Արմենուհի Սիսյան | Երբ հավատս ծաղկի, գարուն կգա

Արմենուհի Սիսյան

Ու ամեն անգամ
երազանքից արթնանալով՝
ես մահանում եմ…
հիմա գիտեմ՝
ինչու են աչքերը բաց մեռնում:

 

***
Երգը մահի, որ կոչվում է սեր:
Չարենց

Ու քեզ թվաց, թե նո՞ւյնն են բոլոր սերերը…
Ձեռքերը, որ հուշ հունցել գիտեն,
երբեք չեն սևանում, որքան էլ արևի տակ մնան,
թե ճերմակ են մտքերը:
Սպասումի անդունդներ կան
տարածության մեջ
ու ժամանակն այնտեղ մանուկ-մանուկ ծերանում է
կամ բերանքսիվայր սպասում իր ժամին…
այսքան գունեղ ծաղկունքի մեջ
որտեղի՞ց բուսնեց սերը ճերմակ՝
ճերմակ թերթիկներով, ճերմակ սրտով.
Ճերմակ ծաղկի՞ց, թե՞ ծաղիկն էր,
որ սիրուց ծլեց…
ինչ-որ տեղ հողաթումբ կա թարմ,
ուր մահը գույն չունի,
ճերմակ ծաղիկ է ծլել նույն գույնի սիրուց,
որ հողի ջերմությունն է առել իր վրա
որպես վերմակ…
գուցե իրո՞ք բոլոր սերերը նման են իրար
ու ծաղիկն էլ խոտ է սոսկ՝
ուր ասես կաճի…
(արդարացումի մոլախոտերը ճերմակ չեն լինում):

 

***
Եվ կգա օրը,
որ ես կասեմ մահին.
«բարև՛, սիրելի՛ս»
ու նա չի կարող չգալ ինձ մոտ
(այնքան քիչ է սիրվել),
թե սիրելը ապրել է,
ուրեմն մահն էլ է ուզում
ապրել իմ մեջ…

 

* * *
Երբ մարմինս կզգամ առավել ուժեղ,
քան իմ սպասումն է,
բառերն ու զգացումներս,
ես ընդառաջ կգնամ լեռներին՝ պարզելու՝
բանաստեղծությա՞ն իրականությունն է
առավել զորեղ,
թե՞ իրականությունը կյանքի,
որ տրված է մեզ
սահմանափակ օրերի սահմանում,
ո՞րն է լեռների բարձունքին հասնում…

 

* * *
Գիշերային անձրևն արթնացրեց ինձ՝
հիշեցնելով իմ երկրային պարտքի մասին.
պետք է հասցնել երջանիկ լինել…
«Շտա՛-
պի՛ր,
Շտա՛-
պի՛ր,
Շտա՛-
պի՛ր»…
Սրտիս զարկերը շտապում են հիմա
անձրևի ռիթմով՝
ո՞ւր…

 

* * *
Երբ հավատս ծաղկի,
գարուն կգա
ու կճերմակեն ծառերը
հավատի գույնով
ու որքան շատ հավատ,
այնքան շատ ծաղիկ,
ու հավատից կյանքը կկանաչի
ծառերի վրա…
հոգուս մեջ կպահեմ գույնը հավատի,
որ ծառերն ապրեն…

 

* * *
Առավոտյան գլխապտույտ ունեցա,
նստեցի. ինչ բժիշկ, ինչ դեղ,
այդ երկրագունդը ինձ պատիվ արեց
պտտվել իր հետ:
Մի փոքր կամա՛ց…
(ինչ արագ է պտտվում կյանքս…)

 

* * *
Ու ամեն անգամ
գիշերն այնպես է ինձ
իր գիրկն առնում,
որ մթնում են աչքերս
մինչև լուսաբաց…

 

* * *
Ինչո՞ւ այդպես պոռթկացիր, երկի՛նք,
Ես ընդամենը (այս էլ որերորդ անգամ)
Փորձում էի եզրեր գտնել շփման
Անսայր ողորկության հետ…
Իսկ դու չդիմացար ու պոռթկացիր այնպես, որ
Մինչև ոսկորներս թաց եմ հիմա…

 

* * *
Ասում եք՝ գարու՞ն է դրսում,
հալոցք է եղել,
թռչուննե՞րն են եկել,
դե, որ ասում եք, ուրեմն այդպես է,
երևի:
Սրտումս ձնհալ դեռ չի եղել…

 

* * *
Հովանոց չունեմ,
որ չորացնեմ անձրևող մտքերս…
Դարձյալ քե՛զ եմ դառնում
իմ մտքում, Արև՛…

 

***
Թող քայլեմ քեզ վրա, հո՛ղ,
մի քիչ, մի բաժին կյանք.
չէ՞ որ դու երկար ես լինելու ինձ վրա…

* * *
Քնած էի ձմռան գրկում,
արևը համբուրեց ապակին
ու սահեց սրտիս մեջ…
-Մենք փոխում ենք
մեր ձմեռային զարկերը,-սիրտս էր:
Անցում գարնանային ժամանակի…

* * *
Ճանապարհս հեշտերից չէր.
ես անցա քո սառույցի միջով.
չէ, չհոգնեցի,
պարզապես արդյունքում
դու հալվեցիր,
իսկ ես սառա…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *