Գոհար Գրիգորյան | Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի շապիկի նշանագիտական վերլուծություն

«Երբ առնետները կարդալ գիտեին»-ը արձակագիր Արամ Ավետիսի երրորդ գիրքն է։ Լույս է ընծայել «Ակտուալ արվեստ» հրատարակչությունը «Ջեբգիր» մատենաշարով։

Սույն վերլուծության հիմքում շվեյցարացի լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրի նշանագիտական մոդելն է, ինչպես նաև Ռոլան Բարտի հարանշանակությունների տեսությունը։ Ինչպես գիտենք, Ֆ․ Սոսյուրը նշանը երկատել է նշանակիչի և նշանակյալի, որոնցից առաջինը իրենից ներկայացնում է արտահայտության պլանը, իսկ երկրորդը՝ բովանդակության պլանը։ Ռոլան Բարտը առանձնացնում է նշանակության երկու մակարդակ՝ դենոտացիաներ, որտեղ նշանը բաղկացած է նշանակիչից և նշանակյալից և կոնոտացիաներ, որում առաջին մակարդակի նշանն օգտագործվում է որպես նշանակիչ և նրան վերագրվում է արդեն կոննոտատիվ նշանակյալը։  Դենոտացիան կիրառվում է որպես նշանի սահմանված կամ բառացի նշանակություն, իսկ կոնոտացիան ցույց է տալիս նրա սոցիոմշակութային և անհատական զուգորդումները։ Կոննոտացիաները բխեցվում են ոչ թե անմիջապես նշանից , այլ նրանից թե հասարակությունը ինչպես է կիրառում և ինչ նշանակություն է հաղորդում նշանակիչին և նշանակյալի։ Գրքի շապիկի (նկարիչ Արևիկ Բեջանյան, ձևավորումը Մկրտիչ Մաթևոսյանի) վերլուծության համար կիրառվել է նկարագրական վերլուծության մեթոդը, որի միջոցով առանձնացվում է տեսողական (վիզուալ) պատկերը, դրա նշանակությունները և իմաստը։

Հեղինակի խոսքերով իր վեպը մի մարդու մասին է, որ հայտնվում է առնետների, կրծողների աշխարհում ու փորձում մարդ մնալ: Սակայն, հասկանում ենք, որ մարդը հենց առնետն է և գուցե ավելի ստորադաս կենդանի, ինչպես ասում է հեղինակը «…ես չէի ուզի, որ իմ ստերիլ առնետներին մարդիկ խառնեին քաղաքական այրերի հետ: Իմ առնետների մեջ մարդկային երանգներ դեռ մնացել են»: Իսկ հեղինակը իրեն համարում է ԲԱՌՆԵՏ, բառ նետող, քանի որ իր բառերը գրելու համար չեն, այլ նետելու:

Ըստ հեղինակի՝ առնետն արդեն մի խորհրդանիշ է, որ կապում է իրար  եւ՛ պատերազմը, և՛ համավարակը: Գիրքը լույս է տեսել  2020 թվականին, որը  «առնետի խորհրդանշանը կրող տարի էր․ և այս ամենը, իհարկե, ուղղակի համընկնում չէ»: «Մարդիկ ու մկները ունեն նույն գենետիկ կոդը, բայց նույն կոդը երկու տարբեր էակներ է ստեղծել: Մարդիկ ու մկները հիվանդանում են նույն կերպ: Բայց մարդը մուկ կարող է լինել, իսկ մուկը մարդ՝ ոչ»: Ամեն մարդ իր ներսում մուկ է, որը մարդակեր է:

Այսպիսով՝ մարդ-առնետ համաբանության միջոցով հեղինակը վեր է հանում երբևէ եղած, ներկա և ամենայն հավանականությամբ ապագա իրականությունը, որում գոյություն ունի մարդը՝ իր ներքին, թաքնված «առնետային» մղումներով, և մեկ անգամ ևս դրոշմում իր ատելությունը մարդու հանդեպ՝ երբեմն նույնիսկ գերադասելով առնետին մարդուց:

«Երբ առնետները կարդալ գիտեին», Ակտուալ արվեստ հրատարակչության «ջեբգիր» մատենաշար, 2020

Տրամաբանական է, որ գրքի շապիկը զարդարվելու էր՝ հաշվի առնելով գրքի բովանդակային առանձնահատկությունները: Գրքի շապիկին պատկերված է «դիահերձման» պատրաստ առնետ, որի վերջույթները մեխված են,  ու հստակորեն երևում են ներքին օրգանները: Կարծես սա հուշում է, որ հեղինակը դիահերձելու է իր  հերոսին՝  մարդանման առնետին կամ առնետանման մարդուն՝ ներթափանցելով նրա ներքին օրգաններից մինչև ներքին միտք, հոգի ու բուն էություն, բացահայտելով այն, ինչ մակերեսին հնարավոր չէ նշմարել ու ասելով այն, ինչ շատերը խուսանավում են: Առնետի դին մեխերով ամրացված է սև հարթությանը: Ու՜ր պիտի փախչի դին: Կարծես հեղինակը փակում է բոլոր ելքերը անգամ մեռած առնետի համար՝ վստահեցնելով, որ մահվան թակարդից անգամ ելք չկա և ամեն գնով ընթերցողին ցույց է տալու քողարկված էությունը առնետ-մարդու: Այս մեխերը հիշեցնում են նաև քրիստոնյաների համար ամենանշանավոր ու կարևոր կերպարներից մեկին՝ Փրկչին, որ անլուր տանջանքների ենթարկվեց ու խաչվեց փայտին հանուն մարդկության փրկության: Սակայն այս պարագայում գործ ունենք «Կռիստոսի» հետ, ինչպես ասում է գրքի հերոսը: Նրա համար Աստվածաշունչը պարզապես Հին ԿԱՏԱԿարան է, իսկ շապիկին պատկերված առնետը գուցե նա է, ով զոհեց իրեն մյուս առնետների մեղքերի համար:

Դիահերձման պատրաստ առնետի օրգանները մատնանշող թելեր/պարաններ կան: Սրանք հիշեցնում են Ջ. Սվիֆթի հայտնի հերոսներից մեկին՝ Գուլիվերին: Վերջինս, հայտնվելով լիլիպուտների երկրում՝ Լիլիպուտիայում, անասելի սարսափ է առաջացնում իր ահռելի չափսերի պատճառով: Եվ ի հետևանս սրա՝ իրենից մի քանի անգամ փոքր մարդիկ հորիզոնական դիրքով պարաններով կապկպում են Գուլիվերին: Լիլիպուտները Սվիֆթի գրքում խորհրդանշում են մարդկության՝ սեփական աննշան գոյության հանդեպ ունեցած սին հպարտությունը: Սվիֆթը հիանալիորեն ընդգծում է հեգնանքը, այն է՝ Գուլիվերի այցելած ամենափոքր մարդիկ իրականում ամենասնապարծն ու ինքնագոհն են: Լիլիպուտիայում ավելի շատ չարախոսություն, սադրանք և դավադրություն կա, քան որևէ այլ վայրում, և ավելի շատ փոքր ուղեղներ, որ իրենց մեծ են երևակայում: Լիլիպուտներին կարելի է զուգորդել հենց մարդկանց հետ, որ պարաններով փորձում են կապկպել իրենցից մի քանի անգամ փոքր, բայց թերևս ավելի մաքրասեր ու խելացի կենդանուն: Կամ էլ հենց հեղինակի հետ, որ կապել է առնետին ու ամեն գնով ուզում է բացահայտել, ուսումնասիրել նրա էությունը։

 Շապիկին տեսնում ենք մի քանի գույների համադրություն՝ սև, սպիտակ, մոխրագույն և կարմիր: Այս գույները տարբեր աշխարհընկալում ու մտածելակերպ ունեցող ժողովուրդների մոտ տարբեր կերպ են ընկալվում: Անհնար է հերքել, որ կարմիրը հիմնականում բացասական նրբերանգներ ունի՝ լինելով ինքնին արյան գույնը: Այն կարող է խորհրդանշել պատերազմ, սպանություն, բուռն կիրք և այլն: Արևմտյան մշակույթներում սևը ևս ունի բացասական ընկալում: Այն կապվում է տխրության, ցավի, տառապանքի ու մահվան հետ: Սակայն հին Եգիպտոսում այն խորհրդանշում էր վերածնունդ և սկիզբ: Չինաստանում այս գույնը զուգորդվում է ուժի, կայունության հետ: Արևելյան մշակույթներում սպիտակը համարվում է վատ նշան, տառապանքի գույն: Իսկ արևմտյան մշակույթում՝ անմեղություն, մաքրություն, կուսություն: Մոխրագույնը խորհրդանշում է չեզոքություն և համագործակցություն: Թերևս այն պատճառով որ գտնվում է սևի և սպիտակի միջակայքում: Գույների խորհրդանիշերը տարբեր են՝ կախված մշակույթից:

Աղյուսակ 1

Նշանակյալ Նշանակիչ
Դենոտացիա Կոնոտացիա
Առնետ Առնետի՝ սև հարթությանը մեխերով ամրացված դի, որից դուրս են թափվել ներքին օրգանները, փորոտիքը և այլն։ Առնետը  ներկայանում է որպես հավաքական կերպար և խորհրդանշում մարդու խորամանկ, ճարպիկ ու կործանարար բնույթը։ Գրքի հերոսը շրջապատված է մարդ հիշեցնող «առնետներով»։ Հեղինակը գրքի միջոցով փորձում է ընթերցողի առջև դնել մարդու իրական էությունը, ներքին մտքերը, թաքնված մղումները։ Կարելի է ենթադրել, որ իր մտադրությունը իրականացնելու համար հեղինակը պատրաստվում է «դիահերձել» առնետին, այլ կերպ ասած՝ բացահայտել նրան ամենայն մանրամասնորեն։

 

 

Աղյուսակ 2

Նշանակյալ Նշանակիչ
Դենոտացիա Կոնոտացիա
Մեխ Վեց մեխեր, որոնց միջոցով գամել են առնետին  սև տարածության վրա։ Մեխված մարմինը կարելի է զուգորդել Քրիստոսի մարմնի հետ։ Գրքի հերոսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հիշատակում է «Կռիստոսին»՝ Քրիստոսի փոխարեն, ու քանի որ գրքի հերոսները մարդկանց փոխարեն առնետներ են, ըստ հեղինակի՝ առնետների մեղքերը իր մահով քավել է ոչ թե Քրիսոտոսը, այլ «Կռիստոսը»։

 

 Աղյուսակ 3

Նշանակյալ

 

Նշանակիչ
Դենոտացիա Կոնոտացիա
Սև հարթություն Սև անորոշ, դատարկ հարթություն Սև հարթությունը խորհրդանշում է կյանքի անորոշությունը, տառապանքը ու կյանքի իմաստի, գոյության խորհրդավորությունը։ Այն նաև հեղինակի համար ծառայում է որպես «դիահերձման սեղան»։

 

  Աղյուսակ 4

Նշանակյալ Նշանակիչ
Դենոտացիա Կոնոտացիա
Գծեր Սպիտակ գծեր, որոնք, հստակ չէ՝ սև հարթությունից են բարձրանում, թե վերևից են իջնում առնետի վրա։ Սպիտակ գծերը հիշեցնում են Սվիֆթի հերոս Գուլիվերին, որին լիլիպուտները փորձում էին ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել՝ կապկպելով պիրկ պարաններով՝ խուսափելու վերջինիս հնարավոր փախուստից և կործանարար աղետներից։ Համանման կերպով հեղինակը «կապել է» իր հերոսին՝ մանրազնին «հետազոտության»  ենթարկելու։

 

Աղյուսակ 5

Նշանակյալ Նշանակիչ
Դենոտացիա Կոնոտացիա
Գրքի վերնագիր, հեղինակի անուն ազգանուն Գրքի վերնագիր՝ «Երբ առնետները կարդալ գիտեին» հեղինակի անուն ազգանուն՝ Արամ Ավետիս Օգտագործված են տարբեր տառաչափեր և տարբեր տառատեսակներ, որոնք հաղորդում են խորհրդավոր, ինչ-որ տեղ հոռետեսական տրամադրություն։ Մեծատառերը բացակայում են։ Ըստ երևույթին՝ այստեղ չկա «հատուկ» ոչինչ։ Եվ մարդը, և հերոսները այնքան էլ կարևոր ու «հատուկ» չեն իրենց գոյությամբ։ Հեղինակը հաճախ է նշում իր հարցազրույցներում, որ սերը առ գրականություն և ընթերցանություն նվազել է։ Եվ ըստ երևույթին, իր գիրքը կարող են կարդալ, ավելի շուտ կրծել միայն իրական ընթերցողները՝ «գիրք կրծողները», ինչպես ընդունված է ասել մեր խոսքում։ Եվ կարելի է ենթադրել, որ այս վերնագիրը ներակա հղում է կատարում հենց իր ընթերցողին։

 

Առնետի ընկալումը տարբեր մշակույթների խորհրդանշական համակարգում

Առնետները ուղեկցել են մարդուն և եղել  մարդկության պատմության մի մասը  մարդկային քաղաքակրթության սկզբից ևեթ: Շատ մշակույթներում առնետները հիմնականում զուգորդվում են բացասական երևույթների հետ, ինչպիսիք են՝ մահը, վատ հիգիենան, աղտոտությունը, զանազան հիվանդությունները, որոնց տարածման պատճառն էլ հենց կրծողների կարգին պատկանող այս տեսակն է: Սակայն որոշ մշակույթներում առնետը աչքի է ընկնում իր յուրօրինակ հատկանիշներով ու առանձնահատկություններով: Չնայած արտաքին տեսքի պատճառով ձեռք բերած վատ համբավին, բավականին մաքրասեր կենդանիներ են: Խելացի են ու շփվող: Ունեն սուր զգայարաններ: Հատկապես սուր է լսողությունը և հոտառությունը:

Շատ մշակույթներում առնետները խորհրդանշում են հաջողություն, առատություն, հարստություն, ճոխություն ագահության ու գողության հետ զուգորդվելու պատճառով:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առնետներին բավականին հեշտ է վարժեցնելը: Հետևապես առնետը կարող է խորհրդանշել գիտություն և առաջընթաց:

Բնիկ ամերիկյան մշակույթում առնետը զուգորդվում է արագության, ճարպկության, խորաթափանցության և խորամանկության հետ:

Արևելյան խորհրդանշական համակարգում՝ մասնավորապես Չինաստանում, առնետը կապվում է փողի, հարստության հետ: Ըստ չինական մի ավանդազրույցի՝ առնետները փորձում են իրենց աղջկան ամուսնացնել ամենաազդեցիկ փեսացուի հետ: Եվ գալիս  են այն եզրակացության, որ ամենացանկալի փեսացուն կատուն է, քանի որ բոլոր առնետները վախենում են կատվից: Հարսանիքի օրը կատուն մեծ խառնաշփոթ է առաջացնում ու ուտում հյուրերի մի մասին: Չինական ավանդազրույցներում առնետը պատկերվում է որպես դիվային տարր պարունակող արարած, որն ունակ է վերածվելու արական սեռի հրեշի՝ ի տարբերություն աղվեսի, որ վերածվում է իգական սեռի դևի:

Ճապոնիայում կա մի ավանդապատում, ըստ որի՝ առնետն է մարդկանց բրինձ բերել և հետևաբար խորհրդանշում է շռայլություն, առատաձեռնություն և կապվում է խելքի ու արդյունաբերության հետ: Հնդկաստանում ևս առնետը կապվում է փողի և առատության հետ:

Առնետների քրիստոնեական ընկալումը այլ է: Աստվածաշնչում եբրայերեն «akbar» բառով է բնութագրվում կրծողների կարգը, այդ թվում՝ առնետներ, մկներ, գերմանամկներ ու ցատկամկներ, որ իրենց կործանող ու աղետածին բնույթի պատճառով զուգորդվում էին չարիքի հետ: Ղևտական գրքում (11:29) գրված է «Երկրի վրա վխտացող արարածներից սրանք են անմաքուր ձեզ համար. կուրամուկը, ճագարամուկը և մողեսն՝ ըստ իր տեսակի…»:

Կելտերի մշակույթում առնետները օժտված են մարգարեական պայծառատեսական հատկություններով: Նրանց տրված է վեցերորդ զգայարան, որի շնորհիվ կարող են գուշակել ապագան, հատկապես մոտալուտ, վերահաս աղետներով լի ապագան: Այդ ավանդազրույցներից մեկի համաձայն՝ եթե առնետները լքում են նավը, ապա այն վաղ թե ուշ խորտակվելու է: Մեկ այլ ավանդազրույց. եթե առնետները լքում են իրենց բնակեցրած տունը, ապա ընտանիքի անդամներից մեկը մահանալու է:

Աֆրիկյան որոշ ցեղեր վստահ են, որ մահացածների հոգիները այցելում են իրենց սիրելիներին՝ առնետների, օձերի ու մողեսների կերպարանք ստացած: Վերոնշյալ կենդանիները համարվում են սուրբ, իսկ նրանց սպանելը՝ մեղք:

Հին Եգիպտոսում առնետները միաժամանակ խորհրդանշում էին և´ իմաստություն և´ կործանում: Հայաստանում առնետը մեծ մասամբ զուգորդվում է խորամանկության, ճարպկության և նենգության հետ։

Այսպիսով, որոշ մշակույթային ընկալումներ համընկնում են միմյանց հետ չնայած որոշ ընկալումներ հակոտնյա են:

Այս վերլուծության միջոցով, որ հիմնված է Ֆ․ Սոսյուրի և Ռ․ Բարտի նշանագիական տեսությունների վրա, փորձ կատարվեց վեր հանելու վերոնշյալ գրքի շապիկի վրա պատկերված նշանների միջև հարաբերությունները, իմաստները և նշանակությունը։ Այս ամենը էլ ավելի պատկերավոր կերպով ներկայացվեց աղյուսակների տեսքով, որոնցում արտացոլված են տրված նշանակիչ-նշանակյալ, դենոտացիա-կոնոտացիա հարաբերությունները։ Նաև անդրադարձ կատարվեց զանազան մշակույթներում առնետի խորհրդանիշին, ընկալմանը, այդ կենդանու շուրջ ձևավորված ավանդապատումներին ու հասարակության վերաբերմունքին։

Հղումներ

  1. Signifier and Signified in FedEx Advertisementhttps://media-studies.com/signs-analysis-fedex/
  2. Gulliver’s Travels-https://www.britannica.com/topic/Gullivers-Travels
  3. Rat Symbolism and Meaning-https://worldbirds.com/rat-symbolism/#christ
  4. Semiotic Analysis of Gundala Movie Poster, Atlantis Press
  5. Denotation and Connotation in Advertisement-https://media-studies.com/denotation-connotation/
  6. Color Meanings-https://www.colorsexplained.com/color-black-meaning-of-the-color-black/
  7. Սուսան Վարդանյան, Նշանագիտության ուսումնամեթոդական ուղեցույց

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *