Դավիթ Խաչիյան | Երեք պատմություն

ՎԵՆԵՐԱՅԻ ԱՆԵԾՔԸ

Էդգար Պոն մի առիթով նկատել է, որ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ կան, որոնք, սակայն, գրականության օրինական սեփականությունը դառնալու համար չափից դուրս սարսափելի են: Նմանօրինակ պատմություններում մեզ գրավում է հենց դեպքերի իրականությունը: Մտացածին պատկերներն ընդամենը ընթերցողի նողկանքն ու քամահրանքն առաջ կբերեին: Ուրեմն` պատմությունների այս թնջուկը հենց այդպես էլ թող ընկալվի:

 

Նախապատմություն 1
Մի հին լուսանկար է: Երևանի Կարապի լճի ափին կանգնած են ծնողներս, ավագ եղբայրներս ու ես: Երևի 2-3 տարեկան եմ, ոչ ավել: Ետին պլանում Սայաթ Նովայի պողոտայի վրա հառնող գեղեցիկ շենքն է երևում: Ծառերի ցանցառ ճյուղերի արանքից երևում է մի գեղեցիկ ֆրանսիական պատուհան, որը բացվում է հենց հատակից: Երկար տարիներ այս լուսանկարը կորած էր և միայն վերջերս ինչ-որ զարտուղի ճանապարհով հասավ ինձ:

* * *
Նախապատմություն 2
Ես օրագիր երբեք չեմ պահել, բայց մի անգամ որոշեցի թղթին հանձնել ամենանվիրական երազանքներս: 23-25 տարեկան երիտասարդ էի` անորոշության ու հուսահատության ճիրաններում ինքնահոշոտվող: Ցանկությունս, որն այն ժամանակ անհավանական, գրեթե` հեքիաթի պես էր ընկալվում, շատ կարճ ու կոնկրետ էր. միսենյականոց բնակարան Սայաթ Նովայի պողոտայում, մի սև դաշնամուր, Կոմիտասի լուսանկարը` դաշնամուրի վերևում կախված: Մի աթոռ, մի սեղան և մի մահճակալ: Այդքանը: Վստահ էի, որ այդ ամենն ունենալով ես անսահման երջանիկ կլինեմ ու վերջապես դուրս կգամ անհույս տվայտանքներիս տարտարոսից:

 

* * *
Նախապատմություն 3
Մի մեծ ֆրանսիացի նովելիստ էր ապրում 19-րդ դարում` Պրոսպեր Մերիմե անունով: Մենք նրան առավելապես որպես «Կարմենի» հեղինակ գիտենք, որն անմահացավ շնորհիվ մեկ այլ մեծ ֆրանսիացու` երգահան Ժորժ Բիզեի: Սակայն անձամբ Մերիմեն իր ամենահաջող գործերից մեկը ոչ «Կարմենն» էր համարում, և ոչ էլ անգամ «Մատեո Ֆալկոնեն», այլ «Իլի Վեներան» ֆանտասմագորիկ պատմվածքը: Հարգելով ընթերցողի թանկարժեք ժամանակը, ես կփորձեմ մի քանի բառով վերաշարադրել այդ հետաքրքիր պատմությունը, քանի որ դա կարևոր է հետագա անցքերը ճիշտ ըմբռնելու համար: Հիշեցնեմ, որ դեպքերը վերաբերում են տասնիններորդ դարի առաջին կեսին:
Առաջին դեմքով հանդես եկող հեղինակն ուղևորվում է կատալոնիական Իլ քաղաքը, ուր վերջերս գյուղացիները հողի տակից բազմաթիվ անտիկ հռոմեական արձաններ էին լույս աշխարհ հանում: Հրավիրողը, պրն. Դը Պեյրորադը, տեղացի մի կալվածատեր, Փարիզից ժամանած մեծապատիվ հյուրին հաճույքով հրամցնում է մի քանի արձաններ և բեկորներ, ապա հավելում, որ դրանիցից, թերևս, ամենանշանակալիցը գտնվում է հենց իր այգում: Խոսքը Վեներայի պղնձաձույլ կուռքի մասին է, որին տեղացիներն արդեն հասցրել էին «չար» ածականով հորջորջել, քանի որ հողից հանելու ժամանակ այն շրջվել և ճղմելով ջարդել էր ներկաներից մեկի ոտքը:
Կալվածատիրոջ այգում հյուրին են ներկայանում նրա կինը և Ալֆոնս անունով քսանհինգամյա որդին, որը, չնայած Կատալոնիայում ընդունված սնոտիապաշտության արգելքի, նախատեսում է ուրբաթ օրն ամուսնանալ հարևանի հարուստ աղջկա հետ: Երեկոյան, երբ հեղինակը պատրաստվում է քուն մտնել, իր ննջասենյակի պատուհանից նկատում է, որ գյուղացիներից մեկը հայհոյում է Վեներային ու քար նետում նրա կողմը: Խուլ գոռոց է լսվում: «Նա քարը հետ նետեց գլխիս», – ձայնում է գյուղացին ու լացակումած հեռանում:
Հաջորդ առավոտյան հյուրն ու տանտերը որոշում են առավել հանգամանալից կերպով ուսումնասիրել Վեներայի արձանը: Կուռքի պատկերը, հիրավի, կնոջ մարմնի կատարելություն էր: Ամեն մի կտորը, ցանկացած կողմից նայելիս, կատարյալ էր, և կարելի էր միայն ենթադրել, թե ինչ չնաշխարհիկ գեղեցկության տեր է եղել Միրոն անունով քանդակագործի բնորդուհին… Եվ միայն աչքերն ու հայացքն էին անսահաման ատելություն և դաժանություն արտահայտում: Տակդիրի վրա լատինատառ արձանագրություն էր` CAVE AMENTEM (զգուշացիր սիրող կնոջից):
Նախաճաշից հետո հյուրը գնում է ձիերին դիտելու և հանդիպում է Ալֆոնսին: Ոգևորված փեսացուն հիացմունքով խոսում է ապագա կնոջ շռայլ օժիտի մասին: Հետո ցուցադրում է իր մատին անցկացրած ադամանդակուռ մատանին, որը պատրաստվում է հագցնել նշանածի մատնեմատին ուրբաթ օրը` Վեներայի տոնին:
Հարսանիքի օրը Ալֆոնսը, տեղացի մի քանի երիտասարդների գլուխ անցած, որոշում է գնդակ խաղալ արագոնցիների դեմ: Հսկա ադամանդով մատանին խանգարում էր մի քիչ գինովցած Ալֆոնսին, ուստի նա մատից հանում է ապագա կնոջ ամուսնական նվերը, հագցնում Վեներայի մատին և հանգիստ շարունակում իր խաղը: Ի վերջո հաղթում է Ալֆոնսի թիմը: Արագոնցի տղաների ավագը սպառնում է վրեժ լուծել: Երեկոյան, որբ բոլորը պատրաստվում են վերադառնալ կալվածք, Ալֆոնսը մտաբերում է, որ մատանին մոռացել է Վեներայի մատին: Հարսանեկան ընթիրքից առաջ նա գնում է, որ բերի թանկարժեք զարդը, սակայն վերադառնում է այլայլված դեմքով ու ցածրաձայն հայտնում, որ Վեներան ծալել էր մատը, և մատանին հանել չհաջողվեց: Բնականաբար գինովցած նորափեսայի տարօրինակ խոսքերը ոչ ոք լուրջ չի ընդունում: Հորդառատ անձրևը խանգարում է գնալ և ստուգել նրա խոսքերի իսկությունը:
Հետո նորապսակներն առանձնանում են իրենց ննջարանում, իսկ Փարիզից ժամանած հյուրը փորձում է քուն մտնել իրեն հատկացված սենյակում: Առավոտյան նա արթնանում է ճչոցների ձայնից: Արագ հագնվելով իրեն գցում է ներապսակների սենյակը, ու մի զարհուրելի տեսարան է հառնում նրա և մյուս ներկաների աչքերին: Նորապսակների մահիճը փշրված է: Ալֆոնսի կապտած, անկենդան մարմինն ընկած է մահճակալին, իսկ նորահարսը հիստերիկ ջղաձգումների մեջ գալարվում է բազմոցի վրա: Այնպիսի տպավորություն է, որ Ալֆոնսին հսկա երկաթե օղակով ճզմել-ջարդել են: Հատակին ընկած է ադամանդակուռ մատանին: Թագավորական դատախազին մի կերպ հաջողվում է հարցաքննել սարսափից խելքը գրեթե կորցրած նորահարսին: Ըստ նրա, ուշ երեկոյան, ընթրիքից հետո, երբ ինքն առանձնացել է, որ պատրաստվի առաջին ամուսնական գիշերվան, ամոթխածությունից մտել է վերմակի տակ ու ծածկել դեմքը: Այդ պահին սենյակ է մտել ծանրաքայլ ու սառը մեկը և նստել մահճակալի եզրին: Հետո լսել է Ալֆոնսի բառերը` «Բարև, սիրելիս»: Դրանց հաջորել է ահասարսուռ մի գոռոց, որն աստիճանաբար մարել է: Հետո մի կերպ, հաղթահարելով սեփական վախը, աղջիկը բացել է աչքերը և տեսել ամուսնուն խեղդամահ անող Վեներայի հսկա, կանաչ կուռքը: Դրանից հետո Վեներան հանել է մատանին, արհամարհանքով շպրտել սենյակի մի անկյունն ու ծանրաքայլ հեռացել:
Ներկաներն, իհարկե, հրաժարվում են հավատալ այս վարկածին և, համենայն դեպս, հարցաքննում են արագոնցի տղաների ավագին: Սակայն վերջինիս բերած այլուրեքությունը որևէ կասկած չի թողնում, որ նա սպանության հետ որևէ կապ չունի:
Հյուրը վերադառնում է Փարիզ: Մի քանի ամիս անց մահանում է նաև կալվածատեր հայրը: Նրա կինը հրամայում է Վեներայի չարաբաստիկ արձանը հալեցնել և եկեղեցու զանգ ձուլել: Ասում են` այն պահից ի վեր, երբ այդ զանգը սկսեց ղողանչել Իլում, խաղողի այգիներն արդեն երկու անգամ ցրտահարվել են: Տեղաբնակները դա ևս բացատրում են Վեներայի անեծքով:

* * *
Նախապատմություն 4
Երեսուն տարեկան էի, երբ վերջապես կարող էի ինձ թույլ տալ մի փոքրիկ բնակարան գնել Երևանում: Ընկերոջս, որն այդ գործերում հմուտ է, խնդրեցի փոքր կենտրոնում մի հարմար բան գտնել: Երկար չսպասեցի: Շուտով ընկերս ինձ տարավ մի բնակարան, որին միանգամից սիրահարվեցի: Միսենյականոց էր, Սայաթ Նովայի վրա բացվող հսկա պատուհանով: Տանտերերը, ի զարմանս ինձ, խնդրեցին թողնել սև, հին դաշնամուրը, մի մահճակալ, մի քանի աթոռ և սեղանը: Հետո արդեն ձեռքս ընկավ հին ընտանեկան լուսանկարը, որի ետնամասում, ծառերի ցանցառ ճյուղերի ետևում հստակ երևում էր իմ ապագա բնակարանի` հատակից առաստաղ հառնող հսկա լուսամուտը: Ես չափազանց շատ եմ առնչվել կյանքի իրական դաժանությանը, որպեսզի չհավատամ նախախնամության խաղերին: Քրքրեցի հին գրվածքներս ու գտա մի հին պատմվածք միսենյականոց բնակարանի մասին: Որևէ մեկն ինձ չի կարող մեղադրել բանագողության մեջ, ուստի հիմա արդեն կարող եմ ամբողջությամբ մեջբերել այն:

 

Նախապատմություն 5 (քնարական մեջբերում)
Սպասում (պատմություն միսենյականոց բնակարանի մասին)
Կար-չկար մի լավ քաղաք կար: Ու այդ լավ քաղաքում մի լուսավոր փողոց կար: Այդ լուսավոր փողոցի վրա վարպետները մի գեղեցիկ շենք էին կառուցել: Այդ գեղեցիկ շենքի չորրորդ հարկում մի դատարկ միսենյականոց բնակարան կար: Ասենք դա բնակարանի նման էլ չէր. պարզապես մի մեծ սենյակ էր դա՝ մուտքի դռնով ու լուսավոր փողոցի վրա բացվող մեծ պատուհանով: Բայցևայնպես, նրա լրիվ անունն էր՝ լավ քաղաքի լուսավոր փողոցի գեղեցիկ շենքի չորրորդ հարկի միսենյականոց բնակարան:
Այդ սենյակը միայն մի բան գիտեր՝ սպասել: Նա սպասում էր այն բաղձալի օրվան, երբ բանալին կպտտվեր փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվեր ու ներս կմտներ իր տերը: Ու սպասում էր բնակարանը: Նախ սրտատրոփ, ապա՝ ավելի փիլիսոփայորեն, հետո՝ համակերպված իր սպասմանը:
Մի աշնանային երեկո նա հատկապես անհամբեր էր սպասում: Դրսում, մթնշաղի հուշերում թաքնված լուսավոր փողոցի վրա, երկինքները անձրև էին մաղում, բարակ ու լուսավոր մի անձրև: Ու դիմացի մայթի խունացած նեոնային ցուցանակը ևս հուզմունքից թրթռում էր թաց մայթի վրա: Ու այդ բոլոր տեսիլքները նրան պատմում էին, որ հիմա բանալին կպտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվի ու ներս կմտնի իր տերը՝ թաց մազերով մի աղջկա հետ: Ու նրանք հենց հատակի վրա, քանի որ սենյակում ոչ մի կահույք չկա, իրար սիրո խոսքեր ու համբույրներ կշշնջան… Ու այդ պահին սենյակի պատերի, առաստաղի ու հատակի մեջ շատացավ ադրենալինը: Ու սպասումը քարացավ, ու աշխարհի երջանկությունը մակարդվեց մինչև սենյակի պատերը…
Նա տագնապած դուրս նայեց ու տեսավ, որ լուսավոր փողոցը դատարկվել է: Ու արցունքները հոսեցին պատուհանի լուսավոր ապակիների վրայով… Հետո, երևի չներծծված ադրենալինից, սկսեցին ճռճռալ հատակի նրբատախտակները, ու պատերը սենյակին իր իսկ բանտը թվացին: Բայց քաղաքի պես մաքուր ու փողոցի պես լուսավոր էր նրա սիրտը: Ուստի նա շարունակում էր սպասել: Չէ՞ որ արդարացել է իր պես միլիոնավոր սենյակների սպասումը: Չէ՞ որ մի օր բանալին պտտվել է նրանց փականքի մեջ, ու ներս են մտել նրանց տերերը: Ու ժայթքել է միլիոնավոր սենյակների սպասումի արբունքը: Ու իրենց մարմնի ջերմն ու զովն են տվել այդ անվերջանալի սենյակներն իրենց տերերին, որոնք միշտ մտնում են իրենց սենյակները ժպիտով ու ուրախության ակնկալիքով: Պատից կախում են իրենց հոր ու մոր սևուսպիտակ լուսանկարը ու հետո սիրով են զբաղվում իրենց հոր ու մոր հայացքի ներքո: Իսկ հայրն ու մայրը նայում են իրենց որդուն ու նրա գրկում հևացող վարսագեղ ու սիրափողփող գեղեցկուհուն ու հիշում այն հին օրերի լավ քաղաքի ամենալուսավոր փողոցի վրա կառուցված գեղեցիկ շենքի չորրորդ հարկի գողտրիկ սենյակը, ուր իրենք էլ սիրով էին զբաղվում իրենց ծնողների սևուսպիտակ հայացքի տակ…
Ու երազում էր սենյակը ու սպասում: Բայց, միգուցե, ինքը շա՞տ չի սպասում… Միգուցե չկանչող ու թու՞յլ է իր սպասումը… Թե՞ ընդհակառակը՝ չափից դուրս զորավոր է իր ցանկությունը, ու տերը ենթազգայորեն վախենու՞մ է իր գիրկը գալ: Կամ էլ մի հիմար Պինոքիո կորցրել կամ վաճառել է իր դռան բանալին, ու հիմա պարթևատես ու գեղանի տիրոջ փոխարեն մի պառաված ու ամուլ կրկեսատե՞ր է մտնելու իր մեջ: Մտնելու է այլանդակ շարժուձևով, առանց սիրո կախարդական խոսքերի բացելու է իր դուռը, ցավ ու կոպտություն է բերելու սիրացնոր քնքշության փոխարեն ու հետո խռմփացնելու է՝ մեջքով իրեն դարձած… Այս պատկերի ահից փշաքաղվեցին սենյակի պատերը: Նույնիսկ ճռճռացող հատակը սարսափից լռեց…
Բայց չէ՞ որ ինքն այնքան սեր ունի տալու իր տիրոջը, ավելի շատ, քան մի որևէ այլ սենյակ: Մի տաք երեկո բանալին կպտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով կբացվի, նա հոգնած ներս կմտնի ու իր սև կոստյումով անուժ կփռվի տաք հատակին: Այդ ժամանակ սենյակը նրբաքայլ կմոտենա նրան ու անձայն հպումով կհանի նրա կոշիկները, կարձակի փողկապի հանգույցը ու վերնաշապիկի վերին կոճակը: Ու իր մեղմ ձայնով, դիմացի մայթի նեոնային ցուցանակի խունացած լույսով թաթախուն, նրան բարի գիշեր կմաղթի: Նա իր թրթռացող մատներով կբռնի տիրոջ մեծ ու ամուր ձեռքը ու անձայն կպատմի նրան այն հեքիաթները, որ տեսել է իր մաքուր աչքերով լուսավոր փողոցի վրա: Հետո քնքուշ գգվանքով կհպվի տիրոջը ու նրա ականջին կշշնջա սիրո խոսքեր: Կպատմի, թե ինչպես է երազել նրա ձեռքերի ուժն ու մատների հանդարտ մոլուցքը: Կպատմի, թե ինչքան է անքուն լիալուսնի գիշերներին հևոցով սպասել, որ բանալին պտտվի փականքի մեջ, դուռը ճռռոցով բացվի, ներս մտնի իր տերը, մի ամուր մեխ խփի իր չորս պատերի ամենաթեժ կետին ու կախի սևուսպիտակ լուսանկարը: Ու ինքը կներկի իր քաջաբազուկ տիրոջը իր երջանկության ներկակալի կաթնաբույր թրթռոցով… Եվ այնքան է թրծվել իր սերը սպասումի բոցերում, որ ինքը պատրաստ է ոչ միայն հանդուրժել, այլև ինչ-որ ձևով փայփայել այդ դալուկ ձեռքերով ու հեշտաթույր վարսերով գեղեցկուհու անցողիկ գոյությունը անգամ… Հիրավի, ի՜նչ են նրա սիրային վտիտ խաղերը իր սիրային փիլիսոփայության հանդեպ: Մի՞թե դա մի ժամանակավրեպ անհեթեթություն չէ իր զգացմունքի հավերժության կողքին, մի թույլ մակդիր «Սեր» կոչվող հավերժությանը կառչած… Եվ մի հիմար Պինոքիո, որն անհանդուրժելի անզգուշությամբ կորցրել կամ վաճառել է սենյակի բանալին, կարոտի ու սպասումի այս հանճարը նսեմաբար խանդ է հորջորջելու: Եվ ոչ ոք չի էլ իմանալու, ու՞ր մնաց թե հասկանալու, այս լավ քաղաքի լուսավոր փողոցի գեղեցիկ շենքի չորրորդ հարկում ապրող միսենյականոց բնակարանի չհորդած սիրո հեքիաթը…
Ու չմակարդված սիրո բառերից ու չներծծված ադրենալինից ճաքճքեցին նրա պատերը, ու սևուսպիտակ մի լուսանկար չսքողեց նրանց մերկությունը: Պատուհանի ապակին պատվեց զգացմունքների ու սրտի հևքի փոշով, ու սենյակը չտեսավ լուսավոր փողոցով հոսող կանաչ ժամանակի ծփանքը: Ու քարացավ նրա սպասումը, ու ինքն էլ սպասումից քարացավ: Ու լռեց նրա սիրո փիլիսոփայությունը, քանի որ այլևս չէր լսում ո՛չ փականքի մեջ պտտվող բանալու ձայնը, ո՛չ դռան ճռճռոցը, և ո՛չ էլ իր տիրոջ գալստյան տեսիլքը:
* * *
Բանալին պտտվեց փականքի մեջ, դուռը Ճռռալով բացվեց, ու ներս մտավ կրկեսատերը: Նա այլանդակ շարժուձևով ներխուժեց սենյակ, պառկեց հատակին ու, ինքնաբավարարումով զբաղվելուց հետո, խռմփացրեց՝ մեջքը դեպի սենյակը դարձրած:

 

* * *
Բուն պատմությունս
Ես սիրով տրվեցի իմ միսենյականոց բնակարանին, ու նա էլ ինձ սիրեց: Հոգեկան անսահման անդորրն ու խաղաղությունն էին պարուրում ինձ այդ փոքրիկ սենյակում: Անգամ փողոցի աղմուկն ինձ չէր հասնում: Նախկին տիրուհին, որն արդեն հասակ առած աղջիկ էր, այդպես էլ չկարողացավ ամուսնանալ, քանի դեռ այդ բնակարանում էր: Մի անգամ նա ինձ ասաց.
– Տարօրինակ է: Մենք այս բնակարանում ենք ապրում նրա կառուցման առաջին իսկ օրից, բայց մեզ երբեք չէր լքում այն զգացողությունը, որ մենք այստեղ հյուրեր ենք ընդամենը, այլ ոչ թե տանտերեր: Հանգստանում էինք միայն այն ժամանակ, երբ դուրս էինք գալիս բնակարանից:
Հետո ես ամուսնացա: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց այդ բնակարանում կինս այդպես էլ չհղիացավ: Դա տեղի ունեցավ հետո, երբ հանգստի էինք մեկնել ծովափնյա մի քաղաք: Հետո տեղափոխվեցինք այլ բնակարան, իսկ միսենյականոցը միառժամանակ մնաց դատարկ ու մենակ:
Հետո որոշեցի այն վարձով տալ: Դատարկ բնակարաններն արագ են քանդվում: Առաջին ապրողը մի ճապոնացի ճարտարագետ էր: Համեստագույն և պարզակենցաղ մի մարդ: Սակայն նա շուտով փախավ բնակարանից, քանի որ, իր ասելով, վատ էր զգում իրեն:
Հետո մի ամերիկացի երիտասարդ եկավ: Ապրեց լավ թե վատ ու ապա որոշեց ամուսնանալ մի հայ աղջկա հետ: Աղջիկն այդպես էլ չհղիացավ: Տեղափոխվեցին մի այլ բնակարան: Կինը հղիացավ:
Հաջորդ կենվորները ատամնաբույժ եղբայրներ էին: Բնակարանը հենց սկզբից չսիրեց նրանց, քանի որ բիրտ և կարծրահոգի մարդիկ էին: Եղբայրներց մեկը մահացավ հենց բնակարանում: Ցերեկը: Բազմոցին նստած և տանջահար դեմքով: Դատական բժիշկները արտասովոր ոչինչ չհայտնաբերեցին: Սրտի կաթված:
Հաջորդը երիտասարդ մի զույգ էր, որ վերջերս էր ամուսնացել: Երկար ժամանակ աղջկա հղիացումներն ընդհատվում էին բնական վիժումներով: Եվ քանի որ վարձերն էլ չէին տալիս` խնդրեցի ազատել բնակարանը: Երևի իրենք էլ չհասկացան, որ իրականում իրենց բարություն արեցի: Մի որոշ ժամանակ անց տեսա այդ տղային: Ասաց, որ արդեն զավակ ունեն:
Մանր-մունր անցքերին հիմա չեմ էլ ուզում անդրադառնալ. ջրի պայթած խողովակներ, անտեսանելի մեկի անբացատրելի ներկայության մշտական անհարմար զգացողությունը, և այլն:
Դրանից հետո հասկացա, որ չի կարելի թույլ տալ, որ ճակատագիրը նման դաժան խաղեր խաղա անմեղ մարդկանց հետ, ուստի կողպեցի դուռը և այլևս ոչ մեկին չտվեցի այդ բնակարանի բանալիները:
Ինքս եմ գնում այնտեղ ժամանակ առ ժամանակ: Զգուշորեն բացում եմ դուռը, նստում բազմոցին ու զգում եմ, թե ինչպես են սենյակի անտեսանելի ձեռքերը գուրգուրանքով շոյում մազերս ու ուսերս… Նա սպասում է ինձ: Նա միշտ կսպասի ինձ ու անգամ կհանդուրժի իմ տղայական զանցանքները… Եվ ես զերծ կլինեմ նրա անեծքից, քանի որ հենց իր պաշտպանության տակ եմ:
* * *
Ժամանակը մեզ կարծրացրել է ու սոսնձել նյութական արժեքներին: Միստիկային իբրև հեքիաթային կամ առասպելական մի բանի ենք վերաբերում: Քենթրվիլյան ուրվականն էլ Ուայլդի հորինած պատմությունն է, որը նյութապաշտ ամերկացի դիվանագետի և նրա որդիների թեթև ձեռքով դիսնեյական ոճի հեքիաթի վերածեցին: Ոչ ավելին: Բայց ո՞վ կփորձի մեկնաբանել իմ միսենյականոց բնակարանի պատմությունը նյութական աշխարհի օրենքներով: Ես ինքս չեմ կարող: Եմ մի՛ նեղացեք, որ ձեզ չեմ հրավիրում իմ բնակարան սուրճ խմելու: Ավելի լավ է` սրճարան գնանք:
Հանգստություն Պրոսպեր Մերիմեի և Էդգար Պոյի ոսկերներին:

 

 

ԵՐԵՔ ԴԱՍ

Ե՞րբ թռան տարիները: Ասես երեկ էր, երբ լուր հասցրին, որ տղա է ունեցել: Մյուս օրերից ոչնչով չտարբերվող մի օր էր: Եկավ տուն, գրկեց նորածնին, նայեց աչքերին ու ասաց, որ տղան պապի` իր հոր անունն է կրելու: Ինքն իրեն դա մկրտություն համարեց ու անգամ չմտածեց անվանակոչության հոգևոր խորհրդի մասին: Մի քանի անգամ հետը դաշտ էր տարել, երբ տղան սկսել էր քայլել: Հետո իմացել էր, որ արդեն դպրոց է գնում: Սովորում էր մյուս տղաներից ոչ լավ, ոչ էլ վատ: Իմացել էր, որ ծխում է, սակայն ձայն չէր հանել: Միայն մի անգամ, երբ տղան բռնվել էր ակամա մի գողության մեջ, պարզապես նայել էր աչքերին ու ասել.
– Մի՛ մոռացիր, որ իմ հոր, քո պապի անունն ես կրում:
Դա բավական էր եղել: Այդ օրն առաջին անգամ նկատել էր տղայի աչքերում պատսպարված լրջությունը:
Մի ուրիշ անգամ արդեն քթի տակ սևացող աղվամազով տղայի աչքերում գրեթե աննկատ արցունք ու ցասում էր տեսել: Մեկեն հասկացել էր, թե ինչն ինչոց է: Դարակից հանել էր հորից մնացած լայնաշեղբ դանակը, որը տղան միշտ երազել էր գրեթե աննշմար մի կրքով, դրել տղայի ձեռքն ու ասել.
– Գնա պաշտպանի՛ր պատիվդ: Ու թող գոնե մեկն իմանա, որ սիրտդ հավից չես ժառանգել:
Լռելյայն ու հանգիստ սպասել էր տղայի վերադարձին: Անգամ հասցրել էր երկու թե երեք գլանակ ծխել` կնոջ լուռ արցունքներն արհամարհելով: Միայն ասել էր.
– Մի անհանգստացիր: Եթե վերադարձավ հաղթած` լավ: Եթե չվերադարձավ` էլի լավ: Ավելի լավ է տղամարդու պես մեռնել, քանի հավի պես ապրել:
Կինը միայն սրբել էր արցունքները ու շարունակել կիսատ լվացքը, քանի որ սիրտ չէր անի առանց ամուսնու գիտության տղայի հետևից գնալ: Թեև երբեք չէր հասկացել, սակայն ակամայից ընդունել էր ամուսնու կամքի անհերքելիությունը:
Տղան վերադարձել էր` արյունոտված շապիկով ու գրեթե այլանդակված դեմքով: Դանակը խնամքով լվաց սպիտակեղենի տաշտի մեջ, չորացրեց ու խանդաղատանքով վերադարձրեց հորը: Դա բավական էր, որ վերջինս հասկանար` առաջին քննությունը տղան բռնել է: Անգամ աչքերին չնայեց: Մայրը միայն, այլևս չկարողանալով զսպել իրեն, փղձկաց ու հեռացավ կողքի սենյակը:

 

* * *
Այսօր երկրորդ դասն էր: Նստել էր խունացած ու տեղ-տեղ քրքրված գորգի վրա ծերացած բազմոցին: Սովորության համաձայն ծխում էր ու նայում դիմացի լղոզված գույներով պատին: Մարմնավաճառ կանանցից մեկը, երևի դրանց գլխավորը, փորձեց ինչ-որ անհամ խոսակցության մեջ ներքաշել նրան, սակայն շուտով հասկացավ այդ ձեռնարկի ողջ անհեթեթությունը: Փողը վճարված էր առանց սակարկելու, և ավելորդությունների կարիք բնավ չկար: Կինը շինծու խեթությամբ նայեց տղամարդուն, դուրս եկավ հյուրասենյակից ու թիկն տվեց դրսի դռան փեղկին` լկտի հայացքով չափելով անցորդներին:
Դռան ետևում իր տղան էր: Առաջին անգամ էր կնոջ հետ լինում: Պոռնիկին ինքն էր ընտրել` իր ճաշակով, վստահ լինելով, որ տղային էլ նա դուր կգա: Անգամ չէր հարցրել տղայի կարծիքը: Պարզապես վճարել էր ու գլխի թեթև շարժումով հասկացրել, որ պիտի այդ երիտասարդ կնոջ հետ առանձնանա դռան ետևում: Նաև գիտեր, որ առաջին փորձը երկար չի տևում: Ուր որ է տղան դուրս կգա: Թե ինչ կանի հետո կյանքում` դա տղայի գործն է (մի քիչ էլ երևի ճակատագրի խաղը), բայց իրենից հասնում էր բռնել տղայի ձեռքը ու բերել այստեղ, որ իմանա, թե ինչ է կինը: Միգուցե հետո կհասկանա, թե ինչու են տղամարդիկ խելքահան լինում կանանցից, բայց դա էական չէ: Անձամբ իրեն արդեն շատ վաղուց այդ հարցը չի հետաքրքրում: Կարևորն արված է:
…Առանց խոսելու հասան տուն: Արդեն մութ էր: Կինն իր դարդերին տրված անխոս լվացք էր փռում բակի ծայրից-ծայր ձգված պարանին:

 

* * *
Երբ տղան վերադարձավ բանակից` թողեց, որ մայրն ու ընկերները մի քանի օր իրենց կարոտ առնեն: Իսկ ինքը գնաց հարևանի մոտ, թուղթ ու մատիտ վերցրեց ու մի կարճ երկտող գրեց. «Այս նամակը բերողն իմ տղան է: Նրան ցույց կտաս ծովը»: Առանց ստորագրության ու առանց ածականների: Կյանքը ածականներ չի սիրում: Դրանք սեթևեթության, վախի ու հուսահատության ծնունդ են: Անուններ էլ չկան : Դրանք պայմանական անվանումներ են ընդամենը: Կենդանիները, որ հաստատ մարդկանցից ավելի խելացի են, անուններով չեն տարբերում մեկը մյուսին:
Տղային կանչեց մոտը:
– Այս նամակը կտանես ծովափնյա քաղաք: Այստեղից ձիով երկու շաբաթվա ճանապարհ է: Գնացքով երևի ավելի շուտ կհասնես: Ծովափին մի հին հացատուն կա: Այդտեղ վզի վրա սպիով ու ալիքավոր մազերով մի կին է աշխատում: Նրան կհանձնես ու կանես ինչ որ ասի քեզ: Ժամանակ մի կորցրու: Հենց վաղն էլ ճամփա ընկիր:
Տղան միայն գլխով արեց: Առանց բառերի: Արդեն ուզում էր հեռանալ, երբ հայրը հետ կանչեց նրան:
– Վերցրու սա: Քեզ ավելի շատ պետք կգա, քան ինձ:
Առաջ քաշեց դարակը, դրա խորքից հանեց լայնաշեղբ դանակն ու դրեց տղայի ձեռքը:
Հետո, երբ տղան դուրս եկավ, նստեց զառամյալ աթոռին, մի գլանակ վառեց ու, դիմացի պատին նայելով, ժպտաց. մի բան, որ շատ վաղուց չէր եղել: Երևի մի բան հիշեց կամ էլ, որ գրեթե անհավանական է թվում, թեթևության անբացատրելի զգացումից:
03 փետրվարի 2016 թ.
Երևան

 

ՎԱՐԴԱՔԱՂԱՔԸ
(Հեքիաթ-առասպել)

Կար-չկար վարդագույն տներով մի հեքիաթային քաղաք կար, անունը՝ Վարդաքաղաք: Այդ քաղաքի Վարդաստան թաղամասում մի արտասովոր աղջիկ էր ապրում, անունը՝ Վարդուհի: Նրա պատուհանի տակ կլոր տարին վարդենիներ էին փթթում, իսկ մազերից ու մաշկից վարդ էր բուրում: Եվ նրա աչքերն էլ վարդի կոկոնների պես էին՝ կանաչավուն, բայց իրենց մեջ թաքցրած գաղտնի գույներով: Վարդուհին առավոտյան բացում էր ննջարանի պատուհանn ու ըմբոշխնում վարդի չնաշխարհիկ բույրը: Հետո իջնում էր պարտեզ ու իր վարդաթույր մատներով շոյում վաղորդայնի շաղով հարբած վարդի թերթիկները: Ու նազանքից գգվում էին վարդաթերթերը դեպի Վարդուհու քնքուշ մատները՝ խնդրելով կրկին ու կրկին սիրել իրենց… Այս պարտեզից վարդի ու սիրո բուրմունքն էր տարածվում ողջ Վարդաքաղաքի վրա, ու մարդիկ սկսում էին իրենց օրը վարդի երկնաթույր բույրով խնկարկված:
Հետո Վարդուհին հագնում էր վարդի թերթիկներից կարված օդի պես թեթև իր շորը ու մեղմաքայլ, ասես վարդերի վրայով, գնում էի այնտեղ, ու իրեն էին սպասում իր պես թովիչ ու գեղահմայլ այլ աղջիկներ: Եվ դասերն էլ վարդի մասին էին, քանզի ի՞նչ կա տիեզերքում առավել խոր ու անմեկնելի, քան վարդը: Եվ բացատրում էի Վարդապետը, որ եթե միայն մի վարդի բնությունը հասկանաս, ապա համայն տիեզերքը կբացի քո առջև իր համայն գաղտնիքները: Վարդուհու վարդախտիտ աչքերը սառում էին տիեզերքի մի կտորի վրա, ուր իր երազների ասպետն էր ապրում, անունը՝ Վարդան, Վարդաշխարհի հզոր ու գեղանի տիրակալը:
Եվ մի օր էլ, երբ վարդենին հատկապես անուշ էր բուրում, ու Վարդուհու սրտի լարերը վարդի հոտով էին հարբած, բացվեց պարտեզի դուռը, ու ներս մտավ վարդագույն ձի հեծած Վարդան Թագավորը: Նա ծնկի իջավ Վարդուհու առջև, շուրթերը հպեց նրա վարդաբույր մատներին ու ասաց.
– Ես շատ հեռվից եմ եկել՝Վարդաշխարհից: Անցել եմ բոլոր աստղասփյուռներով, որ գտնեմ քեզ: Եվ գիտե՞ս ինչն ինձ օգնեց, սեր իմ: Քո մաշկի ու մազերի վարդաբույրը, քո աչքերի վարդացոլանքն ու քո սրտի լարերի վարդանվագը: Դարձի՜ր իմ թագուհին, գեղանի Վարդուհի, և ես քեզ համար աշխարհը մի անսահման ու անվերջ վարդաստան կդարձնեմ: Քո մահիճը իմ սիրտն ու սիրատոչոր հոգիս կլինեն: Դու ինձ որդի կպարգևես, անունը՝ Վարդկես, և մի սիրաթույր աղջիկ, անունը՝ Վարդանուշ:
Վարդուհին պատասխանելու բառեր չգտավ, բայց նրա սիրտն ու հոգին ասես կրկին ծաղկեցին վարդի քնքշանքով, իսկ աչքերն օծվեցին վարդագույն լույսով: Ու առավ Վարդանը Վարդուհուն իր հզոր բազուկների վրա ու Վարդագողի վարդաշաղ ճամփով տարավ դեպի Սիրո ու Վարդի անվերջանալի աշխարհը…
Հաջորդ առավոտ Վարդաքաղաքի բոլոր վարդերն արթնացան սիրո շաղով շպարված ու խանդաղատանքով թաթախուն:

07 հոկտեմբերի 2017 թ.
Երևան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *