեղափոխեց Մարկոսի հորը, մորն ու քրոջը։ Մարկոսն իր կնոջ և արդեն երեք երեխաների հետ մնաց նկուղային հարկում։
Տարիներ հետո Մարկոսը բնակարան ստացավ քաղաքի ծայրամասի նորակառույց շենքերից մեկում՝ ամենավերին հարկում՝ բարձր, բարձր, բարձր…
Շատ շոգ օգոստոս էր, արևը վառում էր, երբ մայրը մեռավ։ Բոլոր դժվարություններից, ամուսնու մահից հետո անհոգ օրերի միաձույլ համաչափության մեջ այնպես աննկատ նա գամվեց անկողնուն։ Նրա երբեմնի կոկիկ զվարթությունը, շուրջբոլորը կարգի բերելու կամավոր ջանքը փոխվեց վարանող ու անփույթ անշարժության։ Մահճակալի վրա՝ սենյակի մի անկյունում մշտապես պառկած, իր դրության անխուսափելիության մեջ հիմնավոր, հոգին ավանդելուց շատ առաջ նա այլոց խնամքին էր թողել սեփական մարմինը։
Կանգնել էր Մարկոսը մոր սենյակի շեմին, հետևում կինն էր, երեք աղջիկները՝ շեկ-շեկ, բոյեբոյ, փոքրի հագին միջնեկի շորերը, միջնեկի հագին մեծի շորերը։ Եկել և փաթաթում էին մոր մարմինը։ Քույրը միալար հեկեկում էր անկյունում, մեծ եղբոր տղան մահվան մանրամասներն էր պատմում։ Մարկոսը լուռ կանգնել էր սենյակի շեմին ու մտածում էր՝ հանկարծ մոր տակը կեղտոտ չլինի։ Մտածում էր և ամաչում, քրտինքը ծորում էր երեսից, ամաչում էր ու մտածում ճշտել քրոջից, որ խնամում էր մորը, բայց էլի ամաչում էր, մտածում էր ասել կնոջը, որ հարցնի, իմանա, բայց էլի ամաչում էր, և այտերը վառվում էին, ու սենյակի շեմին կանգնած լռում էր, մինչ մոր մարմինը փաթաթում էին, և ուզում էր, որ մոր տակը մաքուր լինի…
Կեսգիշերն անց էր։
Մարկոսի քունը չէր տանում։ Վեր կացավ անկողնուց, գնաց զուգարան, հետո լվացվեց, դուրս եկավ պատշգամբ։ Սառն էր օդը, դավադիր էր թվում։ Արդեն քանի շաբաթ էր՝ նա տանից դուրս չէր եկել։ Քաղաքում վտանգավոր վարակ էր տարածվել, որ, ասում էին, հատկապես ծերերին չի խնայում։ Հեռուստացույցի ուղղանկյուն էկրանի դիմաց նստած Մարկոսը լսում էր մահերի աճող թվերը և գիտեր, որ անգամ եվրոպական երկրներում շնչառական ապարատները սկսել էին չհերիքել։
Մի ամիս առաջ աշխատանքի վայրում իրեն խնդրեցին, որ էլ չգա, իր ապահովության համար, մինչև տեսնեն՝ ինչ է լինում։ Հետո մի անգամ էլ դուրս եկավ, փոստ էր գնում՝ թոշակ ստանալու, բայց ինչ կատարվեց՝ ինքն էլ չհասկացավ, ընկել էր խոտերի վրա, դողում էր, մինչև հասան, շտապօգնություն կանչեցին։ Մարկոսի կինը վախեցած ու հոգատար կանգնել էր նրա գլխավերևում, քիչ հեռու փեսան էր՝ հեգնախառն մի ժպիտ երեսին։
-Ասում ենք՝ մի գնա, էլի, ուրիշ փորձանք չունե՞ս մեր գլխին բերելու,- նեղացավ կինը։
-Հա էլի, բա թոռներդ ջահել-ջահել ինչի՞ համար են, հո քեզ սոված չենք թողնի,- ծիծաղեց փեսան։
Ու մինչ Մարկոսի խելքը տեղը կգար, կիսարթուն մտածում էր, որ ինքը ընկել է խոտերի վրա, մտածում էր և ամաչում, որ անցնող-դարձողները իրեն երևի հարբեցող թափառական բիձու տեղ են դրել, ամաչում էր ու մտածում, որ ինքը միշտ աշխատել է ու ոչ մեկի հույսին չի մնա։
Հետո տուն տարան Մարկոսին։ Ոտքերը դողում էին։ Պառկեց, մեկնեց ոտքերը։ Թոռը՝ Մարկը, եկավ, պտտվեց սենյակով։
-Չես մեռնի, չէ՞, պապի՛,- հարցրեց։
Երեխաներն ու ծերերը հավասարապես են զգում մահվան մոտիկությունը։ Կարող էր և մեռնել Մարկոսը։ Ի՞նչ պիտի լիներ։ Եղանակը տաք էր, ժամանակները՝ հարմար. քիչ մարդ կգար թաղմանը, քիչ ծախս կանեին տանեցիները, մի քիչ լաց կլինեին, մի քիչ կափսոսային, հայելիները կփակեին լաթերով, իր թոշակից կզրկվեին, բայց մեծ հաշվով կազատվեին իր փնթփնթոցից ու ձայներից, կինը կազատվեր ամեն օր նրա անկողինը բացելու պարտականությունից, ամենաշատը զուգարանը կազատվեր, բայց ահա թոռը երևի կտեսներ Մարկոսի ուրվականը՝ մթության մեջ սենյակների շեմին կանգնած, սփրթնած-սփրթնած սպիտակ մի ուրվական։
Վերադաձավ Մարկոսը սենյակ, պառկեց, սինտիպոնե վերմակը քաշեց գլխին, ծածկեց ամբողջ դեմքը։
Մոր հոգեհացից հետո երբ երեկոյան տուն եկան, աղջիկները միացրին սև-սպիտակ ցույց տվող հեռուստացույցը, նստեցին դիմացը բոյեբոյ, կիպ-կիպ։ Մարկոսն էլ նստեց, բայց չէր դիտում։ Տոթ օգոստոսյան երեկո էր։ Հոգեհացին մեծ եղբոր որդու ընկերների հետ մի սեղանի շուրջ նստել էին։ Մեծ եղբոր որդին պատմում էր իրենց կյանքից, հորեղբոր անունն էլ մի անգամ տվեց, թե քիչ է իրենց տարիքային տարբերությունը, բայց հոր նման է եղել, պահել է, օգնել, ինչով կարողացել է: Ձեռքը թափ տվեց Մարկոսը (իբր ինչ մի ասելու բան է), անհարմար ծիծաղեց։ Հետո էլի խոսք բացվեց հին կյանքից, գյուղից, ասացին՝ այնտեղ մի-երկու տուն հայ է մնացել, սրանց էլ արդեն շատ են նեղում թուրքերը, շուտով կփակեն դարպասները, բանալին ինչ-որ մեկին կտան կամ չեն տա ու վերջնականապես կտեղափոխվեն քաղաք։
-Ինչ էլ լինի, ես առանց մեր գյուղը նորից տեսնելու չեմ մեռնի,- ասաց մեծ եղբոր տղան,- ուղղաթիռով էլ լինի կգնամ, վերևից կնայեմ։
Դատարկեց օղու բաժակը Մարկոսը, դատարկեց ու մտածեց, որ եթե եղբոր տղան ասում է, կանի, մտածեց և ամաչեց, որ ինքը չի կարող ուղղաթիռով թեկուզ վերևից իրենց գյուղը տեսնել, որովհետև աշխատում է, որովհետև բնակարանը նոր են ստացել, որովհետև երեք աղջիկ երեխա ունի, և օգոստոսի վառող արևը մեղրի նման ծորաց նրա ճակատի վրա, ականջների հետևում, այտերի վրա, ջուր դարձավ, լցվեց բաժակի մեջ, լեղի ջուր, որ կուլ տվեց Մարկոսը, դառը, դառը նստվածք, որ կպավ-մնաց Մարկոսի մեջ։
Մի քանի շաբաթ առաջ էր մորը տեսել, կանգնել էր սենյակի շեմին, և կինը չորացած, բարալիկ մատները պարզել էր ու խնդրել, որ Մարկոսը կտրի նրա եղունգները։ Բայց վախեցել էր Մարկոսը, մրմնջացել էր քթի տակ, թե շտապում է, ու դուրս էր նետվել սենյակից։
Եվ հեռուստացույցից էլ երգեցին արևային քաղաքի մասին, ցայտաղբյուրների ու շենքերի մասին, պուրակների ու բանվորների մասին, և օգոստոսյան օրվա տոթը, արդեն երգ դարձած, հոսեց Մարկոսի ռունգերը, կոկորդով իջավ, ինչ-որ բան տեղաշարժեց փորի մեջ, ու Մարկոսը վեր թռավ, իր հաստ, կոշտացած մատներով խփեց հեռուստացույցի բոլոր կոճակներին, անջատեց, գոռաց աղջիկների վրա, կոպտեց կնոջը, հրահանգեց բացել անկողինը և ծպտուն չհանել ու քնել արագ, արագ, արագ…
Մարկոսը վերմակը իջեցրեց դեմքից. շունչը չէր հերիքում։ Նայեց պատուհանի կողմը. երկինքը պարզվում էր, կլուսանար շուտով։ Բայց տխուր էր Մարկոսը, և պետք չէր նրան ո՛չ առավոտը, ո՛չ արևը։ Ոչինչ, ոչինչ պետք չէր նրան, ու սինտիպոնե վերմակը քաշեց գլխին, ամբողջովին մտավ տակը, դեմքը խորը թաղեց բարձի մեջ և ինչքան ուժ ուներ, սեղմեց կոպերը։ Բայց զգում էր, որ լույսը գալիս, մի ճեղք է գտնում սողոսկելու, ներս մտնելու, բոլորին արթնացնելու, որ սկսեն էլի փնթփնթալ, քստքստացնել ու հերթ կանգնել զուգարանի դռան դիմաց, և անիմաստ-անիմաստ ծագում էր արևը՝ կապույտի մեջ հոլովելու կատարված կյանքի անշրջելի առասպելը։
Առավոտ էր բացվում։
Իրենց տան հողե կտուրին նստում էր Մարկոսը և մորից համբույրի սպասող երեխայի նման դիտում էր արևի կերպարանափոխությունը: Լուսատուն դուրս էր գալիս լեռների ստվերներից և դեղնավուն հյուսքերը ազատորեն թափում հորիզոնի վրա։
Գալիս էր Մարկոսի մայրը, ծնկում էր ու ճիպոտում բուրդը, և ենթարկվում էր բուրդը մոր շարժումներին ու կարգի էր գալիս։ Մոր մազերը՝ արծաթին տվող, և բուրդը՝ այնպե՜ս կաթնագույն։ Հանկարծ քամին օդ էր բարձրացնում բրդից թելիկներ, քշում էր այս ու այն կողմ: Մարկոսը ձգվում էր՝ բռնելու, դիպչում էր, ուր որ է հասնում էր, հետո քամին փոխում էր ուղղությունը, բայց Մարկոսն ավելի էր ձգվում: Սահում էին բրդյա թելերը հողե կտուրին, Մարկոսը ափի մեջ էր հավաքում, բերում-լցնում մյուսների մոտ, և մայրը շարունակում էր ճիպոտել։ Նրա բերածը ոչինչ էր, արժեք չուներ, եղած-չեղած բան չէր փոխելու, բայց մայրը ժպտում էր, ու մոր մազերը արծաթին էին տալիս արևի լույսի տակ, և բուրդը կաթնագույն-կաթնագույն էր։
Ապա կանգնած էր Մարկոսը դիահերձարանում, տեսնում էր՝ ինչպես են կողքի շրջում մոր մերկ մարմինը՝ ցցված ոսկորներով, կախ ընկած կրծքերով, սփրթնած, սպիտակ, մաքուր… Հետո ձեռքի հպում զգաց ուսին, հետ նայեց. եղբոր տղան էր, գլխով արեց, դուրս եկան։ Մարկոսի ականջները խլացան ահավոր աղմուկից. ուղղաթիռ էր կանգնած, որ պատրաստ էր բարձրանալու երկինք։ Առաջ ընկավ եղբոր տղան ու կանչեց.
-Արի՛, պա՛պ, հո չէի՞ր մտածում, որ առանց քեզ կգնամ։
Երկինք բարձրացան։ Անցան շենքերը, պուրակները, անցան գործարանները, լեռներ երևացին, ձորակներ, կիրճեր, գետեր և այգիներ։ Ուշադիր նայեց, տեսավ իրենց տան հողե կտուրը՝ հեռակառավարման փոքր դեղին կոճակի նման։ Իջնում էր ուղղաթիռը, և կտուրին նշմարվում էր կնոջ կերպարանքը. մայրն էր՝ բուրդը առջևը, ճիպոտը կողքին։ Բայց կրակահերթի պես մի ձայն ճեղքեց ուղղաթիռի մետաղը։ Եղբոր տղան բացեց դուռը, գլխով ցույց տվեց, որ պիտի դուրս թռչեն, ու զգաց Մարկոսը, որ ընկնում է, մենակ է, ու երկինքը բաց կապույտ է, անամպ, արևի շողերն ուղիղ իր միջով են անցնում։ Մայրը պարզել էր ձեռքը, երկար մատները՝ կտրված եղունգներով, պարզել էր, որ բռնի նրան։ Մարկոսը ուզեց մեկնել իր ձեռքը, բայց ձեռք չկար, ոչինչ չկար, զգաց, որ իր մարմնի մեջ չէ, զգաց, որ սեղմվել, բարակել, բրդից մի թել է դարձել և անիմաստ օրորվում է մոր գլխավերևում։ Ձգվեց մայրը, ուզեց բռնել Մարկոսին, ու սարսռաց Մարկոսի չեղած մարմինը։ Մայրը ուժգին ճիպոտեց բուրդը, կրկին ձգվեց, որ բռնի վերջապես Մարկոսին, որ վերադարձնի իր մոտ։
-Թո՛ղ, թո՛ղ…- գոռաց ու լսեց իր ձայնի արձագանքը։
Հետո մոտեցող մի ծիծաղ լսեց Մարկոսը, երկար-երկար ծիծաղ։
Լույսը լցվել էր սենյակը։
Կինը քաշել էր վերմակը նրա գլխից, կանթել թևերը կողերին ու ծիծաղում էր անշտապ։ Հետո խոհանոցից եկավ նրա ձայնը.
-Վե՛ր կաց, լվացվի՛ր, թեյ խմենք, մեղր եմ դրել։
Ճպճպացրեց Մարկոսը լցված աչքերը։
Գիշերային անքնությունից հյուծված ու դալկացած արևը հոգսաշատ մոր նման պտույտ էր գալիս սենյակում, փորձում էր արձակել գլխի հետևում անփութորեն հավաքած մազերը և նորից թարմ ու դեռատի տեսք ստանալ:
2020 ապրիլ