Մհեր Արշակյան | Երբեք չծնվածի ինքնադիմանկար

Երբեք չծնվածներինն է կյանքը: Նրանց բացարձակապես վիճակված չէ կյանքի ոչ մի փորձություն: Ոչ ոք նրանց ոչնչում չի մերժում, ներառյալ երբեք չծնվածները: Նրանց ոչնչում փորձել հնարավոր չէ: Ոչինչ նրանց չի մղում ստելու: Նրանք չեն դավաճանում իրենց ընկերներին: Կարճ ասած, նրանք անսխալական են:

Նրանց հնարավոր է ենթադրել, ինչպես գրքի կերպար: Հեշտ է նրանց տեսնել ազատագրված, որին այլևս ոչինչ չի սպառնում:

Երբեք չծնվածը Յոզեֆ Մենգելե չի դառնա: Իսկ նա, ով կարող է դառնալ Շեքսպիր կամ Բորխես, արդեն ծնվել է: Երջանկությունը կամ դժբախտությունը նրանց չի վերաբերվում, նրանց վերաբերվում է պատեհությունը: Նրանց վերաբերվում է հանգամանքը:

Երբեք չծնվածները հազիվ թե ողբան, որ չեն սիրել, քանի որ ողբը սովորաբար սկսվում է սիրելուց:

Երբեք չծնվածը հավասարակշռում է իր բացակայությունը և իր մնացյալ ամեն ինչ լինելը: Նա չի կարող կաշառել կամ կաշառվել: Նա անչափելի է, անսահման, նա գերի չի ընկնում իր կրքերի ձեռքը: Նա կարող է ընդհուպ ոտք գցել Աստծո հետ, որը նույնպես չկա: Նրան չես կարող մոռանալ, որովհետև չես էլ հիշում․ նա իլյուզիաներից դուրս է: Նրան փակել հնարավոր չէ:

Երբևէ չծնվելը չի նշանակում, որ նրա առաջ փակ են այս աշխարհի դռները, այլ՝ որ նրան վիճակված չէ այսպիսի աշխարհը, որտեղ ծնվելն արդեն իսկ նշանակում է ապականել այն:

Երբեք չծնվածին նույնիսկ աբորտ չես անի կամ վիժի: Երբեք չծնվածը վիժվածք չի դառնում:

Նա միշտ կարող է հիշեցնել, թե ինչից ես պլստացել դու՝ չծնվելուց: Նա արդեն իսկ կրթում է մեկ անգամ ծնվածին երբեք չծնվելով: Երբեք չծնվածների այսաշխարհիկ խոսնակը Սիորանն է:

Երբեք չծնվածները չունեն հայր և մայր, որոնց մի օր հաստատ ավելի քիչ են ուշադրություն դարձնելու, նրանք սեռ չունեն և յուրովի չեն բախվելու սեռի անհարմարություններին կամ առավելություններին: Նրանք չեն նվնվում, չեն փառաբանում մի բան, որին նույնիսկ սրտով չեն զգացել:

Երբեք չծնվածները ոչնչի համար հաշվետու չեն, նրանց ներսում և աչքի առաջ ոչինչ չի փլուզվում:

Ի՞նչ կարող է վկայել երբեք չծնվածը: Եվ ամենակարևորը՝ որ ի՞նչ:

Նրան ինքնագնահատականի հարուցած ճգնաժամերի մեջ չես բռնացնի: Նրան վիճակված չէ ապրել հանճարի կողքին՝ հասկանալով, որ հանճար ծնվում են:

Երբեք չծնվածին չի սպառնում նախանձը, որը անգիտության արդյունք է, նա երբեք չի անգիտանա: Նա երբեք չի ապուշանում: Նա չի բախվի ընտրությանը, որը չունի: Երբեք չծնվելը նրա ընտրությունը չէ, բայց նա կարող է լինել մեկ անգամ ծնվածի կենդանի խորհուրդը՝ երբեք չծնվել:

Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը չի հանդիպել երբեք չծնվածին: Ավելի հեշտ է ասել, որ մենք չենք հանդիպում մեկ անգամ արդեն ծնվածների 99, 99 տոկոսին: Ոչ ոք չի կարող ասել, որ չի ճանաչում երբեք չծնվածին: Դա միայն երբեք չծնվածը կարող է ասել մեկ անգամ ծնվածի մասին: Երբեք չծնվածին մենք հանդիպում ենք ամեն օր, նա մեզ հետ է ամեն ակնթարթ, ամեն առիթով, եղածի ու չեղածի մեջ, և նույնիսկ մահը մեզ չի բաժանում: Ավելին, կյանքի ամեն ակնթարթն ավելի ու ավելի է ճանաչեցնում երբեք չծնվածին, որը մեր իմացած և չիմացած դեմքերից ոչ մեկին նման չէ:

Երբեք չծնվածն ինքնին չի ապրում, նա սկսում է ապրել, երբ ինչ-որ մեկն արդեն ծնվել է: Երբեք չծնվածը գոյություն ունի քեզ զուգահեռ: Բայց երբեք չծնվածը կա, երբ արդեն գիտակցվել է: Նրա գիտակցությունն ու իմացությունը պարտակված է մեկ անգամ արդեն ծնվածի մեջ:

Երբեք չծնվածին սպանել չես կարող և նա ինքնին չի մեռնում: Բայց նա կարող է մեռնել քեզ հետ, քանի որ նա երբեք չծնված է հենց ծնվածի ընկալման դաշտում:

Ո՞վ կարող է վիճարկել երբեք չծնվածին, ո՞վ կասի, որ նա գոնե մեկ անգամ չի արդարացրել իր չծնվելը, ո՞վ կասի, որ նա երբեք անկեղծ չի եղել: Ի տարբերություն մեկ անգամ ծնվածի, նա երբեք չի լինում առաջին ու վերջին անգամ: Չլինելը նրա կոչումը չէ, նրան չեք գտնի կանչվածների մեջ, բայց ընտրյալների մեջ նրան ճանաչելը մեկից մեկ է:

Երբեք չծնվածը քեզ միշտ հարազատ է, դու նրան՝ ոչ:

Երբեք չծնվածին մեկ անգամ ծնվածից տարբերում է երևակայության բացակայությունը: Եվ, ընդհանրապես, բացակայությունը նրա այցեքարտն է:

Երբեք չծնվածների ամբոխ գոյություն չունի, նրանք չեն կարող ենթարկվել այլ երբեք չծնվածների ազդեցությանը ու պատճառ դառնալ երբեք չծնված մյուսների կործանման: Նրանք երբեք քարոզիչ չեն դառնա ու չեն հռչակի որևէ ճշմարտություն: Հենց դա է նրանց դարձնում արդեն ապրած: Ասես բոլոր երբեք չծնվածների մեջ իշխում է մի Ժողովող: Նրանք միմյանց չեն օգտագործում:

Երբեք չծնվածը տարբերվում է նրանից, որին ոչ ոք չի ծնել: Նույնիսկ նրանից, ով երբևէ գոյություն չի ունեցել: Առաջինի «մայրը», այսինքն, նրա, որին ոչ ոք չի ծնել,  գիտությունն է, նա ի վերջո համալրում է քաղաքացու, չարիքի կամ հանճարի շարքերը: Երբեմն՝ բոլորինը միաժամանակ: Երկրորդը՝ երբևէ գոյություն չունեցածը, նույնիսկ մետաֆիզիկորեն գոյություն չունի:

Երբևէ չծնվածի մետաֆիզիկական էմբրիոնը մեկ անգամ արդեն ծնվածի մեջ է: Երբևէ գոյություն չունեցածն իր մետաֆիզիկական անգոյությամբ ավելի մոտ է Աստծուն զուտ «ֆիզիկապես»: Աստծո գոյությունը մենք ենթադրում ենք: Աստծո «գործողությունները» ամեն ինչում են: Բայց այդ ամենը՝ միայն անբացատրելիին բացատրություն գտնելու մղումից: Երբևէ չծնվածին «ապրեցնելու» համար ավելի լավ կյանքի հույսը չի մղում, մենք Աստծո կարիքը չունենք երբևէ չծնվածի «գոյության» գործողությունները պատկերացնելու համար: Նրա վերջին Աստվածը մարդն է: Նա է ստեղծում նրան: Իսկ մարդը մեռնում է անընդհատ, մեռնում է սյուժեներով և առանց սյուժեների, մարդուց սպասում ես ամեն ինչ, բավական է նրան անկյուն մղել:

Երբեք չծնվելը պակաս հրաշք չէ, որքան ծնվելը: Պատկերացրեք, ամեն ինչ այն բանի օգտին է, որ դու լինես խելքի տոպրակ, մինչդեռ ապուշ ես: Թարս հրաշք է, բայց հրաշք է:

Երբեք չծնվածի «պաշտոնական» հովանավորը ճշմարտությունն է: Այսպիսով, երբեք չծնվելու պահը բաց թողնելու դեմ կա միայն մեկ դեղատոմս՝ ծնվել անընդհատ:

Մհեր Արշակյան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *