Ես հստակ գիտեի՝ ինչ տեսք ուներ Սերը ․․․ յոթերորդ դասարանում։
Չնայած դեռ չէի հանդիպել Սիրուն, եթե Սերը պատահմամբ մտներ իմ դասարան, Առաջին իսկ հայացքից կճանաչեի — Սերը կրելու էր ձեռագործ վզնոց։
Ես կճանաչեի նրան առաջին իսկ հայացքից — Սերը ֆրանսիական հյուսերով էր լինելու։
Սերը ակուստիկ կիթառ էր նվագելու, և իմանալու էր Բիթլզի իմ բոլոր սիրած երգերը։
Սերը չէր վախենալու ավոտբուս քշել ինձ հետ։
Իսկ ես հաստատ սխալ դասասենյակում էի փնտրում, հաստատ սխալ միջանցքում էի ստուգում։
Նա այնտեղ էր, ես վստահ էի։
Եթե միայն կարողանայի գտնել։
Բայց երբ Սերը վերջապես հայտնվեց — կարճ սանրվածք ուներ։
Նա մի շաբաթ շարունակ նույն շորերն էր հագնում։
Սերն ատում էր ավտոբուսը։
Սերը ոչինչ չգիտեր Բիթլզի մասին։
Փոխարենը, ամեն անգամ, երբ փորձում էի համբուրել Սիրուն, մեր ատամները խանգարում էին իրար։
Սերը դարձավ ծնողներիս խաբելու պատճառը։ Գնում եմ Բենի տուն։
Սերը անտանելի ռիթմ ուներ պարասրահում, բայց համոզվում էր, որ ոչ մի դանդաղ երգ բաց չենք թողնում։
Սերը սպասում էր հեռախոսի մոտ, որովհետև գիտեր՝ եթե հայրը վերցներ, ստացվելու էր․
«Ողջո՞ւյն» ․․․ «Ող․․․» ․․․ «Ոնց որ թե անջատեցին»։
Եվ սերն աճում էր։
Ձգվում բատուտի պես։
Սերը փոխվեց։
Սերն անհետացավ, դանդա՜ղ՝ երեխայի ատամի նման։
Արձակելով իմ մասերը, որոնց կարիքը, կարծում էի՝ ունեի։
Սերը չքվեց։
Սկսնակ աճպարարի պես․ բոլորը տեսնում էին դռնակը, բացի ինձնից։
Ծակված անիվի պես — գնալու ուրիշ տեղեր էլ կային, ուրիշ ծրագրեր։
Բայց իմ ծրագիրը կարևոր չէր։
Սերը հեռու մնաց տարիներով։
Եվ երբ վերջապես էլի հայտնվեց, մի կերպ տեղը բերեցի։
Հիմա նա այլ բույր ունի, ավելի մուգ աչքեր։
Լայնաթիկունք է, անճանաչելի պեպեններով։
Նոր խալ — ավելի մեղմ ձայն։
Քնելու նոր ձևեր։
Նոր սիրելի գրքեր։
Սերը երգեր ուներ, որոնք նրան ուրիշ մեկին էին հիշեցնում։
Երգեր, որոնք Սերը չէր ուզում լսել, ինչպես և ես։
Բայց մենք այգում մի նստարան ենք գտել, որը կատարյալ է մեզ համար։
Կատակներ, որոնք ծիծաղելի են։
Եվ հիմա Սերը տնական թարմ շոկոլադե խմորեղեն է թխում,
(Բայց Սերը հավանաբար դրանց վերջը կտա կեսգիշերային ճաշկերույթի ժամանակ)։
Սերը հիասքանչ տեսք ունի ներքնազգեստով, բայց նաև սիրում է կապաներ կրել։
Սերը սարսափելի վարորդ է, բայց հրաշալի ուղղորդող։
Սերը գիտի՝ ուր է գնալու, զուտ կարող է ծրագրվածից երկու ժամ ուշանալ։
Սերը խառնաշփոթի է վերածվել հիմա։
Սերը պարզ է։
Սերը օգտագործում է ծիծիկներ բառը ծնողներիս ներկայությա՛մբ։
Սերը աղմկոտ է ծամում։
Սերը բաց է թողնում ատամի մածուկի բերանը։
Սերը ժպտացող դեմք է դնում բոլոր նամակներում։
Եվ պարզվում է․․․ Սերը միզում ու կեղտոտում է։
Բայց սերը նաև լաց է լինում։
Եվ Սերն ասում է «դու գեղեցիկ ես», և հենց դա էլ նկատի ունենում։
Անընդհատ ու անընդհատ։
«Դու գեղեցիկ ես»։
Երբ նոր ես արթնացել․ «Դու գեղեցիկ ես»։
Երբ հենց նոր արտասվում էիր․ «Դու գեղեցիկ ես»։
Երբ չես ուզում լսել դրա մասին․ «Դու գեղեցիկ ես»։
Երբ չես հավատում դրան․ «Դու գեղեցիկ ես»։
Երբ ուրիշ էլ ոչ ոք չի ասելու․ «Դու գեղեցիկ ես»։
Սերը, մեկ է, մտածում է․ «Դու գեղեցիկ ես»։
Բայց Սերը անթերի չէ և երբեմն մոռանում է։
Երբ ամենաշատն ես ուզում լսել․ «Դու գեղեցիկ ես»։
Մի մոռացիր այդ մասին։
Սերը քո ակնկալած մարդը չէ։
Դու չես կարող կանխագուշակել ոչինչ։
Գուցե Սերը Նյու Յորքում է՝ արդեն քնած։
Իսկ դու արթուն՝ Կալիֆորնիայում, Ավստրալիայում։
Գուցե Սերը միշտ սխալ ժամային գոտում է։
Գուցե Սերը պատրաստ չէ քեզ։
Գուցե դու պատրաստ չես Սիրուն։
Գուցե Սերը ուղղակի ամուսնացողներից չէ։
Գուցե հաջորդ անգամ Սիրուն տեսնես բաժանումից քսան տարի անց։
Սերը մեծացել է հիմա, բայց ճիշտ նույնքան գեղեցիկ է, որքան հիշում էիր։
Սերը, կարող է, միայն մեկ ամսով է այդտեղ։
Սերը գուցե այդտեղ է միայն հրավառության ժամանակ։ Ծննդյան բոլոր խնջույքներին։ Ամեն անգամ հիվանդանոց այցելելիս։
Սերը մնում է։ Բայց գուցե չի կարող։ Գուցե չպետք է։
Սերը գալիս է ճիշտ այն ժամանակ, երբ պիտի գար, և հեռանում է, երբ հարկավոր է։
Երբ Սերը ժամանում է, ասա՛․ «Բարի գալուստ։ Զգա քեզ ինչպես տանը»։
Եթե Սերը հեռանում է, խնդրիր՝ դուռը բաց թողնի։
Անջատիր երաժշտությունը։ Ականջ դիր լռությանը։
Շշնջա․ «Շնորհակալ եմ, որ այցելեցիր»։
Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի