Թոմ, թե քեզ երբեւէ պետք լինի պատմել էս կողմերի մասին (այլ կերպ ասած՝ այժմ և այստեղ), հիշելու եմ նրան, զրույցը մեր կարճատև ու մտքումս արդեն օրեր պտտվող պատմությունը երազի մասին։ Նա երազում լեռներ է տեսել, Թոմ։ Հետո ի՞նչ, կասես դու։ Ամբողջ աշխարհը կանաչ է, ուրեմն՝ նաև լեռների մեջ, մի բան պիտի տեսնե՞ր, թե չէ։ Չէ՜, Թոմ, դու, ախր, չես լսել՝ նա ինչպես ասաց։ Ասաց՝ տարիներ շարունակ ես ամեն օր քնում ու լեռներ էի տեսնում երազում։ Քնելով 12 միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաքում՝ ինձնից շատ լուսնային տարիներ ավելի հյուսիս, եթե դեռ չես հասկանում։ Ես մտածում էի, Թոմ, ինձ համար նստած լսում ու մտածում էի (և դրա համար երազից միայն այդ տողն եմ հիշում և այլն)՝ կարելի է ասել նրան, ինչո՞ւ չհամոզել, որ գա, թող ապրի մի քիչ էս կողմերում՝ չնայած, չծիծաղե՛ս, թվով երկրորդ անգամ էի հանդիպում հետը, րոպեներով՝ ծիծաղելի քիչ։
Ամբողջ աշխարհը կանաչ է։ Իսկ դու կապույտ վայրի երկինքն ես։
Թոմ, էստեղ մենք աղոթում ենք ջրին, հողին, բալենիներին ու նոր թխած հացին, հետո ես ծեսի պես արթնանում եմ վաղ առավոտյան՝ անպայման 3-ով ավարտվող զարթուցիչիս ձայնից, կտրում ծաղիկներիս պոչերը՝ սովորաբար վարդակակաչներ՝ փափուկ տերևներով, փոխում սովետական ծաղկամանի ջուրը, նրանք լսում են ինչ-որ խոսակցություններ, պատուհանի երկու կողմից՝ լեռներ, որոնց համար մտքումս անուններ եմ հորինել, դիմացը՝ ծեր ու անպտուղ ընկուզենի, հետո գնում եմ ֆրանսերենի, մտածում եմ՝ քանի՞ րոպե պիտի քայլեմ Բանյոյի փողոցով անտառ հասնելու համար, ու դարձյալ հիշում եմ՝ (վերջերս՝ առավել, քան նախորդած տարիներին) փոքր ժամանակ ես խխունջներին հանում էի պատյաններից։ Հետո կոտրում պատյանները։ Մի քանի հատ միասին, որ կոտրվելու աղմուկը շատ լիներ։ Մեղվին ու ճանճին բռնում-գցում էի շշի մեջ, որ տեսնեի՝ ո՞ր մեկը մյուսի հախից կգա ավելի շուտ։ Մեր քաղաքի գերեզմանները սարի վրա են։ Էնտեղ մողեսները շատ են։ Հայրիկի հետ մենք գնում էինք պապիկի գերեզմանին, ու ես հա մտածում էի մողեսի պոչ կտրելու մասին։
Բայց հիմա, Թոմ, երբ փորձում եմ քեզ պարզ ու ոտքից գլուխ մարդկային բառերով պատմել մողեսների պոչերը պոկելու, սարումեջ բարձրացված խաչակերպ մետաղների, պատահական առվակից առանց երկմտել խմած ջրի, շոգ ու տոթ ամառների, ճանապարհների մասին, որոնք քարքարոտ են այնքան ու գեղեցիկ, ու երկրի մասին, ուր մեկտեղվում է բոլորը, մեկ է, նրան եմ հիշում։ Թոմ, դու ճանաչում ես ինձ, դու գիտես՝ ես քիչ մնա ու լաց կլինեմ տափակ ու ողորկ քար գտնելիս։ Բայց տես, լուռումունջ նստել եմ էս դանդաղ ու ոչ-մի-տեղ-չգնացող լեռների մեջ ու երազում եմ, երազում եմ մի երկու բան ավել իմանալ նրա մասին, մի քանի գաղտնիք՝ փոքր ու աննշան, մի քանի գույն, արթնանալու ժամ, հեչ Ֆիցջերալդ կարդացած կա՞, իսկ իմ սիրած էսսե՞ն, գուցե իր մոտ էլ է մարտին անքնություն սկսվում։ Ո՞նց վերստեղծել հիշողությունը։
Ու հիմա, երբ ես քնում եմ չքնելու պես՝ լսելով տան ամեն աթոռի ամեն ճռռոց, վարագույրի շարժ ու ծլվլոց՝ ամեն առավոտյան հինգին, հանկարծ վեր եմ կենում ու ուզում եմ ինչ-որ մեկին խոստովանել, որ ինձ երբեք ոչ մի բառ չասեն իրենց երազների մասին։
Թոմ, ես մտածում էի՝ մեկ էլ կգրեմ, երբ ցորենը՝ մասուրի, իսկ գարին՝ ընկույզի չափ դառնա։ Կգրեմ, երբ հեքիաթների վերջում հաղթողները կփոխվեն տեղերով։ Երբ ջուրը իսկապես կլսի ու կմոռացնի երազներս։ Բայց տեսնում ես ինքդ էլ՝ ինչպես է փոխվել իրերի նշանակությունը բառարանային և այլ իմաստներով, իմ զբոսանքի ճանապարհը, երազների բովանդակությունն ու ձևը ինչ-որ բան անելու։ Նույն հետագծով՝ ես խոսում եմ նրա հետ, նա՝ (ինչ-որ մոռացված) սովորության և ավանդույթի համաձայն՝ չի լսում։ Ես կարդում եմ, նա, երևի, ուտում, հագնվում, քնում կամ խոսում է այդ ժամանակ։ Այդպես է, Թոմ։ Ժառանգել միմյանց սովորությունները՝ ես կուզեի։ Ու խախտել բացարձակ ու նույնիսկ նախանձելի լռությունը այս, որի մասին ջերմաչափը 37-ից բարձր է, օրը՝ մռայլ, օդը՝ փոշոտ, քայլերը՝ անիմաստ և ճանապարհը՝ դեպի փակուղի։
Նրա անունը, Թոմ — (ես ի սկզբանե պատմությունը սկսել էի քեզ հողի, ջրի, առասպելի, երգի, ծառ ու ծաղկի, հասկի ու լճի, մեղուների ու հազարումի միջատի մասին պատմելու համար, որ անհերթ կծմծում են մարմինս), բայց նրա անո՜ւնը, Թոմ, որ հազարների մեջ-ու-մոտ հանդիպելի է էսկողմերում, որ հազարների երեխաների անունն է է՜ն գլխից որոշված՝ դեռ էլի հարյուրամյակներ՝ հայրենիքում կամ էստեղերից շատ հեռու, նրա անունը կրող մարդկանց ես ճանաչում էի։ Առաջ։ Մի ժամանակ։ Լինում է չի լինում՝ լինում է ես, որ ճանաչում էր այդ անունով մարդկանց։ Ճիշտ վայրկյաններ առաջ հանդիպումից՝ հիմա ինձ համար հիշելի է։ Հետո անունը դարձավ հմայախոսք։ Ինչպես և վիճակված էր։ Եվ դա իմացածս ամենազորավոր հմայախոսքն է։ Մինչև այսօր։
Անունը՝ գիրք լիներ, բարձի տակ դնեի, քնեի` բուժելու, գտնելու, տալու ու ստանալու, վանելու համար ինչը պահել պետք չէ։
Հա, Թոմ, իսկ ի՞նչ էի ասում։ Եթե դու էլ մի օր գաս ու վերադառնաս մի օվկիանոս ու մի քանի ծով էն կողմ ընկած քո քաղաք, ու հանկարծ վեր թռչես լեռնապատ երազներից, կհիշես, այս հեռավոր երեկոն, երբ ես միայն քեզ վստահեցի դա` հմայախոսության, խխունջների ու մողեսների մասին պատմությունը։
Թոմ, զարմանալի է ինձ համար ու նոր՝ որքան ավելի եմ փորձում ճանաչել նրան՝ մտովի միայն, մեր մեջ բառերի սակավությունը հաշվելի է, այնքան ավելի եմ վերադառնում մանկություն՝ սպիներին ոտքերիս, դեմքիս ու շրթունքիս, որ աննկատ է մնում հիմա կարմիրի տակից, արևին ու կոտրտված ապակիներին, տղաներին ու յասամանների թփերին, որ կանոնավոր պոկրտում էինք ամեն ամառ, վերադառնում եմ հենման կետերին։
Alea iacta est։ Ռուբիկոնն էլ՝ գիտես՝ ինչ է եղած։
(Լսածս երգում ասում է՝ փոքրիկ երկիր, սիրում եմ քեզ էնքա՜ն)։
Փոքրիկ երկիր, գրում եմ ես օրագրերիցս մեկում, չեմ կարող չկիսել նրա հետ քո սահմանները։ Նրան փոքրիկ մի պատուհանից ցույց տվածս գյուղի կանաչն ու երիցուկների առատությունը լճափին։ Չկիսել չեմ կարող։ Լրացնում էի հայտն ու սարսափում։ Թողնել-գնալու վախից, Թոմ։ Պարանոցս տաքանում էր, հետո՝ սառչում։ Ինչ հյուծող է միտքը անգամ։ Մտաբերել ճանապարհը։ Ու կանաչը, քեզնից է այս գույնի ներկայությունը առավելապես։ Գորտերը, որ գուցե արքայազներ էին, բայց ինձ նրանց հետ համբուրվելու հեռանկարը չէր էլ հուզում։ Թղթադրամի վրա այդ ամենասիրուն նկարն է։ Ուզում էի էս ամառ գյուղում ապրել, Թոմ։ Սեւուկ սիրուն կատու կամ շուն պահել, ինձ համար մի ծառի տակ, մի հով տեղ նստել ու մտածել գրելու կամ թեզիս թեմայի մասին որ փոխվում է ահաբեկչության, շարժումների (կեցցե՜ այսինչն ու այնինչը), հակամշակույթի կամ էթնիկ կոնֆլիկտների անորոշ միջակայքում։ Բայց քայլերը, Թոմ։ Զանգերը, մարդիկ՝ ճիշտ ժամին, ճիշտ տեղում։
Ինձ համար դժվար է, Թոմ։
Օրը փոխվում է։ Իմ ուզածը լքելն էլ ամենին ու բոլորը հանգիստ։ Անկապ ու անոք։ Ինչպես և միշտ՝ թերևս։ Գնալը ուրախ-ուրախ, որովհետև գնալ է։ Էդպես թեթև է, լույսի մեջ, ես՝ կշիռ չեմ զգում, մոռանում եմ քաղաքացիության, սահմանդրւթյան, պատկանելության, արյան ու թթու մրգերի մասին բոլոր զրույցները, ու սիրում եմ հեռվից անկանոն դիմագծեր մտաբերելով ու ձայնը էդպես էլ չհիշելով։ Չունենալով կարիք հիշատակելու դրա մասին երբևէ։ Իսկ հիմա։ Գնալը հեռվում է մնում, քաղաքը՝ հետը։ Հիմա ես գիտեմ՝ այդ գնալը ծանր ճամպրուկ քարշ տալն է ոտքով, արևի տակ, այսօր, վաղը, մյուս օրը, էդպես շարունակ։ Վիճակը նետված է։ Ընդունել կամ չընդունել։
Բայց ես նրան չեմ հորինել, Թոմ։ Ազնիվ խոսք։ Ու հիմա քեզ պատմածս ամեն բառ ճշմարիտ է։ Ինչ շատ բան գրեցի։ Բայց դու թելը չկորցնես՝ լաբիրինթոսով անցնելու պայման կա։ Հավատա ինձ, ես հավատում եմ, որ մենք իրար ոչինչ պարտք չենք։ Որ աշխարհը կանաչ է։ Դու ինձ ցույց չես տվել, բայց ես տեսել եմ շրջանակում դրված նկարը։ Գիտեմ՝ ով է այնտեղ արձակած ոսկեգույն մազերով, նայում է ձախ՝ քեզ։ Ուրեմն, քո հերթն է․ հավատա ինձ՝ ես չեմ տեսել նրա երազը, բայց նրա երազի տեղերում մեծացել եմ։
Նույն լեռները։
Նա՝ երազում տեսնելով, ես՝ տեսնելով։