Աստղիկ Բոյաջյան | Երբ խոսում է լռությունը

Դու ասացիր, որ Աստված լռություն է,
Բայց ես գրել էի արդեն, որ լռությունը դու ես…
Անի Ամսեյան

Ասում են` կա լռություն, որ հազար ու մի բառ արժե, որ ավելի պերճախոս է միլիոնավոր բառերից և բացատրություններից:
2017թ. լույս տեսավ Անի Ամսեյանի առաջին ժողովածուն` «Ճանապարհ դեպի լռություն»-ը, որն իր մեջ է ամփոփում երիտասարդ բանաստեղծի երկու տարիների աշխատանքային հունձքը:
Նախ՝ անդրադառնանք խորագրին և դրա բաղադրիչ բառ-մետաֆորներին առանձին-առանձին: «Ճանապարհը» գրականության մեջ տարածում գտած մետաֆոր է, որի հիմքերը տանում են չինական գրականություն, մասնավորապես՝ դաոիզմի գաղափարաբանություն և կոնֆուցիականություն: Ի դեպ, Անի Ամսեյանի բանաստեղծությունները ընթերցելիս նկատում ենք, որ բանաստեղծությունների մեծ մասը ունեն ծավալային փոքր ընդգրկում, ինչը նույնպես հատուկ է չինական դասական պոեզիային:
Վերնագրի մյուս բաղադրիչի փիլիսոփայական մեկնաբանությամբ` տեքստում պետք է անդրադառնալ լռության ընկալմանը և դեպի լռությունը գնալու ձգտմանը: Մարդիկ խոսում են արթնանալուց հետո, քայլելիս, սնվելիս, անգամ երազում, երբ շուրջը լռել են բոլոր ձայները: Աշխարհում այնքան շատ է աղմուկը, որ այս մոլորակը լռության կարիք է զգում: Մենք չենք կարող լռեցնել աղմկող աշխարհի ձայները, սակայն երկրի վրա, զբաղեցնելով մի փոքրիկ անկյուն, կարող ենք պահպանել մեր բաժին լռությունը:
Բացահայտել լռության հոգեբանական ենթատեքստը կամ գնալ լռության հետքերով, նույնն է, թե ըմբռնել լռություն պահպանող անձի ներաշխարհը, նրա հույզերի ու մտքերի ամբողջությունը և ներթափանցել նրա հոգու գաղտնարանները: Լռության մասին խոսելիս յուրաքանչյուր մարդ դատում է՝ ելնելով իր հոգեկերտվածքից ու աշխարհընկալումից: Այդպիսին է նաև Անի Ամսեյանի լռությունը, որ խորքում ճիչ է ու աղմուկ` կոչված խլացնելու մեծ քաղաքի աղմուկն ու շրջապատող ձայները: Լինելով նեղ անձնական՝ սա բնութագրական է բոլորի համար: Եվ պատահական չէ, որ ժողովածուի մասին խոսելիս հեղինակը քանիցս նշել է, որ այն իր զգացմունքների արտահայտությունն է. «Երկու տարվա ընթացքում կուտակված հույզերն են, մտքեր, իմ երկու տարվա կյանքն է, աշխարհը, որում ապրել եմ»:
«Գրելը՝ որպես հանձնարարություն» որակումն ու բանաստեղծության խորագրային արտահայտությունը առաջին հայացքից տարօրինակ են թվում: Ո՞վ է տվել այդ հանձնարարությունը, և կամ ինչո՞ւ է հեղինակը գրելը համարում հանձնարարություն: Պատասխանը գտնելու համար պետք է ներթափանցել հեղինակի բանաստեղծության ներքին շերտերը, այնտեղ, ուր երևում է հեղինակն իր ամբողջ էությամբ՝

Ես ու դու խոսում ենք իրար հետ
երբ դատարկ է սենյակը, քաղաքը,
ու ինչ-որ մեկի պաղ-պաղ սիրտը:
էստեղ հիմա շատ-շատ մարդիկ կան,
բոլորը խոսում են քո մասին,
բացի ինձնից ու քեզանից
Բա-նաս-տեղ-ծութ-յուն…

Բանաստեղծությունը հեղինակի արտահայտման լավագույն միջոցն է, ներքին երկխոսություն, որը գուցե և մի օր դառնա լռության մեջ տրվող բոլոր հարցերի պատասխանը: Մենակության ու լռության հակումը ինչ-որ չափով ներքին երկվության, չհասկացված լինելու վախի արտահայտություն են…

Ինձ ասացին՝ խոսիր,
Ես ուզեցի ասել,
բայց չկարողացա… խոսել:
Երբ ես ու դու մենակ մնանք
այդ մասին ես անպայման կասեմ քեզ:

Դեռ առաջին բանաստեղծությունները տպագրելուց առաջ հեղինակը դրանք տարել էր խմբագրություն, որ վերջապես ազատվեր դրանցից.

Քանի օր է՝ բանաստեղծությունը գլուխը կախել,
կծկվել պատի տակ, ինձ էր նայում:
Մատով դուռը ցույց տվեցի սկզբում
չշարժվեց:
Նյարդային եմ դարձել, չդիմացա, բաժակը պատին խփեցի,
հետո բացեցի պատուհանն ու ասացի, որ վերջին
անգամ եմ կրկնում՝ հեռանա՝
ասացի, որ ատում եմ իր ճերմակությունը, փխրունությունը…
Իր մասին խոսակցությունները քայքայել են կյանքս,
որ ատում եմ ինձ, որովհետև ստիպված եմ
հիմա խոսել իր հետ…
Գնաց…

Գնաց՝ իր տեղը «զիջելով» այլ բանաստեղծությունների: Այդպես էր պատասխանել խմբագիրը նույնպես. «Սրանցից ազատվեցիր, նորերը կգան»: Սակայն այդ ժամանակ ի՛նչ իմանար հեղինակը, որ եկած «նորերն» էլ պետք է լինեին հոգու միայնության մասին.
Եվ դատարկ բաժակները հիշողություններ են՝
Շարված փոքրիկ կաթիլների հետքերով,
որոնց մեջ պարզ կարդում եմ հիմա՝
բոլոր բանաստեղծություններն ի վերջո
միայնության մասին են,
և բառն առաջին ծնունդն էր ունայնության,
որ սեր կանչեց:

Անի Ամսեյանի գործերը բանաստեղծություններ անվանելուց զատ կարող ենք կոչել նաև էմոցիոնալ հետազոտություն՝ իր իսկ ներաշխարհում:

Մարմնական ուժգին ցավ,
այնքան ուժգին, որ կորի
մտածելու,
հիշելու ընդունակությունը,
զգալու ընդունակությունը,
Այնքան ուժգին, որ քեզնից հոսող արյանդ հետ դուրս վիժես
ամբողջ գիտակցությունդ
և ճանաչես
քեզ:

Մանրիկ տողեր և տողատակերում թաքնված անսահման լայնություն, ծավալային փոքրություն ունեցող գործեր, որ անգամ տեսողական մակարդակում են հասնում լռության` հետզհետե փոքրանալով և դառնալով բազմակետ:

Լռություն, լռություն, լռություն
լռություն, լռություն
լռություն
լռութ
լռու
լռո
լ

Անի Ամսեյանի պոեզիան առանձնանում է նաև աստվածաշնչյան երևույթների յուրովի մեկնաբանությամբ, որ հատուկ է ընդհանրապես ժամանակակից գրականությանը, մասնավորապես` արդի պոեզիային: Պատահական չէ, որ գիրքը սկսվում է Աստվածաշնչից բերված հատվածով: Իրականում աստվածաշնչյան ընկալումները վերաիմաստավում են մեղքի և սիրո հակադրական ընկալումներում, իսկ Աստծո հետ երկխոսության գլխավոր միջոցը դառնում է բանաստեղծությունը, որը հենց հեղինակ-քնարական հերոսն է՝ իր անհայտ և մութ «ես»երով.

Սկզբում Բանն էր, և Բանն Աստծունն էր, և Բանն Աստված էր,
հետո թե լինի
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ,
այն կլինես դու, և քոնը կլինի այն:

Եվ եթե մեղանչել, ապա այս բառերի խորությունն զգալով և սեփական մեղքը ընդունելու և ի վերջո ներում ստանալու ակնկալությամբ.

… Թող գթասրտությունդ լինի անձրևը,
և բերքիս համար քեզ աղոթեմ,
ու ներիր մեղքերս, որովհետև
հետո ինձ այս մեղքիս համար
չեն ներելու:

Անի Ամսեյանի պոեզիայում թերևս առաջնային տեղ ունի սիրային ապրումների նկարագրությունը: Առաջին հայացքից տպավորություն է, որ գիրքը լռության մեջ ծավալվող երկխոսություն է, սիրո համազանգ, որտեղ ո՛չ բառերը և ո՛չ էլ նույնիսկ շարժումները չունեն արտահայտման ձև և մնջախաղային ներկայացման նման արտահայտում են հոգու` լռության մեջ ծավալվող ճիչը.
Մենք
ամեն ինչի մասին խոսում էինք՝
քաղաքականության,
արվեստի,
գրքերի,
տնտեսության,
մահվան,
երիտասարդության,
կենդանիների,
ցավի,
եղանակի,
իրավաբանության,
Եվրոպայի…

մենք
մի բանի մասին էինք լռում.
սիրո…

Սերը Անի Ամսեյանի պոեզիան ընթերցողին գրավում է առավելապես իր պարզությամբ և անկեղծությամբ, սակայն այդ պարզության մեջ կա խորություն, զգացմունքների և զգացումների երբեմն նույնիսկ զարմանալի հասունություն.

-Ես հող եմ,- ասաց:
Նրա մեջ լինելու համար
ինձ մի բան մնաց…

Հետաքրքրական է նաև գրքում առկա սիմվոլիստական գունային մտածողությունը՝ կանաչի, սևի, կապույտի և, իհարկե, կարմիրի գեղագիտական արտահայտություններով: Վառ օրինակը ժողովածուն ամփոփող «Կարմիր» բանաստեղծությունն է, որտեղ հուզական ամբողջ լիցքը պարպվում է և հասնում «կարմիր» գույնին:

Մերկ, լղար, կնճռոտ ճշմարտությունը
բոբիկ, տկար ու անճոռնի
սայթաքեց սառույցի վրա և ջախջախվեց իսպառ՝
ընդամենը կարմիր մի բիծ թողնելով:

Առհասարակ, Անի Ամսեյանի ստեղծագործական ներկապնակում կարմիրը յուրօրինակ տեղ ունի. կարմիրը բանաստեղծության գույնն է: Ուշադրություն դարձրեք գրքի շապիկին. վառ գույներ, որոնք առաջին հայացքից անհամատեղելի են գրքի ընդհանուր գաղափարի հետ, բայց մի պահ մտածեք՝մի՞թե հոգու թռիչքն ու ճիչը կարելի կլիներ պատկերել ավելի լավ, քան պատկերված է՝ խելագար գունային համադրությամբ, որ բնորոշ է Անի Ամսեյանի ամբողջ պոեզիային:

Բանասիրական ֆակուլտետ մագիստրատուրա առաջին կուրս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *