Աստղիկ Սարգսյան | Երբ գրողը կոտրում է Սֆինքսի քիթը

 

(Մտքեր Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի մասին)

Եթե այսօր մարդուն տային հնարավորություն ընտրելու իր մահվան օրը, խելացի մարդը կընտրեր երեկվա օրը:

Արամ Ավետիս

Իսկ ի՞նչ կլիներ, եթե մարդու առջև հարց դնեին՝ կկառուցե՞ս, թե կքանդե՞ս։ Հավանաբար մարդը կընտրեր կառուցելը, բայց ողջ ընթացքում մտքում կլիներ քանդելու մասին միտքը, իսկ վերջնագծին հասնելուց հետո, այնքան էլ դժվար չէ կռահել, թե ինչ կաներ․․․Ինչևէ, այստեղ չէ, որ պետք է կանգ առնենք։

Ո՞ւմ մասին է գրում Նա և ու՞մ է ուզում ազատել թակարդից, եթե իհարկե ուզում է։ Գրածից չես ասի, թե ինչ-որ մեկին կամ մի քանիսին, կամ ինչ-որ բան ուզում է ազատած լիներ թակարդից։ Էքսիստենցիալ գրողների պես, ասես որոշել է՝ ամենաթունդ ձևով ներկայացնել գրականությունն ու կյանքը այնպես, ինչպես որ կա և իրեն իշխող զգալ թակարդում հայտնված այդ երկու իրողությունների միջև։

Իսկ ու՞ր է Արամի ընթերցողը։ Որտե՞ղ են այն ընթերցասերները, որոնք շրջապատում են նրան կամ առհասարակ գրականությունը։ Միթե՞ նրանք էլ են թակարդում։ Մի պահ եկ մատծենք, որ նրանք թակարդում չեն ու չեն էլ հայտնվի երբևէ, որովհետև թակարդում հայտնվելու համար, գոնե մի պահ պետք է կծած լինես «պանիրը» ու գոնե հենց էդ մի վրկ-ում վայելած լինես համը։ Իսկ նրանք, կարծես թե էդպես էլ չեն հասկացել հեղինակին ու էդպես թողել են, որ նա մենակ մնա այդ թակարդում, չնայած ինչ խոսք, նա անգամ այդ թակարդում է հիասքանչ։

«Թողնել հեղինակին մենակ թակարդում»,-գուցե՞ էստեղից սկսենք։ Իսկ արժե՞ սկսել։ Նրան կարդացած ցանկացած մեկը, մի քանի անգամ իրեն հարց պետք է տա, մինչև սկսի, որովհետ վստահաբար գիտի՝ հեղինակն ինքն է մտքում ասելու՝ «բայց արժե՞ սկսել»։

Իսկ արժե՞ր, ծայրահեղացնել նրան ու ասել՝ «Ձեր գրականությունը մարդատյացության մասին է․․․»։ Միթե՞ կարելի է լինել այդքան հիմար, սխալ ընկալելու այն, ինչի մասին նա խոսում է։ Գուցե ես եմ հիմար, որ այդ «մարդատյացության» մեջ նետված մարտահրավեր եմ տեսնում ՝ ուղղված մարդուն, որ վերջապես դատարկի ականջներն ու աչքերը կեղտից, էժանից, իրենից ու առաջ անցնի։ Բայց այստեղ հետաքրքիր մի բան կա․ եթե չես հասկացել, ինչպե՞ս ես դուրս գալու, հատկապես, երբ հեղինակն ինքը հեչ հավես չունի քեզ հետ քայլելու, որովհետև նա արդեն արել է առաջին մեծ քայլը՝ ԳԻՐՔ է գրել։

«Կույ կետադրություն» գրքում, լինելով չափազանց անկեղծ ընթերցողի հետ (բարեբախտաբար դա նրա մոտ լավ է ստացվում), հենց առաջին տողերում, բառերով պատնեշներ է դնում ընթերցողի առջև, հասկացնելու՝ «ես բոլորինդ չեմ, որպեսզի չլինելով բոլորինդ՝ լինեմ մի քիչ մենակ» կամ օրինակ, հասկացնելու, որ իրեն հասնելու համար, նախ պետք է քանդես բոլոր բառախաղերն ու տողերը, իսկ եթե ոչ՝ ավելի լավ է փակես գիրքը։ Հավանաբար մեկը հենց այդպես էլ արել էր․ ումից գիրքը վերցրել էի չէր կարդացել գիրքը և դրա համար էլ, երբ տրանսպրտում բացում էի կարդալու, այն անընդհատ ուզում էր փակվել, իսկ կարդալուց հետո, կազմի հետևի մասում, որտեղ հեղինակի նկարն էր խոշոր պլանով՝ դեմքին ճաքեր էին առաջացել գիրքը շարունակ ինձ «ենթարկացնելու» պայքարից։ Ինչևէ, ընթերցողի լիրիկայից անցնեք հեղինակի մենությանը․․․

Գիրք, որը հեղինակից ավելի տխուր է ու մենակ,- նկատեցի ես։

«եթե չես հավատում գրողներին, ուրեմն՝ չես գնահատում մարդկային միտքը: Մարդ կային միտքը չեն գնա հատում միայն առնետները»:

 

Ի՞նչ կյանքով ես վճարում դու՝ կարդալով գրքեր կամ Նրա գիրքը․ հավանաբար ձանձրույթով, ձևով, կրքով։ Իսկ ինչո՞վ է վճարում նա։ Արդյո՞ք հավասար եք վճարում և արդյո՞ք պետք է ինչ-որ բանով վճարել, այն էլ հիմա, երբ ամեն բան այսքան թանկ է։ Նա ամեն դեպքում այսպես է ասում․

«ես վճարում եմ իմ կյանքով, որ ծառայեմ գրականությանը:

ես դառնում եմ հոգեկան հիվանդ, եւ դա նրա համար,

որ սինթետիկները կարդան ինձ ու դատեն»։

 

Պարզվում է, որ նա միայն կյանքով չի վճարում, այլ նաև հոգով, որը թվում է խուլիգանություն է կամ պարզապես մեղք։ Հավանաբար այդպես կասեր Տերը, կամ Կռիստոսը․ չգիտեմ՝ վաղուց չեմ հասկանում ով է այստեղ հաշիվներ լուծողը․․․ «Հաշիվներ» բառը գրելիս սխալմամբ «հաշվիչներ» էի գրել, իսկ առանձնապես ի՞նչ տարբերություն․ կարծես թե դժվար չէ միտքը որսալ․․․

«որ սինթետիկները կարդան ինձ ու դատեն»

Ի՞նչ է սինթետիկան։ Բնական մանրաթելերը կարող են վնասվել վնասատուներից, որոնք սնվում են դրանցով, ինչպես օրինակ բամբակով, բրդով և մետաքսով սնվող ցեցերի դեպքում: Սինթետիկ մանրաթելերն անձեռնմխելի են այս վնասատուներից և չեն վնասվում արևի, ջրի կամ յուղի ազդեցությունից: Սինթետիկ նյութերը կազմում են բոլոր նյութերի գրեթե կեսը, որոնք օգտագործվում են տեքստիլ տեխնոլոգիայի բոլոր ոլորտներում: Դժվար է պատկերացնել, բայց դուրս է գալիս, որ հեղինակն իր ողջ հզորությամբ  մի փափուկ մանրաթել է՝ անպաշտպան գիշատիչ ցեցերից․ չէ՞ որ ժամանակին դիմադրում են նրանք, ովքեր սինթետիկ են, որովհետև ընթերցողին սովորեցրեցին թքելու նուրբ արվեստը և ասեցին, որ բոլորս կորած ենք՝ վայելեք հիմարությունը։

Նա հաստա՛տ հայացքը կխոժոռի՝ կարդալով, որ իրեն ասում են «փափուկ մանրաթել» ու անկասկած հեչ չի հավանի, երբ կարդա, որ գրականության համար փափուկ գործվածք է։ Փափուկ գործվածք, որ կարողանա իրենով պահել այն այնքան, մինչև ցեցերը կրծոտեն ու բանը էդպես էլ առնետներին չհասնի․ ինչ ահավոր է պատկերացնել, որ հնարավոր է անգամ բանն առնետներին էդպես էլ չհասնի․․․Դե հա, դրա համար էլ սկզբում ուտում են նրան ու էդպես էլ չեն հասնում գրականությանը․

«տխրությունը միակ կինն է, որ միշտ ինձ հետ է:
նա ինձ շատ է սիրում եւ երբեք մենակ չի թողնում:
մեր բուռն սիրուց ծնվում է մենությու նը, եւ տխրության փոխարեն արդեն ես հոր պես գրկում եմ իմ մենություն երեխային: Հետո բացում եմ աչքերս եւ տեսնում, որ գրկել եմ ինքս ինձ»:

Այո՛, փափուկ մանրաթելով հայրը, որը գրականությունը պաշտպանում է ինչպես մի  գիշատիչ, ինչպես իսկական հայր, որովհետև մեր գրականությունը վաղուց անտեր է․․․
Գրքի սկզբանմասերում, երբ դեռ ընթերցողը չի հասկանում, թե ինչ է ասում, Նա գրում է․

«ես շարունակում եմ գնալ:

ինձ ճանապարհն է սպասում:

նոր, բայց մի գուցե վերջին ճամփան»:

 Կարծես դեռ նոր սկսած՝ հուշում է վերջի մասին, համաշխարհային վերջի, գլոբար վերջի․․․

  • Սպասի՛ր․․․ Ոչ դու գնա, ոչ էլ մեզ մոտեցրու ավարտին․ մենք դեռ փորձում ենք հասկանալ քեզ,- փորձում եմ համոզել ես։ Ասողին լսող է պետք և սա հին է ինչպես աշխարհը․ հին ու փտած արտահայտություն, որից շատ կա ամեն տեղ և ամենուր՝ սոցմեդիայից մինչև պոետներ։

Նա ի՞նչ գիտեր աշխարհի վերջի սկզբի, Չինաստանից դուրս եկած վիրուսի, չղջիկի միս ծամող մարդկանց մասին։ Ի՞նչ գիտներ։ Ասե՞մ։ Նա թափառել է տարբեր ժամանակներում, ամեն բան իմացել է նախապես ու որպես մեր օրերի առաքյալ՝ իրեն իրավունք է վերապահել խոսել։ Նա վաղուց է իմացել և դա երևում է իր հարցազրույցներից, որտեղ ժպիտով ասում է՝ «Սա Դունա՞յն է․․․» և անմիջապես տալիս է համաշխարհային վերջի սկզբի բանալին՝

-Բայց սա Դունայը չէ, սա Դնեպրն է: եվ այդ օրորո-

ցայինի տակ այստեղ ոչ մեկը չի քնի: եվ այս կողմերում ճայեր չկան:

նրանց փոխարինում են չղջիկները,

որոնք գիշերները կախվում են ծառերից, եւ անփորձ

ու սոված անցորդները քաղում են նրանց ու կուլ տա-

լիս՝ մտածելով, որ դրանք պտուղներ են:

– իսկ ի՞նչ է լինում նրանց հետ:

– նրանց թվում է, թե իրենք չղջիկ են դարձել, եւ փոր-

ձում են գլխիվայր կախվել:

առավոտյան բոլոր ծառերի տակ կարելի է գտնել հա-

զարավոր կոտրված գանգեր»:

Ճիշտ էսպես, մինչև համաճարակներին հասնելը, ԲԱՆՆ իսկզբանե էր համաճարակված․ անփորձ ընթերցողին, ժամանակի պոետները դեմ տվեցին ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ դատարկ ԱՓՍԵՆ ու ստիպեցին, որ սոցմեդիայում նրանք ուտեն դա․․․

Թույլ տվեք պատմել, թե դա ինչպես եղավ․ չէ՞ որ ինձ մոտ լավ է ստացվում թափանցել աներևույթ ժամանկի և զգացողությունների մեջ։

Ես ասում եմ, որ սկզբում նրանք մարդկանց դեմ տվեցին համաճարակի ափսեն՝ լի դատարկությամբ։ Սկզբում դա արտասովոր էր․ չէ՞ որ մարդու ատամնաշարը նախատեսված չէ ապակի ուտելու համար և առավել ևս կուլ տալու։ Բայց դա եղավ միանգամայնորեն բնական՝ «Օվերտոնի պատուհանի» տրամաբանությամբ․ նախ դիսկուրս ծավալվեց դատարկության մասին՝ ասվեց, որ այն նման է առնետի բնի և պետք է ինչ-որ բանով լցնել այդ անցքը։ Չէ, անցք չէ՝ ծակ, հենց ծակ։ Ինչ-որ բանով, բայց ինչո՞վ։

  • Դե պետք է «հանգստացնող», մոտիվացնող գիրք կարդալ, ֆիլմ դիտել․ տես՝ Netflix-ը որքան շատ գունեղ ֆիլմեր է հանել։

Հետո ընդգծեցին, որ մարդը ժամանակ չունի և պետք է թեթև բաներ դիտի և կարդա, հետո ասեցին, որ ով շուտ ուտի ափսեի պարունակությունը նա կլինի թրենդային։ Թրենդային ընթերցող՝ կարված թրենդային հեղինակների համար․․․  Շատ չձգեմ դարից էլ կարճ թվացող էս ասելիքս․ հետո հայտնվեցին կարծիքի լիդերները՝ դերասաններ, ԱՎԵՐԻ մարդիկ ու գովազդեցին դատարկությունը։ Խնդրեմ՝ ծակը լիքն է դատարկությամբ (այստեղ էլ «լիքը» բառը սխալմամբ «լինք-link» էի գրել), ափսեն մաքուր է․ ո՞վ էր ասել, որ այնտեղ ժանտախտ կար չղջիկի արյունով պատրաստված։ Կարծում եմ Արամն էլ չգիտի՝ չղջիկի արյուն էր, թե առնետի ու անկեղծ ասած, կարծում եմ, որ երկուսիսի էլ չի հետաքրքրում դա. միսը միս լինի, ասել է թե՝ ընթերցողը ընթերցող լինի՝ մսից ու արյունից այլ ոչ թե քար, ինչպես օրինակ պարզեց Նա․

«Իմ ընթերցողը սֆինքսն է- անհասկանալի էություն, որը դարեր շարունակ քարացած է ու կարծրացած` մանր ավազի փշրանքներով»։

Փոքր ինչ ծանոթ լինելով ԱՎԵՏողին, աբսուրդ չի լինի ասել, որ գուցե հենց նա է բռունցքով հարվածել Սֆինքսին ու կոտրել քիթը։ Զավե՞շտ է, իսկ ո՞վ գիտե, թե կյանքի կրկնության որ փուլում նա որտեղ է եղել և ինչ մեղքեր է գործել, բացի այս ԳԻՐՔԸ գրելուց։

Պրոֆելակտիկ դադար։ Աղոթքի ժամ՝ ընթերցողի խնդրանքով․

գիրք կարդալու տեղը

ավելի լավ է՝ գիրք կարդաս:

գիրք կար դալու տեղը

ա վելի լավ է՝ գիրք կարդաս:

Չի՛ ստացվում։ Եկե՛ք նորից կենտրոնանանք․

գիրք կարդալու տեղը

ավելի լավ է՝ գիրք կարդաս:

գիրք կարդալու տեղը

ավելի լավ է՝ գիրք կարդաս:

գիրք կարդալու տեղը

սիրտդ սպանիր:

գիրք կարդալու տեղը

սիրտդ սպանիր:

սիրտդ՝ պանիր,

որ ամեն կողմից լափում են կրծողները:

Ստացվե՜ց․․․ԱՄԵ՛Ն։ Շնորհակալ ենք։ Եկե՛ք անցնենք մեր առնետներին․

«․․․ կլիմայական պայմաններից ելնելով՝ առնետները

փողոցներում եփված-պատրաստ են վազվզում:

– աստված գիտի:

– ցավոք, նա մեր մա սին ոչինչ չգիտի»:

Գուցե Աստծո՞ մասին։ Նա ասում է, որ ոչ մի բառ ո՛չ ավելացնենք, ո՛չ էլ պակասեցնենք Ավետարանից։ Հավանաբար, եթե նա իմանար մեր օրերի մասին, չէր նեղանա աղոթքը փոխելու համար։ Նա մեզ լավ չճանաչեց, կամ մենք մեզ գերազանցեցինք։ Չնայած չէ՝ մի առնետի չափ էլ չեղանք ու ոչ թե եփված-պատրաստի փախանք, այլ կիսահում, կիսաարյունոտ պտտվում ենք նույն կետում․․․

Ամեն դեպքում, ո՞վ է ասել, որ մեզ գրքի Ավետարան պետք չէ․ Արամի գրքերը ԳՐՔԻ Ավետարան են՝ չբացված, լուռ, իսկ բացողներն էլ ճիշտ հավատացիալների պես՝ կիսահասկացած-հիացած։ Չնայած, սա երևի թե վատ չէ, որովհետև հեղինակը վախենում է պատկերացնել չկարդացված գիրք, իսկ կիսակարդացված՞․․․

Նա ասում է․

«տվե՛ք ինձ մի առ նետ, եւ ես կթեքեմ արդեն իսկ թեքված երկրա գունդը, եւ դուք սաղդ կթքեք»:

Ես ասում եմ․

Ամբողջ աշխարհը մի սավանի վրա է,

թե նեղացնեք,

կքաշեմ սավանն ու

բոլորս կկորչենք։

Ի՞նչ կարևոր է մենք ինչ ենք ասում․ իսկ դու ի՞նչ ես մտածում․․․Դու՝ ում մեջ մեռնում է գրականությունը։

Մտքի ու գրքի կրքի փնտրտուքներն ու՞ր կտանեն քեզ, ընթերցող։ Կարծես քո ու Արամի, մեր ու Արամի բևեռները տարբեր են։ Մտքի բևեռացման մասին խոսելիս կարևոր է հասկանալ, թե ինչ գիրք կամ գրականություն ընտրելու արդյունքում է ընթերցողը դառնալու բևեռացված, ասել կուզեք՝ թրենդային։

Բևեռացման երևույթն անմիջապես առնչվում է մարդու ճանաչողական գործընթացի հետ։ Պատահական չէ, որ սոցիոլոգիական հետազոտող, պրոֆեսոր Դանիել Ֆլինը բևեռացման հարցը դիտարկում է հենց  կոգնիտիվ հոգեբանության ոլորտում։

Ֆլինը բացատրում է, որ մարդու գիտակցությունն ուղղորդված կերպով ընտրում է այն, ինչը ծանոթ և մոտիկ է իրեն, հետևաբար՝ գիտակցությունը դրդում է փնտրելու՝

  • այնպիսի տեղեկատվություն, որը հաստատում է սեփական համոզմունքները/նախապատվությունները (հաստատման սահմանափակում),
  • հակադրվելու այն տեղեկատվությանը, որը հակասում է սեփական նախապատվություններին (մերժման սահմանափակում),
  • համարելու սեփական նախապատվությունը հաստատող տեղեկատվությունն ավելի համոզիչ, քան թե այն հերքողը (դիրքորոշմանը նախորդող էֆեկտ)։

Այսինքն, հարգելի ընթերցողներ և ԱՎԵՐԻ մարդիկ, իզուր չէ, որ Նրա ստեղծած գրականությունը չի ձգում ձեզ, որովհետև գրքում ինչ-որ մի տեղ նա ասում է՝ «պետք է երկաթ լինես, որ ձգի և կամ նմանը՝ նմանին է ձգտում»։
Ավելի խելացի երևալու համար, ամենևին էլ պետք չէ տեսություններով և գիտափորձերով լցնել տողերը՝ առանց այն էլ դրանք լիքն են առնետներով, որոնց համար տողերը թակարդներ են, բայց թույլ թակարդներ, որովհետև գրելու ընթացքում արդեն մի քանի առնետ դուրս պրծան ու վազեցին։ Ա՜յ թե Նրա թակարդը կլիներ՝ վստահ եմ դուրս չէիք գա, ինչպես ես։

Նամակ ԳՐՈՂԻՆ

Ողջույն, ընկեր։ Ես կարդացել եմ գրքերիցդ երկուսը՝ կուրորեն և առնետի ճարպկությամբ։ Մատիտով ընդգծել եմ ինձ հարազատ տողերը ու չես հավատա՝ մատիտի ծայրով պատահմամբ մի քանի առնետի պոչ տրորել եմ։

Գիրք, մարդ, տեխնիկա ՏԽՄԱՐԴ․․․ Ուզում եմ պարզ խոսել՝ ընթերցողը չի գտնում ԳԻՐՔԸ, որովհետև մանր գրքերն են գտնում ընթերցողին։ Փորձեմ մասնագիտորեն բացատրել․  օրինակ, սոցիալական ցանցերում, նորությունների ամենուր հասանելիությունը և հսկայական քանակը ստեղծում են «շրջապատող» լուրեր, որոնք մշտապես լինում են անհատի տեսադաշտում, նույնիսկ եթե նա չի փնտրում դրանք։ Այս երևույթը  ձևավորում է «նորությունն է ինձ գտնում» (news-find-me) ընկալումը․ մարդիկ առանց նորություններին ակտիվորեն հետևելու, տեղեկացված են լինում հանրային կարևորություն ունեցող նորություններին, քանի որ մի կողմից իրենց ընկերներն առցանց հարթակներում տարածում են դրանք, իսկ մյուս կողմից՝  ինտերնետ հասանելիությունը մշտապես տեղեկացված է պահում իրադարձությունների մասին։ «Նորությունն է ինձ գտնում» ընկալման բացասական հետևանքն այն է, որ լսարանի համար սոցիալական ցանցը դառնում է տեղեկատվության ստացման միակ աղբյուր՝ բացառելով կամ նվազեցնելով վիրտուալ հարթակից դուրս  այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելը։

Հիմա ե՛կ, սա բևեռենք ընթերցողի վրա։ Ընթերցողը չի հասցնում գտնել ԳԻՐՔԸ, որովհետև ամենուր նրան շրջապատում են ծակ փիլիսոփաների գրքերը։ Դրանք ամենուր աչքի են ընկնում նյուզֆիդերում և պահպանվում ընթերցողի գիտակցության մեջ։ Հասկանու՞մ ես․ գրքերն են նրանց գտնում և նրանք չեն ընտրում այն գիրքը, որը կուզեին կարդալ, այլ ընտրում են այն գիրքը, որը նրանց հրամցրել են Ցուկի հավատացյալները։

Քեզ դեռ հետաքրքի՞ր է, թե ինչ եմ ասում, ընկեր։

Դու գրում ես «կույր կետադրություն», իսկ լսե՞լ ես «անուշադրության կուրության մասին»․ գիտնականները բացահայտել են, որ մարդու ուղեղն ունակ չէ շարունակաբար հսկայածավալ տեղեկատվություն պահպանել և այն մանրամասն ընկալել կամ վերլուծել։ Այդ երևույթը կոչվում է «անուշադրության կուրություն»։ Սա այն դեպքն է, երբ ուղեղ հոսող տեղեկատվության քանակը գերազանցում է այն մշակելու մեր ունակությանը: Տեղեկատվության մեծ հոսքը սպառողի միտքը դարձնում է  հին համակարգչի նման, որը պայքարում է գործարկել նոր գործառական համակարգերը:

Հասկանու՞մ ես, երբ սմարթֆոնները հայտնվեցին՝ սոված և արյունարբու առնետների պես, «լրատվական» նորությունները վազեցին ընթերցողների ձեռքում, իսկ նրանց ուղեղը նախատեսված չէր այդ մեծ ինֆորմացիոն հոսքի համար և դրա համար էլ սկսեցին կարդալ թեթև բաներ՝ փորձելով ուշքի գալ, որ հետո պարզեն բոլորս կորած ենք։

Հասկանու՞մ ես, ընկերս․ մարդուն սովորեցրեցին, ոչ թե տարբերել կարևորն անկարևորից, այլ սովորեցրեցին ընտրել թեթևից ավելի թեթևը․․․

Դրա համար էլ լավագույն սննդաբանները մարդկանց հորդորում են թեթև սնվել, ասել է թե՝ օրը մեկ առնետն էլ հերիք է, որովհետև դեռ 1944 թ․-ից այդպես են արել, իսկ  ինչու՞ պետք է առնետահամ բորշը նորից չուտեն։

Քո եփածն ուտելուց հետո, ուրիշ այլ բան չի լինում ուտել, ամեն դեպքում մեր սուպերմարկետներում չկա, իսկ դրսում, արդեն գրքերիդ տողատակերում հուշել ես, թե ինչ կարելի է ուտել նախաճաշին, ճաշին և ընթրիքին։

Քո ժամանակը թանկ է ինձ համար, որովհետև այն մտքեր է ստեղծում, հյուսվում են դրանք ու ամուր պարան դառնում․ խեղդվողը կխեղդվի ու կվերակենդանան, իսկ ապրողներին ո՞վ իրավունք ունի բան ասելու․․․

․․․ սերմն ամեն ինչ անում է, որ հասնի ձվաբջջին: եթե

դու ծնվել ես, ուրեմն՝ այդ վազքում հաղթող ես: իսկ

հետո, երբ վերջ ականորեն դուրս ես գալիս, հասկա –

նում ես, որ պարտվել ես: այս աշ խարհը պարտված –

ների աշխարհն է:

Պարտվողների աշխարհում, միթե՞ պետք է «հաղթող» ընթերցող փնտրել, չէ՞ որ դա անհնար է։ Ամեն դեպքում ես նրանցից մի քանիսին հանդիպել եմ գրքերի սև շուկայում՝ փնտրում էին 3 գիրք՝ «Կույր կետադրություն», «Ճարտարապետական մուտացիա», «Երբ առնետները կարդալ գիտեին»։ Թերևս շատ չծանրանամ ընթերցողի աչքերին։

Վերջաբանի համար կարիք չկա մտածելու, որովհետև ես ընտրում եմ գրականությունդ՝ գրականությանդ մասին խոսքս ավարտելու համար․

 անտարկտիդայում չկան կրծողներ:

անտարկտիդան դրախտն է երկրի վրա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *