Ավելորդ իրեր ու ավելորդ մարդիկ չկան:
Առանձնությունը՝ միայնակ ապրելն ու սոցիալական շփումներից կտրվածությունը վատ են ազդում մարդու առողջության վրա մոտավորապես նույն կերպ, ոնց օրական տասնհինգ հատ ծխախոտը:
Առավոտ։ Լույսը փափուկ ընկել է քաղաքով մեկ, բացելով անգամ ամենամութ անկյունները։ Օդը թեթև տաքությամբ, որը մի քիչ արդեն խառնված է աշնանային երանգներով, պտտվում է` փորձելով զարթնացնել քաղաքը։ Բայց այս քաղաքն այդքան հեշտ չի զարթնացնել։ ՔՆԵԼՈՒՑ ԱՅՆ ՊԻՆԴ Է ՔՆՈՒՄ։ Արթուն մնալուց էլ՝ անարթուն ու անթարթ անց կացնում բոլոր գիշերները։ Բայց հիմա այն քնել է։ Ամառային տաքությունն արդեն սկսել էր մանրից կոտրվել ու աշունն աննկատ, բայց արդեն զգալի մտել էր օդ։ Դեռ չէր մրսեցնում սառնությամբ, բայց արդեն տխրացնում էր օդն ու խախտում ամառվա ալարկոտ փափկությունը։
Է-ն նայում էր պատուհանից դուրս, էլի ու էլի շնորհակալություն հայտնելով Աստծոն իր տեսարանի համար։ Առհասարակ Աստծոն նա հաճախ էր մեջբերում, ներողություն խնդրում կամ շնորհակալություն հայտնում։ Առաքելական երկրում, կարծում եմ, էդ բավականին նոռմալ է, բայց Է-ի Աստված ուրիշ էր, նրա Աստծոն ընկերներից ոչ մեկը չէր հասկանում, նրանց հարաբերություններն էլ հետը։ Մի կողմից այս Աստված կարող էր այնպիսի բաներից նեղանալ, որ Է-ն ստիպված նրան պետք է դիմեր ներողություն խնդրելով՝ օրինակ պլաստիկի բաժակ գործածելիս, կամ շամպայնը ոչ շամպայնի բաժակով խմելիս, ուտելիք թափելիս։ Մյուս կողմից էլ Աստված խնդիր չուներ Է-ի այլ տեսակի արարքների հետ, որոնք մյուսների կարծիքով ավելի դատապարտելի էին։ Ամեն դեպքում այդ առավոտ էլ Է-ն նայեց դուրս՝ իր տեսարանին, որտեղ Երևանյան կտուրներն ինչ-որ հրաշքով նմանվում էին Բեյրության կամ Պոլսյան կտուրներին, ու ասեց «Մերսի», որ իր պատուհանն իրեն թույլ է տալիս կտրվել այն իրականությունից, որի մասն ինքը գիտի, որ երբեք չի էլ եղել։
Ժեռառը դանդաղ, ու առավոտվա լույսի պես փափուկ քայլերով մոտեցավ նրան։ Նա շատ սիրուն, արիստոկրատիկ քայլվածք ուներ, որը մատնում էր իր ցեղային պատկանելությունը։ Նրա քայլերը երբեք չէին լսվում, որովհետև նա գետնին ոնց որ չէր էլ կպնում, մենակ շատ նուրբ սահում գետնի վրայով, որ ոչ մի բանն իրենով չծանրացնի։ Է-ն մեկա զգաց Ժեռառի գալն ու ժպտալով կռացավ, որ նրան գետնից վերցնի։
– Մմմմմմույ Ժեռաառռ․․․․իմմ սերր:
Է-ն բռնեց Ժեռառին ու բարձրացրեց իր գիրկը։ Պարսկական կատվիկը դանդաղ ու ալարկոտ մլավեց։ Նրանք երկուսով նայում էին դուրս՝ տեսարանին, որը Երևանում չերևանյան էր ու մեկի մոտ բերում էր հուշեր անցյալ կյանքից, մյուսի մոտ՝ անցյալ տնից։
Է-ն պաչեց Ժեռառին, վայր դրեց նրան ու շուռ գալով գնաց խոհանոց, նրան նախաճաշ պատրաստելու իսկ իրեն՝ սուրճ, վանիլով։
Դոմոֆոնի զանգը խփեց։ Է-ն բանի տեղ չդրեց, որովհետև վստահ էր, որ սխալ է։ Ինքը ոչ մեկին չէր սպասում առավոտյան ու իր ծանթոներից ոչ մեկ հաստատ արթնացած չէր լինի այսքան շուտ։ Զանգը չէր դադարում։
Է-ն սուրճի տուփը ձեռքին գնում է դռան մոտ, վերցնում խոսափողը․
– Այո
– Բարև, ես եմ, բացի
– Կներեք, ո՞վ
– Ես․․․եսսս․․․չե՞ս հիշում ինձ
– կներեք․․․վստա՞հ եք, որ ճիշտ տուն եք սեղմել
– Հա․․․քոնն ա, 50-ը քոնն ա, ես քեզ տուն էի բերել, մի ամիս առաջ․․․չե՞ս հիշում, անձրև էր գալիս ու թափանցիկ անձրևանոց ունեի, երկուսով մտանք տակը ու քեզ տուն բերեցի․․․ինչ-որ մեկի ծնունդից էիր դուրս էկել․․․
Դոմոֆոնից փչող լռությունը նույն ձև տխրացնող էր, ոնց աշնան սառնությունը պատուհանից։
Մի պահ լռությունից հետո, խոսափողից ինչ-որ ձայն եկավ։ Զանգող տղան չհասկացավ, թե կինն ուր կորավ, բայց դուռը չխկաց։ Բաց էր արդեն։
Տղան արագ բացեց դուռն ու ներս մտավ։ Վաղուց նա էս աստիճաններով չէր բարձրացել, բայց հիշում էր, որ դրանցից ամեն մեկն իր չափսն ունի, ու եթե դա չիմանաս՝ առաջին իսկ աստիճանավանդակին կընկնես։ Նա բարձրանում էր ու հիշում, ոնց էր՝ շենքը սարքողների վրա զայրացած բարձրանում առաջին անգամ ու ուզում էր, բոլոր աստիճանավանդակները հավասարեցնել, որ հանկարծ իր Է-ն մի օր չընկնի տուն բարձրանալուց։ Ու Է-ին դա զայրացնում էր։ Նրա համար դա անձնական տարածության մեծ ոտնահարում կլիներ ու առհասարակ ցանկացած օգնության տեսակ նա այդպես էր ընդունում՝ անձնական տարածության խախտում։ Օգնություն՝ հատկապես տղամարդուց։ Շատերի կարծիքով դա կոպիտ էր ու մի քիչ չոր-ֆեմինիստական, կամ ձևական-սնոբիստական, բայց զգացվում էր, որ դա ընդամենը գալիս է անցյալ կյանքի փորձերից։ Նա հոգնել էր տղամարդկանց օգնություններից, որոնց տակ ինչ-որ բան կար թաքնված։ Ինչ-որ բան, որը հետո այդ օգնությունը չփչացնի ու կարժեզրկի։
Տղան դա հասկացել էր վաղուց, ու էլ չէր նեղանում, երբ իր սիրունագույն առաջարկները գմփում էին պատին ու կոտրվում։ Բայց, մյուս կողմից նա միշտ մտածում էր, որ միգուցե Է-ն ճիշտ է, ու ինքն էլ էր մնացած տղամարդկանց պես ներգրավվում Է-ի կյանքի բարելավման գործերի մեջ միայն, որովհետև իր կարծիքով ինքն էլ այդ կյանքի մեջ կար։ Կարող ա՝ ինքն էլ դասական քաղաքական թեկնածուների նման՝ բարելավումների շարքը խտացնում էր միայն իր իշխանության օրոք։
Տղան, մտքերի մեջ սուզված, բարձրանում էր աստիճանավանդակները, որոնցից ամեն մեկն իրեն դիմավորում էր նոր հիշողությամբ ու շքամուտքի ավտոմատ վառվող լուսյով։
Վերջապես նա հասավ վերջին հարկ ու պեռվելով դռանը՝ 50 թվին, ոտքն առաջ դրեց, որ անի վերջին երկու քայլն ու հասնի դրան։ Հաշվարկները կորել էին, նա մոռացավ, որ վերջին երկու աստիճանը բոյով ավելի բարձր էին քան մնացածը։ Նա ընկավ։ Ուղիղ դռան դեմը, այնպես, ինչպես առաջին անգամ, երբ բարձրանում էր այստեղ ու չգիտեր աստիճանների առանձնահատկությունների մասին։ Հետաքրքիր ա չէ, համ սկզբում համ վերջում մենք միշտ նույն կետում ենք՝ նույն չիմացությամբ, որով և մտնում էինք մեր կյանքի բոլոր դռները՝ դրանց հետևում թաքնված պատմությունները ապրելու, թողնելու կամ ընդմիշտ դրանց տակը մնալու։
Նա վեր կացավ, թափ տվեց շալվարն ու դռան զանգը խփեց։ Առաջ դրա կարիքը չկար, նա բարձրանում էր ու հասնում արդեն կիսաբաց դռանը։ Բայց դա առաջ։ Հիմա այլ է։ Ամեն ինչ այլ է, բացի նրանից ինչ դռան հետևում սպասում է նրան։ Տղան համոզված էր, որ աշխարհը տակնուվրա էլ լինի, այս տան ներսում չի փոխվի ո՛չ կահույքի տեղը, ո՛չ տան հոտը, ո՛չ էլ վանիլով սուրճը։
Դուռը ճռռալով բացվեց։ Մութ շքամուտքը պայծառացրած արևի ուժեղ լույսը՝ փոշու ու կատվի մազերի հետ խառնված, նրան ներս էր հրավիրում։ Լույսով ու տնից եկող բույրերով կլանված՝ տղան ներս մտավ։
Է-ն նրան քաղաքավարությունից դրդված լայն ժպտալով դիմավորեց, տղայից հետո թեթև հրելով դուռն ու չկողպելով այն։ Տղան նկատեց այդ դետալն ու հասկացավ, որ իր ժամանակն այս տանը հաշված է ու իրեն մաքսիմում 1 ժամ է հատկացված։
Է-ն նույն քաղաքավարի ժպիտը դեմքին, դեռևս ոչ մի բան չասելով՝ գնաց խոհանոց ու հետ եկավ ջրի սափորիկով և երկու բաժակով։ Փոքրիկ սեղանին դրանք դնելով Է-ն ձեռքով տղային հրավիրեց նստելու, ու ,մինչ տղան կընդուներ հրավերը, լցրեց նրա կլորիկ, թափանցիկ բաժակը ջրով։
– Էլի համ տված ջուր ա՞ ,- գիտակի դեմքով նետեց տղան:
– Մեջը վարդի կոնցենտրատ եմ լցրել․․․ մի փոքր:
– Հմմ, համով ա ,- խմելու արանքում ֆռթացնելով ասաց տղան՝ մտածելով, որ տարօրինակ է ջրին կոմպլիմենտ անելը․․․բայց դե։
Կինը խորը նստեց իր տեղում՝ գրեթե կորելով բազկաթոռի մեջ։
– Դե․․․լսում եմ․․․
– Զոնծիկս տուր:
– Հը՞:
– Դե․․․էն թափանցիկ, կլոր զոնծիկս, որ քո գլխին էի պահել ․․․որ չթրջվես առաջին օրը մեր հանդիպման․․․հիշու՞մ ես․․․տուր:
– Դա վաղուց էս տարել տուն․․․կամ ․․․միգուցե․․․չգիտեմ, բայց հաստատ տանս չէ, վերջերս եմ մաքրել, եթե ավելորդ բան լիներ, դեն կնետեի կամ կհասկանայի՝ ում է պատկանում ու կխնդրեի գան տանեն:
– Ավելո՞րդ․․․զոնծիկի ի՞նչն ա ավելորդ:
– Դե․․․եթե տերը դու չես, ավելորդ է քո համար, համ էլ ես անձրևանոց չեմ գործածում:
– Հիշում եմ՝ անձրևից չես փախչում, որովհետև սիրում ես․․․բայց էդ օրը պետք էր․․կարկուտ էր։
– Դե․․․կարկուտն էլ է անձրևի տեսակ:
– Կարկուտը գիդես ինչ ա․․․պինդ անձրև, ցավացնող ու կոպիտ ,- տղան կանգ առավ, օդ հավաքեց՝ ասես ինչ-որ բանից նեղացած էր, բայց փորձում էր ճիշտ պահերին թուքը կուլ տալով պահել իրեն․․․ հետո շարունակեց, առանց նայելու դիմացինին,- ․․․ջոկեցի․․․լավ․․․փաստորեն մոտդ չի․․․
– Մոտս չի:
– Իսկ․․կարող ա նայես, ստուգե՞ս:
– Հիմա՞:
– Հա․․․ի՞նչ կլնի որ:
– Դե․․․տունս 2 հարկ է, լիքը դարակ․․․
– Ես չեմ վռազում:
– Իսկ․․․միգուցե ե՞ս եմ շտապում
– Դու դեռ մի չորս, չորս ու կես ժամ ունես, մինչև մորաքրոջդ մոտ պասսիանս քցելու գնաս:
– Ո՞րտեղից գիտես:
– Դե․․․տրադիցիայա բան ա․․․մեր երկրում մենակ դու ես դրանք պահում ու դաշնակները:
– Հահհա, ճիշտ որ․․․զարմանալի հիշողություն, բռավո՛:
– Իմ տարիքում դա նորմալ է,- նետեց տղան, վայրկյան անց նեղվելով, որ թույլ տվեց ներսի թույնն այդքան տհաճ կերպով դուրս գա կնոջն ի պատասխան:
– Հմմ․․․սուրճ․ կխմե՞ս․․․քո տարիքում դա նորմա՞լ է,- հակադարձեց Է-ն՝ առանց որևէ թույնի։
– Իհարկե, մերսի․․․,- տղան` ամոթից կարկամած, գրեթե կորավ իր տեղում՝ մգվելով ու դառնալով բազկաթոռի կանաչ կտորի գույնին։
Է-ն իր կատվի պես նուրբ, թեթև սահեց դեպի խոհանոց՝ թողնելով տղային հյուրասենյակում մենակ։
Տղան հալվեց՝ վայրկյանական հիշողությունների մեջ թաղվելով։ Նա էդքան էլ նոստալգիկ տիպ չէր, բայց հասկացավ, որ հիշողությունները շատ կոնկրետ ֆիզիկական բանալիներ ունեն՝ հոտեր ու համեր, ձայներ ու տեղեր։ Եթե բախտդ էնպես է բերում, որ կյանքիդ մի էտապը մյուսից հոտերով, համերով ու ձայներով տարբերվում է, ու առհասարակ, ուրիշ տեղում է տեղի ունենում՝ դու պրծնում ես հիշողությունների խեղդող ձեռքից։ Էդպես կարողանում ես դուրս գալ էմոցիաների պտտվող ցունամիից ու անցնել մյուս շերտ, կամ կյանքի նոր էջ ավելի հեշտությամբ, քան մարդիկ, որոնց շրջապատող հիշողության բանալիները միշտ նույնն են․․․իրենք դատապարտված են ապրելու ամեն նոր օր՝ անցյալի հետ խառնվող, բացվող-փակվող դռներով։ Մենակ իրենցից ամենաձվերովներն են կարողանում բոլոր դռները փակել ու գնալ առաջ կամ բացել ամբողջությամբ ու դատարկել դրանք։ Անցյալի դռներդ կամ առավել ևս լուսամուտներդ կիսաբաց թողնել երբեք չի նշանակել որոշում կայացնել։ Որոշումը օդում կախվող թեմաներ չի թողնում։
Ժեռառն էկավ տղայի մոտ։ Գլուխը շատ էրես առած, բայց մեկ ա արիստոկրատիկ ու նուրբ ձևով, քսեց տղայի ոտքին՝ հրամայելով, որ իրեն սիրի։ Մի ժամանակ տղայի միակ հույսն էր հենց Ժեռառը, որ կսկսի իրեն կարոտել, վատ ուտել, նիհարել ու գոնե այդպես իր տիրուհուն կստիպի հետ վերցնել որոշումն ու հետ բացել պինդ փակած դռները։ Բայց կատուները չեն կարոտում, կամ էլ ցույց չեն տալիս դա՝ ինքնախարազանման միջոցով։ Կատուն շուն չի, կինը՝ ինչքան ազատ ու ուժեղ լինի, տղամարդ չի։ Կինն այլ ուժային ու էմոցիոնալ կատեգորիայի մեջ է գտնվում, որին անհնար է հասնել, պարտել կամ հասկանալ։ Նրա ուժը կարելի է մենակ զգալ ու փաստել։
Է-ն էկավ հետ՝ հին, պղնձե սկուտեղի մեջ սուրճ, խաղող և ինչ-որ փոքրիկ խմորեղենիկներ։
Տղան ողջ մարմնով զգաց ոնց են հիշողությունները գալիս, մտնում իր պինդ, երիտասարդ մարմինն ու տեղ-տեղ ցավացնող տաքացնում, տեղ-տեղ էլ սառացնելով՝ պտտվում էնքան արագ, որ ստիպում սրտխառնոց զգալ։ Է-ն ֆիքսեց այդ պահն ու անհանգստացած հարցրեց․
– Ամեն ինչ կարգի՞ն է, ճնշու՞մ:
– Չէէ․․չէէ, չունեմ տենց բաներ․․․ուղղակի․․․չէ, կանցնի,- ասաց տղան, ամաչելով իր զգայունությունից ու հազիվ զսպելով կոկորդը բռնող արցունքները։ Ինչ զզվելի ու տհաճ ա զգալ դրանց, երբ՝
ա․ պինդ տղա ես եղել միշտ
բ․ չես սպասում, որ դու էլ նման ղզիկ բաներ կարող ես զգալ․․․
տղան լռեց ու լուռ վերցրեց իր սուրճը՝ վանիլի համով, որը քանի ամիս իր կյանքի ամենասիրուն առավոտների հոտն էր դարձել։ Իր կյանքի ամենասիրուն ու արդեն ամենահեռու առավոտների։
– Ամառն արդեն անցավ․․․զգո՞ւմ ես, աշնան հոտը,- ասեց Է-ն՝ հայացքը հեռու։ Տղան հույս ուներ, որ իրենք երկուսն էլ նույն հեռուն էին այդ պահին, բայց չէ․․․Է-ն ուրիշ տեղ էր, երևի ավելի կարևոր հիշողության մեջ, ավելի կարևոր ու որոշիչ ամառվա։
– Ես քո տված կոֆեի համը չեմ մոռացել:
– Դեդե, մեկ ամիսը մոռանալու համար հերիք չէ, հահա,- կտրուկ հետ գալով՝ ասաց Է-ն ու ժպտաց՝ բացելով իր սիրուն, կենդանական սպիտակ ատամները։
– Ես քո տված կոֆեի համն ամեն օր հիշել եմ, ամեն առավոտ, իսկ դու ինձ չէ․․․չէ՞:
– Չե՞ս հոգնում քո էս հարցերից, – տնքալով ասաց Էն ու իր երկար և սլացիկ ոտքը երկարացրեց սեղանին՝ դնելով սկուտեղից ոչ շատ հեռու։
Կարող էր թվալ, թե դա մաներային ժեստ է, կամ հրավեր, կամ ֆլիրտ ու խաղ, բայց բոլոր մաներային դիրքերն ու շարժումները խոնարհվում են ցավի ու ֆունկցիայի դեմ․․․հատկապես, երբ հոդերդ իրենց մասին զգացնել են տալիս։
Տղան՝ նեղվելով տեսարանից, ու հասկանալով, որ դիմացինը ցավ է զգում, փորձեց անջատել ներքին ցանկությունը ՝ քչփորելու ու հետ գնաց հին թեմային:
– Հա, զգում եմ․․․աշուն ա էկել․․․սառն ա արդեն․․․զվվում եմ աշունից․․․բա դո՞ւ:
Է-ն ժպտալով նայում է տղային՝ առանց որևէ բան ասելու դանդաղ փաթաթելով իր ծխախոտը։ Տղան նստած էր նույն տեղում, ինչ քանի ամիս առաջ, գրեթե նույն խառնված ու մանկական հայացքը դեմքին, բայց առնական ու սիրուն մարմնով, որը ժամանակից շուտ ստիպում է մեծանալ ու հասունանալ։ Է-ն նայում էր դիմացը, փորձում ամբողջությամբ ֆիքսել այս պահը, որովհետև սա այն պահերից էր, երբ պահի մեջ նայում ես ու տեսնում այն արդեն անվերադարձ ավարտված։ Ամառն էլ չկա, իսկ էս լույսն ուղղակի լույս է ու էլ չի տաքացնում։
-Լավ, երևի գնամ, ուրիշ օր կգամ զոնծիկիս հետևից,- անջատված ու միատոն ձայնով ասաց տղան։ Է-ն նայում էր նրա աչքերի մեջ՝ ուղիղ կապույտ բիբերին՝ սպասելով, որ նա հեսա կտրուկ վեր կկենա ու կթողնի իրեն վայելելու իր առավոտը, սուրճը, հոդացավն ու այն ամենն, ինչին նա սովոր է։
Բայց տղան նստած էր պինդ իր տեղում, կարծես գամված լիներ, կամ Է-ի հայացքի ծանրությունից՝ անշարժացած։ Տղայի դիրքն ու վարքը հակասման մեջ էին, նա քարացավ կտրուկ վեր կենալու ցանկությամբ ու այդ պահի մեջ մնաց սառած՝ առանց որոշիչ քայլի, մնալու կամ գնալու․․․երևում էր, որ դեռ մի քանի ժամ էլ դեռ այդպես կմնա, չի հանձնվի։ Նա կփորձի ստանալ այն, ինչի հետևից էկել է ու անհասկանալի է դա անձրևանոցն է, թե այլ բան՝ անձրևանոցի տակ թաքնված․․․կամ․․․միգուցե ինքն էլ չգիտի, մենակ գիտի, որ ինքը կընդդիմանա էս ցրտին, որովհետև իր ներսում դեռ ամառ է ,ու ամառը չի սիրում զգալ աշնացած։