«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել ենք Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի թիվ 2 միջնակարագ դպրոց: Երանոս գյուղում միմյանցից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված դպրոցների շենքային պայմանները անհամեմատելի են: Եթե առաջինը ամբողջովին բարեկարգ հաստատություն է, ապա երկրորդը՝ վթարային շինություն է՝ քարուքանդ պատերով ու միջանցքներով, վատ սանհանգույցով: Մի տեսակ անարդար է, որ միևնույն գյուղում դպրոց հաճախող աշակերտները նման տարբեր ուսումնական հաստատություններում պետք է սովորեն:
Ժամանակակից ոչ մի հայ գրողի չեն ճանաչում: Միայն ասում են, որ սիրում են ընթերցել, տարբեր անուններ են տալիս արկածային ու հայ դասական գրականությունից: Երեխաների հետ փորձում եմ վերլուծել բանաստեղծությունը և ապարդյուն. անգամ բոլորից գեղեցիկ, հոգեթով, ըմբռնելի բանաստեղծությունները մնում են անարձագանք: Հասկանում եմ, որ եթե նախկինում դեռևս երբեմն-երբեմն երեխաները պատկերացնում էին սիմվոլները, բայց դժվարանում էին զուգահեռ գծերով ամբողջացնել պատկերը, ապա այժմ սիմվոլների, մետաֆորների արժեքն անհասանելի է մնում իրենց: Փորձում ենք մի քանի սիմվոլ վերլուծել միմյան հետ ամենագործնական, առօրեական մեթոդներով: Բայց, իհարկե, մեր փորձը շատ դրվագային է. տևական ժամանակ է անհրաժեշտ, երեխաներին վերլուծական, անալիտիկ մտածողությունը զարգացնելու, սիմվոլների ու նրանց արժեքների հետ աշխատել սովորեցնելու:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: