Ռի-Մա | Երբ արքայազն ամուսնացավ

Երբ արքայազնը ամուսնացավ հեքիաթի աղջկա հետ,
Ու նրանք ապրեցին երկար ու երջանիկ,
Երկնքից ընկած խնձորները ոչ ոք չտեսավ.
Ես դրանք գողացել էի.
Դու խնձոր շատ ես սիրում

***
դու հին ես
ինչպես վաղուց փոխված ու տոնածառի խաղալիք դարձած
լամպ
ու չմեռնող
ինչպես փառասիրությունը,
քեզ շատ անգամ են փորձել մաքրել
բայց դու միշտ էլ նրանցից համառ ես դուրս եկել
դու ծեր ես,
ինչպես հայացքը մեռնող շան,
ու հանդուգն ինչպես բորենիները,
որ առյուծի ավարն են նրա թիկունքում հոշոտում․․․
քո զգացմունքները քեզ երբեք չեն ներելու,
քանի դեռ կույր ես քո անմահությամբ․․․
ճակատագիրդ մնալու է շրջանաձև
ու կրկնվելու է հարյուրամյակը մեկ
քանի դեռ պտտվում ես արևի շուրջը
ու քանի դեռ զավակներդ քեզ կոչում են
մարդ․․․

 

***
դուք գնդակոծեցիք իմ տան պատերը,
իսկ ես այդ ճեղքերի մեջ
տուն տվեցի ծիծեռնակներին
դուք գնացիք,
իսկ ինձ մոտ ամեն տարի
գարունն է վերադառնում

 

***
ես ապրում էի տիկնիկների հետ,
որոնք բոլորը քո ձայնով էին խոսում․
երբ դու գնացիր,
աշխարհս խուլուհամր դարձավ

 

***
Քամին թափահարում էր
պարանից կախված սպիտակ սավանը,
և այն ինձ թակարդում թպրտացող
թռչուն էր հիշեցնում.
ես պարաններ երբեք չեմ սիրել

 

***
Սենյակը լռում էր,
առաստաղից կախվել էր մի բուռ օդ
ու մի պարան,
հատակին շրջված աթոռ կար,
ոտքերն օդում էին.
ոչ, նա չէր կախվել,
նա ուղղակի սովորել էր թռչել…

 

***
Դու այնքան հեռու էիր և այնքան վաղուց,
Որ ինձ մի պահ թվաց,
Թե անգամ փողոցի շները
Ոռնում էին հենց քո մասին

 

***
բաժակիդ մեջ
մի անվերջ
ջրապտույտ սարքիր
ու նետիր
դրա մեջ
մտքերդ
բոլոր
հատակին թող նրանց,
որոնք ծանր են չափազանց
ու վերցրու քեզ հետ
թեթևներին․
այդպես չես սուզվի,
երբ ինքդ էլ մի օր
նետվես ջրապտույտը
կյանքի բաժակի

 

***
ու դու երբեք էլ չես հասկանա,
թե ջուրը, որ հոսում է գետի ափերի միջև,
բաժանո՞ւմ է ափերն այդ,
թե կապում իրար

 

***
թելերին ու ասեղներին լքում են.
քո ձեռքը դարձել է իմ գրպանի երազանքը…

 

***
մարդիկ կերտեցին մանկությունը քո
ու հերթով քեզնից գնացին անձայն,
մարդիկ ասացին՝ սովորիր թռչել
ու երբ հեռացան,
քեզ հետ մնացողը թռիչքն էր միայն
մարդիկ ասացին՝ մանուկ ես դու դեռ
ու այդ մանուկին պինդ պիտի պահես
ու հիմա նրանք հենց այդ մանկան հետ
ապրում են խորքում քո միայնության
մարդիկ գույներն էին քո նկարների
ու գծերը ծուռ քո նամակներում
նրանք էին կիսում վախերդ քեզ հետ
մինչև սովորես՝ ինչպես են ներում,
մարդիկ չեն մեռնում, նրանք գնում են,
որ միշտ բաց պահեն դուռը մանկության
նրանք են հսկում, որ չմոռանաս
դեպի մանկություն ետդարձի ճամփան․․․

 

***
ինչ էլ պատահի, գալդ ես կզգամ,
թող դրա համար կյանքը ինձ ների,
թող ջնջի հետքերդ ու ձայնդ անգամ.
ես ճանաչում եմ քայլքը քո ստվերի…
***
մաշկը գոռում է մատնության ցավից
ու ոռնում է սիրտը լուսնին դեմ-դիմաց
այսօր կրակը վառեց ինքն իրեն․
այսօր պարզ մի բոց խեղդվելու գնաց․․․
այսօր մի հին գայլ զրկվեց իր տեղից,
ու դրեց անցյալը հաստ մի վերջակետ․
մեկը հարազատ ոհմակն իր փոխեց
մի զույգ նորահայտ մուգ աչքերի հետ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *