Երբեմն ես նեղանում եմ,
երբեմն մոռանում եմ ջրել ծաղիկները,
իսկ երբեմն էլ մոռանում եմ արթնանալ.
քնում եմ շատ երկար`
մեռնելու չափ խորը ու մեռնելու չափ շատ:
Երբեմն ես մոռանում եմ երազել,
երազում եմ անկարևոր բաների մասին,
որովհետև մի օր
ինչ֊որ մեկն ասաց,
որ միշտ երազել պիտի ամենաանհնարինի մասին,
որ ապրելդ զգաս,
իսկ անհնարին երևույթները
երևի մի քիչ շատ կարևոր են ինձ համար
ու մի քիչ շատ անկարևոր գլոբալի համար,
ինչևէ,
անհնարին են։
Իսկ մի անգամ ես կմոռանամ մահանալ
կամ մեռնել,
ինչպես ասում են բանաստեղծները:
Ու այդ ժամանակ հենց
կվերցնեմ բոլոր բաժակներն
ու կշրխկացնեմ գետնին`
որպես արդարացում խելագարությանս
Ես սիրում եմ լսել ինձ համար կերտած երաժշտություն,
որը թթվածնի պես ներծծվում է թոքերս,
քամում է աչքերս,
փչում է ականջներիս մեջ այնքան ոգևորությամբ
ինչքան մի օր
երեխայիս ծնունդի համար փուչիկներ կփչեմ
ոգևորված,
երևի,
կամ հայրիկը կփչի,
եթե խմած չլինի,
եթե չլինեմ խմած,
արբած:
Մի օր աշխարհի բոլոր կենդանիները
տխուր շան դեմքով կնայեն ինձ
ու կմեղադրեն,
որ ես նրանց ինձ հետ
չվերցրի տապանի վրա ,
որ ես նրանց չկերակրեցի,
որովհետև ես մոռացել էի արթնանալ,
քնած էի շատ,
որովհետև ես երազում էի
անկարևոր մասին,
որից մի օր գուցե ինքնասպան լինեմ,
որովհետև ես նրանց չեմ սիրում,
մարդկանց չեմ սիրում,
ոչ ոքի չեմ սիրում,
մեկ֊մեկ էլ սիրում եմ
շատ ուժեղ
քամելու չափ
փչելու չափ
երախաների չափ
քո չափ
անչափ
ամենաչափ:
Իսկ այս մի քանի տողը
ապացուցում է խելագարությանս մոտակա գալստի մասին,
որին կդիմավորեք շոմպայնով,
որից մի քիչ կտխրեք,
հետո կուրախանաք.
չէ՞ որ խելագարությունն ի վերջո
ծիծաղելի է:
***
Ապակու մանր մասնիկները շրխկացին գետնին,
ու դու մնացիր բոբիկ կանգնած սենյակում,
ոտքերդ ճղրտվեցին,
արյունոտվեցին,
ու ցավացին մահվան չափ,
բայց դու չանմեղացար։
Քանի որ ապակու փշուրները հավաքելը բարդ էր,
թողեցիր թափած ու հեռացար սենյակից՝
մոտենալով մեկ այլ սենյակ։
Այնտեղ դու մոռացար փակել ծորակը,
և ամբողջ տարածքը լցվեց ջրով։
Դու հեռացար այդտեղից ևս։
Հաջորդ սենյակում մահացան մարդիկ,
իսկ ինքդ չդիմացար դիակի թարմ հոտին
ու նորից գնացիր
քեզ տրամադրվեց մի նոր մեծ ու լուսավոր սենյակ,
բայց դու երկու ժամ երջանկությանը չդիմացար
ու քանդեցիր պատերը
անջատեցիր լույսերը,
ու սպանեցիր սենյակի ներսում գտնվող բոլոր մարդկանց,
որովհետև քեզ դուր էին գալիս
մահվան հասցնող վերքերդ։
Ու քանի որ դու այլևս անելիք չունեիր՝
մահացար՝ Խնդրելով, որ քեզ այրեն։
բայց մարդիկ,
իհարկե,
քեզ թաղեցին,
որովհետև նրանց դուր է գալիս
քեզ հողի մեջ տեսնելն ու տանջվելը։
Որովհետև
մարդիկ չեն սիրում լինել երջանիկ։
Որովհետև Մարդիկ հիմար են։
***
Տանիքները տնքոցներ էին հանում անձրևի կաթիլներից
աշխատանքից վերադարձող մարդիկ ոտքերն էին պաշտպանում թաց նասկիներից
երեխաները կոնֆետներ էին պահանջում հայրերից։
Աշխարհը կարծես մի ֆիլմ լիներ
ֆենտզի, կոմեդիա, մելոդրամա,
ընտանեկան և հազար ու մի բան,
որտեղ միշտ մեկը նայում է պատուհանից դուրս
ու երազում իր սիրելիի մասին։
Չէ, սիրելիս, ես չեմ նա։
Ես հագնում են տաք կոշիկներս,
երկար վերարկուս
ու վազում եմ քո երկիր՝
գտնելու անձրևի պես աչքերիս մեջ կաթկթացող աչքերդ,
համբուրում եմ թարթիրչներդ
ու նեղանում եմ քեզնից,
որ ինձ նորից չճանաչեցիր։
Ամեն տարի, սիրելիս,
ես քեզ գալիս եմ հյուր
և ամեն հաջորդ տարին
նորից ստիպված հիշեցնում եմ քեզ՝ ով լինելս։
Այնքան արկածային է,
երբ ես եմ մոռացկոտ,
բայց այնքան ողբերգական է,
երբ ինձ են մոռանում։
Դու ամեն տարի սիրահարվում ես ինձ նորից,
իսկ ես ավելի շատ եմ սիրում աչքերդ
(այս տարի թարթիչներդ ավելի են երկարել ու
աչքերդ էլ ավելի շատ են կաթկթում)։
Ամեն եկող ամառ ավելի ամուր եմ համբուրում փակ աչքերդ,
որ ավելի գաղտնի սիրեմ քեզ
ու անհասկանալի լեզվով ինչ֊որ բառեր ասես,
որոնք ինձ այնքան պետքական կթվան։
Իսկ մի ուրիշ օր, սիրելիս,
ես աշխատանքից տուն կգամ,
կհանեմ թաց, գունավոր նասկիներս
ու կհարցնեմ քեզ մտքով,
թե արդյոք չե՞ս մոռացել կոնֆետ տանել փոքրիկ աղջկադ։
***
Ուրվականդ նորից սենյակումս է։
Ժամի թկթկոցից բացում եմ աչքերս,
ժամը դնում եմ դրսի պատուհանագոգին,
սիրտս թփթփում է,
սրտիս թփթփոցից աշխարհի բոլոր սև կատուները սատկում են,
մնում ենք ես,
ժամը ու ուրվականդ։
Վարագույրս ՝ աջ֊ձախ, աջ֊ձախ…
Կատուների սև ուրվականը մլավում է քամու մեջ,
ու ես նորից սիրում եմ քեզ,
նայում եմ հայելու մեջ.
դու ես,
դու՞ ես,
ե՞ս թե ուրվականդ,
բայց չէ՞ որ դու դեռ չես մեռել,
ուրեմն ինչու է քնած ուրվականդ սենյակումս,
ինչո՞ւ դու՝ ուրիշ տեղ,
ուրվականիդ ուղարկել ես ինձ մոտ՝
որպես վերջին մոհիկան կենդանությանդ։
Ես հառաչում եմ վախից,
ես անտանելի սարսափում եմ քո գոյությունից,
ես վախենում եմ չերևացող,
բայց պատուհաններ փշրող քամուց,
ես վախենում եմ սատկած կատուներից,
ես վախենում եմ քեզնից։
Բայց հենց գնաս,
ու ուրվականդ էլ մարմնիդ պես վայելի
աստվածուհու գեղեցիկ գոյությունը կողքիդ,
ես որպես սպիտակ կատու
կլրացնեմ ուրվականների շարքը,
ես որպես զոհ
կմատուցվեմ Ափրոդիտեին,
ես որպես հասարակ աղջիկ՝ կանհետանամ քաղաքներից։
Ու աշխարհը կդառնա նորից սովորական՝
առանց ֆանտաստիկ գոյությանդ,
առանց իմ ֆանտաստիկ սիրո
ու առանց սև կատուների
որոնք առանց այդ էլ բարձր էին մլավում։
***
Մոտեցիր,
քանի դեռ ապրում եմ
ու քանի դեռ չեմ մոռանում քո ապրելու մասին։
Նայիր աչքերիս,
բայց մի խոսիր,
լռիր,
ինչպես մի ժամանակ լռել են շատ անծանոթներ։
Հետո կանգնիր ու հանգիստ հեռացիր՝
իբրև չես էլ եկել։
Ես կվերցնեմ այդ պահն ու կերկարացնեմ,
կձգեմ բոլոր կողմերից,
դրանով ինձ համար տուն կսարքեմ,
գրքեր կստեղծեմ,
երաժշտություն կդարձնեմ,
հետո դա կմանրաթելեմ
ու տաք սվիտերներ կգործեմ ինձ համար,
նոր ու տաք կոշիկներ կկարեմ։
Դրանով ինձ սուրճ կպատրաստեմ
ու կոկորդս կլցնեմ այդ պահով,
կարմիր շրթներկ կդարձնեմ դրանով
ու կքսեմ շրթունքներիս,
ձեռնոցներ կկարեմ ու կհագնեմ ձեռքերիս,
ինչ որ սև հագուստ էլ կկարեմ,
որ եթե մի օր մեռնեմ,
դրանով մեռնեմ։
Ծխախոտներ կգնեմ
ու թոքերս էլ դա կլցնեմ։
Ձեռագիրս կմխտռեմ այդ պահով,
Դա կքամեմ ու օծանելիք կդարձնեմ ինձ համար,
որ իշխեմ բոլորի վրա Ժանբատիստյան ոճով։
Ես կամուրջներ ու մութ փողոցներ կսարքեմ այդ պահով
ու կքայլեմ ..
Իսկ երբ դա արդեն վերջանալիս լինի,
սիրելի՜ս,
Ես վերջին անգամ մի լուցկի կվերցնեմ դրանով,
կհագնեմ այն սև զգեստն ու
կայրեմ ամեն ինչ։
Հետո հանգիստ կմեռմեմ այդ պահով ՝
աշխարհից հետս վերացնելով անգամ քեզ դիպած օդը
ու ապրելով օդով ։
***
Սանրվելուս ընթացքում
աշխարհը կործանվեց
փուլ եկան շենքերն,
ու մահացան մարդիկ,
մազերս հատիկ֊հատիկ թափվեցին,
բայց հատակ չկար։
Ես մնացի օդում կանգնած՝
անթթվածին ու անաստված,
կողքերս բաց պատուհաններ էին,
բաց մոլորակներ
ու սատկած մարդանման արարածներ։
Չհասկացա՝
ինչու՞ աշխարհը կործանվեց
հենց սանրվելուս ընթացքում,
ու ինչու՞ ես չեմ մահացել
իսկ գուցե նո՞ր եմ ծնվել։
Ես վերցրի մկրատն ու կտրեցի գլուխս,
որ հանգիստ սանրեմ մազերս,
մարմինս ընկավ,
իսկ ես դեռ հարդարվում եմ,
որ այսօր գամ քեզ տեսության՝
այնտեղ,
որտեղ շատ մարդիկ կան, արդեն վաղուց պառկած,
ու այնտեղ՝
որտեղ այս մարդիկ էլ պիտի պառկեին։
Այնինչ ոչ մեկը չմնաց,
որ թաղի մնացածին։
Ես կթաղեի,
բայց հանդիպման եմ
և ուշանում եմ,
իսկ մարմինս ընկավ եկեղեցու գլխին,
վրան՝ մի քանի մեղավոր մազեր։
Ինչու՞ են շատերը միանման գրում: Ամեն ինչ երկարացնում…